#մշակութաPAN
January 16

Կյանք բովանդակող նուռը, լացող Ջոկոնդան և Սարդարի պալատից փրկված պատուհանը. Փարաջանովը՝ «կինոյի տաճարի տիրակալը»

Աներևակայելի երևակայությամբ կինոհսկա, խենթ արվեստագետ, հեղափոխական ռեժիսոր. այս ցանկը շատ երկար շարունակվում է։ Ամբողջ աշխարհում Սերգեյ Փարաջանովին բնութագրում են ամենաշռայլ խոսքերով, բայց որևէ բառ նրան այնքան տպավորիչ չի բնութագրում, որքան իր թողած ժառանգությունը։ 20-րդ դարի մեծագույն ռեժիսորներից մեկը 100 տարեկան է։

ԱՊԱԳԱՅԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

Փարաջանովի արվեստը հեշտ ընկալվողներից կամ «ձեռքի հետ» նայելու համար չէ ո՛չ այսօր, ո՛չ երեկ, ո՛չ էլ վաղը։ Ժամանակն ու տարածությունը փարաջանովյան ֆիլմերում ու կոլաժներում պարզապես սիմվոլներ են, ու ոչ երբեք ասելիքը տեղ հասցնելուն խանգարող հանգամանքներ։ Սովետական ռեժիմի տարիներին «ժամանակից դուրս» մտածելը վտանգավոր մի բան էր, իսկ երբ «ժամանակից դուրս» ստեղծագործում էիր՝ լինում էր այն, ինչ տարբեր դրսևորումներով տեսավ ու ապրեց Փարաջանովը։

Կինոռեժիսորի կյանքի գլխավոր դրվագներին ու առանցքային ֆիլմերին շատերն են ծանոթ ու այդպիսով վստահ, որ ճանաչում են Փարաջանովին։ Իսկ իրականում Փարաջանովին ճանաչելու համար գուցե պետք է հասկանալ, թե ինչո՞ւ էին իր սեղանի բաժակները դրվում հստակ դասավորվածությամբ, ինչո՞ւ էր նուռը նրա սիրած միրգը, կամ թե ի՞նչ հետևանք թողեցին արվեստագետի վրա հոր հետ հարաբերություններն ու Տարկովսկու ֆիլմերը։

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԻ ԱՅԼԱԽՈՂ ՏՂԱՆ

Ժանրի կանոններին հետևելով՝ նախ հետ գնանք ու հասնենք մանկություն։ Փարաջանովի ինքնարտահայտվելու ցանկությունն արտահայտվել է հենց փոքր տարիքից ու կանխատեսելի սցենար է, որ նախահեղափոխական Թիֆլիսի մեծահարուստ ընտանիքում ծնված տղայի համար ծնողներն այլ ապագա էին նախատեսում։

Փարաջանովի հայրը հնավաճառ էր, բայց բացի հնաոճ իրերի խանութից մի քանի այլ հաստատություններ էլ ուներ։ Հատկապես եկամտաբեր էր «Ընտանեկան անկյուն» կոչվող հասարակաց տունը։ Փարաջանովի հայրը երևի շատ սուր հումոր կամ էլ հեգնելու նուրբ տաղանդ ուներ, այլապես «ընտանեկան անկյուն» անունը վերջին բանն է, որ կասոցացվեր հասարակաց տան հետ։ Մարմնավաճառներին բերում էին աշխարհի տարբեր երկրներից, հիմնականում՝ Ֆրանսիայից։ Իսկ հորն օգնում էր Փարաջանովի մայրը՝ Սիրանը։ Նա անձամբ ընտրում ու ընդունում էր աղջիկներին։

