Կարդալիքներ PAN-ից
Yesterday

Օզզի Օսբորնի վերջին համերգը, ռուս կայսրի հետ կապն ու ընտանեկան ռեալիթի շոուն. Խավարի արքայազնը հրաժեշտ տվեց բեմին (այս անգամ՝ ընդմիշտ)

Հուլիսի 5-ին Բիրմինգհեմի «Վիլլա Պարկ» մարզադաշտում կայացավ Օզզի Օսբորնի վերջին համերգը։ Այս անգամ՝ կարծես իսկապես վերջինն էր։ Օզզին երբեմն-երբեմն հուզվում էր, իրեն ոչ հատուկ սենտիմենտալ խոսքեր ասում ու հրաժեշտ տալիս երկրպագուներին։ 76-ամյա երաժիշտը Պարկինսոնի հիվանդություն ունի և առողջական այլ խնդիրներ ևս։ Այս տարիքում ու հատկապես առողջական այս վիճակում բեմ դուրս գալը հրաշքի նման մի բան էր։ Բայց ինչպես գիտենք՝ Օզզին գիտական հրաշքների սիրահար է։ Ամբողջ համերգի ընթացքում խավարի արքայազնը նստած էր սև գահի վրա։ Համերգին ներկա էր  40 հազար հանդիսատես, իսկ առցանց հեռարձակմանը հետևում էր ևս 5.8 միլիոն երկրպագու՝ ամբողջ աշխարհից։

Այս համերգը ոչ միայն Օզզի հրաժեշտը դարձավ, այլ կարծես մի ամբողջ դարաշրջանի ավարտ։ Տասը ժամ տևած ռոք մարաթոնի ընթացքում նույն բեմում հայտնվեցին մետալի ու ռոքի մեծությունները՝ Metallica, Guns N' Roses, Slayer, Rolling Stones-ից Ռոննի Վուդը, Aerosmith-ից Սթիվեն Թայլերը և շատ ուրիշներ։ Եկել  էին՝ հարգանքի տուրք մատուցելու ժանրի ակունքներում կանգնած Օսբորնին։

ԲԻՐՄԻՆԳՀԵՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌՔ

Օզզի Օսբորնի իրական անունը Ջոն Մայքլ Օսբորն է, ծնվել է Բիրմինգհեմի Ասթոն թաղամասում։ Ինքն իր մասին ասում է․

«Ինձ քչերն էին Ջոն կոչում։ Բոլորն ասում էին Օզ կամ Օզզի։ Եթե փողոցում մեկը ձայն տար ու ասեր «Ջոն», ես հաստատ չէի կանգնի»։

Մինչև ռոք աստղ դառնալը, Օզզին սովորական ընտանիքում ծնված երեխա էր ու ստիպված էր աշխատել «ամենասովորական» մասնագիտություններով։ Առաջին «երաժշտական» աշխատանքը, ինչպես ինքն է կատակում, եղել է գործարանում մեքենաների ազդանշանների լարումը։

Այնուհետև աշխատանքի է անցել սպանդանոցում, որտեղ ոչ միայն ապրուստի գումար էր վաստակում, այլև լավ ժամանակ էր անցկացնում ու զվարճանում էր։ Օրինակ՝ երբեմն պանդոկներում մարդկանց գարեջրի մեջ կովի աչքեր էր գցում։

Բայց երիտասարդ Օզզին զգում էր, որ գործարանային միապաղաղ կյանքն իր համար չէ։ Նա երազում էր փախչել մոխրագույն առօրյայից, որտեղ ապագան կանխատեսելի էր և ձանձրալի։ Եվ այսպես՝ որոշում է նախաձեռնող գտնվել, թերթում հայտարարություն է տեղադրում, ըստ որի երաժշտական խումբ ստեղծելու համար փնտրում էր երաժիշտների։

BLACK SABBATH-Ի ԾՆՈՒՆԴԸ

Ճակատագրի բերմամբ այդ հայտարարությանն արձագանքում են հենց այն մարդիկ, որոնց հետ Օզզին պիտի պատմություն կերտեր։ Դպրոցական ընկեր Թոնի Այոմին դառնում է խմբի կիթառահարը։ Թեև դժբախտ պատահարի հետևանքով կորցրել էր մատների ծայրերը, բայց սովորել էր կիթառ նվագել։ Նրանց է միանում մութ, միստիկ տեքստեր գրող Գիզեր Բաթլերը, որը համատեղությամբ նաև բաս կիթառահար էր։ Եվ վերջապես՝ յուրահատուկ ու չկրկնվող ոճով թմբկահար Բիլ Ուորդը։

Խումբը սկզբում կոչվում էր Earth (Երկիր), բայց երբ պարզվեց, որ նույն անունով մեկ այլ խումբ արդեն գոյություն ունի, որոշեցին վերանվանել այն։ Եվ այստեղ ծնվեց հաջողությունը կանխորոշող անունը։ Խումբը կոչվեց Black Sabbath՝ իրենց առաջին երգի անունով։

