Կարդալիքներ PAN-ից
June 23

Մշակութային ուրոբորոս. Աշխարհ աշխարհի մեջ աշխարհի մեջ աշխարհի մեջ աշխարհի մեջ…

Կինո նայելու ընթացքում մենք մշտապես մտքում պահում ենք այն, որ դա ընդամենը էկրանի պիքսելներից եկող ֆոտոնների ինտերպրետացիան է ուղեղում, մոդել, որը կառուցվում է մեր գլխում, աշխարհ, որը իրականում գոյություն չունի: Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ էկրաններից այն կողմ աշխարհը իրականում գոյություն ունի, իսկ մենք տեսնում ենք այդ աշխարհի պատմություններից ընդամենը մեկը՝ նայելով փոքրիկ պատուհանից: Ավելին, եկեք պատկերացնենք, որ հենց ֆիլմի աշխարհում ստեղծվող աշխարհները նույնպես գոյություն ունեն:

Օրինակ, Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time... in Hollywood, 2019) ֆիլմում կան հորինված ֆիլմեր: Վերցնենք դրանցից մեկը՝ «ՄակԿլասկիի 14 բռունցքները» (The 14 Fists of McCluskey), ու փորձենք պատկերացնել փոքրիկ պատմություն ֆիլմի մեջի ֆիլմի աշխարհից: Բայց չսահմանափակվենք դրանով, չէ՞ որ մարդկային գիտակցությունը անսահմանափակ է. «ՄակԿլասկիի 14 բռունցքները» ֆիլմի աշխարհում գտնենք մեկ այլ հորինված աշխարհ ու թափանցենք նաև այդտեղ… թափանցենք աշխարհների մեջի աշխարհների մեջի աշխարհների կասկադով ու տեսնենք, ուր կհասնենք:

PAN-ը հրավիրում է հետաքրքիր մետաֆիզիկական ուղևորության, որի մի մասը ապահովել է արհեստական բանականությունը, մյուսը՝ մարդը. ԱԲ-ի գրած հատվածները առանձնացված են իտալիկ շրիֆթով: Վստահ ենք, նման ճամփորդությունից հետո շատերդ կուզեք ինքներդ ուսումնասիրել աշխարհների անվերջ կասկադները՝ սկսելով ձեր սիրելի ֆիլմերից: Գնացի՜նք:

«ՄակԿլասկիի 14 բռունցքները»

Ամեն առավոտ դրեզդենցի գրադարանավար Գրետա Շոլցը տախտակե հատակի տակ էր թաքցնում արգելված գրքերով տրցակները։ Գրետայի ամուսինն անհետացել էր շինհրապարակի գործընկերոջը «թշնամական ռադիո» լսելու իր սովորության մասին պատմելուց հետո։ Աշխարհում, որտեղ հրանետը Ռեյխի թշնամիների հետ միասին այրում էր նաև մշակույթը, Գրետան զբաղված էր պոեզիայի փրկությամբ։ Նա գիտեր` այդ ուրվականը, այդ սերժանտ Մայք Լյուիսը գրադարան չի մտնի։ Հերոսները միշտ ձգտում են լինել մարտի դաշտում, ոչ թե արխիվների լռության մեջ։ Սակայն հենց այս լռության մեջ, փոշու ու թանաքի արքայությունում, Գրետան ամեն երեկո գրամեքենայով տպում էր նույն տեքստը. «Ճշմարտությունը թղթից երկար է այրվում»։

Արգելված պոեզիա կարդալու համար Գրետային, միգուցե, տեղում չայրեին, այլ ուղարկեին աշխատանքային գաղութ։ Բայց կոնկրետ մի գրքի համար հրո ճարակ դառնալը երաշխավորված էր։ Ամեն գիշեր, երբ քաղաքի լույսերն անջատվում էին, իսկ մոտակայքում լռում էին պարեկների մոտոցիկլետների ձայները, կինը զուգարանակոնքի հետևից հանում էր Ռեյխի ամենաարգելված գիրքը` Ուվե Շթայնհարթի «Լուսնային ճամբարը»։