Հեղափոխությունից հետո Իոսիֆ Փարաջանովի գործերը կանխատեսելի կերպով վատանում են։ Ունեցվածքը բռնագրավում են, Իոսիֆին էլ՝ ձերբակալում։ 1920-ականների վերջին նրա առաջին ձերբակալությունն էր, բայց ոչ վերջինը։ Փարաջանովի հորն իշխանություններն աչքի տակ էին պահում ու անգամ խոչընդոտում այն հնաոճ իրերի վաճառքը, որն ընտանիքի եկամտի միակ աղբյուրն էր դարձել։ Այս մանրամասներն իրականում մի նպատակ ունեն՝ արձանագրել, թե որքան կարևոր էր ընտանիքի համար վերջին հույս դարձած հնավաճառությունն ու ֆիքսել, որ Սերգեյ Փարաջանովը կտրականապես մերժեց ու չուզեց շարունակել հոր գործը։ Իսկ հայրն այդպես էլ չներեց որդուն։

ԱՌԱՋԻՆ ՈՒ ԿՈՐՍՎԱԾ ՍԵՐԸ

Փարաջանովի համար ֆորմալ կրթությունը կարևոր էր, բայց առավել կարևոր էր առօրյա կյանքում ամեն քայլափոխի աչքն ու ճաշակը «մարզելու» ընթացքը, բնությունից ու մարդկանցից ոգեշնչվելու, մշակույթի շերտերն ուսումնասիրելու գործընթացը։

1951 թվականին Փարաջանովն ավարտեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, նույն ինքը՝ ՎԳԻԿ-ը։ Կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենը դարձավ ռեժիսորի դիպլոմային աշխատանքը։ Տարիներ անց արդեն նկարահանվեց նույն անվամբ ու նույն սյուժեով ֆիլմի լիամետրաժ տարբերակը։ Ֆիլմի սցենարն ամբողջովին հիմնված է մոլդովացի գրող Եմելիան Բուկովի համանուն պատվածքի վրա։

Մոլդովական հեքիաթին անդրադարձը պատահականություն չէր ու ոչ էլ մեծ հաշվով արտահայտում էր Փարաջանովի ստեղծագործական ամենանեղ հետաքրքրությունները։ Այս ընտրությունը խիստ անձնական էր ու կապված ռեժիսորի առաջին մեծ սիրո՝ Նիգյարի հետ։

Սերգեյն ու Նիգյարն առաջին անգամ պատահաբար հանդիպել էին Մոսկվայի խանութներից մեկում։ Թաթարուհի Նիգյարին Սերգեյը միանգամից էր սիրահարվել ու զույգը կարճ ժամանակ անց ամուսնացել էր։ Նիգյարի ընտանիքը Մոլդովայում էր ապրում, ու երբ աղջկա եղբայրները ժամանում են Մոսկվա և պարզում, որ իրենց քույրն ամուսնացել է առանց հարազատների իմացության՝ Փարաջանովից խոշոր գումար են պահանջում։ Սա պատիվ պահանջելու ավանդույթ էր կամ նման մի բան։

Նիգյարը

Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ ու դիմում է հոր օգնությանը։ Հայրն էլ օգտագործում է հարմար առիթն ու երեսով տալիս Սերգեյի ընտրությունը. եթե արվեստը նախընտրեց հնավաճառությունից, ապա սեփական հարցերը թող լուծի սեփական միջոցներով։

Թաթար եղբայրների համար էլ պարզ էր՝ չկա գումար, ուրեմն չկա պատիվ, Նիգյարը կամ թողնում է ամուսնուն ու վերադառնում տուն, կամ մահանում է, այսպես ապրելն իմաստ չունի։ Աղջիկը հրաժարվում է թողնել Փարաջանովին ու ավանդապաշտ թաթար եղբայրները սպանում են նրան՝ նետելով գնացքի տակ։

Դժվար է պատկերացնել, թե արվեստագետի գերզգայուն հոգին ինչպես է վերապրել այս դժբախտությունը։ Ամեն դեպքում, «Անդրիեշ» ֆիլմը Փարաջանովը նկարել է՝ ի հիշատակ իր սիրելիի։

