Իշխանության կոմպոզիցիան․ Ինչպես են պատմական գործիչներն արվեստի միջոցով կառուցել իրենց կերպարը
Հանրության համար առաջնորդը սոսկ անհատ չէ։ Նրա կերպարը բազմաշերտ ու բազմաթիվ տարրեր ունի՝ կեցվածքից ու կարգախոսից մինչև նրա հետ ասոցացվող գունապնակ։ Հեռուստատեսային բանավեճերից, նախընտրական հոլովակներից, ինստագրամյան reel-երից ու վիրուսային լուսանկարներից դեռ շատ առաջ տիրակալները, պետական գործիչներն ու հեղափոխականները հստակ հասկանում էին, որ առաջնորդը պետք է մարմնավորի իր գաղափարները, իշխանության իր թեզերն ու պատկերացումները։ Բանակներ առաջնորդելուց ու օրենքներ ընդունելուց շատ ավելի բարդ է ճանաչելի դառնալ մեկ ժեստի, հայացքի կամ աքսեսուարի միջոցով։ Բայց հաջողելու համար սա միշտ էլ պարտադիր պայման է եղել։ Ու սա լավ գիտեին բոլորը՝ Նապոլեոն Բոնապարտից մինչև Ստալին, Լինքոլնից մինչև Չերչիլ, Վիկտորյա թագուհուց մինչև Մուսոլինի։
Քաղաքական կերպարի ստեղծման գաղափարը շատ ավելի հին է, քան ժամանակակից քաղաքականությունը։ Թագավորներն իրենց դեմքերն էին դրոշմում մետաղադրամների վրա, կայսրերը քաղաքները լցնում էին արձաններով, հեղափոխականներն իրենց կերպարը վերածում էին պաստառների, իսկ բռնապետները հնարավոր ամեն տեղ տարածում էին իրենց դիմանկարները, մինչև որ պատկերը գրեթե կրոնական պաշտամունքի էր վերածվում։ Ժողովրդավարական առաջնորդները նույնպես ժամանակի ընթացքում սովորեցին այս հնարքները՝ պետք է բարոյական, հասարակ ու անկոտրում երևային։
Ու ամենևին էլ պատահական չէ, որ պատմական տարբեր ֆիգուրների և քաղաքական գործիչների դիմանկարներն ու լուսանկարները միշտ շատ ավելի խորը ուղերձ ունեն, քան կարող է առաջին հայացքից թվալ։ Զինվորական վերարկուն կարգապահության մասին կարող է հուշել, մուգ կոստյումը՝ լրջության, անգամ ծխամորճը, թագը ու շապիկը կարող են քաղաքական առասպելաբանության մաս դառնալ։ Ուստի առաջնորդի հանրային կերպարը միայն նրա կենսագրությունն ու գործերը չեն։
Հիմա այս ամենը քննարկենք մի քանի հստակ օրինակներով։ Եվրոպական պատմության մեջ քիչ դիմանկարներ կան, որոնք իշխանությունն այնքան վստահորեն են ներկայացնում, որքան Լուի XIV-ի 1701 թվականի դիմանկարն է։ Ֆրանսիայի թագավորն այստեղ պատկերված է այնպիսի շեշտադրումներով, որ դիտելիս ասես մի ամբողջ համակարգ տեսնես ու ոչ թե մեկ անհատ։ Արարողակարգային կոշիկներից մինչև կարմիր վարագույրն ու ծանր հագուստի գործվածքը՝ կտավում ամեն ինչ դասավորված է հստակ նպատակով, որևէ ավելորդ ու պատահական իր կամ գույն չկա։
Կտավն ուսումնասիրելիս արվեստաբաններից մեկը մի հետաքրքիր դիտարկում էլ է անում։ Դիմանկարի ստեղծման ժամանակ Լուի XIV-ը 60-անց էր, բայց նկարիչը որևէ կերպ տարիքը որպես թուլություն կամ տկարություն չի ներկայացրել։ Թագավորի դեմքը հասուն ու զուսպ է, կեցվածքը՝ ինքնավստահ։ Տարիքը միայն իմաստնություն է խորհրդանշում։ Լուի XIV-ը շատ լավ հասկանում էր, որ հանրային կերպարի ստեղծումը հստակ գործիք է։ Շարժումները, ծիսակարգերը, ճաշերը, արարողություններն ու անգամ հագուստը կառավարման մեխանիզմի մաս էին կազմում, և այս դիմանկարը պատկանում է հենց այդ նույն միջավայրին։
