#cinéPAN
January 21

Ալտերնատիվ «Օսկար». Աուտսայդեր ռեժիսորներ, ավելի կամ հավասար արժանի ֆիլմեր և անարդար ակադեմիկոսներ

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը` մինչև ուղն ու ծուծը քաղաքականացված, հասարակական ու սոցիալական ալիքներին ենթարկվող, երբեմն` անսպասելի անակնկալներ մատուցող, բայց հիմնականում խիստ կանխատեսելի, կարող էր շատ ավելի մեծ հեղինակություն վայելել, եթե լիներ մի քիչ ավելի օբյեկտիվ ու ոչ կողմնակալ։ Հաջորդ մրցանակաբաշխությանը մնացել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, գլխավոր մրցանակի համար պայքարելու են ուժեղ ֆիլմեր, ու ժամանակն է հիշել` ինչով է «Օսկարը» մեզ հիասթափեցրել, ե՞րբ էր ընտրությունը շատ բարդ, իսկ ե՞րբ` առավել անարդար։

PAN-ը պատմում է հոլիվուդյան գլխավոր կինոմրցանակի աուտսայդերների, հավասարների պայքարի ու անարդարության մասին։

ԱՈՒՏՍԱՅԴԵՐՆԵՐԸ

Սթենլի Կուբրիկը, լինելով իր ժամանակի մեծագույն ռեժիսորներից մեկը, աուտսայդեր էր «Օսկար» մրցանակաբաշխության համար։ Լեգենդար ռեժիսորի «Սպարտակը» (Spartacus, 1960) ու «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odyssey, 1968) անգամ ներկայացված չէին գլխավոր անվանակարգում։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


1965-ին Կուբրիկի «Դոկտոր Սթրենջլավը, կամ ինչպես ես դադարեցի անհանգստանալ ու սիրեցի ատոմային ռումբը» ( Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb, 1964) սև կատակերգական թրիլլերը գլխավոր անվանակարգում պարտվեց «Իմ չքնաղ լեդի» (My Fair Lady) երաժշտական կատակերգությանը։ Օդրի Հեպբերնն, իհարկե, փառահեղ դերասանուհի էր, սակայն Սառը պատերազմի ամենաթեժ ժամանակներում` Կարիբյան ճգնաժամից մոտ մեկ տարի անց էկրաններ բարձրացած հակապատերազմական սատիրան, որը ակտուալ էր թե այն ժամանակ, ու թե հատկապես հիմա, երբ սպառազինությունների ու տեխնոլոգիաների մրցավազքը գերտերությունների միջև սկսվում է նոր ուժով, պետք է գնահատվեր ըստ իր ասելիքի։

Միայն այս դրվագի համար ֆիլմը պիտի ստանար աշխարհի բոլոր մրցանակները

Միջուկային ապոկալիպսիսի նկատմամբ հանրային իռացիոնալ ու ռացիոնալ վախերը, որոնք ուղեկցում են մարդկությանը ատոմային ռումբի առաջին կիրառումից սկսած, մեծ աշխարհաքաղաքականությունը, հակա (գրեք ցանկացած բառ) պարանոյան Կուբրիկի սուր ու խայթող հայացքի կենտրոնում էին այն ժամանակ ու ժամանակակից մտածողների համար նույնպես առանցքային թեմա են։ «Դոկտոր Սթրենջլավը» հավերժական կինո է, մանիֆեստ ու բարձրագոչ հայտարարություն, որը այն ժամանակվա ակադեմիկոսները կամ չնկատեցին, կամ էլ չուզեցին նկատել։