ԵՎ ՍՏԵՂԾՎԵՑԻՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐԸ

Փարաջանովը կաղապարից դուրս էր մտածում, «բայց»-եր չկային նրա կինոարվեստում, իսկ ժամանակն ու ռեժիմն այլ բան էին թելադրում։ Այս երկու իրականության բախումը, իհարկե, անխուսափելի էր, ու շարունակվեց այնքան, որքան ապրեց ու ստեղծագործեց Փարաջանովը։ Ռեժիսորի առաջին ֆիլմերն արդեն իսկ անհանգստացրել էին ռեժիմին, իսկ երբ 1962-ին էկրան բարձրացավ Փարաջանովի երրորդ՝ «Ծաղիկ քարի վրա» ֆիլմը, ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանում բողոքի մեծ ալիք ստեղծվեց։ Հետևանքը՝ ֆիլմի սահմանափակ վարձույթ։ Իհարկե, սահմանափակն այստեղ չակերտների մեջ է պետք վերցնել, որովհետև բազմացվեց միայն 158 օրինակ, բայց ֆիլմը դիտեց 5 միլիոն հանդիսատես։

Եթե 1950-ականներն այնքան էլ հաջող չէին Փարաջանովին ընկալելու, իսկ ֆիլմերին՝ արժանի արձագանք տալու առումով, ապա 1960-ականներն այս առումով գոնե մեկ քայլ առաջ էին։ 1964 թվականին նկարահանվեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմն ու սա դարձավ խորհրդային կինոյի գլխավոր կինոիրադարձություններից մեկը։ Տարկովսկու «Իվանի մանկությունը» կամ Կալատոզովի «Թռչում են կռունկները» ֆիլմերի կողքին բարձր հնչում էր Փարաջանովի այս ֆիլմը։

Հատկապես հնչեղ էր միջազգային արձագանքը՝ մրցանակներ Բրիտանական ակադեմիայից, Հռոմի և Մար դել Պլատայի փառատոններից։ Ընդհանուր առմամբ, միջազգային փառատոների 28 մրցանակ՝ երկու տարվա ընթացքում։

Այս մեծ հաջողության ֆոնին Փարաջանովը 1966-ին սկսեց նկարահանել «Կիևի որմնանկարներ» ֆիլմը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին։ Այդ ժամանակ թեման դեռ չափազանց զգայուն էր ու խորհրդային ռեժիմի կողմից կանաչ լույս ստանալը հրաշքի պես մի բան կլիներ։ Այս ֆիլմում հրաշքներ չէին լինում և նկարահանումներն արգելվեցին։ Փարաջանովին մեղադրում էին պատերազմը հեգնական, ցնորական ու առեղծվածային-սուբյեկտիվ պրիզմայով ներկայացնելու մեջ։

Հաջորդ կանգառն արդեն Երևանն էր՝ «Հայֆիլմ»-ը։ 1968 թվականին մեկնարկեցին Փարաջանովի համար ստորագրության պես մի բան դարձած՝ «Նռան գույնը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Այստեղ ևս ամեն ինչ հարթ գնալ չէր կարող ու նորարարական, այդ տարիների համար չլսված և չտեսնված լուծումներն ու այլաբանությունները պետկինոյի ղեկավարների համար օտար լեզվի պես մի բան էին։ Հետևաբար չէին կարող թույլ տալ հանրայնացնել այն, ինչն իրենք անգամ չէին էլ հասկանում։

Ֆիլմը վարձույթ դուրս եկավ միայն չորս տարի անց՝ 1973 թվականին, ու վարձույթում մնաց միայն մի քանի ամիս, որովհետև 1973-ին սկսվեց Փարաջանովի դեմ մեծամասշտաբ գրոհը, որի վերջնակետը ռեժիսորի ձերբակալությունն էր։

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ

Փարաջանովն արվեստում նոր սինթեզներ գտնելու ճանապարհով գնաց։ Նրա ֆիլմերի ամեն դրվագ կարծես տարիներով մտածված ու աշխատած կոլաժ լինի, որտեղ պատահական ոչինչ չկա, ասելիք ունեն գույնը, ձևը, պատկերն ու ձայնը։ Փարաջանովի ստեղծագործական բնույթը նկարագրելու համար արվեստաբանները, կինոքննադատներն ու պարզապես նրա արվեստով տարված մարդիկ մի քանի ընդհանուր կետ են առանձնացնում։

