Կարդալիքներ PAN-ից
December 15

«Ես»-ի կորուստ` հօգուտ «մենք»-ի. Անհատականության կործանման մասին 10 ֆիլմ ու սերիալ

Apple TV սթրիմինգային ծառայությունով ցուցադրվում է Breaking Bad-ի հեղինակ Վինս Գիլիգանի «Պլուրիբուս» (Pluribus) գիտաֆանտաստիկ սերիալը։ Անհատականի ու կոլեկտիվի միջև բախման թեման վաղուց չէր փոթեթավորվել այսքան տաղանդավոր, խելացի ու հնարամիտ ձևով։ Եթե ինչ-ինչ պատճառներով բաց եք թողել, անպայման նայեք։

Իսկ PAN-ը պատմում է թեմայի հետ առնչվող ևս 10 ֆիլմի ու սերիալի մասին։

1. «Անիհիլացում» (Annihilation, 2018)

Ֆիլմը պատմում է անոմալ գոտի մտած արշավախմբի մասին։ Այստեղ բնության օրենքներն աստիճանաբար փոխվում են, իսկ օրգանիզմներին, այդ թվում՝ մարդկանց սպառնում է իրենց կայուն ինքնությունը կորցնելու վտանգը։ Պատմությունը մատուցվում է մասնագետների դիտարկումների միջոցով, որոնք բախվում են ոչ թե հստակ թշնամու, այլ պրոցեսի հետ։ Այն վերաձևակերպում է կյանքի տեսակները՝ ստիպելով նրանց միաձուլվել, մուտացվել կամ տարրալուծվել նոր ստրուկտուրայի մեջ: Ֆիլմի մթնոլորտը կառուցվում է աստիճանաբար, սակայն մեթոդիկ կերպով ձևավորվող զգացողության վրա, որ «ես»-ի ծանոթ սահմանները դադարում են գոյություն ունենալ:

Ֆիլմի կարևոր մասը կերպարների ներքին փոխակերպումն է: Նրանք գոտի են հասել սեփական տրավմաների, հարցերի ու խնդիրների հետ միասին, իսկ գոտին դառնում է այն հայելին, որն արտացոլելու է նրանց վախերն ու թուլությունները՝ փոխելով մարդկանց ֆիզիկապես ու հոգեբանորեն: Ֆիլմը տեղի ունեցողին որևէ վերջնական բացատրություն չի տալիս, այլ մեկնաբանության տեղ է թողնում հանդիսատեսին` ձևավորելով զգացողություն, որ գիտակցությունը կարող է լինել ոչ թե անփոփոխ երևույթ, այլ պարզապես միջավայրի ազդեցությանը ենթարկվող ժամանակավոր կոնֆիգուրացիա:

2. «Ժամանում» (Arrival, 2016)

«Ժամանումը» կենտրոնանում է մարդկային գիտակցությունից արմատականորեն տարբերվող գիտակցության հետ հաղորդակցության վրա։ «Առաջին կոնտակտի» սովորական պատմության փոխարեն, այն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է լեզվի նոր ձևը փոխել ժամանակի, սեփական անձի ու անձնական պատմության ընկալումը։ Լեզվաբանի աշխատանքի միջոցով ականատես ենք լինում ոչ թե գծային, այլ ամբողջական, տարածության ու ժամանակի մեջ որպես միասնական ստրուկտուրա աշխատող գիտակցության գոյությանը, ինչն արդեն իսկ ներմուծում է կոլեկտիվության և փոփոխված ընկալման թեման։

Անորոշ իրավիճակից դիվիդենտներ ստանալու փորձեր անող գերտերությունների ֆոնին, ֆիլմը ուսումնասիրում է մասնատվածությունն աշխարհում, որտեղ բոլորը գործում են միմյանցից առանձին՝ չնայած գլոբալ սպառնալիքներին։ Գլխավոր հերոսն աստիճանաբար հասկանում է, որ անհատի ​​գիտակցությունը կարող է գոյություն ունենալ ոչ թե որոշումների հաջորդականության, այլ ընդհանուր, անբաժանելի պատկերի ընդունման միջոցով։ Սա ֆիլմը մոտեցնում է «Պլուրիբուսին». գիտակցությունը որպես մի բան, ինչն ամբողջությամբ չի պատկանում առանձին մարդու։

3. «Մաշկի տակ» (Under the Skin, 2013)