1969-1970 թվականներին խումբը նվագում էր տարբեր ակումբներում, միաժամանակ աշխատում էր հեղինակային գործերի վրա։ Ու կրկին բախտի բերմամբ կամ էլ մեծ տաղանդի շնորհիվ, մի անգամ բիրմինգհեմյան քառյակի Black Sabbath-ը գրավում է «գործից գլուխ հանող» մի մարդու, որն առաջարկում է ձայնագրել երգը։

1970 թվականի հունվարին նրանք  փոքր ստուդիայում ձայնագրում են դեբյուտային ալբոմը, որը հետագայում դառնում է մետալի հիմնաքարերից մեկը։ Ծանր ռիֆերը, մռայլ բառերը և միստիկ մթնոլորտը նոր էջ են բացում ռոք երաժշտության մեջ։ Ալբոմը միանգամից հայտնվում է բրիտանական և ամերիկյան հիթ շքերթների թոփերում։

Արդեն տարիներ անց խմբի հավատարիմ երկրպագուներից մեկը վերհիշում է այդ շրջանը.

«Եթե դիտեք նրանց վաղ շրջանում արված տեսանյութերը, կտեսնեք, որ ընդամենը մեկ փոքր բարձրախոսի, հարվածային գործիքների ու երկու կիթառի միջոցով կարողանում էին այնպիսի ձայն ստանալ, կարծես բեմին քսան երաժիշտ կար։ Իսկ Օզզին բեմում իսկական խելագար էր, իսկ կյանքում՝ սովորական տղա»:

ՓԱՌՔԸ ԵՎ ԱՆԿՈՒՄԸ

1970-80-ականները Օզզիի համար եղան ինչպես համաշխարհային ճանաչման, այնպես էլ անձնական ճգնաժամի տարիներ։ Խումբը շրջագայում էր աշխարհով մեկ, հատկապես շատ ժամանակ էր անցկացնում Ամերիկայում։ Նրանք այնքան զբաղված էին, որ հաճախ նույնիսկ հայրենի Բիրմինգհեմ չէին հասցնում վերադառնալ։ Սրանք խմբի ոսկե տարիներն էին. Միջազգային բեմեր, միլիոնավոր երկրպագուներ, մեկը մյուսից մեծ հաջողություն գրանցող ալբոմներ։

Բայց հենց այս տարիներին էր, որ Օզզիի ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումը հասավ աննախադեպ բարձր մակարդակի։ Նա ոչ թե պարզապես խմում էր, այլ ալկոհոլ էր օգտագործում այնպիսի քանակությամբ, որ անգամ ռոք աշխարհի չափանիշներով ծայրահեղ էր համարվում։ Միայն տարիներ հետո արված անկեղծ հարցազրույցներում է պարզ դառնում, որ խմբի անդամները նրան տարիներ շարունակ սթափ չէին տեսել։

1977-ին անձնական այս ճգնաժամը հասավ գագաթնակետին։ Մահացավ Օզզիի հայրը և երաժիշտն ամբողջովին կորցրեց ինքնատիրապետումը։ Այդ տարի նա առաջին անգամ հեռացավ Black Sabbath-ից։ Այդ ընթացքում խումբը սկսեց ձայնագրել Never Say Die ալբոմը։ 1978-ի սկզբին Օզզին վերադարձավ, բայց իրավիճակը չբարելավվեց։ Ալբոմի ձայնագրություններն ընթանում էին չափազանց բարդ պայմաններում։ Օզզին պահանջում էր անընդհատ վերաձայնագրել երգերը, այդ թվում՝ Junior's Eyes-ը, որը նվիրել էր հանգուցյալ հորը։ Ալբոմին հաջորդեց շրջագայություն, որից հետո Օզզին վերջնականապես դուրս եկավ խմբից։ Հետո, իհարկե, վերամիավորումներ եղան, բայց այդ տարիների ընթացքում խմբի կազմը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց։

ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2000-ականներն Օզզիի համար վատ լուրով սկսվեցին։ 2003 թվականին նրա մոտ ախտորոշեցին Պարկինսոնի հիվանդություն։ Սա էլ բավական չէր՝ նույն տարում նա վթարի ենթարկվեց ու լուրջ վնասվածք ստացավ։ Բժիշկները զարմացած էին, որ Օզզին կարողացել է ողջ մնալ։

Արդեն 2019-ին ռոք երաժիշտը հերթական աղետի առաջ կանգնեց, այս անգամ՝ ողնաշարի լուրջ վնասվածք։ Տպավորություն էր, թե ճակատագիրը վճռել է, որ բավական է, ժամանակն է կանգ առնել։ Բայց Օզզին հրաժարվում էր հանձնվել։ Վերջին տարիներին նա պայքարում է առողջական լուրջ խնդիրների դեմ, որոնց հետևանքով Օզզին անգամ քայլել չի կարողանում։ Բայց անգամ իր գահին գամված՝ նա շարունակում է մնալ Օզզի Օսբորնը։

