Հսկաները. 10 ֆիլմ, որոնք չեն ստացել գլխավոր «Օսկար»-ը, բայց դարձել են անմահ կլասիկա
«Օսկար» մրցանակը հաճախ ընկալվում է որպես կինոաշխարհի վերջին ատյանի դատարան։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ ակադեմիկոսները երբեմն սխալվում են։ Բավականին հաճախ են դեպքերը, երբ գլխավոր մրցանակը հանձնվել է ֆիլմերի, որոնք այսօր հիշում են միայն մասնագետները, մինչդեռ իսկական գլուխգործոցները մնացել են առանց պարգևի։ Երբեմն դրանք չափազանց համարձակ ֆիլմեր էին։ Երբեմն՝ չափազանց մռայլ։ Երբեմն՝ պարզապես իրենց ժամանակից առաջ անցած։ Բայց հենց այդպիսի ֆիլմերն են տասնամյակներ անց ձևավորում մեր պատկերացումները մեծ կինոյի մասին։
«Օսկար»-ի պատմության ընթացքում ձևավորվել է այդպիսի հանճարեղ «պարտվածների» հսկայական ցուցակ, որի մասին պատմելուն ոչ մի լոնգրիդ չի հերիքի։ Սակայն PAN-ն ընտրել է 10 ֆիլմ, որոնք, մեր կարծիքով, պարտադիր է դիտել։
1. «Լարովի նարինջ» (A Clockwork Orange, 1971)
Սթենլի Կուբրիկի ֆիլմը պարտվեց Ուիլյամ Ֆրիդկինի «Ֆրանսիական կապին» (The French Connection):
Այսօր «Լարովի նարինջը» ոչ միայն կուլտային ֆիլմ է, այլև կինոյի պատմության ամենաքննարկված ստեղծագործություններից մեկը։ Բռնության, կամքի ազատության ու պետական վերահսկողության սահմանների մասին պատմությունը մինչ օրս վեճեր է առաջացնում։
Կինոակադեմիան ռիսկի չդիմեց, քանի որ սա չափազանց տագնապային ու ազնիվ ֆիլմ է։ Բայց հենց դրա շնորհիվ էլ այն մտավ պատմության մեջ։
2. «Ամերիկյան գրաֆիտի» (American Graffiti, 1973)
Ջորջ Լուկասի ֆիլմը պարտվեց Ջորջ Ռոյ Հիլլի «Խայթին» (The Sting)։
Պատանեկան ազատության վերջին գիշերվա մասին Լուկասի փոքրիկ ֆիլմը դարձավ 60-ականների ամերիկյան երիտասարդության ամենաճշգրիտ դիմանկարներից մեկը։ Սա կինո է առանց հերոսական պոզաների ու առանց պաթոսի՝ միայն նոստալգիա, ապագայի սպասում ու վախ մեծահասակ դառնալու նկատմամբ։
Այսօր «Ամերիկյան գրաֆիտին» ընկալվում է որպես սերնդի մասին կարևորագույն ֆիլմ, մինչդեռ «Խայթը» մնաց էլեգանտ, սակայն ավելի պակաս նշանակալից հաղթանակ։
3. «Շան կեսօր» (Dog Day Afternoon, 1975)
Սիդնի Լյումետի ֆիլմը պարտվեց Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo's Nest) ֆիլմին։
Ձախողված կողոպուտի պատմությունը երիտասարդ Ալ Պաչինոյի մասնակցությամբ լարված կամերային կինոյի լավագույն օրինակներից մեկն է։ Ֆիլմը գրեթե ամբողջությամբ կառուցված է երկխոսությունների, հոգեբանական ճնշման ու դանդաղ աճող հուսահատության վրա։
Տարվա հաղթող ֆիլմն անխոս գլուխգործոց էր։ Սակայն «Շան կեսօրն» այսօր թվում է նույնիսկ ավելի ժամանակակից ու կենդանի, քան իր հանճարեղ մրցակիցը։
4. «Տաքսու վարորդը» (Taxi Driver, 1976)
Մարտին Սկորսեզեի գլուխգործոցը պարտվեց Ջոն Էվիլդսենի «Ռոքիին» (Rocky):
«Տաքսու վարորդը» կինոյի պատմության ամենաազդեցիկ ֆիլմերից մեկն է։ Մեծ քաղաքում միայնության, բռնության ու ներքին կործանման պատմությունը դարձավ մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։
Մի կողմից, «Ռոքին» հանդիսատեսին պարգևեց ոգևորություն ու հույս։ Սակայն «Տաքսու վարորդը» ցույց տվեց այն մռայլ իրականությունը, որից դժվար է փախչել։ Ակադեմիան ընտրեց լավատեսությունը։ Պատմությունը ընտրեց Սկորսեզեին։
5. «Ապոկալիպսիսը հիմա» (Apocalypse Now, 1979)
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի պատերազմական գլուխգործոցը պարտվեց Ռոբերտ Բենթոնի «Կրամերն ընդդեմ Կրամերի» դրամային։