Ալեքսն ակադեմիկոսներին է նայում մի տեսակ զայրույթով, բայց միաժամանակ կարեկցանքով

Նույն կերպ վարվեցին նաև Կուբրիկի մյուս սուր հայտարարության` «Լարովի նարինջ» (A Clockwork Orange, 1971) հակաուտոպիկ թրիլլերի հետ, չնայած այս անգամ մրցակիցը` Ուիլյամ Ֆրիդկինի «Ֆրանսիական կապավորը» (The French Connection) դետեկտիվային թրիլլերը բավականին ուժեղ թեկնածու էր։ Բայց որպես փիլիսոփայական մտորումների աղբյուր` «Լարովի նարինջը» շատ ավելի հարուստ է. ուլտրաբռնության էսթետիկայի միջոցով Կուբրիկը կրոնական ու փիլիսոփայական տեսանկյունից ուսումնասիրում է ազատ կամքի գոյության, մարդկանց կյանք պետության կոպիտ միջամտության ու այս կոնտեքստում մարդու ազատության սահմանների և այլ հարցեր։ Իրեն հատուկ ուղղամտությամբ ու անողոքությամբ, Կուբրիկը ծաղրում է պետությունը (ինչպես «Դոկտոր Սթրենջլավում»), մեծ քաղաքականությունն ու եկեղեցին, ինչը, հավանաբար, 70-ականների սկզբի ակադեմիայի համար չափազանց խիզախ մարտահրավեր էր, այնպես որ ընտրվեց համեմատաբար ավելի անվտանգ տարբերակ։

Խռովարար Մարտին

Կուբրիկից հետո «Օսկար»-ի կողմից ամենաանարգված ռեժիսորը, հավանաբար, մաեստրո Մարտին Սկորսեզեն է։ Իսկական խռովարար, գոյություն ունեցող կինեմատոգրաֆիկ «սրբազան կանոնները» ոտնատակ տվող ու «արգելված» թեմաների մասին բարձրաձայն խոսող Մարտին ևս մի հանճարեղ աուտսայդեր էր։

- Էդ իմ հետ ե՞ս, արա…

1976-ին էկրաններ բարձրացած «Տաքսու վարորդը» (Taxi Driver) Վիետնամի պատերազմի հոգեբանական հետևանքների, վետերանների` հասարակության կողմից լքված լինելու ու հասարակական կյանք մտնել չկարողանալու մասին, ռեժիսորի ամենավառ ու արտահայտիչ ֆիլմերից մեկն է։ Իրականում, ֆիլմը շատ ավելի խորն է` սկսած գլխավոր հերոս Թրեվիս Բիքլին (Ռոբերտ Դե Նիրո) որպես ազգի (ու պետության) հավակնությունների` իրավազուրկ զոհ պատկերելուց մինչև հոգեբանական խեղումներ, որոնք կարող են առաջանալ մարդու մոտ, երբ նա անկարող է լիարժեք փոխազդել այլ մարդկանց հետ։ 1977-ին Ջոն Էվիլդսենի «Ռոկկի» (Rocky) մարզական դրաման խլեց գլխավոր մրցանակը Սկորսեզեի ֆիլմից` մեկ այլ իտալացու` Սիլվեստր Ստալոնեին բարձրացնելով կինոօլիմպոսի գագաթը։ Իհարկե, լեգենդար ֆիլմը ժողովրդի ծոցից դուրս եկած բռնցքամարտիկի մասին, արժանի է ամենաբարձր գնահատանքի, սակայն «Տաքսու վարորդի» գեղարվեստական արժանիքները առավել սուր են ու շատ ավելի ցայտուն։

Ակադեմիայից պատասխան ստանալու կա

1991-ին Կեվին Կոստների հիանալի «Գայլերի հետ պարողը» (Dances with Wolves, 1990) վեսթերնը խլեց արձանիկը Սկորսեզեի «Փառավոր տղաներ» (Goodfellas) քրեական դրամայից, որում ռեժիսորն ամրապնդեց «մաֆիայի մասին ֆիլմերի ռեժիսորի» իր ձեռագիրը։ Սակայն դա թյուր կարծիք է։ Ի տարբերություն «Կնքահոր» (The Godfather), որը, որոշ չափով, ռոմանտիզացնում է կազմակերպված հանցավորությունը ու գլխավոր հերոսի դեմոնիզացիան ավելի հանդարտ երանգներով փոխանցում, Սկորսեզեն, ինչպես միշտ, սրընթաց է։