Առաջին աշխարհամարտի տարիներին գրված այս գիտաֆանտաստիկ գրքում Շթայնհարթը կատաղի կերպով ծաղրում ու քննադատում էր փոքրիկ մարդկանց աշխարհակալ նկրտումները։ Գլխավոր հերոսը` լուսնային «Ֆոլլմոնդ» կայանի ղեկավար Օտտո Ֆոն Համերսմարթը ստորգետնյա լաբորատորիայում փորձում է ստեղծել հատուկ քիմիական զենք` Երկրի վրա հարձակվելու նպատակով։ Շթայնհարթը անդադար մատնանշում է Ֆոն Համերսմարթի հիմարությունն ու ինքնագոհությունը, «փարթամ բեղերով ճաղատ գաճաճի» աներևակայելի ամբիցիաները ու ինքն իր փորած փոսն ընկնելու սովորությունը։ Ակնհայտ էր, թե ինչու ու ում նախաձեռնությամբ էր այս գիրքը ամբողջ Ռեյխով մեկ հայտնաբերվում ու ոչնչացվում, իսկ գրքի սեփականատերերը` տեղում գնդակահարվում իրենց ընտանիքների հետ միասին։

«Լուսնային ճամբարը»

Լեյտենանտ Իռեն Վայցը ծառայության էր «Ֆոլլմոնդ» կայանի մթնոլորտային կառավարման բաժնում։ Պաշտոնապես նա հետևում էր գմբեթներում մթնոլորտի կազմին։ Ոչ պաշտոնապես` սողանցքներ էր որոնում, որոնցով կկարողանար փախչել։

Իռենը մեծացել էր Երկրային ֆրոնտի որբերի բարաքում, որտեղ երեխաներին ցույց էին տալիս ժպտացող Ֆոն Համերսմարթի մասնակցությամբ քարոզչական հոլովակներ։ Դիկտատորը լուսնային խառնարաններից մեկի եզրին դրված տրիբունայից ողջունում էր հավաքված ամբոխին։ Իռենը գիտեր, այսպես կարող է ժպտալ միայն նա, ով չի շնչում նույն այն օդը, ինչ մյուսներն են շնչում։

Իռենը անձնական օրագիր էր պահում` թաքցնելով այն օդափոխության խողովակներում։ Դա միաժամանակ թե օրագիր էր, թե աշխատանքային տետր։ Օրինակ, այնտեղ կարող էր լինել հետևյալ գրառումը. «յոթերորդ սեկտորում ճնշումը նորմայից ցածր է, հնարավոր է` արտաքին ճաքի առկայություն» կամ  «տեսա, ինչպես դոկտոր Գրյուբելը մկանը քցեց շլյուզը, ու ոչ պատահաբար»։ Իսկ այս երկու գրառումների արանքում` անձնական (ու խիստ վտանգավոր) մտքեր. «Եթե հարձակվենք Երկրի վրա, նշանակում է` վախենում ենք։ Իսկ եթե վախենում ենք, նշանակում է պարտվել ենք մինչև առաջին կրակոցը»։

Մի անգամ երազում Իռենը կանգնած էր Լուսնի մակերևույթին, առանց սկաֆանդրի։ Սակայն խեղդվելու փոխարեն նա հանկարծ սկսեց երգել։ Անիծյալ կայանը կործանվում էր նրա շորջբոլորը, սակայն երգի ձայնը ավելի ու ավելի բարձր էր։ Նա արթնացավ` սառը քրտինքով պատված։ Հաջորդ առավոտյան Իռենն անհետացավ։ Ըստ կայանում տարածվող լեգենդի` նրան հետագայում հայտնաբերել էին Լուսնի մութ կողմում` կենդանի, բոբիկ ու լայն ժպիտը դեմքին։

