Կարդալիքներ PAN-ից
Today

Փակված գրախանութի ձեռագրերը՝ Հայաստանում. Հայկական մշակույթի մի ամբողջ շերտ փարիզյան հասցե ուներ

Հրանտ Սամուելյանի հիմնադրած Արևելյան գրախանութի հավաքածուից մի շարք հազվագյուտ գրքեր և ձեռագրեր վերջերս նոր կյանք ստացան: Դրանք ձեռք բերվեցին աճուրդում և փոխանցվեցին «Կերոն» զարգացման հիմնադրամին՝ ապահովելով նմուշների հետագա պահպանությունն ու ուսումնասիրման հնարավորությունը։ Այս իրադարձությունը հրաշալի առիթ էր վերհիշելու մշակութային այս հաստատության պատմության մասին, որը տասնամյակներ շարունակ եղել է հայկական մտավորական կյանքի կարևոր կետերից մեկը Փարիզում և դրանից դուրս։

2025 թվականի հունիսի 11-ին Փարիզում աճուրդի հանվեց Սամուելյանների գրախանութի հավաքածուն, որը կազմված է հայկական մշակույթի ու պատմության բացառիկ նմուշներից։ Տպագիր այս գրքերն ու ձեռագրերը ներկայացնում էին մի ամբողջ քաղաքակրթական հիշողություն։ Դրանց թվում կային Մաշտոցի ծիսարաններ, Գրիգոր Նարեկացու «Նարեկ. Գիրք Աղոթքից» տարբեր տարիների տպագրություններ, ինչպես նաև հեքիմարաններ ու այլ ժողովածուներ, որոնք կարևոր են թե՛ միջնադարյան մշակույթի, թե՛ ժողովրդական բժշկության ուսումնասիրման համար։

Աճուրդին մասնակցած «Wilco» կապիտալի կառավարման ընկերությանը հաջողվեց ձեռք բերել հավաքածուի մի հատված՝ 17-19-րդ դարերի 13 տպագիր գիրք և 5 ձեռագիր։ Եվ ահա՝ այս նմուշները փոխանցվեցին «Կերոն» զարգացման հիմնադրամին՝ մի կառույցի, որը զբաղվում է մշակութային ժառանգության պահպանմամբ և հանրահռչակմամբ։ Ձեռք բերված նմուշների թվում են՝

  • “Հայ- Վենետ կամ յառընչութիւնք հայոց և վենետաց” Ղևոնդ Ալիշան, 1896թ, Վենետիկ, Սուրբ Ղազար
  • “Պատմութիւն հայոց գաղթականութեան ի Լիվոռնոյ” Մեսրոպ Վարդապետ Ուղուրլեան, 1891թ, Վիեննա, Մխիթարյան տպարան
  • “Մխիթար Գոշի “Դատաստանագիրքը” Հայր Վահան Պասմատյան, 1880թ, Էջմիածին
  • “Աստվածաշունչ”, 1733թ, Վենետիկ, Անտոնիո Բորդոլիի տպարան
  • “Աստվածաշունչ”, 1733թ, Վենետիկ, Անտոնիո Բորդոլիի տպարան
  • “Նարեկ. Գիրք Աղոթքից” Գրիգոր Նարեկացի, 1782 թ, Կոստանդնուպոլիս, “Հովհաննես և Պողոս տպարան”
  • “Նարեկ. Գիրք Աղոթքից” Գրիգոր Նարեկացի, 1829 թ, Կոստանդնուպոլիս, “Արապյան տպարան”
  • “Տոնացույց” 1782 թ, Վենետիկ “Դեմետրիա Թեոդոսիոսի տպարան”
  • “Ավետարան” 1805 թ, Կոստանդնուպոլիս, “Արապյան տպարան”
  • “Ճանապարհորդություն ի Լեհաստան” Մինաս Բժշկյանց, 1830թ, Վենետիկ, Սուրբ Ղազար
  • “Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ. 1680-1779" Գրիգոր Գովրիկյան, 1893թ, Վիեննա, Մխիթարյան տպարան
  • “Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ. 1780-1825" Գրիգոր Գովրիկյան, 1899թ, Վիեննա, Մխիթարյան տպարան
  • “Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ. 1826-1904" Գրիգոր Գովրիկյան, 1904թ, Վիեննա, Մխիթարյան տպարան
  • Մաշտոց, 18-19-րդ դդ. ձեռագրեր
  • Մաշտոց, 19-րդ դ. ձեռագրեր
  • Ժողովածու, 1672-1676 թթ., 19-րդ դ. ձեռագրեր
  • Հեքիմարան, 17-18-րդ դդ. ձեռագրեր
  • Գիրք հաքիմարան եւ պիտանի ամենայն ցաւոց, 1798 թ. ձեռագրեր