Սկորսեզեի վերաբերմունքն արդեն ակնհայտ է այս մի դրվագից

Նա նկարագրում է հանցավորությունը ներսից, առանց ռոմանտիզացման, ուլտրաբռնության միջոցով պատկերելով այդ աշխարհը հնարավորինս վառ գույներով, առավել ցայտուն ցուցադրելով մութ խորշերը, ըմբոշխնելով անխուսափելի պատիժը։ Սկորսեզեն ատում է այդ աշխարհը, խղճում դրա կապանքներում հայտնված մարդկանց, բայց, միաժամանակ, իրեն ծայրահեղ հետաքրքիր է այն ուսումնասիրել։ «Փառավոր տղաները» կինոյում սահմանեց պատմություն պատմելու լրիվ նոր` «սկորսեզեական» մոտեցում, սակայն, ցավոք, հետագայում ևս այն չարժանացավ ակադեմիայի գնահատանքին. այսպես, մոնումենտալ «Կազինոն» (Casino, 1995) անգամ գլխավոր անվանակարգում չկար, իսկ 2020-ին ռեժիսորի magnum opus-ը` երեք ու կես ժամանոց «Իռլանդացին» (The Irishman) պարտվեց կորեական «Մակաբույծին» (Parasite), որը, թեև, շատ ավելի ուշագրավ սոցիալական դրամա էր ու հասարակական ախտերի ավելի ցայտուն մինիատյուրա, բայց Սկորսեզեին էլ հաջողվել էր կտրել ու բոլոր մանրամասներով, անթաքույց ցույց տալ կոնկրետ դարաշրջանի ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքի լայնակի կտրվածքը, որի շատ շերտերից ամերիկացիները ամաչում են մինչև հիմա։

«Իռլանդացու» ամենա հիշարժան դրվագը կապված է ԱՄՆ պատմության խիստ ողբերգական էջի հետ

Նմանատիպ լայնակի կտրվածք էին (մեկ այլ ժամանակաշրջանի) նաև «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York, 2002) պատմական դրաման, որը պարտվեց «Չիկագո» (Chicago) մյուզիքլին (ակադեմիայի սիրած հնարքը` եթե չգիտես, ինչ անել, գլխավոր մրցանակը տուր երաժշտական ֆիլմի) ու «Ուոլ Սթրիթի գայլը» (The Wolf of Wall Street, 2013) կենսագրական դրաման, որի դեպքում հաղթեց «12 տարվա ստրկությունը» (12 Years a Slave): Թե  «Նյու Յորքի ավազակախմբերը», ու թե «Ուոլ Սթրիթի գայլը» մերկացնում էին ամերիկյան հասարակության համար ոչ այնքան հաճելի մանրամասներ, մի դեպքում, իրենց անցյալի, մյուս դեպքում` ներկայիս ֆինանսատնտեսական քաղաքականության մասին, իսկ դրանում ոչ մի հերոսական մաքառում չկա գլխավոր մրցանակը ստանալու համար։

Թարսի պես, «Հանգուցյալների» վերջին դրվագի առնետը ամենակոպիտ ու պարզունակ սիմվոլիկ պատկերն էր Սկորսեզեի ֆիլմոգրաֆիայում, բայց մնացած առումով ֆիլմն, իհարկե, փառահեղ է

Սկորսեզեին, իհարկե, զուտ սիմվոլիկ, գլխավոր «Օսկար» տվել են «Հանգուցյալները» (The Departed, 2007) քրեական դրամայի համար, որի թիրախում իրավապահ համակարգն էր, իսկ իրավապահներին ձեռք տալն արգելված չէ։ Բայց այս տարի մեծ ռեժիսորը կրկին անգամ բացել է հին, ցավացող վերքերն իր «Ծաղկավոր լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) դրամայում` իրեն հատուկ շիտակությամբ ու հանդիսատեսին բացարձակ չխղճալով խոսելով անցյալի մեծ մեղքերի մասին. հավանաբար, ակադեմիան այս անգամ ևս ուշադրության չի արժանացնի ռեժիսորի հայտարարությունը։

Մեծ պոստմոդեռնիստը

Սակայն ռեժիսորներից ոչ ոք չի կարող աուտսայդերությամբ մրցել Քվենտին Տարանտինոյի հետ։ Նրան «Օսկարում» ավելի շատ են մերժել, քան յոնջլախցի Գևորիկին Բրյուսովի համալսարանում։ Ռեժիսորի պոստմոդեռնիստական, «անպատկառ», ժանրերն ու կինոկանոնները կազմաքանդող ու սեփական մտքի պրիզմայով կառուցող մոտեցումը դուր չի գալիս ակադեմիկոսներին։

- Ո՞վ ա Զեդը։
- Զեդը մեռել ա, ջանըս։ Զեդը մեռել ա:

Այսպես, 1995-ին լեգենդար «Քրեական ընթերցվածքը» (Pulp Fiction, 1994) պարտվեց «Ֆորեսթ Գամփին» (Forrest Gump), ինչը հասկանալի էր ու մենք դեռ այդ թեմային կվերադառնանք; 2010-ին «Անփառունակ սրիկաները» (Inglourious Basterds, 2009) սատիրիկ պսևդոպատմական դրաման մրցանակը զիջեց Իրաքում սակրավորների բարդ կյանքի մասին «Փոթորկի տիրակալը» (The Hurt Locker) դրամային; հակառասիստական «Ջանգոն ազատված» (Django Unchained) վեսթերնը 2013-ին չհասցրեց Բեն Աֆլեքի «Արգոյի» (Argo) հետևից, ու ասում էին, որ խնդիրը ակադեմիայի թուլությունն է կինեմատոգրաֆի մասին ֆիլմերի նկատմամբ։

Էս անգամ էլ չտվեցին

Ու ի՞նչ. կինեմատոգրաֆի մասին ամենանուրբ, կինոյին ամենակրքոտ սերը խոստովանող «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in... Hollywood, 2019) սքանչելի կտավը պարտվեց կորեական «Մակաբույծին»։ Ռեժիսորի վերջին ֆիլմը նույնպես լինելու է կինեմատոգրաֆի մասին (ինչն այս կամ այն կերպ առկա է նրա գրեթե բոլոր ֆիլմերում), սակայն ակադեմիան այդ ընթացքում ավելի արդիական թեմաներ կգտնի։

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՈՉ

Հաճախ ակադեմիային խանգարում են նախապաշարմունքները։ Երկար ժամանակ կարծիք կար, որ խոշոր բլոկբաստերները` ստեղծված առաջին հերթին զվարճացնելու համար, չեն կարող մրցակցել «իսկական արվեստի» հետ, իսկ գիտական ֆանտաստիկան, հորրորն ու ֆենթեզին համարվում էին «ցածր կինոժանրեր»։ Վերջին տարիներին, հատկապես «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (The Lord of the Rings: The Return of the King, 2003) ֆիլմի տրիումֆից հետո իրավիճակը որոշակի փոփոխության է ենթարկվել։

Բեկումնային պահը` Սփիլբերգի ձեռամբ

Իսկ ի՞նչ ասենք ֆիլմի մասին, որը հիմք դրեց ահռելի մի ֆրանշիզի` հարյուր միլիոնավոր երկրպագուներով ամբողջ աշխարհում, որը վերածվեց կինոկուլտի ու անգամ պաշտամունքի առարկայի։ Ո՞վ է այսօր հիշում Վուդի Ալենի «Էննի Հոլ» (Annie Hall, 1977) մելոդրաման. հավանաբար, միայն Ալենի սիրահարները։ Իսկ ո՞վ չգիտի «Աստղային պատերազմների» (Star Wars) մասին. հավանաբար, միայն Վուդի Ալենի այն սիրահարներն, ովքեր ամբողջ կյանքն անտառում են ապրել։

Օբի Վանի դերակատար Ալեկ Գինեսը (ձախից) ու ռեժիսոր Ջորջ Լուկասը չէին էլ կասկածում, որ այն, ինչ ստեղծում են, ընդմիշտ փոխելու է կինոյի դեմքը

1978-ի «Օսկարին» ակադեմիայի նախապաշարմունքները թույլ չտվեցին ճիշտ կանխատեսել մեծ կինոյի տենդենցները ու գլխավոր մրցանակը տալ Ջորջ Լուկասի տիեզերական Սագայի մեկնարկին, ինչի արդյունքում կինոսիրողների մի ստվար զանգված համարում է ակադեմիայի անդամներին ինքնահավան ու գոռոզ արարածներ։ Ինչը, թերևս, շատ հեռու չէ իրականությունից։ Որովհետև եթե «Օսկարը» պետք է արտահայտի առաջին հերթին հոլիվուդյան կինոյի մակրոտեղաշարժերն ու փոփոխությունները, ապա «Աստղային պատերազմներից» ուժեղ տեղաշարժ մինչև այդ ու դրանից հետո այլևս չի եղել։ Այն փոխեց ամբողջ կինեմատոգրաֆը։

