#մշակութաPAN
February 21, 2023

5000 Փաստ. Հայերի վաղեմի արխիվային լուսանկարները թվային են դառնում ու նոր կյանք ստանում  

Լուսանկարիչ Վահան Ստեփանյանն իր կյանքի վերջին 20 տարում 5000-ից ավելի փաստ է հավաքել հայկական անցյալի մասին. Վահանը լուսանկարների մեծ արխիվ է ստեղծել ու այժմ այն տեղափոխում է Instagram:

PAN-ն այս անգամ պատմում է լուսանկարների՝ երևանյան ու հայկական, հավանաբար, ամենամեծ անձնական արխիվներից մեկի մասին՝ նախորդ դարի կնիքով, հայկական հետքով ու պատմական հիմքով. Լուսանկարիչ Վահան Ստեփանյանն իր հավաքած լուսանկարների 20-ամյա արխիվը փաստագրում է՝ տեղափոխելով սոցմեդիա հարթակներ, ու մեզ հետ կիսվում՝ ինչ պիտի դառնա «Փաստն» ապագայում:

20 ՏԱՐՎԱ ՓԱՍՏԵՐԸ. ԻՆՉՊԵՍ ԲԱՑՎԵՑ ՎԱՀԱՆԻ ԱՐԽԻՎԸ

Մոտ 20 տարի առաջ գործի բերմամբ Թբիլիսի էի գնացել, այնտեղ կա «Սուխոյ մոստ» կոչվող մի տեղ՝ իրենց Վերնիսաժը։ Այդ տեղով քայլելիս, տեսա մեկը նկարներ է վաճառում՝ իմ մասնագիտությունն է, հետաքրքրեց։ Աչքովս ընկան ընտանեկան նկարներ, նմանացրի հայերի, ձեռքս վերցրի, նայեցի՝ հայեր էին. հետևում ազգանունները գրված էին

Պատկերացնո՞ւմ եք՝ Թբիլիսիում այն տարիներին քանի՞ հայ է ապրել:

Ինձ հետաքրքիր էր տեսնել 100-120 տարի առաջ ապրած այդ հայ ընտանիքներին՝ անսպասելի սիրուն հագնված։ Հարցրի՝ ինչ արժե լուսանկարը, կոպեկներ էին, ուղղակի առա: Այդ պահին կապ չուներ՝ ինչ կանեի, ուղղակի թող ինձ մոտ լիներ։

Դրանից հետո մի ամիս անց նորից նույն տեղը գնացի, արդեն 30-40 ֆոտո գնեցի. ազարտի նման էր, հատկապես այն ժամանակ, երբ այդ ամենը կոպեկներ արժեր։ Հասկանո՞ւմ եք՝ սա սահմանափակ քանակ է, մարդիկ իրենց ամբողջ կյանքի ընթացքում 2-3 անգամ էին նկարվում։

Երբ արդեն մի 70-80 ֆոտո ունեի, մեկ-մեկ տանը բացում, նայում էի, երբեմն՝ ցույց էի տալիս ընկերներիս. զարմանում էին։ Հետո մի 4-5 տարվա ընթացքում, երբ շատ ինտենսիվ ճամփորդում էի, ուր գնում էի, ստացվում էր՝ հայերի ֆոտոներ կային, ու, կարծես, ինքնաբերաբար ֆոտո էի գնում: Երևի մի 5 տարում 1000 ֆոտո հավաքվեց՝ իներցիայով, ազարտով, գումարն ուզածս կերպ ծախսելու համար։ Սկզբում հոբբի էր, հետո մասնագիտություն դարձավ ոչ միայն լուսանկարելը, այլև լուսանկար հավաքելը. հիմա արխիվային լուսանկարներիս քանակը գերազանցում է 5000-ը:

Հիմա էլ շարունակում եմ լուսանկարներ գնել, հետաքրքրությանս շրջանակում են 1870-ականներից մինչև 1980-ականներն ընկած ժամանակաշրջանի ֆոտոները:

Որտեղի՞ց կամ ումի՞ց. Վահանն ասում է՝ լուսանկարներ գնում է անհատներից: «Հայաստանում մոտ 6-7 մարդ կա, ովքեր իրենք էլ կոլեկցիոներ են և ամուր կապեր ունեն տարբեր ընտանիքների ու հաստատությունների հետ, շատ լավ միմյանց ճանաչում են ու գիտեն՝ ով ինչ է հավաքում. ինձ միայն լուսանկարներ են առաջարկում, ես միայն լուսանկարներ եմ հավաքում: Ֆոտոներ գնում եմ նաև շուկայից, eBay-ից»:

Քանակը բերեց նրան, որ այդ լուսանկարները սկսեցին ինչ-որ պատկերներ ստեղծել, այսինքն՝ եթե դրանք արագ թերթես, կարող ես պատկերացնել՝ ինչպես են ապրել հայերը Բաքվում, Թբիլիսում, Երևանում կամ մեկ այլ վայրում։ Այսինքն, այսպես ասած, այդ ամենը դառնում է պատմության ժամանակակից իլուստրացիոն դասագիրք։