Յուրաքանչյուր նվիրաբերված նմուշ, անկախ իր բովանդակությունից, ստեղծման վայրից և ժամանակից, առանձնակի կարևորություն ունի: Նշված ձեռագրերից երկուսը ծիսարաններ են, որոնք կիրառվել են եկեղեցիներում տարբեր արարողությունների ժամանակ: Իբրև ծիսարաններ՝ Մաշտոցները լավագույնս արտահայտում են ինչպես ծեսի բովանդակությունը, այնպես էլ ժամանակի ընթացքում դրանում կատարված փոփոխությունները, որոնք մի զգալի չափով տեղի են ունեցել այլ եկեղեցիների հետ հարաբերությունների ազդեցությամբ: Այդ իմաստով Մաշտոց ձեռագրերը կարևոր աղբյուր են ինչպես եկեղեցական ծեսի և ծիսական կյանքի, այլ նաև միջեկեղեցական և ներեկեղեցական բազմաշերտ հարաբերությունների ուսումնասիրման համար: Եվ այդ իմաստով յուրաքանչյուր Մաշտոց ծիսամատյան ունի առանձնահատուկ կարևորություն:

Այս ձեռագրերից հատկապես մեծ արժեք են ներկայացնում հեքիմարանները, որոնք ժողովրդական բժշկության աղբյուրներ են: Այս ձեռագրերը, որպես կանոն, եզակի են, քանի որ յուրաքանչյուր բժիշկ ինքն է կազմել իր մատյանը: Յուրաքանչյուր միավոր ունի իր առանձնակի տեղը միջնադարյան բժշկության տեսանկյունից: Հեքիմարաններն անփոխարինելի նշանակություն են ժողովրդական մշակույթի և դրա տարբեր դրսևորումների, օրինակ՝ առօրեականության պատմության ուսումնասիրման համար, ինչը միջազգային կարևորություն ունեցող և խիստ արդիական թեմատիկ ուղղություն է հումանիտար գիտությունների ոլորտում:

Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութը (Librairie Orientale Hrant Samuelian) հիմնադրվել է լրագրող և արևելագետ Հրանտ Սամուելյանի կողմից 1930 թվականին Փարիզի Լատինական թաղամասի կենտրոնում: Նրան հաջողվել էր գնել մեծ գրադարանի սեփականատեր, պոլսահայ Պալենցի հին գրքերի հավաքածուն։ Գրատունը համարվում է աշխարհի ամենաերկար գործող հայկական գրախանութներից մեկը և նշանավոր է իր հազվագյուտ ձեռագրերով, հին գրքերով և արժեքավոր նյութերով, որոնք ներկայացնում են հայկական մշակույթի և պատմության կարևորագույն դրվագներ։

Գրախանութի ստեղծման ժամանակաշրջանը պատահական չէր։ 1920-ականներին Ֆրանսիայում ձևավորվող հայկական սփյուռքը դեռ նոր էր կայանում։ Այդ պայմաններում գրախանութը նաև յուրատեսակ մշակութային կենտրոն էր, որը պետք է բավարարեր ընթերցողների կարիքները և նպաստեր համայնքի ձևավորմանը։ Ինչպես նշում են պատմաբանները, այն ստեղծվել էր մի ժամանակ, երբ փախստականները սկսում էին վերածվել կազմակերպված սփյուռքի։

Սակայն Արևելյան գրախանութի իրական նշանակությունը միայն նրա հիմնադրման պատմությամբ կամ գրքային հարստությամբ չէր սահմանափակվում։ Այն ժամանակի ընթացքում ձևավորվեց ու դարձավ մի միջավայր, որտեղ գրքերը հաղորդակցության, գաղափարների փոխանակման և գիտելիքի տարածման միջոց էին։ Փարիզում հաստատված հայերը փորձում էին պահպանել իրենց ինքնությունը, բայց նաև ինտեգրվել եվրոպական մշակութային կյանքին՝ առանց կորցնելու իրենց լեզուն և հիշողությունը։ Այդ իմաստով Սամուելյանի նախաձեռնությունը միաժամանակ պատասխան էր ժամանակի պահանջներին ու հեռանկարային մշակութային ներդրում։