Լուսնի սկավառակի առջևով հեծանվով թռչելու կուլտային դրվագը հետագայում կդառնա Սփիլբերգի պրոդյուսերական ընկերության` Amblin Entertainment-ի տարբերանշանը

Եվ իրոք, ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ օտարի նկատմամբ բարի լինելու եւ ընկերության մասին ամենատպավորիչ պատմություններից մեկը` Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» (E.T. the Extra-Terrestrial, 1982) զիջեց Մահաթմա Գանդիի մասին կենսագրական ֆիլմին 1983-ին։ Իհարկե, Ռիչարդ Ատենբորոյի կտավը մոնումենտալ գլուխգործոց է, սակայն Սփիլբերգի պատմած պատմությունը` ոչ պակաս մարդկային ու ակտուալ, ավելի լավ է անցել ժամանակի փորձությունները։

Տարիներ անց Միշել Յեոն հետ կբերի կորցրածը

Կամ Անգ Լիի «Սողոսկող վագր, թաքնված վիշապ» (Crouching Tiger, Hidden Dragon, 2000) ֆենթեզին, գրանդիոզ ու մելոդրամատիկ, շքեղ ռեժիսուրայով, դրամատուրգիայով ու դերասանական խաղով զիջեց Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» (Gladiator) փեփլումին, որը ռեժիսորի ֆիլմերի անգամ լավագույն տասնյակում դժվար է ներառել։ 12 տարի անց նույն ռեժիսորի «Պիի կյանքը» (Life of Pi, 2012) կամերային դրաման, ամենատպավորիչ եզրափակիչ թվիստերից մեկով, որ ընդհանրապես եղել է կինոյում, պարտվեց «Արգոյին»։

«Երկու ամրոցի» այս դրվագից հետո մարդիկ վազում էին կինոթատրոնի դրամարկղ` նորից տոմս գնելու

Կամ, եթե խոսում ենք Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռագրության մասին։ Առաջին ֆիլմը` «Մատանու եղբայրությունը» (The Fellowship of the Ring, 2001) ինքնին ունիկալ կինեմատոգրաֆիկ երևույթ էր, Թոլքինի աշխատության մասշտաբային ու համոզիչ արտապատկերում, ու պարտությունը Ռոն Հովարդի «Բանականության խաղեր» (A Beautiful Mind) կենսագրական դրամային առնվազն տարօրինակ է, եթե ֆիլմերը գնահատենք նրանով, թե որքանով ծանրակշիռ հետք են դրանք թողնում կինոյի պատմության վրա։ Իսկ հաջորդ տարի «Երկու ամրոցը» (The Two Towers) զիջեց «Չիկագոյին», ինչը անարդարության գագաթնակետն էր։

Ակադեմիկոսները քննարկում են, թե ինչպես վարվեն Միլլերի գլուխգործոցի հետ

Ջորջ Միլլերը 2015-ին ներկայացրեց վերջին տասնամյակների ամենատպավորիչ վիզուալով ֆիլմը։ «Խելագար Մաքս. Զայրույթի ճանապարհ» (Mad Max: Fury Road) պոստապոկալիպտիկ դրաման աչքի է ընկնում ոչ միայն աներևակայելի էքշնով, այլև մեծամասամբ պատկերի, ոչ թե խոսակցությունների միջոցով շատ խորը պատմություն պատմելով։ Ինչպես ասում են` ցույց տուր, ոչ թե պատմիր։ Այդուհանդերձ, կարծես կոնտրաստի համար, «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) խոսակցական դրաման այս դեպքում հաղթող դուրս եկավ։ Ալեսանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» (The Revenant) ֆիլմը` ունիկալ կինոփորձառություն մինչև ոսկորները թափանցող ցրտի ու զայրույթի տեսքով, նույնպես զիջեց վերոնշյալ խոսակցական դրամային։

«Սիկարիոն» (Sicario) անգամ գլխավոր անվանակարգում չկար

Կանադացի Դենի Վիլնյովը, ով ժամանակակից գլխավոր վիզիոներներից մեկն է, իրավամբ կարող է տեղ գտնել նաև աուտսայդերների ցուցակում։ Նրա լավագույն ֆիլմերը գլխավոր անվանակարգում չեն էլ ներկայացվել, իսկ երկու ներկայացվածները պարտվել էին, չնայած ոչնչով չէին զիջում մրցակիցներին ու դեռ ավելին։

