Ռուբենսի վրձնահարվածը և ռոբոտների լաբորատորիան. Ինչո՞ւ է 21-րդ դարի արվեստը «դիմում» Հին վարպետներին
Արվեստի պատմությունը երբևէ «գծային» չի եղել ու արդեն բազմիցս քննարկել ենք, որ այն ավելի շատ հսկայական, անդադար պտտվող շրջապտուտի է նման, որտեղ հինը մշտապես գտնում է իր ճանապարհը դեպի նորը։ Ու հաճախ՝ խիստ անսպասելի ձևերով։ 2026-ի այս ձմեռային ցուցադրությունների շրջանում արվեստաբանները համաշխարհային մակարդակով նկատում ու քննարկում են մի ուշագրավ և անգամ «տեկտոնիկ» տեղաշարժ՝ ուլտրաժամանակակից արվեստագետները, որոնք ծնվել ու ձևավորվել են թվային անհաստատ և գերհագեցած օրակարգերի դարաշրջանում, հանկարծ սկսել են իրենց ստեղծագործական խարիսխը գցել եվրոպական դասական արվեստի վարպետների արվեստում։
Նյու Յորքի պատկերասրահներն ու թանգարանները ողողված են ցուցադրություններով, որոնք հիշատակում են Դոնատելլոյին կամ Գոյային ու անգամ նրանց հետ միստիկ երկխոսության մեջ են մտնում։ Սա նոր երևույթ չէ, որովհետև արվեստագետները միշտ էլ «վերամշակել» են իրենց նախորդների թողածը։ Հռոմեացիները մեջբերում էին հույներին, Ռոդենը գիշերներն անցկացնում էր Միքելանջելոյի գործերն ուսումնասիրելով, իսկ Պիկասոն իր ամբողջ կյանքի ընթացքում վերադառնում էր Ռեմբրանդի հետ զրույցին։ Բայց, արվեստաբանների գնահատմամբ, այսօր այդ կապի ինտենսիվությունը հասել է նոր մակարդակի և դրա պատճառները շատ ավելի խորն են, քան զուտ գեղագիտական նախապատվությունները։
Առաջին հայացքից ու մերօրյա միջազգային արվեստի շուկան քիչ ուսումնասիրողի դիտանկյունից սա ընդամենը խայծ է կամ տեսողական մանիպուլյացիա, ինչի շնորհիվ փորձում են հին վարպետների անունով արհեստական կշիռ կամ շուկայական վստահություն հաղորդել նոր անուններին, բայց մի քանի խորքային վերլուծությունների համադրումը հաստատում է, որ իրականում սա շատ ավելի լուրջ գոյաբանական փնտրտուք է։
Եվ այսպես՝ ժամանակակից արվեստագետների՝ հին վարպետներին վերադառնալու առաջնային և թերևս ամենաշոշափելի պատճառը կարելի է անվանել «նյութական տագնապ»։ Թվային դարաշրջանում, երբ պատկերը կարելի է ստանալ վայրկենական հպումներով, արվեստագետները ենթագիտակցաբար ձգտում են ֆիզիկական հպմանն ու շոշափելիությանը։ Էմիլ Բրյունեն ժամանակակից այն արվեստագետներից է, որն այս նյութական ժառանգությունը վերածել է հստակ ուղերձի։ Նախկինում նա ներկերի արտադրամասում էր աշխատում ու սովորել է զգալ պիգմենտի «բնավորությունը»։ Իր գործերում բացառապես ավանդական մեթոդներով պատրաստված նյութեր ու գույներ է օգտագործում և սա հստակ ուղերձ է համարում։
Բրյունեի համար Վերածննդի գեղագիտությունը՝ իր Հոլբայնյան խստությամբ, դարձե է մի լեզու, որով այժմ նկարագրում է ժամանակակից Քվեբեկի գյուղական կյանքը։ Նրա կերպարները չեն կրկնօրինակում անցյալի վարպետներին, բայց փորձում են ցույց տալ, թե ինչպես կարող են վաղ էմպիրիզմն ու էրազմյան հումանիզմը օգնել մեզ հասկանալ այսօրվա մարդուն։ Հասկանալ ժամանակակից այն մարդուն, որը փորձում է գտնել իր տեղը բնության, ֆիզիկական միջավայրի և վիրտուալ աշխարհի ու տեխնոլոգիաների արանքում։
