Կարդալիքներ PAN-ից
August 8

«Անցած էտապ» Playboy-ը, առանց շպար Պամելան ու երդվյալ այրի Նիսոնը. 50-ից հետո կյանք ու սեր կա

Հոլիվուդը տեսել է ամեն ինչ՝ կայծակնային արագությամբ զարգացող սիրո պատմություններ, սկանդալային բաժանություններ, PR նպատակով ռոմանտիկա ու դրամա։ Բայց երբեմն, երբ թվում է, թե կինոարդյունաբերությունն ամբողջովին կորցրել է իր ռոմանտիկ շունչն, ու մնացել է միայն «շոուն» և «բիզնեսը», Հոլիվուդը հանկարծ հաճելի անակնկալ է մատուցում։ Հայտնվում է մի զույգ, որը ստիպում է նույնիսկ «ամենացինիկ» սրտերին ջերմանալ։ 58-ամյա Պամելա Անդերսոնը և 73-ամյա Լիամ Նիսոնն այս ամռան ամենաքննարկված զույգերից են։ Նրանց ռոմանտիկ պատմությունն ամենաանսպասելին էր, բայց և ամենադրական արձագանք ստացածը։

ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍՎԵՑ ՍԵՐԸ

2024-ի մայիսին Ատլանտայում ընթանում էին «Մերկ ատրճանակ» կուլտային կատակերգության նոր տարբերակի նկարահանումները։ Ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Տպավորությունները շատ հակասական են՝ խիստ բացասականից մինչև «դրական, թեթև» ֆիլմ։ Բայց ֆիլմը քննարկելու և ուսումնասիրելու գործառույթը թողնում ենք #cinéPAN-ի մեր գործընկերներին: Փոխարենը կկենտրոնանանք իրական կյանքի վրա ու կպատմենք, թե ինչպես նկարահանումների ընթացքում «երկու միայնակ սրտեր» գտան իրար։

Շուրջ մեկ տարի անց նկարահանման այս օրերը վերհիշելիս Պամելան պատմում է, որ առաջին իսկ օրվանից Լիամի կողքին զգացել է մի բան, ինչը վաղուց էր փնտրում՝ հանգստություն և հարմարավետություն։ Վեց անհաջող ամուսնություններից հետո Պամելան հենց այս զգացումն էր փնտրում ու չէր կարողանում գտնել։ Նիսոնը, իր հերթին, Հոլիվուդում վաղուց արդեն ձեռք էր բերել «անուղղելի այրու» կարգավիճակը։ 2009 թվականին կնոջ՝ Նատաշա Ռիչարդսոնի մահից հետո նա գիտակցաբար խուսափում էր ցանկացած ռոմանտիկ հարաբերություններից։ Բայց Պամելայի հետ ինչ-որ բան փոխվեց։

Նկարահանման հրապարակում Լիամն իսկական ջենթլմեն էր։ Երբ Պամելան ցրտից դողում էր, Լիամը նրան ջերմացնում էր իր վերարկուով ու վերաբերմունքով։ Որոշ ժամանակ անց նկարահանումներից հետո Լիամը Պամելային ընթրիքների էր հրավիրում, բայց սկզբնական շրջանում ընթրիքին մասնակցում էր նաև Պամելայի օգնականը։ Որպես իսկական ջենթլմեն Լիամը փորձում էր ժամանակից շուտ չանցնել սահմանները։

Իսկ առհասարակ՝ նրանք սիրում էին միասին ժամանակ անցկացնել, կարող էին ժամերով խոսել գրականության և կինոյի մասին։ Պամելան էլ իր հերթին հոգատարություն էր ցուցաբերում՝ Լիամին հյուրասիրելով իր պատրաստած թխվածքաբլիթները։ Դե, իսկ, բաց տեսարանների նկարահանման ժամանակ նրանց մեջ առկա քիմիան անհնար էր չնկատել։

2025-ի հուլիսին ֆիլմը բարձրացավ մեծ էկրաններ ու զույգի՝ հարաբերությունները հանրային դարձնելու որոշումը գուցե լավագույն PR-ն էր այս ֆիլմի համար։ Նրանք ֆիլմի պրեմիերային հայտնվեցին երեխաների ուղեկցությամբ։ Թե Պամելան, թե Լիամը երկու որդի ունեն։ Համացանցում արդեն քննարկում էին, որ եթե զավակներն արդեն ծանոթացել են, ուրեմն ամեն ինչ լուրջ է։

ՍԵՐ՝ ՎԵՑ ՓՈՐՁԻՑ

Պամելա Անդերսոնի անձնական կյանքը կարելի է նկարագրել որպես բարդ ու ցավոտ։ Նա սեռական բռնության է ենթարկվել դեռ փոքր տարիքում` 6-10 տարեկանում։ Կյանքի տարբեր փուլերում բռնության այլ դրվագներ ևս եղել են Պամելայի կյանքում։ Հոլիվուդում և մոդելային բիզնեսում սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքեր են հայտնի, բայց ամեն ինչ ավելի բարդ է դառնում,երբ Playboy-ի շապիկին ես հայտնվում։ Պամելա Անդերսոնը երկար տարիներ համաշխարհային սեքս-սիմվոլ էր, որին ոլորտում շատերը համարում էին հեշտ հասանելի։