Իռենի սիրեցյալը` Հենրին, հեռուստացույց էր դիտում անձնական խցում, երբ ընկերուհու անհետացման լուրը հասավ իրեն։ Ցավացող ատամներով կրծելով արդեն երկու տարի հնացած ընկույզները` Հենրին միաժամանակ փորձում էր շտկել էկրանի պատկերը ու ձայնը` խոտանների ու աղմուկի տակ ջանալով հասկանալ, արդյո՞ք կապիտան Էսթեր Սմիթը կարողացավ հայտնաբերել հնագույն Ատլանտիդան, թե՞ սա հերթական հիասթափությունն էր։ «Կապիտան Սմիթի ոդիսականը» բրիտանական սերիալ էր, որը Երկրի վրա վաղուց արդեն ավարտվել էր, իսկ «Ֆոլլմոնդի» բնակիչներին մաքսանենգ ճանապարհով հասել էր միայն յոթերորդ սեզոնը, այն էլ` սարսափելի վատ որակով։

- Հերն անիծած սա՜րք, - բղավեց Հենրին` հարվածելով հեռուստացույցին։ Ու հենց այդ պահին դուռը ծեծեցին։ Տղամարդը վեր թռավ տեղից, հագավ վերնաշապիկը, բացեց դուռը։ Կայանի ոստիկանության երկու ներկայացուցիչ սառը հայացքով նայում էին Հենրիին։
- Հենրի Բա՞սս, - հարցրեց նրանցից մեկը։
- Այո, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
- Խնդրում եմ, հետևեք մեզ։

«Կապիտան Սմիթի ոդիսականը»

«Էսսեքս Օրբիտալ» տիեզերանավի ստորին տախտակամածում, հիդրոթերմալ քարտեզների պահպանման սրահում, մեխանիկ Մառլ Մոգգը թեյ էր եփում մարսյան կերամիկայից ու նավի երեսպատման բեկորներից պատրաստված ինքնաշեն թեյնիկում։ Նա այն քչերից էր, ովքեր գիտեին. կապիտան Էսթեր Սմիթը Ատլանտիդան փնտրող առաջին մարդը չի։ Ու առաջինը չի լինի նաև այն գտնողների շարքում։

Յոթ տարի առաջ Մառլը սպորալ աստերոիդի բեկորում քարտեզ էր հայտնաբերել։ Այն ոչ թե կոորդինատների, այլ մեղեդու տեսքով էր` բարդ ձայնային հաջորդականության, որը ակտիվացնում էր օվկիանոսի հատակին գտնվող հնագույն լիֆտային մեխանիզմը։ Մի գիշեր Մառլը փորձեց տերմենվոքսով թաքուն այն նվագել, ու նավը թեթևակի թեքվեց։ Այն ժամանակ ոչ ոք չհասկացավ պատճառը։

Մառլը գիտեր. Ատլանտիդան ոչ թե քաղաք է, այլ բանտ։ Ու եթե Էսթերն իրոք գտնի այն, նա կհայտնաբերի ոչ թե գիտելիքների գանձարան, այլ քաղաքակրթությունների կողմից վաղուց մոռացված ու օվկիանոսի հատակին քնած մի ահարկու ուժ։

Այս միտքը սարսափեցնում էր Մառլին։ Այնպես չէ, որ Մառլը վախկոտ էր, չէ։ Հակառակը, փոքր տարիքից նրան գրավում էր ամեն տարօրինակ ու խորհրդավոր բան։ Օրինակ, երբ ծնողները հրամայում էին գնալ իր սենյակ ու քնել, Մառլը գիշերվա կեսին ծածուկ վերցնում էր հոլոգրաֆիկ սաղավարտն ու ուղևորվում զանազան վիրտուալ աշխարհներ։ «Դժոխային արարածներում» նա էլիտար ջոկատի կազմում պայքարում էր զոմբիների ահռելի բանակների դեմ, «Որսորդների ճակատագիրը» խաղում թափառում էր ժանտախտից գրեթե ամբողջությամբ ոչնչացած մռայլ վիկտորիանյան քաղաքում, որտեղ ամեն անկյունից քո վրա կարող էր թռչել հերթական հրեշավոր արարածը, իսկ եթե հոգնում էր խաղալուց, ապա մինչև քնելը պարտադիր նայում էր արհեստական բանականության գեներացրած հերթական սարսափ ֆիլմը։