Երբ խոսում ենք տպավորիչ պատկերի ու ուժի ցուցադրման մասին, ապա Նապոլեոն Բոնապարտին պատկերած Ժակ-Լուի Դավիդի կտավը միանշանակ լավագույն օրինակներից է։ Ռազմական ավանդույթն արտացոլող այս պատկերը պատմականորեն ասոցացվում է կայսրերի, թագավորների և ռազմական հերոսների հետ։ Նկարիչը անուղղակիորեն Բոնապարտին կապում է նաև անցյալի մեծագույն զորավարների հետ, դե, իսկ ժայռերի վրա փորագրված անունները առաջնորդին դասում են համաշխարհային պատմության մեծագույն նվաճողների շարքին։
Կտավում ամեն բան ասես դեպի վեր է բարձրանում, լեռնային ճանապարհը ևս վեր է ձգվում։ Կոմպոզիցիան ռազմական լոգիստիկան վերածում է առասպելի։ Իրականում բանակները լեռները դժվարությամբ են անցնում, բայց այս պատկերում լեռները Նապոլեոնին բացարձակապես չեն «փոքրացնում»։ Նապոլեոնի կերպարի կերտման գլխավոր դասը հետևյալն է՝ ազդեցիկ լինելու համար պարտադիր չէ, որ քաղաքական դիմանկարը ռեալիստական լինի։ Ավելին՝ նրա ուժը հաճախ հենց «անիրական» թվալու մեջ է։ Ժակ-Լուի Դավիդի կտավում Նապոլեոնը փաստագրական հերոս չէ՝ առասպել է։
Անցում կատարենք դեպի 1800-ականներ։ Աբրահամ Լինքոլնի կերպարն ազդեցիկ է, որովհետև այն մերժում է փայլն ու շքեղությունը։ Ալեքսանդր Գարդների 1865 թվականի դիմանկարում Լինքոլնի հայացքը խիստ է, լուրջ, խորը կնճիռներով ու շատ իրական։ Լուսանկարը հայտնի է նաև պատկերի վրա երևացող ճաքի պատճառով, որն առաջացել էր վնասված ապակե նեգատիվի հետևանքով։ Բայց անգամ այդ ճաքը դիմանկարին հավելյալ շերտ է հաղորդել, դրան հուզական նշանակություն են տվել, իբրև Լինքոլնը փորձում է միավորել պառակտված երկիրը։
Ի տարբերություն արքայական դիմանկարների՝ Լինքոլնի կերպարը չի հենվում ոսկու, թավիշի կամ էլ զինվորական շուքի վրա։ Նրա ազդեցության հիմքում պարզությունն ու խստությունն է, որտեղ անգամ մեկ հայացքը ստեղծում է քաղաքական իշխանության մեկ այլ տեսակ, որը բարոյական լրջության վրա է հիմնված։
Առհասարակ, լուսանկարչությունը հսկայական դեր է խաղացել Լինքոլնի հանրային կերպարի ստեղծման ու կառուցման գործում։ Սա պատմական մի ժամանակաշրջան էր, երբ լուսանկարչությունը քայլ առ քայլ քաղաքական իմիջի ձևավորման առանցքն էր դառնում։ Սա օգնում էր քաղաքական գործիչներին մի փոքր ավելի մոտեցնել քաղաքացիներին, իրական ու «նրանցից մեկը լինելու» զգացումն ամրապնդել։