Նախ, Փարաջանովյան ֆիլմերն իրականության ու երևակայականի ճիշտ մեջտեղում են, և երբ թվում է, թե գլուխդ կպտտվի սիմվոլների ու այլաբանությունների առատությունից, հանկարծ գտնում ես այն կարմիր թելը, որի միջոցով կարողանում ես բացել պատկերը։ Բայց բացում ես ճիշտ այնքան, որքան «թույլ է տալիս» ռեժիսորն ու միանգամից հայտնվում մեկ այլ միտք մարզող, ճաշակ ձևավորող ու պարզապես բավականություն պատճառող կծիկի մեջ։

Կինոքննադատներն ասում են՝ Փարաջանովի արվեստը տարբեր ժամանակների ու իրականությունների արտասովոր համադրություն է, որտեղ ամեն բան պայմանական է, կարծրացած ոչինչ չկա։ Փարաջանովի գործերում արժեքը որոշվում է ոչ թե ֆիզիկական նյութի որակով, այլ դրա միջոցով փոխանցվող տեղեկատվությամբ ու խորհրդանշական բնույթով։ Օրինակ՝ հայելին ինքնավերլուծություն է ներկայացնում, ժամացույցը՝ կյանքի ընթացքը, սնդուկը՝ կենսագրությունն ու կյանքի փորձը։ Ի դեպ, Փարաջանովի մանկության սիրելի սնդուկը հիմա պահվում է Փարաջանովի թանգարանում։

Փարաջանովի սնդուկը

Իսկ նուռը Փարաջանովի համար մի այլ պատմություն էր։ Եթե Տարկովսկու մասին խոսելիս հաճախ անդրադառնում են նրա ֆիլմերում ջրի կամ ապակու կիրառմանը, ապա Փարաջանովի դեպքում նռան կիրառումը և ընկալումները լրիվ այլ հարթության վրա են։ Մի առիթով անգամ, երբ ռեժիսորին հարցրել են, թե «ինչ կերպարներով կվերադառնանք կյանք», նա սկուտեղի վրայից վերցրել է նուռն ու ասել՝ «իհարկե՝ նռան»։

Իսկ ի՞նչ էր ասում Փարաջանովը։

«Ինչո՞ւ եմ ես նուռ սիրում: Դե, հենց այն բանի համար, որ դա բնության երբևէ ստեղծած բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է: Այն իր մեջ զուգակցում է միասնությունն ու բազմազանությունը: Ճեղքելով այն՝ դուք տեսնում եք հատիկը հատիկին զուգադրվելու նրբագեղությունը։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է բովանդակում: Հանրագումարում նրանց զուգակցումը խենթանալիորեն գեղեցիկ է: Նուռը հասել է մեզ` պահպանելով իր անտիկ գեղեցկությունը…»

Փարաջանովին հասկանալու համար պետք է հասկանալ նրա սիմվոլիկ լեզուն, իսկ այլաբանության կիրառումն ուսումնասիրելու համար՝ այդ լեզվի «թարգմանությունը»։ «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների ընթացքում անգամ Փարաջանովից բացի ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է լինելու վերջնական արդյունքը։ Ստեղծագործական խումբը պարզապես հետևում էր ռեժիսորի կախարդանքներին ու վստահություն ուներ, որ հենց այդ պահին նոր գլուխգործոցի ստեղծման մի մասն են։

Սվետլանա Տեստովայի «Փարաջանովի գեղարվեստական մեթոդը» աշխատանքում, օրինակ, նշվում է, որ «Նռան գույնը» ֆիլմի սկզբում բացված գրքի թերթերով կադրը դիտողին ասում է, որ հերոսը պոետ է, իսկ դրան հաջորդող երեք նռները Սուրբ Երրորդության խորհուրդն ունեն և, որ «պոետի կյանքը սրբազան գործի հետ է կապված»։

Այս ֆիլմում որևէ դետալ պատահական չէր հայտնվում։ Ֆիլմից հայտնի պատուհանը, օրինակ, Փարաջանովը գնել է Տերյան փողոցի վրա ապրող մի մարդուց, որը երկու պատուհան էր վաճառում։ Ամեն պատուհանի համար Փարաջանովը վճարել է 50 ռուբլի ու ձեռք բերել Սարդարի պալատից «փրկված» պատուհանները։ Դրանցից մեկը դուք տեսել եք ֆիլմի «Աշխարհս մէ փանջարա է» տեսարանում:

«Նռան գույնը» ֆիլմի պատուհանը

ԼՌԵՑՆԵԼՈՎ ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ

Փարաջանովին ձերբակալելու, նրա ձայնը լռեցնելու, իսկ ստեղծած արվեստը շինծու մեղադրանքներով նսեմացնելու ջանքերը բազմաթիվ էին ու հաճախ՝ ստացված, որովհետև սովետական ռեժիմի դեմ հաճախ անզոր էին գրիչը, վրձինը, տեսախցիկն ու դրանց միջոցով ստեղծված արվեստը։

Խորհրդային իշխանություններին քննադատելիս Փարաջանովը երկու տարբերակ ուներ։ Կա՛մ սուր և ուղիղ քննադատություն՝ առանց ներում-բեկումների, կամ էլ ստեղծագործությունների միջոցով։ Պատասխանը, իհարկե, չէր ուշանում։ Նրա սցենարները մերժվում էին, ֆիլմերը չէին ցուցադրվում, իսկ երբ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից՝ ամենաազատատենչ մարդուն կոտրելու լավագույն լուծումը դառնում էր նրա ֆիզիկական ազատության սահմանափակումը։

1973-ին Փարաջանովին ձերբակալեցին հոմոսեքսուալության մեղադրանքով, բայց քանի որ մեղադրանքը «ոտքի վրա» էր կարվել, այն անընդհատ փոխվում էր։ Կինոռեժիսորին մեկ դրամաշորթության մեջ էին մեղադրում, մեկ կաշառակերության, մեկ եկեղեցիներ կողոպտելու (Փարաջանովը սրբապատկերների հավաքածու ուներ ու հենց սա էլ այս վարկածի «ոգեշնչման աղբյուրն» էր)։ Բանտում անցկացրած տարիներն և շինծու մեղադրանքները հիշելով Փարաջանովը տարիներ անց պատմում էր.

«Որպեսզի ինձ մեղադրանք առաջադրվեր, ինձ անվանեցին հանցագործ, գող, հակախորհրդային անձ։ Մարմնիս վրա նույնիսկ ոսկի էին փնտրում, այնուհետև վերագրեցին համասեռականություն և դատապարտեցին դրա համար։ Կուսակցության անդամներից մեկին էի իբրև բռնաբարել, հրապուրել 40-ամյա մի կնոջ․․․ Որպեսզի հանցագործությունն ինձ վերագրեն, 6 դատախազ մոբիլիզացվեց։ Ապրում եմ հավերժ վախի մեջ՝ վախենում եմ դուրս գալ տնից, վախենում եմ, որ ինձ կառևանգեն, կայրեն բանտի նկարներս»:

Բանտից դուրս գալուց հետո էլ դժվարությունների մի այլ շրջափուլ սկսվեց։ Փարաջանովին որևէ տեղ չէին վերցնում աշխատանքի, մերժում էին առաջարկած սցենարներն ու խոչընդոտում գործունեությունը։ Այլ կերպ ասած՝ զրկում էին այն օդ ու ջրից, որն արվեստագետին ապրեցնող միակ բանն էր։

«Ես գոյություն ունենալու իրավունք չունեմ, ես օրենքից դուրս եմ։ Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել։ Այժմյան կյանքս անիմաստ է։ Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը»:

Բայց Փարաջանովի անազատության տարիներից մի շատ կարևոր հանգամանք էլ կա։ Չորս պատի մեջ էլ Փարաջանովը չդադարեց ստեղծագործել։ Նրա պատկերած աշխարհն իր գլխի մեջ էր, ոչ թե դրսում։ Ֆիլմեր նկարելու հնարավորություն չկար, և դրանց փոխարինելու եկան կոլաժները։ Առանց կոլաժների Փարաջանովի թողած ստեղծագործական ժառանգության մեջ մի մեծ բան պակասելու էր, որովհետև դրանցից յուրաքանչյուրը խտացված ֆիլմ է։