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ԱՉՔՆ ՈՒ ՀԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ

Հետաքրքիր մի բան կա. մարդիկ, որոնք ֆոտո են հավաքում ու լուսանկարիչ չեն, կարող են, օրինակ, հավաքել զինվորական հագուստով մարդկանց կամ երեխաների նկարներ, թեմաներ ունեն ու իրենց կապողը թեմատիկան է։ Իմ դեպքում կապող միակ բանն այն է, որ ֆոտոն ինքնին հետաքրքիր լինի. մի կապող կետ կար՝ լուսանկարչի աչքը։ Պատկերացրու՝ մասնագիտությանդ մեջ տարիներ շարունակ լուսանկարել ես, ընտրել ֆոտոներ. Այս դեպքում էլ ընտրում եմ լուսնակարներն իմ՝ լուսանկարչի աչքով։

Այն ժամանակ ընտանիքը, լիներ հարուստ, թե՝ ոչ այնքան, կյանքում մի քանի իրադարձության ժամանակ էր լուսանկարվում: Մեկը երիտասարդության շրջանում ֆոտո ունենալն էր, մյուսը՝ հարսանեկան, հետո արդեն ընթացքում ընտանիքով էին լուսանկարվում՝ փորձելով ֆիքսել ցանկացած կարևոր պահ: Մարդիկ ոչ միայն իրենց համար էին նկարվել, այլև սեփական լուսանկարն ուրիշին նվիրելու: Ինչ-որ իմաստով լուսանկարվելը եղել է կյանքի փուլերի վավերացում: Բայց, ի դեպ, սա հենց հայերին բնորոշ մոտեցում չէր. մարդն ի՞նչը կֆիքսեր, եթե իմանար, օրինակ, կյանքում 6 անգամ ունի դրա հնարավորությունը։

Այս հազվադեպ կամ թեկուզ առաջին անգամ լուսանկարվելն է պատճառը, որ հին ֆոտոներում որոշ մարդկանց հայացքները, կարծես, քարացած են, դեմքերը՝ կիսավախեցած։ Պատկերացրեք՝ ցանկացած ֆոտո անելու համար անշարժ պետք էր 5-7 վայրկյան նստել, լուսանկարներ կան՝ 5 հոգի այդպես մեծ չռած աչքերով նայում են քեզ, այդ մարդկանց համար չթարթելը շատ անբնական խնդրանք է։ Շատերի հայացքից երևում է, որ իրենք առաջին անգամ են նկարվել։

Երկու շրջան կա, որ կառանձնացնեմ: Մեկն ամենասկիզբն է՝ 1870-ականներ, երբ դու հասկանում ես, որ մարդիկ առաջին անգամ գնացել են ինչ-որ բան անելու։ Հասկանում ես, որ ֆոտոներն իրենցով մաքսիմալ նաիվ են, ու դու ինքդ, կարծես, բացահայտող լինես՝ կարող ես գտնել՝ որ լուսանկարը երբ է արվել, մոտավորապես որ շրջանում: Եվ քանի որ այս ամենը նաև փաստագրված է, օրինակ՝ մենք գիտենք այս տարածաշրջանում ով է եղել առաջին լուսանկարիչը, նրա արած ֆոտոները գտնելով՝ հասկանում ենք, որ սա ժամանակի առաջին լուսանկարներից է։

Մյուս շրջանը, որն ինձ դուր է գալիս, արդեն 60-ականներն են, երբ ֆոտոապարատը մասսայական է դառնում, հայտնվում է տներում՝ լուսանկարներն ավելի տնային ու անկաշկանդ են թվում:

ԻՆՉՊԵՍ «ԿԱՐԴԱԼ» ՖՈՏՈՆ

Կան լուսանկարներ, որոնց մասին ավելին իմանում ենք նկարի հետնամասի գրությամբ, կարող է նաև նման գրություն չլինել, այս դեպքում դու տեսնում ես՝ ով է նկարիչն ու, ըստ այդմ, պատկերացում կազմում ժամանակաշրջանի մասին։

Հագուստից, նկարի ձևից, տարբեր ատրիբուտներից մոտավոր տասնամյակի ճշտությամբ կարելի է ասել՝ որ շրջանին է բնորոշ այդ լուսանկարը։

Ինչն ավելի հետաքրքիր է՝ կան մարդիկ որոնք մեզ նաև օգնում են «կարդալ» լուսանկարները։ Օրինակ, մի նկար ունենք՝ տակը գրված է «Թատերաերաժշտական խումբ, 1902 թվական». ընկերներիցս մեկը գտավ այդ խմբի գտնվելու վայրը, հետո նկարով նույնականացրինք խմբի ղեկավարին, իմացանք, որ խումբը հիմնվել է Թավրիզում․ այսինքն՝ երբեմն անգամ երկու բառով կարելի է գտնել մի ամբողջ պատմություն։

