#մշակութաPAN
May 8

Ոսկի ստացած բրոնզե արձանը, լողորդ-ճարտարապետն ու հրաձիգ-քանդակագործը . Երբ Օլիմպիական խաղերում արվեստի շունչ կար

Հին Հունաստանում արվեստն ու սպորտը համարվում էին «լավ բարեկամներ», որովհետև ներդաշնակության հասնելու համար պետք էր մարզել ոչ միայն մարմինը, այլև միտքը։ Այս մոտեցման հետ համակարծիք էր ժամանակակից Օլիմպիական խաղերի հայրը՝ Պիեռ դը Կուբերտենը։ Հենց նրա գաղափարն էր Օլիմպիական խաղերում ներգրավել նաև արվեստագետներին։

«ԱՐՎԵՍՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ». ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԵՂԾՎԵՑ

Ոչ բոլորն էին սատարում Կուբերտենի այս գաղափարին ու նաև սա էր պատճառը, որ երկար քննարկումներից հետո արվեստը մրցութային ծրագրում ընդգրկվեց միայն 1912 թվականին՝ Ստոկհոլմում կայացած հինգերորդ ամառային Oլիմպիական խաղերի ընթացքում:

Արվեստագետների համար կարևոր պայմաններ կային. ներկայացված աշխատանքները պետք է ոգեշնչված լինեին սպորտային գաղափարներով և նախկինում երբևէ հրապարակված չլինեին: Ի դեպ, այն ժամանակվա օլիմպիական կանոններն արգելում էին խաղերին մասնակցել ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկների, այլև պրոֆեսիոնալ նկարիչների, կոմպոզիտորների և գրողների:

Ավելի հստակ լինելու համար նշենք, որ Օլիմպիական խաղերում արվեստի մրցույթների հինգ ուղղություն կար՝ ճարտարապետություն, գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն և քանդակ։ Կար ժամանակ, երբ խոսակցություններ էին գնում պարի, կինոյի, լուսանկարչության և թատրոնի ուղղությունները ևս ներգրավելու մասին, բայց սրանք միայն խոսակցություններ էլ մնացին։

Ճարտարապետները, որպես կանոն, մրցույթին ներկայացնում էին սպորտային կենտրոններ, այգիներ և մարզադաշտեր, դե կամ էլ դրանց նախագծերը թղթի վրա։ Քանդակագործները մրցույթին ներկայացնում էին արձաններ, հուշարձաններ, քանդակներ, մեդալներ ու շքանշաններ։ Մեդալ ստանալու համար մեդալ ստեղծելը, իհարկե, հետաքրքիր էքսպերիմենտ է։ Երաժիշտները, կոմպոզիտորները, գրողներն ու բանաստեղծները ստեղծում էին օլիմպիական օրհներգեր, մարզիկներին ուղղված ձոներ, տարբեր մարզաձևերում հաղթանակի մասին պատմող գործեր։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱՑԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ

Բրոնզե քանդակի համար ոսկե մեդալ ստանալը մեդալի համար մեդալ ստանալուն գրեթե հավասար մի բան է, բայց լրիվ այլ պատմություն է, երբ արվեստի ուղղություններից մեկում մեդալ է ստանում սպորտում արդեն իսկ Օլիմպիական մեդալ նվաճած մարզիկ֊արվեստագետը։

Ամերիկացի Ուոլթեր Ուինանսն արդեն իսկ օլիմպիական չեմպիոն էր, երբ որոշեց վերադառնալ մրցութային առօրյա՝ արդեն որպես արվեստագետ։ 1908 թվականին Լոնդոնի խաղերում նա ոսկե մեդալ էր ստացել հրաձգության համար։ Բայց նրա երկրորդ ոսկե մեդալն ընդհանրապես կապ չուներ հրաձգության, վազքի կամ սպորտային որևէ այլ ուղղության հետ։ Մրցանակը նա ստացել է իր բրոնզե քանդակի համար։ Ուինանսը նվաճել է քանդակագործության անվանակարգում առաջին օլիմպիական ոսկե մեդալը։