Եթե Բրյունեի դեպքում գծային հստակություն և զսպվածություն ենք նկատում, ապա ժամանակակից արտիստ Էլեոնոր Ջոնսոնի կտավներում բարոկկոյի բուռն ու գերհագեցած աշխարհն է։ Ջոնսոնը որդեգրել է Ռուբենսի ոճը՝ ստեղծում է կտավներ, որոնք հիշեցնում են անտվերպենյան վարպետի գլուխգործոցների խրթին, բայց և տպավորիչ հիշողությունները։ Նրա համար բարոկկոյի «ավելցուկը» հատկապես արդիական է մերօրյա տեղեկատվական աղմուկի և արագընթաց կյանքի համատեքստում։ Բայց սա աղմուկին աղմուկով պատասխանելու որոշում չէ, այլ փորձ՝ վերահսկել քաոսը դասական տեխնիկայի միջոցով։ Նրա կտավներում մաշկի թափանցիկությունը ստացվում է կանաչի վրայից կարմիրի նուրբ շերտերի շնորհիվ ու սա այնպիսի մարգարտյա փայլ է ստեղծում, որը թվային ոչ մի ֆիլտր չի կարող կրկնել։ Այս բազմաշերտությունը հակադրվում է նաև ժամանակակից աշխարհի մակերեսայնությանը։ Եվ ահա՝ հին վարպետներին վերադարձը նաև փորձ է՝ վերագտնելու աշխատանքի և ժամանակի արժեքը, որտեղ ամեն մի վրձնահարված կշիռ ունի։
Հին վարպետներին հիշելու այս տենդենցն ուսումնասիրելով արվեստաբանները չէին կարող շրջանցել տեխնոլոգիական հեղափոխության և արհեստական բանականության ստեղծած «թմրության» գործոնը։ Դեռևս 1950-ականներին մեդիա-տեսաբան Մարշալ Մաքլյուենը նախազգուշացնում էր, որ տեղեկատվական դարաշրջանը բերելու է «տագնապի դարաշրջան», քանի որ զանգվածային լրատվամիջոցների հեղեղը բթացնում է մարդու զգայարանները։ Մեր օրերի՝ 2026 թվականի իրականության մեջ, երբ ԱԲ-ն կարողանում է վայրկենական կատարյալ պատկերներ ստեղծել, արվեստագետները վերադառնում են դասական արվեստի պատմությանը՝ որպես միակ հավաստի և «մարդկային» ապաստանի։
Գալերիստ Ելենա Պլատոնովան սա բնորոշում է որպես հոգեբանական սփոփանքի որոնում։ Մի տեսակ միստիկ հանգստություն կա, երբ «կապ ես հաստատում» այն մշակույթների հետ, որոնք դարերի ընթացքում ծնվել ու անկում են ապրել, բայց անմահացել են իրենց արվեստի շնորհիվ։ Այսօրվա արվեստագետը, նայելով Գոյային կամ Դոնատելլոյին, ոչ թե անցյալն է տեսնում, այլ հաստատուն, մնայուն ու հավերժ արվեստը։ Պատմական հղումները դառնում են այն ընդհանուր լեզուն, որով հեղինակը փորձում է հաղթահարել մեկուսացվածությունը։ Երբ շուրջբոլորը ամեն ինչ «միանգամյա օգտագործման» է, արվեստի պատմությունը արվեստագետի համար կարծես միակ ամուր հենասյունն է։
Հետաքրքիր է, որ որոշ արվեստագետներ, օրինակ Քուրտ Կաուպերը, այս երկխոսությունն օգտագործում են որպես «իմաստի ծանրությունից ազատվելու» միջոց։ Սա պարադոքսալ է թվում, բայց արվեստաբանների վերլուծությունը ցույց է տալիս, որ մերօրյա աշխարհում, որտեղ ամեն ինչ հայեցակարգային բացատրություն կամ քաղաքական ենթատեքստ պիտի ունենա, հին վարպետներին «դիմելը» թույլ է տալիս ստեղծել պատկերներ, որոնք առաջին հերթին զգայական են։ Կաուպերը բացահայտորեն տարրեր է «գողանում» Մանեից, Վատտոյից կամ Ջորջոնեից, բայց նրա նպատակը պատմական քննությունը չէ, այլ զուտ զգայական նոր շերտերով պատկեր ստեղծելը։