Ֆիլմի ավարտին միայն հասկանում ես, թե որքան տպավորիչ էր մուտքը

Լեզվի, որպես աշխարհընկալման հիմքի, մասին «Ժամանում» (Arrival, 2016) գիտաֆանտաստիկ դրաման, ոչ միայն վիզուալ, այլև կոգնիտիվ խրախճանք, ստորադասվեց հասունացման մասին «Լուսնի լույս» (Moonlight) դրամային, իսկ Ֆրենկ Հերբերտի անմահ տիեզերական էպոսի առաջին գրքի էկրանավորումը արձանիկը զիջեց խիստ տրիվիալ ու սովորական CODA-ին։ Այսպիսի բաներ. ակադեմիան կնախընտրի գլխավոր մրցանակը տալ միջին, բայց դրամայի, քան բարձրակարգ գիտական ֆանտաստիկայի։ Եթե, իհարկե, վերջինը որևիցե օրակարգային սոցիալական հարց չի քննարկում։

ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻ ԴԵՄ

Երբեմն գլխավոր անվանակարգում պայքարում են ֆիլմեր, որոնցից շատ բարդ է ֆավորիտ ընտրել։ Օրինակ, Ռոբերտ Բենտոնի «Կրամերն ընդդեմ Կրամերի» (Kramer vs. Kramer, 1979) ընտանեկան դրաման երեխայի նկատմամբ ծնողների պատասխանատվության մասին, անթերի կինոգործ է, որն արժանիորեն ստացավ գլխավոր մրցանակը։ Սակայն նույն 1980-ին արձանիկի համար պայքարում էր նաև Վիետնամի ու ընդհանրապես` պատերազմի ու մարդու մութ կողմերի, դեպի խավարի սիրտը ճամփորդության մասին գլխավոր ֆիլմը` Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» (Apocalypse Now) կտավը, որը նույնքան արժանի էր հաղթելու։ Տասը տարի անց երկու հավասարապես հիանալի դրամա` «Միսս Դեյզիի վարորդը» (Driving Miss Daisy) ու «Իմ ձախ ոտքը» (My Left Foot) բախվեցին գլխավոր մրցանակի համար։ Որն էլ հաղթեր, արժանի էր լինելու, ու հաղթեց առաջինը։ Դրա փոխարեն, երկրորդն աշխարհի տվեց Դենիել Դեյ-Լյուիսի հանճարը։

Վագների «Վալկիրիաների թռիչքը» այս ֆիլմի շնորհիվ կայուն ասոցացվում է հարձակվող դժոխային թռչող մեքենաների պարսի հետ)։

Ամենաթեժը, իհարկե, 1995-ն էր։ Ռոբերտ Զեմեկիսի սքանչելի «Ֆորեսթ Գամփը», Քվենտին Տարանտինոյի հանճարեղ «Քրեական ընթերցվածքն» ու Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» (The Shawshank Redemption, 1994) աներևակայելի ուժգնության դրաման` հիմնված Սթիվեն Քինգի ոչ պակաս փառահեղ գրքի վրա։ Ո՞րն ընտրել, երբ երեքն էլ հավասար լավն են։ Արդյունքում հաղթեց «Ֆորեսթ Գամփը», սակայն ոչինչ չէր փոխվի, եթե հաղթեր նրանցից յուրաքանչյուրը։ Քինգի մյուս «դարաբոնտյան» էկրանավորումը` դաժան ու հուսադրող, միստիկ ու խորհրդավոր, անսահման սիրուն «Կանաչ մղոնը» (The Green Mile, 1999) լրիվ արժանի էր գլխավոր մրցանակին։ Սակայն ոչ պակաս արժանի էր նաև Սեմ Մենդեսի «Գեղեցկություն ամերիկյան ձևով» (American Beauty) տրագիկոմեդիան միջին տարիքի ճգնաժամի, հանրային կյանքից դուրս մնալու մասին։ Երկու ֆիլմերն էլ կինոարվեստի բարձրագույն դրսևորում. այս անգամ հաղթեց երկրորդն, իսկ Թոմ Հենքսը հայտնվեց բարիկադների հակառակ կողմում։