Նման օրինակներ էլի կան ու քիչ չեն։ Սպորտային օլիմպիական խաղերում մասնակցած այլ մարզիկներ ևս տարիներ անց փորձում էին իրենց ուժերն արվեստում։ Հունգարացի մարզիկ Ալֆրեդ Հազոսը 1896 թվականի Օլիմպիական խաղերում երկու ոսկե մեդալ էր նվաճել որպես լողորդ, իսկ 28 տարի անց նվաճել է արծաթ՝ «ճարտարապետություն» անվանակարգում։

Անցնենք առաջ։ Ստոկհոլմի օլիմպիական խաղերում արվեստի մրցումներին մասնակցել է 35 մարդ։ Այդ տարի ամենահետաքրքիրը, թերևս, «Գրականություն» անվանակարգն էր։ Ոսկե մեդալ նվաճել էր Ժորժ Հորոդի և Մարտին Էշբախի սպորտին ձոնված ստեղծագործությունը: Ու միայն մրցանակաբաշխության ժամանակ պարզ դարձավ, որ իրականում «Ժորժ Հորոդը և Մարտին Էշբախը» հենց Օլիմպիական խաղերի հիմնադրի՝ Պիեռ դը Կուբերտենի կեղծանունն է։ Ամեն բան արդար էր, Կուբերտենը մասնակցել էր մրցույթին, չէր չարաշահել պաշտոնեական դիրքն ու արժանացել էր ոսկու։

Առհասարակ, «Գրականություն» անվանակարգում ներկայացված ստեղծագործությունները պետք է պարունակեին ոչ ավելի, քան 20,000 բառ, և ուղեկցվեին ֆրանսերեն կամ անգլերեն թարգմանությամբ։ Այս նույն տարում Օլիմպիադային մասնակցող նկարիչներին թույլատրվեց ցուցահանդեսի ավարտին վաճառել իրենց աշխատանքները։

Ամեն հաջորդ Օլիմպիական խաղերին արվեստի անվանակարգերում հավակնորդներն ավելի շատ էին, հետաքրքրությունը՝ ավելի մեծ։ Այս աճն ավելի լավ պատկերացնելու համար վերցնենք նկարիչների օրինակը։ Ստոկհոլմում Օլիմպիական խաղերին մասնակցելու հայտ էր ներկայացրել 35 նկարիչ, 1924 թվականին Փարիզում մրցույթին մասնակցել է 193 նկարիչ։ Իսկ Ամստերդամում արդեն ներկայացվել է նկարիչների 1100 աշխատանք։

Ամեն դեպքում, Փարիզում կայացած 1924-ի Օլիմպիական խաղերն արվեստի անվանակարգերի համար խիստ կարևոր նշանակություն ունեցան։ Հենց այդ տարի էր, որ գրանցվեց ամենամեծ առաջընթացը։ Այստեղ նաև տեխնիկական դետալներ կային։

Ասում են, որ ի տարբերություն շվեդների, ֆրանսիացի արվեստագետները պատրաստակամորեն օգնում էին տեղի օլիմպիական կոմիտեին մրցույթի կազմակերպման գործում, նաև փորձագիտական գնահատական էին տալիս։ Նրանք Օլիմպիադան համարում էին նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն։ Ֆրանսիացիները նաև այն ժամանակների համար հազվադեպ պատահող, իսկ մեր օրերում մարքեթինգի տարր համարվող ռազմավարություններ էին մշակում։

Օրինակ, կազմում էին մրցութային աշխատանքների հստակ պահանջները, ուղարկում դրանք Օլիմպիական խաղերի մասնակից երկրներ և տպագրում այդ երկրների թերթերում։ Արդյունքում, աննախադեպ մեծ էր մասնակցության ցուցանիշը։ Փարիզում յուրաքանչյուր անվանակարգ գնահատվում էր մոտ 30 հոգուց բաղկացած մասնագիտական ժյուրիի կողմից։ «Երաժշտություն» անվանակարգում, օրինակ, ժյուրիի անդամներից էր կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին։

Մի քանի հետաքրքիր փաստ էլ՝ թվերով։ Ո՞վ ասաց, որ արվեստը միայն վերացականի մասին է։ 1936 թվականի Օլիմպիական խաղերի ճարտարապետության անվանակարգում ոսկե մեդալը բաժին հասավ գերմանացի Վերներ Մարշին՝ Բեռլինի օլիմպիական մարզադաշտի նախագծման համար։