Պատմության առանցքում մարդկային կերպարանք ընդունող արարած է, որը մարդկանց դիտարկում է գրեթե կլինիկապես` չհասկանալով հասարակության համար շարժիչ ուժ հանդիսացող էմոցիոնալ ստրուկտուրաները: Ֆիլմը չի բացատրում արարածի ծագումը կամ նպատակները, փոխարենը ցույց է տալիս մարդկային վարքագծային պատերնների «ընթերցումը» նրա կողմից։ Զուգահեռաբար, ֆիլմը քննարկում է գիտակցության տարրալուծման ու օտարացման թեման. դիտորդը հասարակությունը տեսնում է որպես կրկնվող ժեստերի ու մոդելների ամբողջություն` աստիճանաբար ներքաշվելով դրանց մեջ։

Ժամանակի ընթացքում արարածը կզգա ներքին տատանումների նման մի բան. ոչ թե լիարժեք էմոցիաներ, այլ անհատների և նրանց խոցելիության հետ փոխազդելու հետևանքը: Սա էլ, իր հերթին, լարվածություն կստեղծի արարածի սկզբնական «ֆունկցիայի» ու անհատականության ի հայտ եկող նշանների միջև: Ինչպես «Պլուրիբուսում», այստեղ նույնպես առկա է մարդկային գոյության նկատմամբ կոլեկտիվ, անդեմ մոտեցման և մարդուն մարդ դարձնող անկատարության, անկանխատեսելիության ու մեկուսացվածության միջև կոնտրաստը։

4. «Մնացորդները», (The Leftovers, 2014–2017)

Սերիալն ուսումնասիրում է կյանքը համաշխարհային անոմալիայից հետո, երբ մի ակնթարթում ու առանց որևիցե բացատրության անհետացել են միլիոնավոր մարդիկ։ Կենտրոնական թեման «սովորական» աշխարհի ու նոր իրականության միջև բացված ահռելի անդունդն է։ Այդ նոր աշխարհում շատերը մխիթարություն են փնտրում անհատականությունը ճնշող խմբերում: Որոշ աղանդներ կենտրոնացած են կոլեկտիվ լռության, էմոցիաների ժխտման ու մեկ ընդհանուր գաղափարի մեջ տարրալուծվելու թեմաներում, ինչը կոնցեպտուալ առումով բավականին մոտ է կոլեկտիվ գիտակցությանը։

Կերպարների պատմությունները ցույց են տալիս, ինչպես է արտաքին աղետը բերում ներքին փոփոխությունների, ու թե ինչպես են սոցիալական ստրուկտուրաները վերափոխվում անորոշության ճնշման տակ: Սերիալն աշխատում է ոչ թե պատճառների, այլ մարդկային վարքագծի, մոտիվացիայի, կորստի ու սեփական անձը վերստեղծելու փորձերի մակարդակով այնտեղ, որտեղ հասարակությունը նախընտրում է, որ այն անհետանա: Մարդկային հոգեբանության և «անհասկանալիին» արձագանքելու վրա շեշտադրումը սերիալը ոգով մոտեցնում է «Պլուրիբուսին»:

5. «Ծրագրավորողները», (Devs, 2020)

Սերիալը կենտրոնանում է տեխնոլոգիական ընկերության վրա, որի ստեղծած հաշվողական համակարգը հաջողությամբ մոդելավորում է իրականությունը ֆունդամենտալ օրենքների մակարդակով: Դետերմինիզմը հուշում է, որ ազատ կամքը կարող է պատրանք լինել, իսկ գիտակցությունը՝ կանխորոշված ​​ստրուկտուրայի մաս: Սա նման է «Պլուրիբուսի» թեմային, երբ անհատական ​​«ես»-ը բախվում է ուժերի հետ, որոնք քայքայում են անհատականությունն ու անհատին դարձնում ավելի մեծ մեխանիզմի էլեմենտ:

Սերիալում կերպարների անձնական պատմությունները միահյուսվում են քննարկման հետ այն մասին, թե ինչ է նշանակում լինել անհատ, եթե ամեն ինչ ֆիքսված պատճառների արդյունք է: Անհատական ​​որոշումների ու գլոբալ տեխնոլոգիական կամ փիլիսոփայական ուժերի միջև բախումը զարգանում է աստիճանաբար, առանց կտրուկ շրջադարձերի՝ ստեղծելով լարվածությունը մարդկային վարքագծի դիտարկման, այլ ոչ թե հետևանքների միջոցով: Վերջիվերջո, «Ծրագրավորողները» դառնում է ուսումնասիրություն, թե ինչպես կարող են գիտակցությունն ու անհատականությունը ներծծվել այնպիսի մի համակարգի մեջ, որը մտածում է ավելի լայն ու խորը, քան ցանկացած առանձին արարած:

6. «Մարմիններ առևանգողների ներխուժումը», (Invasion of the Body Snatchers, 1978)

Ֆիլմը պատմում է այլմոլորակային կյանքի կողմից մարդկության աստիճանաբար կլանման մասին, որը կրկնօրինակում է մարդկանց ու զրկում անհատականությունից։ Պատմությունը ծավալվում է ոչ թե մասշտաբային տեսարանների, այլ ծանոթ կերպարների վարքային փոփոխությունների միջոցով, որոնք դառնում են լրիվ նույնանման` հանգիստ, անէմոցիոնալ ու անտարբեր։ Սա ձևավորում է տագնապային մթնոլորտ ոչ թե արտաքին թշնամու, այլ անորսալի զգացողության պատճառով, որ նորմալությունը քայքայվում է ու վերածվում նոր կոլեկտիվ կարգի։

Գլխավոր հերոսն աստիճանաբար հասկանում է, որ դիմադրությունը նշանակում է ոչ այնքան պայքար ֆիզիկական սպառնալիքի դեմ, որքան սեփական «ես»-ը պահպանելու փորձ հասարակությունում, որը, կարծես, նախընտրում է միատարր, անցավ գոյությունը։ Այս մոտեցման շնորհիվ ֆիլմը արդիական է նաև այսօր. այն ուսումնասիրում է, թե որքան հեշտությամբ կարող են մարդիկ զոհաբերել իրենց անհատականությունը անվտանգության կամ կոնֆլիկտների լիակատար բացակայության համար։ Հենց տարբերությունների անհետացումը՝ հօգուտ ընդհանուր մտածողության, ֆիլմը կոնցեպտուալ առումով մոտ է դարձնում «Պլուրիբուսին»։

7. «Կոհերենտություն» (Coherence, 2013)

Սյուժեն պտտվում է ընկերների սովորական խմբի շուրջ, որոնք պատահաբար բախվում են իրականության ստրուկտուրայի խախտման հետ։ Սկզբում տարօրինակությունները աննշան ու գրեթե առօրեական են թվում, սակայն աստիճանաբար պարզ է դառնում, որ զուգահեռ գոյություն ունի նույն խմբի մարդկանց մի քանի տարբերակ։ Պատմությունը կառուցված է իմպրովիզացիայի ու կենդանի ռեակցիաների վրա՝ ուժեղացնելով իրականության զգացումը, երբ կերպարները սկսում են կորցնել վստահությունը իրենց եզակիության նկատմամբ։

Ֆիլմն ինքնության թեման ուսումնասիրում է պարզ, բայց հզոր հնարքի միջոցով. ի՞նչ է մնում մարդուց, երբ գոյություն ունեն նրա տասնյակ տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը կայացնում է տարբեր որոշումներ ու վարվում է տարբեր կերպ։ Սա զուգահեռ աշխարհների մասին չէ ֆանտաստիկ իմաստով, այլ սեփական ներքին միջուկը կորցնելու վախի ու այն մասին, թե ինչն է յուրաքանչյուր մարդուն դարձնում յուրահատուկ։ «Պլուրիբուսի» հետ զուգահեռը ակնհայտ է մրցակցող «ես»-երի գաղափարում, որոնք աստիճանաբար տարրալուծվում են ընդհանուր քաոսի մեջ և կորցնում կայունությունը։

8. The OA (2016–2019)

Սերիալը սկսվում է որպես անհետ կորած աղջկա մասին պատմություն, որը տարիներ անց վերադառնում է նոր անունով, տարօրինակ վարքագծով ու անորոշ հիշողություններով։ Աստիճանաբար սյուժեն ռեալիստիկ դրամայից անցում է կատարում իրականության այլընտրանքային ընկալման, բազմակի չափումների, չստուգվող ու չհաստատվող փորձառությունների ոլորտ։ Կենտրոնական գաղափարը անձնական փորձը և ներքին ճշմարտությունը պահպանելու փորձն է, անգամ երբ մարդիկ այն պատրանք են համարում։