Ունիկալ ֆոտոներ ունեմ. Գուրգեն Մահարու, Մարտիրոս Սարյանի ու Ուիլյամ Սարոյանի լուսանկարը, օրինակ:

Գուրգեն Մահարու, Մարտիրոս Սարյանի ու Ուիլյամ Սարոյանի լուսանկարը

Պետրոս Ադամյանի, Սիրանույշի նկարներից կան: Տեսե՞լ եք՝ բոլոր դասագրքերում Գրիգոր Զոհրապի ո՞ր լուսանկարն է օգտագործվում. դրա բնօրինակն ինձ մոտ է:
Բայց էլի՝ ֆոտոներն ընտրում եմ դրանց հետաքրքիր լինելով, ոչ այն պատճառով, թե ով է պատկերված

Օրինակ՝ հայտնի նավթարդյունաբերողի մի կնոջ նկար ունեմ, որտեղ տիկնոջ գլխարկից ու շորերից երևում է, որ հատուկ պատրաստվել, գնացել է նկարվելու։ Սա, երևի, համարժեք է մերօրյա Instagram-ին։ Ընդհանրապես, երբ նայում ես՝ մեր այսօրվա իրականությունն ու այն ժամանակվա ֆոտոն որևէ կերպ չեն տարբերվում: Մի քանի կարևոր բան կա՝ մահվան վախը՝ «ինչո՞ւ է մարդը նկարվում» հարցը քեզ տալով կարող ես գնալ, հասնել մահվան վախի կոմպլեքսի, մարդու ծերանալու բարդույթին. ինքն ուղղակի ուզում է այդ պահը ֆիքսել։ Պարզապես հիմա գործիքները շատացել են։

Հենց այդ գործիքների շնորհիվ է նաև, որ «ֆոտոները գտնում են իրենց հետնորդներին». մեզ շատ են գրել, շնորհակալություն հայտնել, որ էջում տեսել են իրենց պապի, ապաուպապի լուսանկարը: Մի այդպիսի լուսանկար ունենք, արված Գյումիրում, հետնամասում միայն գրված էր «Չորս եղբայր»: Գյումրեցի ընկերներիցս մեկին խնդրեցի իրենց համայնքային փակ խմբերում դնել, գուցե՝ ճանաչողներ լինեն: Պարզվեց՝ շատ կան: Մեզ գրեց լուսանկարի տղամարդկանցից մեկի աղջիկը, թոռները: Պարզվեց՝ լուսանկարում Երևանի քաղաքապետերից մեկն է եղել՝ իր երեք եղբոր հետ։ Սա կարևոր հարց է, ըստ իս. «Փաստը» հնարավորություն է տալիս մարդկանց գտնել իրենց հարազատների լուսանկարները:

«Չորս եղբայր» լուսանկարը

Բայց այստեղ մի նրբություն կա. մեր էջում հայտնվում են միայն այն լուսանկարները, որոնց ֆիզիկական, իրական տարբերակն ունենք: Հաճախ մարդիկ կարող են իրենց հարազատների լուսանկարն ուղարկել ու գրել, թե կցանկանային մեր էջում տեսնել. «Փաստն» այդպես չի աշխատում, մեր էջում այլ աղբյուրից վերցված լուսանկարներ չկան, հենց սա է այս արխիվի առանձնահոտկությունն ու յուրահատկությունը:

«ՓԱՍՏ»-Ի ԱՊԱԳԱՆ. ԻՆՉԻ Է ՎԵՐԱԾՎԵԼՈՒ ԱՆՑՅԱԼԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԱՐԽԻՎԸ

Հիմա ամենասկզբում ենք. կես տարուց նախատեսում ենք, որ «Փաստն» այնքան հայտնի կդառնա, որ կանցնենք հաջորդ՝ կայքի պատրաստման փուլին։

20 տարի այս արխիվը հավաքելու ընթացքում պարբերաբար մտածում էի՝ մի օր ինչ-որ կերպ այն պետք է հանրայնանա։ Արդյունքում որոշեցինք Instagram-ի էջ բացել, որ մարդիկ տեսնեն, իմանան այս արխիվի մասին:

Բայց ինչ-որ կետից այն պետք է վերածվի ոչ թե թանգարանի, որը կմնա ու կմեռնի պատերին, այլ կայքի, որտեղ ֆոտոները կուղեկցվեն տեղեկություններով, կստեղծվի մեծ արխիվ՝ յուրաքանչյուր լուսանկարի մասին ընդգրկուն, պատմական փաստերով։ Օրինակ, ես գիտեմ, որ հագուստի դիզայներներ կան, որոնք ուշադիր հետևում են մեր էջին, որովհետև այդ շրջանի ֆոտոներն իրենց ոգեշնչում են։ Պատկերացրեք՝ որքան ավելի ֆունդամենտալ կլինի այդ լուսանկարների պատմական, մշակութային, սոցիալական կոնտեքստը դրանք կայքում ներկայացնելու դեպքում:


✍ Անահիտ Հակոբյան / PAN