Ի դեպ, հենց գերմանացիներն են արվեստի անվանակարգերում ամենաշատ մեդալներ նվաճած արվեստագետները։ Գերմանիայի հավաքականը, ընդհանուր առմամբ, 24 մեդալ է նվաճել, որից 12-ը ստացել է 1936 թվականին՝ Բեռլինում կայացած «տնային» Օլիմպիական խաղերում։ Արվեստի օլիմպիական մրցումների պատմության մեջ 14 մեդալ նվաճել են իտալացիները, 13-ը՝ ֆրանսիացիները։ Ցավոք, արվեստի օլիմպիական մրցումների ամբողջ պատմության ընթացքում միայն 1 կնոջ է հաջողվել ստանալ օլիմպիական տիտղոս։ Ֆինլանդիայից Աալե Տիննին հաղթել է «Գրականություն» անվանակարգում։

ԻՍԿ Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՎԵՐՋՈՒՄ

Կարծես, ամեն բան լավ էր ընթանում և ոչինչ մեզ չպետք է խանգարեր այս տարի ամռանը Փարիզում վայելել նաև արվեստի Օլիմպիական խաղերը։ Բայց արվեստասերների համար այս «ճոխությունը» շատ երկար չտևեց։ Արվեստին նվիրված անվանակարգերում մասնակիցները մրցեցին 1912-ից մինչև 1948 թվականները։ Իրականում պատճառները մի քանիսն էին։ Դրանց մի մասի մասին բարձրաձայնվեց պաշտոնապես, մյուսները մասնակիցների և հետաքրքրվածների հետևություններ են։

Նախ, մրցույթի ձևաչափը երբեմն շատ քաոսային էր: Կային դեպքեր, երբ ժյուրին որոշում էր, որ ոսկու արժանի մասնակից չկա և մասնակիցներին միայն արծաթե ու բրոնզե մեդալներ էին շնորհում։ Երբեմն էլ, ժյուրիի համար հայտերն այնքան հիասթափեցնող էին, որ մեդալներ առհասարակ չէին շնորհվում։ Ամեն բան ավելի էր բարդանում, երբ ժյուրիին մեղադրում էին օբյեկտիվ չլինելու մեջ։ Մյուս կողմից՝ արվեստի գործն ամբողջովին օբյեկտիվորեն և հստակ կանոններով գնահատելը բավականին բարդ էր։

Բայց ավելի լուրջ խնդիր էր պրոֆեսիոնալ/ոչ պրոֆեսիոնալ արվեստագետների «լողացող սահմանը»։ 1948 թվականին՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, առաջին Օլիմպիական խաղերում Լոնդոնում անցկացվեց խաղերի պատմության մեջ վերջին արվեստի մրցույթը։ Օլիմպիական կոմիտեում լուրջ քննարկումներ էին ծավալվում, մտահոգություն կար, որ արվեստագետ-մասնակիցների մեծ մասը մրցույթից հետո «օլիմպիական գործունեությունը» օգտագործում է կարիերան զարգացնելու և գումար աշխատելու համար։ Իսկ այդ ժամանակ հստակ կանոն էր՝ Օլիմպիական խաղերը պրոֆեսիոնալների համար չէին։ Ու հենց այդպես էլ որոշվեց Օլիմպիական խաղերի շրջանակում արվեստի մրցույթները փոխարինել պարզապես ոչ մրցութային ցուցահանդեսներով՝ առանց մրցանակների ու մեդալների։

Այս տասնամյակների ընթացքում Օլիմպիական խաղերի համար ստեղծված արվեստի գործերի մի մասը թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում են, կան աշխատանքներ, որ ցուցադրվում են զբոսայգիներում, քիչ չեն նաև արվեստի գործերը, որոնք ժամանակի ընթացքում պարզապես մոռացվել են։ Արվեստի այս գործերին ծանոթ շատ մարդիկ էլ կան, որ մինչ օրս էլ կարծում են՝ Օլիմպիական խաղերում արվեստն ու սպորտը երկար ժամանակով չեն բաժանվել։


✍️ Նանե Մանուկյան / PAN