Մի անգամ այդպիսի ֆիլմի պատճառով Մառլը մի ամբողջ գիշեր չկարողացավ աչք կպցնել։ Ֆիլմը կոչվում էր «Թռիչք մղձավանջի սրտում»։ Արհեստական բանականությունը գեներացրել էր այն յոթ րոպեում. իսկական ռեկորդ, որովհետև Մառլը իրեն վախեցնելու շատ խիստ պահանջ էր դրել։ Իրադարձությունները ծավալվում էին Հնագույն Երկրի վրա ու պատմում էին մոլագար մարդասպանի մասին, ով ամեն օր նոր զոհ էր տանջամահ անում, ապա զոհի դեմքի կաշին քաշում երեսին ու զբոսնում քաղաքով։ Մառլին այնքան չէին սարսափեցրել խիստ ռեալիստիկ ու համոզիչ գեներացված սպանության տեսարանները, որքան մարդկային անտարբերությունը. մարդիկ ուղղակի չէին նկատում փողոցում իրենց կողքին քայլող հրեշին...

Կարճ ասած, Մառլը, եթե վախենում էր, ապա միայն նրանից, որ ինքը կամ իրեն շրջապատող մարդիկ կարող են աչքաթող անել իրական սպառնալիքը։

«Թռիչք մղձավանջի սրտում

Մարիա Լոուսոնը բնակվում էր 4A տանը, անմիջապես լվացքատան առաջ։ Ամեն երեկո նա նստում էր պատուհանի առաջ` էժան, բայց տաք սուրճով բաժակը ձեռքին ու նայում էր լվացքատուն մտնող ու հեռացող մարդկանց։ Երեկոներից մեկի ընթացքում նա նկատեց կանաչ բաճկոնով տղամարդու, ով լվացքատուն մտավ ուսապարկով, բայց հեռացավ առանց ուսապարկի։ Հաջորդ օրը նույն ուսապարկը ուրիշի մոտ էր։ Երրորդ օրը` մեկ ուրիշի։

Մարիան զանգեց ոստիկանություն, ոչ թե որովհետև վախեցել էր, այլ զուտ իր դիտարկումները փոխանցելու համար։ Խոսափողի մյուս կողմից զուտ ասացին. «Շնորհակալություն, մենք ամեն ինչ կպարզենք»։ Մեկ շաբաթից Մարիան իմացավ, որ հայտնաբերել են լվացքատան մշտական այցելուներից մեկի` գեղեցկադեմ աղջկա մարմինը, ում կարծես պատառոտել էին վայրի գազանները։ Թերթերում գրում էին, որ խեղճի դեմքը բացակայում էր, ինչ էլ դա նշանակի։ Լուրերով խոսում էին սերիական մարդասպանի մասին, ով գործում է «քաղաքի սահմաններում», սակայն ոչինչ չկար ոչ կանաչ բաճկոնի, ոչ էլ լվացքատան մասին։

Հաջորդ երեկոյան կանաչ բաճկոնով ու ուսապարկով տղամարդը նստած էր լվացքատան կողքի նստարանին։ Նրա դեմքը շատ տարօրինակ էր, Մարիան միաժամանակ ինչ-որ անբնական, վախենալու ու ծանոթ բան էր նկատում այդ անշարժ հայացքում։ Նա ուզում էր մի բան անել։ Ցանկացած մի բան։ Գոռալ։ Կամ գոնե տեսանկարահանել։