Նրա առաջին ամուսինը ռոք երաժիշտ Թոմմի Լին էր։ Զույգն ունեցավ երկու որդի, բայց անգամ սա հարատև սիրո երաշխիք չէր։ Որոշ ժամանակ անց զույգը բաժանվեց, ավելի ուշ պարզ դարձավ, որ Լին հաճախակի ծեծում էր կնոջը։ Երկրորդ ամուսինը՝ երգիչ Քիդ Ռոքը, նույնպես վեճերը լուծում էր բռունցքներով։ Երրորդը՝ պրոդյուսեր Ռիք Սալոմոնը, իր դավաճանություններով էր հայտնի։ Տարիներ անց Պամելան նրան երկրորդ հնարավորություն տվեց, բայց մեկ տարի անց կրկին բաժանվեց, որովհետև ամուսինը խաղատներում վատնում էր նրա փողերը։

Պամելան փորձել է հարաբերություններ կառուցել նաև պրոդյուսեր Ջոն Փիթերսի և թիկնապահ Դեն Հեյհերսթի հետ, բայց այս հարաբերությունները կարճ կյանք են ունեցել։ Արդյունքում Պամելան հասկացավ՝ ավելի լավ է լինել երջանիկ ու միայնակ, քան դժբախտ ու ամուսնացած։

Ամենացավոտն այն էր, որ պրոդյուսերները միտումնավոր ստեղծում էին Պամելայի «միշտ հասանելի» կերպարը, ինչն էլ գուցե գրավում էր «սխալ» տղամարդկանց։ Նա սեքսուալ կնոջ «կարծրատիպային» խորհրդանիշն էր՝ մեծ կուրծք, բարակ իրան… Հաճախ ասում են, որ Պամելան այդ բացահայտ սեքսիստական ժամանակների միաժամանակ հաղթողն ու զոհն էր, պատճառն ու հետևանքը։

Բայց հենց այս դժվար ճանապարհը՝ մի քանի չստացված ամուսնությունների, անթիվ վիրավորանքների և հիասթափությունների միջով, հասցրեց նրան ինքնաճանաչման։ Կանադայում մենության մեջ անցկացրեց հինգ տարի։ Ապրում էր իր տատիկի և պապիկի տանը, ու հենց այս շրջանն էլ դարձավ նրա «վերածննդի» ժամանակը։

«Ես վերջապես սովորեցի տարբերել կիրքը սիրուց, կախվածությունը՝ հոգատարությունից, սիրահարվածությունը՝ իրական մտերմությունից»։

ԼԻԱՄԻ ՄԵԾ ՍԵՐՆ ՈՒ ԿՈՐՈՒՍՏԸ

Լիամ Նիսոնի պատմությունն ամբողջովին այլ է։ 1980-ականների սկզբին, երբ նրա աստղը սկսում էր ավելի վառ փայլել, շատերը կարծում էին, որ Նիսոնը կդառնա Հոլիվուդի նոր սրտակերը։ Բայց Նիսոնն ապացուցեց՝ ինքը լուրջ մտադրություններ ունեցող տղամարդ է։

Նրա առաջին լուրջ սերը Հելեն Միրենն էր։ Մի քանի տարի անց Լիամն առաջարկություն արեց նրան, բայց մերժվեց։ Հելենը պատրաստ չէր հրաժարվել ազատությունից։ Այդ հարվածից հետո Նիսոնը տեղափոխվեց Լոս Անջելես և սկսեց հանդիպել տարբեր գեղեցկուհիների հետ՝ Ջուլիա Ռոբերթս, Ջենիֆեր Գրեյ, Բրուք Շիլդս։ Բայց դրանք պարզապես անցողիկ ու կարճ կյանք ունեցող հրապուրանք էին։

Իսկական սերը հանդիպեց բրոդվեյյան «Ագաթա Քրիստի» ներկայացման ժամանակ, որտեղ Լիամը խաղում էր Նատաշա Ռիչարդսոնի հետ։ Առաջին իսկ փորձից Լիամը հասկացավ, որ գտել է իր կեսին։ Բայց Նատաշան ամուսնացած էր և մի քանի ամիս պայքարում էր իր զգացմունքների դեմ։ Վերջում սերը հաղթեց։ Նա բաժանվեց և ամուսնացավ Լիամի հետ։

Երջանկության 15 տարիներն ավարտվեցին 2009-ի այն ճակատագրական օրը, երբ Նատաշան Քվեբեկի լեռնադահուկային հանգստյան գոտում ընկավ և գլխուղեղային ծանր վնասվածք ստացավ։ Նա երկու օր կոմայի մեջ էր, բժիշկերը որևէ հուսադրող բան չէին ասում։ Ի վերջո՝ Լիամը կայացրեց կյանքի ամենածանր որոշումը՝ անջատել սարքերը և բաց թողնել կնոջը։

Նատաշայի մահից հետո Լիամն այլ մարդ էր դարձել, պատմում էր, որ ամեն գիշեր երազում նրան էր տեսնում.

