#մշակութաPAN
February 27

Ճաղատ բալիկները, «ոչ այնքան մանկական» մանկությունն ու հարուստ եկեղեցին. Երեխաների պատկերումը՝ միջնադարից մինչև վերածնունդ

Պատկերասրահների միջնադարյան հատվածում ցուցադրված կտավներում երեխաներն այդքան էլ նման չեն երեխաների։ Անկեղծ լինենք ու փաստենք, որ նրանք ակնհայտորեն ո՛չ մանկական տեսք ունեն, ո՛չ էլ հայացք։

Ծերուկ-մանուկները ստիպում են զարմանալ ու մտածել, թե ինչպես են մարդիկ երեխաների մասին միջնադարյան պատկերացումներից հասել Վերածննդի դարաշրջանի ու մեր օրերի «ծանոթ» դեմքով մանուկներին։

Իրականում, կատակը մի կողմ՝ պատճառները շատ ավելին խորն են, քան ենթադրությունը, թե միջնադարյան նկարիչները չէին կարողանում պատկերել երեխաների։ Իրականում այս կտավները շատ ավելին են պատմում արվեստի, միջնադարյան մշակույթի և նույնիսկ մերօրյա ընկալումների մասին։

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Դարաշրջանից դարաշրջան կերպարվեստի ավանդույթները փոխվել են՝ հիմքում ունենալով նախորդող վարպետների փորձն ու փոխանցած ժառանգությունը։ Վարպետները գիտելիքները փոխանցում էին իրենց աշակերտներին, նրանք էլ իրենց հերթին՝ իրենց աշակերտներին։ Ու մարդկանց պատկերները մոտենում էին իրականությանը։

Բայց արվեստաբանները հիշեցնում են ժողովուրդների մեծ գաղթի մասին ու պնդում, որ այդ ընթացքում կտրվեց մի չափազանց կարևոր կապ։ Գիտելիքի փոխանցումը շատ առումներով խաթարվեց, որովհետև որոշ դեպքերում դրանք անգամ փոխանցող չկար։ Հետևաբար, նկարիչները ստիպված էին սկսել հիմքից ու կրկին բացահայտել գեղարվեստական մի շարք տեխնիկաներ։

Միջնադարյան կտավներում, հատկապես` 12-14-րդ դարերում, մերօրյա չափանիշներով «գեղեցիկ տեսքով» դիմանկարները շատ չեն։ Միջնադարյան նկարիչների կտավներում գերակշռում էին անհամաչափ կերպարանքները և դիմագծերը։ Սա, իհարկե, կարևոր պատմական ակնարկ է, բայց ամբողջությամբ չի բացատրում, թե ինչու էին միջնադարում երեխաներին այդքան տգեղ պատկերում։

ՀԻՍՈՒՍԻ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ

Իրականում Հիսուսի կերպարանքը մեծապես ազդել է մանուկների պատկերման վրա։ Երեխաների միջնադարյան դիմանկարների մեծ մասը «ոգեշնչված» էր Հիսուսի պատկերումից։

Այս ժամանակաշրջանի նկարների մեծ մասն աստվածաշնչյան թեմաներով էր։ Երեխաների միջնադարյան դիմանկարները սովորաբար պատվիրում էին եկեղեցին կամ էլ եկեղեցու հարուստ հովանավորները: Սա, բնականաբար, ենթադրում էր թեմաների սահմանափակ ընտրություն։ Իսկ շատ հաճախ սահմանափակվում էր հենց Հիսուսի կերպարանքով և մի քանի այլ աստվածաշնչյան մանուկներով։

Հիսուսի մասին միջնադարյան պատկերացումները խորապես ազդվել են «հոմունկուլուսի» գաղափարով։ Հոմունկուլի մասին պատկերացումներն արտահայտվել են միջնադարյան բազմաթիվ կտավներում, որտեղ հոմունկուլը ներկայացվել է որպես փոքրիկ մարդուկ, որ, հայտնվելով մայրական օրգանիզմում, էապես մեծանում է չափերով։

Փորձենք համատեղել միջնադարյան նկարչությունն այն մտքի հետ, որ Հիսուսը ծնվեց որպես լիարժեք ձևավորված մարդ, որն ուներ ինտելեկտուալ և աստվածային կերպար, որն անփոփոխ մնաց իր ամբողջ կյանքի ընթացքում։ Արդյունքում Հիսուսի կերպարանքը դառնում է երեխաներին պատկերելու «սկզբնաղբյուրը» ու ժամանակի ընթացքում պարզապես վերածվում միակ ընդունված ձևի։

Մանուկ Հիսուսը պատկերվում էր ոչ թե որպես անպաշտպան երեխա, այլ որպես իր չափահաս տարիքի ավելի փոքր տարբերակ։ Նկարիչները չէին «համարձակվի» նկարել Հիսուսին կամ աստվածաշնչյան այլ մանուկներին որպես թույլ կամ անպաշտպան էակների: Այլ կերպ ասած՝ մեծահասակ Հիսուսը ներկայացված էր մանուկ Հիսուսի մեջ։ Առնվազն՝ մինչև Վերածննդի դարաշրջանը։

ՌԵԱԼԻԶՄԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷՐ

Հիսուսի պատկերումն արտացոլում է միջնադարյան արվեստի ավելի խորն ընկալումներ. Միջնադարյան արվեստագետներին ռեալիզմը քիչ էր հետաքրքրում։

Անհատականությունն ու ռեալիզմը միջնադարում մեծ ասելիք չունեին։ Հաճախ կորում էր նաև անհատականությունը, որովհետև մարդկանց դիմանկարները միմյանց բավականին նման էին։

Միջնադարում երևույթներն ու առարկաներն արժեքավոր էին ոչ թե իրենց իրական «աշխարհիկ» որակներով, այլ՝ էությամբ։ Իսկ էությունը պատկերելը, համաձայնեք՝ հեշտ բան չէ։ Ու նաև սա էր պատճառը, որ միջնադարյան արվեստն ավելի շատ խորհրդանշական էր, քան իրականությունը պատկերող։

Պարտադիր չէր անգամ, որ կտավում պատկերված երեխայի տեսքն արտացոլեր նրա իրական տեսքը։ Ու նաև սա է պատճառը, որ տարբեր նկարիչների կողմից տասնյակ տարիների տարբերությամբ ստեղծված դիմանկարներում ակնհայտ նմանություններ կարող եք գտնել։ Գեղարվեստական ազատության գաղափարն իրենից կենթադրեր այդ երեխաներին պատկերել այնպես, ինչպես նրանք կան, բայց ո՛չ միջնադարում։

ՎԵՐԱԾՆՆԴԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Վերածնունդը երեխաներին «դարձրեց» այնպիսին, ինչպիսին մենք նրանց գիտենք, ու այստեղ ևս պատահականություններ չկան։ Իհարկե, հին սովորությունները դժվար են վերանում, դրա համար վերածննդի դարաշրջանում էլ մի քանի «տգեղ» երեխայի գուցե հանդիպեք, բայց դա ևս ժամանակի հարց էր։

Վերածննդի դարաշրջանում ամբողջ Եվրոպայում հայտնվեց զարգացող միջին խավը, որը կարող էր իրեն թույլ տալ դիմանկարներ պատվիրել, իսկ մենք հիշում ենք, որ նախկինում միայն եկեղեցուն և արիստոկրատական ​​դասակարգին էր վերապահված այս արտոնությունը: Նոր միջին խավի ներկայացուցիչները պատվիրում էին իրենց երեխաների դիմանկարները, բայց կտրականապես դեմ էին, որ նրանք ներկայացվեին որպես «ծեր, տանջված մարդիկ»։

Արդյունքում նկարիչներն աստիճանաբար սկսեցին հեռանալ նախկինում պարտադրված միջնադարյան սիմվոլիզմից, իսկ կտավներում երեխաները զգալիորեն ավելի էին մոտենում իրենց իրական մանկական տեսքին։ Ի դեպ, սա վերաբերում էր նաև Հիսուսի կերպարանքին։ Վերածննդի շրջանում մանուկ Հիսուսը ևս դարձավ թմբլիկ, վարդագույն այտերով երեխա։

Վերածննդի ժամանակաշրջանը որպես ոգեշնչում հաճախ էր «նայում» հունական և հռոմեական արվեստին։ Իսկ դրանք միջնադարյան գեղեցկության «չափանիշներից» հեռու էին ու հակված էին իդեալականացված ձևին։

Ու պատահական չէ, որ արդյունքում դիմանկարների հանդեպ հետաքրքրությունն այս շրջանում կտրուկ աճեց, ի տարբերություն միջնադարի։ Ընդհանուր առմամբ, վերածննդի ժամանակ մեծ հաշվով փոխվեց նաև երեխաների ու, առհասարակ, մանկական շրջանի հանդեպ վերաբերմունքը։ Երեխաներն անմեղ արարածներ էին, որոնց միայն փայփայել էր պետք, իսկ նրանց դիմանկարներն առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում տանը։

Կա նաև վարկած, որ մեծահարուստներն իրենց երեխաների դիմանկարներն ուղարկում էին պոտենցիալ հարսնացուների և փեսացուների ընտանիքներին, որպեսզի նրանք վաղ տարիքից ծանոթանան իրենց ապագա կնոջ/ամուսնու հետ։

Մի բան հստակ է՝ Վերածննդի իդեալիզմն ամբողջովին վերափոխեց կտավներում երեխաների պատկերումը, բայց թե՛ միջնադարում, թե՛ վերածննդի շրջանում երեխաների գեղեցիկ կամ տգեղ պատկերումն արտացոլումն էր այն ամենի, ինչ տվյալ ժամանակաշրջանն ու հասարակությունը մտածում էին վաղ մանկության մասին։ Սա ամենևին էլ չի նշանակում, թե միջնադարում ծնողները բավականաչափ չէին սիրում իրենց երեխաներին, հարցը զուտ ընկալումների մասին էր։


✍️ Նանե Մանուկյան / PAN