Ի դեպ, Օզզիի՝ այս ծանր վիճակում երկար տարիներ «գոյատևելու» հանգամանքը բժիշկների համար իսկական առեղծված է։ Քառասուն տարի ալկոհոլի և թմրանյութերի չարաշահում, բազմաթիվ պատահարներ, Պարկինսոնի հիվանդություն, կորտվածքներ…իսկ նա դեռ ողջ է ու երգում է։ Սա գիտնականներին անգամ ստիպել է ավելի մանրամասն ուսումնասիրել նրա օրգանիզմը։ 2010-ին էլ Օզզին հայտարարեց, որ որոշել է իր մարմինը հանձնել գիտական հետազոտությունների համար։

«Ամենայն հավանականությամբ, ես իսկական բժշկական հրաշք եմ։ Կարծում եմ՝ պետք է ինձ նվիրեմ Լոնդոնի բնագիտության թանգարանին»։

Knome ընկերությունն այս գաղափարը լուրջ ընդունեց և սկսեց ուսումնասիրել Օզզիի գեները՝ փորձելով պարզել, թե ինչպես է երաժիշտը կարողանում ապրել ու ստեղծագործել, երբ ֆիզիկապես պիտի ամբողջովին հյուծված ու քայքայված լիներ։ Ընկերության հետազոտությունների բաժինը պնդում էր, որ անսովոր բժշկական պատմություն ունեցող մարդկանց ուսումնասիրությունը բժշկության զարգացման համար շատ հեռանկարային ու կարևոր է։

Գենետիկ ուսումնասիրությունները կապ գտան է՛լ հին հռոմեացիների, է՛լ ռուս կայսր Նիկոլայ II-ի, է՛լ Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ V-ի հետ։ Բայց ամենակարևորը՝ հետազոտողները պարզեցին, որ Օզզիի օրգանիզմը օժտված է ավելի մեծ դիմադրողականությամբ, քան միջին մարդու օրգանիզմը։ Ալկոհոլի ու թմրանյութերի նկատմամբ նրա օրգանիզմի հակազդեցության ռեակցիան գերազանցում է միջին մարդու ռեակցիային։ Սա բացատրում է, թե ինչպես է նա կարողացել գոյատևել այն ամենից հետո, ինչը կսպաներ ցանկացած այլ մարդու։

2000-ականների սկզբին, երբ թվում էր՝ Օզզիի լավագույն օրերն անցյալում են մնացել, նա և ընտանիքը բոլորովին նոր ձևաչափով հանկարծ դարձան հեռուստատեսային աստղեր։ «The Osbournes» ռեալիթի շոուն ցույց էր տալիս նրանց առօրյա կյանքը՝ հայհոյանքներով, սիրով և խենթություններով լի։ Նոր սերունդը ճանաչեց Օզզիին ոչ միայն որպես ռոք լեգենդի, այլև որպես խենթ, բայց սիրելի հոր և ամուսնու։

ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

2023-ին, երբ արդեն պարզ էր դառնում, որ առողջությունը թույլ չի տա շարունակել ակտիվ համերգային գործունեությունը, Օզզին անկեղծ զրույց ունեցավ Rolling Stone-ի հետ։ Նա չէր ցանկանում պարզապես հեռանալ՝ առանց երկրպագուներին շնորհակալություն հայտնելու։

«Եթե չկարողանամ համերգները շարունակել կանոնավոր կերպով, պարզապես ուզում եմ բավականաչափ առողջ լինել, որպեսզի կարողանամ մեկ շոու անել ու ասել՝ շատ շնորհակալ եմ այս կյանքի համար»։

Ստացվեց այնպես, որ այս տարիների ընթացքում Օզզին հրաժեշտի մի քանի առիթ ունեցավ երկրպագուների հետ։ Ամեն անգամ, երբ թվում էր, որ վերջին հանդիպումն է, երաժիշտը մեկ այլ համերգով հերթական անգամ ուրախացնում էր երկրպագուներին։

Բայց այս անգամ ամեն բան կարծես իսկապես ավարտվում է։ Եվ ավարտվում է այնտեղ, որտեղից ամեն բան սկսվեց՝ Բերմինգհեմում։ Հայրենի քաղաքը  Black Sabbath-ի հրաժեշտին բավականին լուրջ է մոտեցել։ Խմբի անդամներին պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել, նրանց պատվին կամուրջ են անվանակոչել, անգամ 2025-ի ամառը հայտարարել են «Sabbath-ի ամառ»։ Ամառային միջոցառումների գլխավոր երեկոն, անշուշտ, հուլիսի 5-ն էր։ 40 հազար մարդ հավաքվել էր ականատես լինելու պատմական իրադարձությանը։ Բոլորը սև էին հագել, բայց սա ոչ թե սուգ էր, այլ տոն՝ մետալի տոնը։

20 տարվա ընթացքում առաջին անգամ Black Sabbath-ի հիմնադիր անդամները բեմում էին՝ ամբողջ կազմով։ Համերգը ու մի ամբողջ դարաշրջան ավարտվեցին Օզզիի խոսքերով.

«Սա վերջին երգն է՝ ընդմիշտ վերջին։ Դուք պատկերացում չունեք, թե ինչ եմ զգում։ Շնորհակալ ենք»:

✍ Նանե Մանուկյան / PAN