«Խանդի պահին պատռած հորս դիմանկարը» կոլաժում, օրինակ՝ Փարաջանովն ու մայրն են պատկերված։

Իսկ «Լացող Ջոկոնդան» բանտում արված ամենահայտնի աշխատանքներից է։

«Ինքնադիմանկար Գոթական ոճով» կոլաժն էլ այդ ցանկում առանձնահատուկ տեղ ունի։

Այս կոլաժում «Դոդոն պապիրոս է թռցնում»:

Իսկ այստեղ՝ «Ես վաճառեցի ամառանոցս»:

ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Բոլոր տեսակի ճնշումներն իրենց հերթին, բայց Փարաջանովի նման հանճարն ինչ-որ պահի ու ինչ-որ սցենարով պիտի տեսներ աշխարհը, աշխարհն էլ պիտի տեսներ նրան։

Բանտից ազատ արձակվելուց հետո կատարյալ փակուղային իրավիճակը հարթվեց միայն երկու տարի անց, երբ Փարաջանովին խորհրդային Վրաստանում թույլ տվեցին վերադառնալ կինեմատոգրաֆ։ Ռեժիսորը Դավիթ Աբաշիձեի հետ նկարահանեց «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմն ու հենց այս ֆիլմի գրանցած հաջողությունների շնորհիվ էլ առաջին անգամ մեկնեց արտասահման: 1988 թվականին Ռոտերդամ էին հրավիրել աշխարհի 20 լավագույն ռեժիսորներին, ու այս ցանկում, իհարկե, կար նաև խենթ կինոհսկան։

Տարիներ անց Փարաջանովն ասում էր՝ «ես վերակառուցման ցուցանմուշ եմ»։

«Ես երկար ժամանակ բանտում էի, երեք հնգամյակ ֆիլմ չեմ նկարահանել, բայց կառավարությանը վերակառուցման ակնառու ցուցադրանմուշներ պետք եկան, և վեց տարվա ընթացքում այն ինձ չորս կապիտալիստական երկիր պարգևեց` Հոլանդիա, Մյունխեն, Փարիզ և ահա հիմա ես Նյու Յորքում եմ… Կարճ ասած… Արքունիքն ինձ շոյում է…»

1989 թվականին Փարաջանովը սկսեց աշխատել ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմի վրա, որը չհասցրեց ավարտել ծանր հիվանդության պատճառով։

Իսկ ի՞նչ մնաց Փարաջանովին վերջում.

«Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, ում ուսերի վրա, ասես, երկու թև է՝ մեկի վրա փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսի՝ ստրուկի, գերու, զեկի նվաստացում: Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում, և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»:

ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Փարաջանովն ու նրա ստեղծած աղբյուրն այսօր ոգեշնչման աղբյուր են Հայաստանում ու աշխարհում։ Հայկականի ու համաշխարհայինի միաձուլման հիմքում հաճախ հենց Փարաջանովի մոտիվներն են ընկած։

Նրա ժառանգությունն իր կենդանության տարիներին չգնահատվեց այնպես, ինչպես պետք է գնահատվեր։ Բայց այսօր Փարաջանովի ասելիքը հասնում է ամբողջ աշխարհին, որովհետև նա արվեստի լեզվով էր խոսում։

Փարաջանովի կարճամետրաժ երեք ֆիլմը՝ «Տրիպտիխը» Փարիզի հանրահայտ Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում են, նրա ֆիլմերն ազդարարում են հռչակավոր կինոփառատոնների բացումը, ոգեշնչում նոր դարի ստեղծագործողներին։ Շատերին, օրինակ, տպավորել էր փարաջանովյան մոտիվներով նկարահանված Լեդի Գագայի «911» տեսահոլովակը։

Փարաջանովի մասին Ժան-Լյուկ Գոդարի խոսքն ամբողջացնում կամ գոնե փորձում է ամբողջացնել խենթ արվեստագետի թողած ավանդը՝ «Կինոյի տաճարում կան պատկերներ, լույս և իրականություն։ Եվ այդ տաճարի տիրակալը Սերգեյ Փարաջանովն էր»։


✍️ Նանե Մանուկյան / PAN