Բայց նա ուղղակի ծածկեց վարագույրը` երդվելով այլևս երբեք չհետևել մարդկանց։ Գնաց հյուրասենյակ ու միացրեց հեռուստացույցը։ Ոչ մի հետաքրքիր բան, բայց Տասներեքերորդ ալիքով շարունակվում էր այն լրտեսական սերիալը, որ այդքան սիրում էր իր ամուսինը` Գրեգը։ Ինչպե՞ս էր կոչվում։ Հա, կարծես հիշեց. «Կարմիր առավոտ»։ Գրեգը պատմում էր։ Իբր օրերից մի օր Իսրայելը հարձակվում է Իրանի վրա։ Ինչպիսի՞ հիմարություն։ Ինչպե՞ս կարող է փոքր Իսրայելը հարձակվել հսկա միջուկային գերտերություն Իրանի վրա։ Գրեգն ասում էր, որ սերիալում Իրանը կրոնական երկիր է, որը տասնամյակներ շարունակ պատժամիջոցների տակ է ու դեռ միջուկային զենք չունի, իսկ որ երբեք չունենա, Իսրայելը սկսել է հարվածել բոլոր հնարավոր միջուկային թիրախներին։ Դրանից հետո երկու երկրները ամեն օր հարվածում են միմյանց հեռահար զենքերով, ֆոնին էլ անդադար լրտեսական խաղեր են։ Ձանձրալի է, մտածեց Մարիան` անջատելով հեռուստացույցը ու էկրանի մեջ տեսնելով իր թիկունքին կանգնած ֆիգուրը։

«Կարմիր առավոտ»

Ֆարզանեն 16 տարեկան է։ Նա նստած է սառը բետոնե հատակին` երկու տարեց կանանց միջև, ձեռքին հեռախոսն է, բայց չի կարողանում կպնել ինտերնետին։ Ստորգետնյա ապաստանում ազդանշան չկա։ Հայրը առավոտյան գնաց աշխատանքի, երբ օդային ազդանշանի շչակները լռում էին։ Մայրը ճաշ էր պատրաստում, երբ լսվեցին կործանիչների ձայներն ու շենքը դղրդաց առաջին պայթյունից։

Հիմա մայրը լուռ նստած է դիմացը։ Կարծես, ոչ ոքի չի տեսնում։

Հեռավոր անկյունում բինտավորված ձեռքով տղամարդը քթի տակ ինչ-որ բան է երգում։ Ինչ-որ մեկը աղոթում է։ Մյուսը արագ դատարկում է ջրով շիշը։

Ֆարզանեն մտածում է գիշերը կարդացած գրքի մասին. ամպերի վրա ճախրող քաղաքների մասին ֆանտաստիկա։ Այնտեղ չեն լինում պատերազմներ։ Ընդհանրապես։

Լսվում է պայթյունի հերթական ձայնը։ Լույսը թարթում է։ Աղոթքի ձայնն ավելի բարձր է, ինչ-որ կին հեծկլտում է։ Ֆարզանեն չի շարժվում։ Նա հեռախոսի նոթատետրում գրում է.

«Եթե ողջ մնամ, էլ երբեք ուրիշներին չեմ հարցնելու` ի՞նչ էիր անում պատերազմի ժամանակ։ Որովհետև հիմա ես գիտեմ ճիշտ պատասխանը. ես վախենում էի»։

Ֆարզանեն հիշում է Արմենին։ Երևանում էին ծանոթացել։ Արմենը հինգ տարի առաջ մասնակցել էր պատերազմի Ղարաբաղում։ Կորցրել էր ոտքերը, բայց ոչ կամքի ուժը։ Լեզվական բարիերը արագ հաղթահարվեց. Ֆարզանեն էլ, Արմենն էլ հիանալի տիրապետում էին անգլերենին։ Հենց Արմենին էր անընդհատ հարցնում. ի՞նչ էիր անում պատերազմի ժամանակ։ Արմենը չէր սիրում պատմել, իսկ Ֆարզանեի արյունը եռում էր հերոսական պատմություն լսելու ցանկությունից։ Արմենը սիրում էր կինո։ Հաճախ էին կինո նայում, երբ Ֆարզանեն Երևանում էր։ Հատկապես պաշտում էին Տարանտինոյին։ Հատկապես նրա «Մի անգամ Հոլիվուդում» կտավը։ Իսկական սիրո խոստովանանք կինոյին։ Ալտերնատիվ տիեզերք, որտեղ ամեն ինչ այլ է։ «Ես էլ կուզեի ալտերնատիվ տիեզերքում ապրեի, որտեղ իմ երկիրը միջուկային գերտերություն կլիներ ու չէինք վախենա», - մտածեց Ֆարզանեն, դրեց ականջակալները ու միացրեց իր ու Արմենի սիրելի ֆիլմը, որը պահպանում էր հեռախոսի հիշողության մեջ, ինչպես մի գանձ։

