Նայիր ինչ իդեալական գծագիր է. Ինչո՞վ ուտել Նոլանի մեխանիստիկ «Ոդիսականը»
Բրիտանացի Քրիստոֆեր Նոլանը զարմանալի ռեժիսոր է։ Նրա յուրաքանչյուր ֆիլմ առաջին հերթին հիմնված է որևիցե ոչ տրիվիալ ու հաճախ կինեմատոգրաֆի հետ կապ չունեցող գաղափարի վրա, որը պարուրում է ամբողջ ֆիլմը, ենթարկեցնում նարատիվը ու դուրս գալիս բոլոր խոռոչներից։ Լինի դա երազները կառավարելու, ժամանակի հետ խաղերի, թե հնգաչափ տարածությունը ենթարկեցնելու մասին, գաղափարը, ոչ թե պատմությունն են առաջնորդում ռեժիսորին։ Հանդիսատեսի ճնշող մեծամասնությունը պատմություն է ուզում, ոչ թե դասախոսություն, ու չնայած Նոլանի դեպքում գերակշռում է երկրորդը, նույն այդ հանդիսատեսն ամեն անգամ ուրախությամբ վճարում է տոմսերի համար, ստեղծում մեմեր, իսկ ստուդիաները միմյանց կոկորդ են կրծում Նոլանի հերթական գաղափարի վիզուալիզացիային հարյուր միլիոնավոր դոլարներ տալու համար։
Օրերս էկրաններ բարձրացած «Ոդիսականը» (The Odyssey), չնայած պաշտոնապես համարվում է Հոմերոսի անմահ ստեղծագործության հերթական էկրանավորումը, կրկին փաթեթավորման սրտում նոլանյան գաղափարի կրող է։ Գաղափարի, որը կապ չունի ոչ Հոմերոսի, ոչ անտիկ մշակույթի, ոչ էլ անցյալի հետ։ PAN-ը դիտել է սպասված ֆիլմն ու կիսվում է տպավորություններով։
Սյուժեի մասին խոսելն անիմաստ է։ Անգամ եթե չեք կարդացել «Ոդիսականը», Տրոյական պատերազմից հետո Իթակեի արքայի` տունդարձի անվերջ ճամփորդության մասին պատմությունը հաստատ լսած կլինեք ականջի ծայրով։ Երեք ժամանոց ու $250 մլն բյուջով ֆիլմի` Նոլանի գրչին պատկանելու նշաններն ակնհայտ են առաջին իսկ կադրերից։ «Ոդիսականի» սովորական, «նորմալ» էկրանավորումը կսկսվեր նրանից, թե ինչպես է սիրելի Պենելոպեի հետ անհոգ թագավորող Ոդիսևսը ստիպված լինում անսալ Ագամեմնոնի մարտակոչին ու լքում հայրենի հողը` տրոյացիներին իրենց տեղը ցույց տալու համար։ Սակայն Նոլանը, ինչպես միշտ, դիմում է իր սիրելի ոչ գծայնությանը` ժամանակային ուղիղ գծի տարբեր հատվածներ կտրատելով, խառնելով, միացնելով սեփական տրամաբանությամբ` սկսելով պատմության գրեթե վերջից, վերադառնալով դեպի սկիզբ, ցատկելով մեջտեղները։ Ընդ որում, ռեժիսորը բավարար խելամիտ է, որպեսզի այս անգամ «Թենեթի» (Tenet, 2020) նման չխճճի ու չթաղի հանդիսատեսին սեփական գաղափարի ճահճում. ոչ գծայնությունը, չնայած գեղարվեստական առումով ոչինչ չի ավելացնում, այդուհանդերձ նաև չի վնասում պատմանը։