«Նա հայտնվում էր իմ երազներում, և մենք երկար խոսում էինք։ Երբեմն նույնիսկ վիճում էինք, ինչպես միշտ։»

Նա պահում էր կնոջ բոլոր իրերը, նույնիսկ նրա օծանելիքները, որոնք փոքր սրվակների մեջ դրված էին լոգարանում։ Որդիները տեսնում էին, թե ինչպես է հայրն ամեն տարի մարտի 18-ին՝ Նատաշայի մահվան օրը, փակվում իր սենյակում ու դուրս չի գալիս մինչև հաջորդ առավոտ։

Ու այսպես՝ մեկ տասնամյակից ավելի։ 2023-ի հոկտեմբերին, PEOPLE-ին տված հարցազրույցում, Լիամը վստահորեն վերահաստատեց, որ ժամադրությունների չի գնում։

«Ես 71 տարեկան եմ, չափազանց ծեր եմ այդ ամենի համար»

Բայց ճակատագիրն, ինչպես միշտ, ուներ իր պլանները։ Այս հարցազրույցից ընդամենը յոթ ամիս անց նա հանդիպում է Պամելային, և ամեն բան գլխիվայր շրջվում է։

ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին տասը տարիները Պամելա Անդերսոնի համար դարձել են իսկական փոխակերպման շրջան։ Նա հրաժարվեց սեքս-սիմվոլի կերպարից, դադարեց դիմահարդարվել, վերանայեց բազմաթիվ հարցեր ու մոտեցումներ։ 2023-ին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում նա հայտնվեց առանց դիմահարդարման։ Ամբողջ համացանցն ու մամուլը մի քանի օր սա էր քննարկում.

«Ես պարզապես չէի ուզում երեք ժամ նստել դիմահարդարման աթոռին։ Փոխարենն ուզում էի գնալ Լուվր։ Ես չեմ փորձում լինել սենյակում ամենագեղեցիկ աղջիկը»։

Պամելան սկսեց հագնվել 60-ականների նրբագեղ ոճով, փոքրիկ ժանյակե ձեռնոցներ էր կրում, նրբագեղ զարդեր։ Այս ամենն այնքան հեռու էր նրա՝ 90-ականների կարմիր լողազգեստով օրերից, որ երբեմն դժվար է հավատալ, որ խոսքը նույն մարդու մասին է։ Բայց հարցը միայն արտաքին փոփոխությունը չէր։ Պամելան սկսեց ընտրել ավելի լուրջ դերեր ու նախագծեր։

«Ուզում էի հանել բոլոր շերտերը և հասկանալ՝ ով եմ ես իրականում, որովհետև ամբողջ կյանքում խաղացել եմ ինձ հետ կապ չունեցող տարբեր դերեր»։

Եվ հիմա՝ 58 տարեկանում, երբ շատերը կփորձեին թաքնվել հանրությունից կամ դիմել արհեստական միջամտությունների, Պամելան ընտրել է ամենաանսպասելի տարբերակը՝ ցույց տալ իր իրական կերպարը, առանց դիմակների։

Հոգեվերլուծաբանները կարծում են, որ նաև սա է պատճառը, որ Պամելայի նոր սիրային հարաբերություններն այս անգամ կարող են իսկապես հաջողել։

«Նախկին հարաբերությունները Պամելայի ներքին վախերի ու տրավմաների արտացոլումն էին։ Անկայուն մանկություն, վստահության բացակայություն, ճնշող փառք՝ այս ամենը ստիպում էր նրան փրկություն փնտրել ուրիշների, ոչ թե իր մեջ։ Նա սիրահարվում էր կերպարների, ոչ թե իրական մարդկանց։ Այսօրվա Պամելան այլ է։ Նա այլևս դեր չի խաղում, չի փորձում համապատասխանել ուրիշների սպասումներին»։

Այսպիսով՝ «պահպանողական», հանգուցյալ կնոջը 15 տարի հավատարիմ մնացած Լիամը և «վեց անգամ ամուսնացած» Պամելան միասին են ու երջանիկ են տեսախցիկների առաջ, կարմիր գորգին ու, որ ամենակարևորն է՝ տեսախցիկներից հեռու։ 50-ից հետո կյանքը չի ավարտվում։ Եվ թեև «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հերոսուհիներն ավարտում են իրենց պատմությունները, Պամելայինը, կարծես, նոր է սկսվում։ Արևի, ծովի և անհամար սկանդալների տասնամյակներից հետո «showgirl»-ը վերջապես գտել է իր իսկական սերը։


✍️ Նանե Մանուկյան / PAN