«Մի անգամ Հոլիվուդում»

Ֆրեդի Լարկինը երրորդ մակարդակի դուբլյոր էր, այսինքն` տանիքներից չէր թռչում, բայց կարող էր արժանիորեն ընկնել աստիճանից։ Նա ապրում էր բենզալցակայանի հետևում կանգնեցրած թրեյլերում, խմում էր «Դոկտոր Պեպպեր» ու երազում գոնե մեկ անգամ հայտնվել կադրում։

Մի օր նրան հրավիրեցին «Ռալֆի ուժը» սերիալում հետապնդման դրվագին մասնակցելու։ Նա ուղղակի պետք է նստեր ավտոմեքենայի հետևի նստատեղին, գլխով հարվածեր դռան ապակուն ու ձևացներ, թե կորցնում է գիտակցությունը։ Դրվագը նկարվում էր իրական գործող ռեստորանի կողքին։

Մինչև նկարահանումը փորձի ընթացքում Ֆրեդին այնպիսի կրքով էր գլխով հարվածում ապակուն, որ պատահական անցորդը, ով, ի դեպ, վերջին մարդը չէր Paramount-ում, մտածել էր, որ իսկական առևանգման ականատես է։ Չորս րոպեից մեքենան արգելափակել էին ոստիկանները։

Պրոդյուսերը քիչ էր մնում խելագարվեր։ Իսկ Ֆրեդին հայտնվեց երեկոյան նորություններում։

Հաջորդ օրը նրան հրավիրեցին հռչակավոր Ռենդի Միլլերի (ու նրա ոչ պակաս հռչակավոր կնոջ` Ջանեթի) կասկադյորական թիմ։ Ու հենց այստեղ Ֆրեդին առաջին անգամ ծանոթացավ Քլիֆֆ Բութին, այդ ինքնահավան շան որդուն, ով քիչ էր մնում սպաներ խեղճ Բրյուսին (ու ով, ասում են, անպատիժ սպանել էր իր կնոջը)։ Դա Բութին ատելու պատճառն էր։ Իսկ սրտանց սիրելու պատճառը, իհարկե, Ռիք Դալթոնն էր` Ֆրեդիի կուռքը, ում համար Բութը ոչ միայն դուբլյոր էր, այլև ընկեր։ Ֆրեդին ամեն ինչ կտար Դալթոնի ընկերը դառնալու համար։ Նրա «ՄակԿլասկիի 14 բռունցքները» ընդհանրապես Ֆրեդիի սիրելի ֆիլմն էր իր ամբողջ գիտակցական կյանքում, իսկ հրանետով նացիստներին վառելու դրվագից Չառլին ամեն անգամ էքստազի մեջ էր ընկնում։

Ֆրեդին միշտ մտածում էր, որ ֆիլմերը հորինվածք չեն։ Դրանք իրական աշխարհներ են, որոնց մենք նայում ենք էկրանի փոքրիկ «պատուհանից»։ Եթե այդպես է, ուրեմն սերժանտ Մայք Լյուիսը իրականում գոյություն ունի, ու Ֆրեդին շատ դժբախտ էր մտքից, որ կռվում է ոչ թե իր հերոսի հետ կողք կողքի, այլ ապրում այս ձանձրալի աշխարհում։


🎬 Արման Գասպարյան / PAN