«Փախուստ Շոուշենկից» բանտային դրաման երկար տարիներ է զբաղեցնում է առաջին տեղը IMDb-ի Top 250-ում

Իսկ Մենդեսի մեկ այլ ֆիլմ 20 տարի անց կհայտնվի հավասարների հետ նույն ռինգում ու այս անգամ կպարտվի։ Առաջին աշխարհամարտի մասին 1917 դրաման, որի մեկ պլանով նկարված լինելու պատրանքն էլ ավելի է ուժեղացնում մարդու ստեղծած դժոխքի կենտրոնում հայտնվելու զգացողությունը, ուժերը չափեց բազմիցս հիշատակված «Մակաբույծի», Սկորսեզեի «Իռլանդացու», Տայկա Վայտիտիի «Ջոջո Ճագար» (Jojo Rabbit) մռայլ տրագիկոմեդիայի ու Բեթմենի գլխավոր հակառակորդի հիանալի վերաիմաստավորման` «Ջոկերի» (Joker) հետ։ Դժվար է ընտրել. պատերազմի արհավիրքն անթաքույց ու առանց ավելորդությունների ցույց տվող ֆիլմ; սոցիալական սուր դրամա սպառման հասարակության ու մարդկային կախվածության մասին; քրեական դրամա ամերիկյան քաղաքական ու քրեական միջավայրերի ձուլվածության թեմայով; հակաֆաշիստական ողբերգական պատում կորսված մանկության մասին; չար սատիրա հասարակական ախտերի վերաբերյալ։ Բոլորն էլ վարպետորեն նկարված, իրենց ասելիքը ճիշտ թիրախին հասցնող, հիանալի ֆիլմեր։ Հաղթեց, ինչպես գիտենք, Պոն Չժուն Հոյի ֆիլմը, բայց հավասարապես արժանի էին բոլորը։

Ամենատպավորիչ դրվագներից մեկը պատերազմական կինոյում

Հավասարապես ուժեղ էին նաև 2007-ի թեկնածուները. Սկորսեզեի «Հանգուցյալները» պայքարում էին Ինյարիտուի «Բաբելոն» (Babel) բարդագույն դրամայի, Քլինթ Իսթվուդի «Նամակներ Իվո Ջիմայից» (Letters from Iwo Jima) դաժան պատերազմական դրամայի ու հիանալի «Փոքրիկ միսս Երջանկություն» (Little Miss Sunshine) կատակերգական դրամայի դեմ։ «Բաբելոնը»` մարդկային ճակատագրերից ու որոշումների պատահական հետևանքներից կառուցված Բաբելոնյան աշտարակ; «Իվո Ջիման»` արյունալի պատերազմի ավարտին սեփական ճակատագիրը տնօրինող ճապոնացի զինվորականների մասին; ու «Փոքրիկ միսս Երջանկությունը»` հիասքանչ պատմություն ընտանիքի մասին։ Բոլորն էլ կարող էին նույն հաջողությամբ նվաճել գլխավոր մրցանակը։

Կադր «Եվ կլինի արյուն» ֆիլմից

2008-ին բախվեց երկու տիտան. Քոեն եղբայրների «Սա ծերերի տեղը չէ» (No Country for Old Men, 2007) դրամատիկ թրիլլերը` Կորմակ Մակկարտիի համանուն գրքի հիման վրա ու Փոլ Թոմաս Անդերսոնի «Եվ կլինի արյուն» (There Will Be Blood) էպիկական դրաման` Էպտոն Սինքլերի գրքի հիման վրա։ Ակադեմիկոսները հասկացան, որ «հեսա արյուն է թափվելու». ամերիկյան երկու դասականի երկու փառահեղ էկրանավորում, երկուսն էլ նկարված ամենաբարձր մակարդակով, երկուսն էլ կինոկոլոս, որոնց մասին դեռ երկար են խոսելու ու որոնք իրենք դասական են դառնալու։ Հաղթեցին Քոենները, բայց նույն հաջողությամբ կարող էր նաև Անդերսոնը։

«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում Ֆրենսիս Մակդորմանդի ուժեղագույն դերերից է