Գրախանութը, ունենալով հարուստ կատալոգներ և համաշխարհային թղթակիցների ցանց, դարձավ մի հարթակ, որտեղ հավաքվում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Այստեղ էին գալիս ոչ միայն հայ ընթերցողները, այլև արևելագիտությամբ հետաքրքրված եվրոպացի գիտնականներ, պատմաբաններ, լրագրողներ։ Այստեղ կարելի էր հանդիպել հայտնի արևելագետների՝ Ժիրայր Դեդեյանի, Ժորժ Դյումեզիլի, Էմիլ Բենվենիստի, Հենրի Կորբինի, Ֆերնան Բրոդելի, Կլոդ Կահենի, Նինա Գարսոյանի և այլոց։ Այդ միջավայրում ձևավորվում էին նոր կապեր, քննարկվում էին հետազոտություններ, տարածվում էին գաղափարներ։

Գրախանութը մի տեսակ կամուրջ էր դարձել Արևելքի և Արևմուտքի միջև ու իր դարակներում միավորում էր տարբեր երկրներից և մշակույթներից եկած գրականություն։ Գրախանութում ընդգրկված էին Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի մշակույթներին վերաբերող աշխատություններ, նաև Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի մշակույթներին վերաբերող գրքեր։ Գրախանութում ներկայացված էին նաև նյութեր Ռուսաստանի, Հունաստանի և անգամ Աֆրիկայի մասին։ Այդ բազմազանությունը ձևավորեց հենց այն միջավայրը, որտեղ հանդիպում էին տարբեր մշակույթներ։ Նմանատիպ միջավայրերը հազվադեպ են ինքնաբուխ ստեղծվում, դրանք պահանջում են երկար տարիների հետևողական աշխատանք և գիտելիքի նկատմամբ խոր հարգանք, ինչը բնորոշ էր Սամուելյանի գործունեությանը։

Միևնույն ժամանակ, գրախանութը շարունակում էր իր կարևոր դերը հայկական համայնքի ներսում։ Այն դարձել էր մի վայր, որտեղ կարելի էր գտնել հայկական գրականություն, տեղեկություններ հայրենիքի մասին, ինչպես նաև պարզապես զգալ մշակութային հարազատ միջավայր։ Հայ համայնքի համար այն դարձել էր մի հաստատություն, որը համեմատելի էր Փարիզի հայկական եկեղեցու կամ համալսարանական միջավայրի հետ։

Հատկանշական է նաև, որ գրախանութի գործունեությունը հիմնված էր ոչ միայն առևտրի, այլև հավաքման և պահպանման գաղափարի վրա։ Տարիների ընթացքում այստեղ կուտակվեցին հազվագյուտ ձեռագրեր, հին տպագրություններ և արժեքավոր նյութեր, որոնք ներկայացնում էին հայկական մշակույթի տարբեր ժամանակաշրջաններ։ Այդ հավաքածուն ձևավորվեց ինչպես նպատակային ձեռքբերումների, այնպես էլ տարբեր աղբյուրներից ստացված նյութերի միջոցով ու ստեղծեց մի ամբողջական արխիվ, որը հետագայում դարձավ այս աճուրդի առանցքը։

Հրանտ Սամուելյանը գրախանութը ղեկավարեց մինչև իր մահը՝ 1977 թվականը։ Դրանից հետո գործը շարունակեցին նրա երեխաները՝ Արմեն Սամուելյանը և Ալիս Ասլանյանը, որոնք գրեթե չորս տասնամյակ պահպանեցին ընտանեկան ժառանգությունը՝ աշխատելով միասին և հավատարիմ մնալով իրենց հոր ստեղծած գաղափարին։ Բայց 2016 թվականին գրախանութը փակվեց։ Ակտիվ գործունեությունն ավարտվեց, բայց պատմությունը շարունակվում է։ Այն առաջին հերթին շարունակվում է նոր ընթերցողների ու հետազոտողների միջոցով ու հիշեցնում է, որ անգամ մեկ մարդն ու մեկ գրախանութը կարող են պահպանել մի ամբողջ մշակույթի հավաքական հիշողության հազվագյուտ նմուշներ։