Սերիալը ուշադրության կենտրոնում է պահում այն, թե ինչպես կարող է կոլեկտիվ փորձառությունը ձևավորել խումբ ու ջնջել այդ խմբի մասնակիցների միջև սահմանները։ Կերպարներն աստիճանաբար սկսում են գործել որպես միասնական օրգանիզմ, չնայած յուրաքանչյուրը պահպանում է իր սեփական վախերն ու կասկածները։ Անհատականի ու կոլեկտիվի այս խառնուրդը ստեղծում է անձնական ազատության ու համատեղ ստրուկտուրայում ներգրավված լինելու միջև տատանվելու զգացողություն` սերիալը համահունչ դարձնելով «Պլուրիբուսի» հետ, որտեղ կոլեկտիվությունը նույնպես գործում է որպես գիտակցությունը կլանելու կամ վերափոխելու ունակ ուժ։

9. 3% (2016–2020)

Հակաուտոպիկ սերիալ աշխարհի մասին, որտեղ հասարակությունը բաժանված է երկու մասի. մեծամասնությունը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, մինչդեռ փոքր էլիտան վայելում է կյանքը արհեստականորեն կառուցված «կատարյալ» հասարակությունում: Այս հասարակության անդամ դառնալու համար մարդիկ անցնում են մի շարք փորձություններով, որոնք, ըստ էության, ստուգում են կանոններին ենթարկվելու, սպոնտանությունից ու անհատականությունից հրաժարվելու նրանց պատրաստակամությունը։ Այս համակարգի միջոցով սերիալը բացահայտում է այն մեխանիզմները, որոնք դանդաղ թուլացնում են անհատին ավելի լայն սխեմայի օգտին:

Մյուս կողմից, պատմությունը կենտրոնանում է նրանց վրա, ովքեր ձգտում են վերականգնել իրենց անկախ մտածողությունը ու դիմադրել գաղափարախոսական ստրուկտուրայի ճնշմանը: Կերպարները բախվում են հարցի. ի՞նչն է ավելի կարևոր՝ համակարգում հարմարավետ տեղավորվե՞լը, որտեղ թույլատրվում է լինել պարզապես մեքենայի մի մասը, թե՞ դրանից դուրս ապրելու ռիսկը՝ իր բոլոր թերություններով: Այս դիլեման ուղղակիորեն հատվում է «Պլուրիբուսի» գաղափարների հետ՝ ընտրություն անվտանգ, բայց անձնազուրկ միջավայրի և մարտահրավերներով լի, բայց ավտոնոմ գոյության միջև:

10. «Էքսպանսիան» (The Expanse, 2015–2022)

Չնայած սերիալն ընդհանուր առմամբ տիեզերական դրամա է, պրոտոմոլեկուլի սյուժեն ոգով հատկապես մոտ է «Պլուրիբուսին»։ Պրոտոմոլեկուլը օտար գիտակցության ձև է, որը գործում է ոչ թե որպես առանձին էակ, այլ վերափոխում է ստրուկտուրաները, ստեղծում նոր համակարգեր ու վերամշակում կենդանի օրգանիզմները՝ վերածելով դրանք մեկ ֆունկցիոնալ մեխանիզմի։ Դրա հետ բախվող կերպարներն ականատես են լինում, թե ինչպես են կյանքի ծանոթ ձևերը սկսում ենթարկվել մեկ ընդհանուր սկզբունքի՝ կորցնելով իրենց անհատական ​​նպատակներն ու դառնալով ավելի մեծ պրոցեսի մաս։

Միաժամանակ, սերիալը նկարագրում է, թե ինչպես են մարդիկ արձագանքում մի գիտակցության հետ փոխազդեցությանը, որը մտածում է համակարգերի, այլ ոչ թե անհատական ​​էակների մակարդակով։ Գաղափարը, որ գիտակցությունը կարող է գոյություն ունենալ ոչ թե որպես անհատ, այլ որպես բաշխված ստրուկտուրա, հստակ զուգահեռ է անցկացնում «Պլուրիբուսի» թեմաների հետ։ Կերպարները ստիպված են ընտրություն կատարել մարդկային էության կորստի վախի ու գիտակցության նոր տեսակի նկատմամբ հետաքրքրասիրության միջև, ինչը սերիալի այս հատվածը հատկապես համահունչ է դարձնում կոլեկտիվ գիտակցության կոնցեպտին։


🎬 Արման Գասպարյան / PAN