2018-ին արդարացիորեն հաղթեց Գիլյերմո Դել Տորոյի «Ջրի կառուցվածքը» (The Shape of Water, 2017) հորրոր մելոդրաման, որը ոչ այնքան աուտսայդեր լինելու մասին էր, որքան Հովարդի Լավքրաֆթի խտոնիկ սարսափների խոսքերից` «մյուս կողմից» բերված պատմություն օտարի, խորթի մասին։ Ակադեմիկոսները, հավանաբար, ինտուիտիվ էին զգացել այս հիանալի կինոկտավի ուժը։ Բայց նույն տարում կար հավասարապես ուժեղ «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) դրաման զավակին կորցրած ու արդարություն պահանջող մոր մասին. ռեժիսոր Մարտին Մակդոնայի այս կտավը նույնքան արժանի էր գլխավոր մրցանակի։ Ու Մակդոնայի հետ սա պատահեց ևս մեկ անգամ. հակապատերազմական «Ինիշերինի բանշիները» (The Banshees of Inisherin, 2022) սև տրագիկոմեդիան զիջեց «Ամեն ինչ, ամենուր ու միանգամից» (Everything Everywhere All at Once) սյուռեալիստիկ հեքիաթին ալտերնատիվ տիեզերքների, ալտերնատիվ կյանքերի, ազատ կամքի ու ազատ ընտրության մասին։ Հավասարապես ուժեղ ֆիլմեր։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Երբեմն ընդհանրապես անհասկանալի է, թե ինչով են մտածել ակադեմիկոսները։  Օրինակ, երբ գլխավոր անվանակարգում Քոեն եղբայրների հանճարեղ «Ֆարգո» (Fargo, 1996) պոստմոդեռնիստական քրեական դրաման է, ինչպե՞ս կարելի է գլխավոր մրցանակը տալ «Անգլիացի պացիենտին» (The English Patient). «Ֆարգոյի» դիտումը նման է իռացիոնալ երազի, որից չես ուզում արթնանալ` սպասելով, թե էլ ի՞նչ գլխապտույտ շրջադարձներ կհորինի գիտակցությունդ։ Իսկ ինչի՞ է նման «Անգլիացի պացիենտի» դիտումը։

Շոպեն, Հոլոքոստ, սով

Ավելի անհասկանալի ու անարդար։ Պատերազմի, պատվի ու նվիրվածության մասին լավագույն ֆիլմերից մեկը` Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայանին» (Saving Private Ryan, 1998) կտավը պարտվում է Ջոն Մեդենի «Սիրահարված Շեքսպիր» (Shakespeare in Love) տրագիկոմեդիային, որն այսօր գրեթե ոչ ոք չի հիշում։ Ավելին, Շեքսպիրը արձանիկը խլում է անգամ Հոլոքոստի մասին ամենատպավորիչ ֆիլմերից մեկի` Ռոբերտո Բենինիի «Կյանքը հիասքանչ է» (Life is Beautiful) դրամայի ձեռքից. ֆիլմ, որը կարողացել է անթաքույց ծիծաղի տակից ցույց տալ մեծագույն մարդկային ողբերգությունը։ Հոլոքոստի մասին մեկ այլ մեծ կինոկտավ` Ռոման Պոլյանսկու «Դաշնակահարը» (The Pianist) 2003-ին պարտվեց «Չիկագոյին», ինչպես «Երկու ամրոցն» ու «Նյու Յորքի ավազակախմբերը». դա ամենաանարդար մրցանակաբաշխությունն էր։ Իհարկե, Հոլոքոստի մասին երկու ֆիլմերն էլ մրցանակ ստացան «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, բայց դա ոչինչ չի փոխում։ Նույն Սփիլբերգի «Մյունխենը» (Munich, 2005), պատմություն վրեժխնդրության հետևանքով սեփական անձը կորցնելու մասին, զիջեց «Բախում» (Crash) դրամային` բավականին բարդ ստրուկտուրայով ֆիլմ, որը, կրկին անգամ, այսօր քչերն են հիշում։

Իհարկե, տեքստում նշվածը զգալիորեն սուբյեկտիվ կարծիք է, ինչ-որ մեկի համար «Էննի Հոլն» աշխարհի լավագույն ֆիլմն է։ Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գաղափար է կրում  «Օսկարը». եթե գնահատվում է բեկումը կինոյում, ուրեմն շատ որոշումներ խիստ կասկածելի են։


🎬 Արման Գասպարյան / PAN