Սակայն խնդիրները սկսվում են նույնպես գրեթե անմիջապես։ Էպիկական մասշտաբների, բնական միջավայրում նկարված սքանչելի բնապատկերների ու Լյուդվիգ Յորանսոնի աներևակայելի երաժշտության տակ կրկին առկայծում է ամենակուլ նոլանյան գազանը․ նոլանյան գաղափարը, նոլանյան իդեան, որը ռեժիսորը սկուրպուլյոզ ու հասկանալի ձևով տեղ է հասցնում հանդիսատեսին, բացատրում է, նկարագրում։ Աններելի սփոյլեր կլինի դրա մասին այստեղ խոսելը, բայց գեղարվեստականության վրա գաղափարի կործանիչ ազդեցության մասին խոսել անհրաժեշտ է։ Ու ոչ, մենք այստեղ չենք խոսի գիրք կրծելու, սկզբնաղբյուրին հավատարիմ մնալու, դերասանների մաշկի գույնի և այլնի մասին. կոնկրետ այս դեպքում դրանք բացարձակ կարևոր չեն ու Նոլանի գաղափարն էլ, որի մասին նա խոսում է, ծայրահեղ ակտուալ է հատկապես հիմա։ Մենք կխոսենք «Ոդիսականի» գեղարվեստական բաղադրիչի մասին։
Ինչպես «Թենեթի» դեպքում, այստեղ նույնպես գաղափարն իրեն է ենթարկեցնում ամեն ինչ։ Կինոն էմոցիոնալ արվեստ է, այն պետք է ազդի հանդիսատեսի գիտակցական ֆենոմենոլոգիայի` առաջին հերթին էմոցիոնալ, ապա նաև ինտելեկտուալ հատվածների վրա։ Ինչպես ցանկացած արվեստ, կինոն հեղինակի ապրումների արտացոլումն է իրական աշխարհում, որը կարող է ներթափանցել նաև այլ բանական արարածների ապրումների մեջ, առաջացնել արձագանք, էմոցիոնալ հետհարված։ Ճշգրիտ, իդեալական գծված գծագիրը կամ շատ լավ մոնտաժված միկրոսխեման սովորական մարդու համար էմոցիոնալ առումով գրեթե թափանցիկ են, չնայած ինժեներները դժվար թե համաձայնեն այս մտքին։
«Ոդիսականը» այդպիսի իդեալական գծագիր է։ Նոլանի իդեայի գծագիրը, որը հասկանալի է, գնահատելի, ընկալելի, սակայն մնում է գծագիր։ Այն չի առաջացնում վախի զգացում Պոլիփեմոսի հետ հանդիպման ընթացքում (չնայած շատերը դրվագը նկարագրում են որպես հորրորի հրաշալի օրինակ), չի առաջացնում ապրումակցում, երբ Ոդիսևսը կորցնում է իր ջոկատը, չի առաջացնում կատարսիս, երբ Իթակեի արքան վերադառնում է։ Սա ինքն իրենով կատարյալ բյուրեղ է, որում կապերը սիմետրիկ են, չկա ոչ մի տեխնիկական խոտան, իսկ լույսը բեկվում է անհրաժեշտ անկյան տակ. սակայն հենց այսպիսի ստերիլությունն է սպանում կինոն նայելու ամբողջ հաճույքը, թողնում ինժեներական սենյակում բարդ գծագրի նայելու տպավորություն։
Իհարկե, համապատասխան տրամադրվածության դեպքում Պոլիփեմոսից կարելի է վախենալ, հիանալ Կիրկեի կղզում բոդի հորրորի նկարագրությունից, անգամ հուզվել սիրենների կղզու մոտով անցման տեսարանից ու արտհաուսային էլեմենտներ գտնել որոշ դրվագների միտումնավոր թատերականության մեջ։ Բայց դրանք հազիվ նշմարելի, թույլ էմոցիաներ են, քո առջև կրկին քանոնով գծված, ահռելի չարչարանքով մշակված ու հաշվարկված, մի քանի անգամ վերահաշվարկված, բայց, այդուհանդերձ... գծագիր է։ Նոլանի հերթական համամարդկային իդեայի գծագիրը։
Disclaimer. Ֆիլմը նկարահանվել է 70մմ IMAX կինոխցիկներով, ու ամբողջական տպավորության համար պետք է դիտել համապատասխան կինոթատրոնում։ Չենք բացառում նաև, որ հայաստանյան կինոթատրոններում ցուցադրվածը կարող է կրկին օտարերկրյա ցենզուրայի ենթարկված տարբերակը լինել։