Պատերազմի խելագարության, քաոսի ու մարդկային հոգեբանության կործանման մասին մոնումենտալ ֆիլմ։ Նկարահանումների բարդ ճակատագիրը, անվերջ վերամշակումները ու լեգենդար մթնոլորտը այս ֆիլմը դարձրին առասպել դեռ էկրաններ դուրս գալուց առաջ։
Այսօր «Ապոկալիպսիսը հիմա»-ն համարվում է բոլոր ժամանակների մեծագույն հակապատերազմական ֆիլմերից մեկը։ Իսկ այդ տարվա հաղթողը այս էպոսի ֆոնին թվում է ընդամենը կամերային ընտանեկան դրամա։
6. «Իմ ձախ ոտքը» (My Left Foot, 1989)
Ջիմ Շերիդանի ֆիլմը պարտվեց Բրյուս Բերեսֆորդի «Միսս Դեյզիի վարորդին» (Driving Miss Daisy)։
Հաշմանդամություն ունեցող նկարիչ Քրիստի Բրաունի պատմությունը երիտասարդ դերասան Դենիել Դեյ Լյուիսին բերեց իր առաջին «Օսկար» մրցանակը` տղամարդու լավագույն դերի համար։
Բայց ինքը` ֆիլմը մնաց առանց գլխավոր մրցանակի։ Այսօր այն ընկալվում է որպես շատ ավելի համարձակ ու խորը ստեղծագործություն, քան այդ տարվա ակուրատ, բայց բավականին կոնսերվատիվ հաղթողը։
7. «Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction, 1994)
Քվենտին Տարանտինոյի ֆիլմը պարտվեց Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփին» (Forrest Gump):
Այս թեմայով թեժ բանավեճերը շարունակվում են մինչև հիմա։ Երկու հանճարեղ կինոկտավ. ո՞րն էր ավելի արժանի։ Տարանտինոյի ֆիլմը գլխիվայր շրջեղ սցենարի կառուցվածքի, երկխոսությունների ու քրեական դրամայի ժանրի մասին պատկերացումները։
Եթե «Ֆորեսթ Գամփը» դարձավ 90-ականների լավատեսության խորհրդանիշ, ապա «Քրեական ընթերցվածքը»՝ ինքը դարաշրջանի խորհրդանիշն էր։ Եվ այսօր Տարանտինոյի գլուխգործոցն են ավելի հաճախ անվանում այդ տասնամյակի գլխավոր ֆիլմը։
8. «Ապոլլոն-13» (Apollo 13, 1995)
Ռոն Հովարդի ֆիլմը պարտվեց Մել Գիբսոնի «Խիզախ սրտին» (Braveheart):
Տեխնիկապես անթերի, լարված ու զարմանալիորեն մարդկային պատմություն աղետի մասին, որը կարող էր ավարտվել ողբերգությամբ։
Ժամանակի ընթացքում «Ապոլլոն-13»-ը ավելի ու ավելի հաճախ անվանում են իդեալական դասական կինոյի նմուշ, մինչդեռ Գիբսոնի էպոսը աստիճանաբար կորցրեց նախկին փայլը։
9. «Խելացի Ուիլ Հանթինգ» (Good Will Hunting, 1997)
Գաս Վան Սենթի դրաման պարտվեց Ջեյմս Կեմերոնի «Տիտանիկին» (Titanic):
Բանվորական թաղամասերի ծնած հանճարի մասին ֆիլմը դարձավ մի ամբողջ սերնդի ձայնը։ Մեծանալու ու ինքնության մասին այս խիստ անձնական պատմությունը պարտվեց իր ժամանակի ամենաեկամտաբեր ու տեսարժան ֆիլմին։
Այսօր «Տիտանիկը» մնում է տեխնիկական հրաշք։ Բայց «Խելացի Ուիլ Հանթինգը» շատերի համար շատ ավելի անձնական ու կարևոր ֆիլմ է։
10. «Կյանքը հիասքանչ է» (La vita è bella, 1998)
Ռոբերտո Բենինիի գլուխգործոցը պարտվեց Ջոն Մեդենի «Սիրահարված Շեքսպիրին» (Shakespeare in Love):
Օսկարյան ամենավիճելի տարիներից մեկը։ Հոլոքոստի մասին իտալական ֆիլմը, որը մեծագույն մարդկային ողբերգության մասին պատմում է տրագիկոմեդիայի պրիզմայով, եզակի իրադարձություն դարձավ համաշխարհային կինոյում։
Այսօր «Սիրահարված Շեքսպիրի» հաղթանակը հաճախ անվանում են Կինոակադեմիայի մեծագույն սխալներից մեկը։ Իսկ «Կյանքը հիասքանչ է» կտավը մարդկային արժանապատվության մասին ամենահուզիչ ու համարձակ ֆիլմերից է։
Եզրափակման փոխարեն
«Օսկարի» պատմությունը կոմպրոմիսների պատմություն է։ Ակադեմիան հաճախ ընտրում է անվտանգ, հասկանալի ու իր ժամանակի համար հարմար ֆիլմերը։ Իսկական գլուխգործոցները հաճախ չափազանց բարդ են, չափազանց համարձակ կամ չափազանց ազնիվ։
Հենց այդ պատճառով պարտվածների ցուցակը երբեմն ավելի արժեքավոր է թվում, քան հաղթողների ցուցակը։