Նա սկսում է կեցվածքից կամ կոմպոզիցիայից, ապա ձևափոխում դրանք ու ստեղծում նոր, անորոշ էմոցիոնալ փորձառություն։ Նրա աշխատանքների մեջ հին վարպետների «մեջբերումների» այնպիսի հսկայական քանակ կա, որ տպավորություն է, թե դասականն ու ժամանակակիցը խառնվում են ու կորցնում հունը։ Սա ասես փորձ է՝ ստուգելու, թե ինչ է նշանակում ժամանակի միջով կապեր հաստատել, երբ ժամանակն ինքը սկսել է փլուզվել տեղեկատվության ծանրության տակ։
Այս ամբողջ պատմական ու մշակութային էքսկուրսն իր տրամաբանական արտացոլումն է գտնում նաև արվեստի շուկայում։ Ի դեպ, մասնագետները պնդում են, որ արվեստի շուկայի տենդենցներն էլ, իրենց հերթին, անուղղակիորեն զարգացնում են այս միտումը։
2025 թվականի Frieze Masters-ի տվյալները փաստում են, որ պատմական գործերի նկատմամբ հետաքրքրությունը նոր թափ է հավաքում հատկապես երիտասարդ գնորդների շրջանում, դե, իսկ հին վարպետներին հղում անող գործերն ավելի «ճանաչելի» են։ Գնային քաղաքականությունն էլ իր հերթին է խթանում այս գործընթացը։ Շատ հաճախ հին վարպետների բնօրինակ գործերը կարող են ավելի մատչելի լինել, քան որոշ ուլտրաժամանակակից հեղինակների կտավները։
Գալերիստ Քեթի Գրեյսոնը նկատում է, որ այսօրվա կոլեկցիոները այլևս չի սահմանափակվում կերպարվեստի մեկ ուղղությամբ։ Նա կարող է հավասարապես հիանալ 1700-ականների գործով և Մեթյու Սթոունի ժամանակակից աշխատանքով, որն իր կերպարները ստեղծում է հատուկ ռոբոտների օգնությամբ։ Այս դիվերսիֆիկացման արդյունքում արժեքը որոշվում է ոչ թե ժամանակագրությամբ, այլ այն տեսողական ու մտավոր երկխոսությամբ, որը ստեղծվում է տարբեր դարաշրջանների գործերի միջև։
Հանրային հետաքրքրության աճը նման «խաչաձև» ցուցադրությունների նկատմամբ ևս պատահական չէ։ Թանգարանները՝ փոքր, լոկալ պատկերասրահներից մինչև Մետրոպոլիտեն, հատուկ տարածքներ են ստեղծում, որտեղ ժամանակակից լուսանկարները կամ ինստալյացիաները զուգորդվում են դասական գեղանկարչության հետ։ Սառա Նիդհեմի բնորոշմամբ, սա թույլ է տալիս տարբեր լսարաններ ներգրավել և տարբեր հետաքրքրությունների միջև «խաչաձև փոշոտում» ստեղծել։ Բայց ամենակարևորը՝ այս երկխոսությունները մեզ՝ արվեստասերներիս հրավիրում են ոչ ֆորմալ, «մետաֆիզիկական» զրույցի։ Ստիպում են հիմնարար հարցեր տալ, օրինակ՝ որո՞նք են այն թելերը, որ միավորում են մարդկանց, անկախ նրանից, թե որ դարում ենք ապրում։ Ի վերջո, մարդկային էմոցիաները, տագնապներն ու գեղեցկության ընկալումներն անփոփոխ են մնում։
Ամփոփելով՝ գուցե միայն եզրակացնենք, որ հին վարպետների նկատմամբ ուլտրաժամանակակից արվեստի այս խիստ հետաքրքրությունը ավելի շատ ապագա է նայում, քան անցյալ։ Կամ էլ՝ անցյալի միջոցով է նայում ապագային։ Սա դիմադրություն է թվային թմրածությանը ու փորձ՝ ստեղծելու մի բան, որը կդիմանա ժամանակի փորձությանը։ Մերօրյա անորոշության մեջ արվեստի պատմությունն ավելի շատ կողմնացույց է, որ թույլ չի տալիս մոլորվել տեղեկատվական օվկիանոսում։ Ու ինչպես նկատում է այս անդրադարձում մեջբերված արվեստաբաններից մեկը՝ արվեստագետներն այն մարդիկ են, ովքեր ամենից լավ են զգում ժամանակի հոսանքները։ Եվ եթե այսօր նրանց հայացքը դեպի անցյալ է ուղղված, ուրեմն հենց այնտեղ է թաքնված ներկան հասկանալու և ապագայի տագնապներին դիմակայելու բանալին։ Մեզ մնում է միայն ուշադիր լինել նրանց ստեղծած արվեստի նկատմամբ և փորձել լսել այս «երկխոսությունը»։