Իհարկե, լուսանկարչությունը չէր արտացոլում բացարձակ ճշմարտությունը. Կադրը, լույսը, դիրքն ու անգամ հայացքը նախապես հստակ որոշված էր։ Քաղաքական դիմանկարների դարաշրջանում սա կարևոր էր, քանի որ առաջնորդի դեմքն ու կերպարը պետք է դառնային խորհրդանիշ։ Սպանությունից հետո Լինքոլնի կերպարն է՜լ ավելի մոնումենտալ դարձավ, և լուսանկարները ճանապարհ հարթեցին արձանների, հուշահամալիրների, թղթադրամների և հավաքական հիշողության համար, որտեղ Լինքոլնի կերպարը քաղաքականից վերածվեց պատմականի։
Ուինսթոն Չերչիլի դիմանկարի պատմությունը շատ ավելի հետաքրքիր երանգներ ունի, որովհետև ունեցած ինֆորմացիան էլ ավելի շատ է։ Պատմական հայտնի լուսանկարի հեղինակը հայկական արմատներով լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է։ 1941 թվականին Չերչիլը ժամանել էր Օտտավա, նախատեսված էր ելույթ՝ հաայնքների պալատում։ Այդ ժամանակ, առանց նախապես պայմանավորվելու և համաձայնեցնելու, Կանադայի վարչապետ Մաքենզի Քինգը Չերչիլին առաջարկում է ֆոտոսեսիա կազմակերպել։ Հանկարծակի արված առաջարկը առաջին հայացքից Չերչիլին դուր չի գալիս, հետո որոշում է համաձայնել։
Չերչիլի կերպարը շատերի մոտ ասոցացվում է նրա սիգարով ու անգամ անսովոր կլիներ լուսանկարում քաղաքական գործչին առանց սիգար տեսնել։ Նա մի խիստ հայացք է նետում երիտասարդ լուսանկարչի կողմն ու սիգարը բերանում տեղավորվում լուսանկարի համար։ Առաջին կադրն արված է ու… անհաջող է։ Քարշը միանգամից զգում է, որ խնդիրը հենց սիգարի մեջ է ու Չերչիլին խնդրում է բերանից հանել սիգարը։ Քաղաքական գործիչն, իհարկե, չի համաձայնում, երևի մտքում նաև հարցնում է «ո՞վ է առյուծի կաթ կերած այս երիտասարդը»։
Ամեն դեպքում, Քարշի համար առավել կարևոր էր իր պատկերացրած կադրը ստանալը։ Դրա համար որոշում է իրավիճակը վերցնել իր ձեռքն ու պարզապես «խլել» սիգարը Չերչիլի բերանից։ Բայց «խլել» բառն այստեղ մի փոքր չափազանցված է, որովհետև մինչև վերցնելը Քարշը շատ քաղաքավարի կերպով հավելել էր՝ «Ես ներողություն եմ խնդրում»։
Չերչիլի բերանում այլևս չկար սիգար, բայց նրա դեմքին դաջված էին նախ անսպասելիության, հետո դժգոհության, իսկ վերջում արդեն «համակերպված» լինելու հայացքները։ Իսկ ավելի ուշ անգամ Չերչիլի համար էր հստակ, որ Քարշն իր մտքում տեսած կադրը ստանալու համար ոչինչ չի խնայի, ուր մնաց՝ անհանգստանա դիմացինին որևէ մասնագիտական «հրագանք» տալ։
Հենց այս լուսանկարն էլ դարձավ Յուսուֆ Քարշի հաջողության բանալին և երիտասարդ լուսանկարչին միանգամից ճանաչելի ու ընկալելի դարձրեց դաշտում։ Նկարի շուրջ անգամ հոդվածներ էին գրվում, Քարշը Չերչիլի դիմանկարը 100 դոլարով վաճառել էր «Life» ամսագրին, ու թեև հետո զղջում էր այս որոշման համար, բայց իրականում լուսանկարի արժեքը գումարի մեջ չէր, այլ այն ազդեցության, որ այն թողեց լուսանկարիչ Քարշի կենսագրության մեջ։ Ի դեպ, հետագայում Չերչիլի այս նկարը վերածվել է հուշային դրոշմանիշի, վրան էլ նշված է՝ «Լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ»:
Այսպիսով հերթական անգամ փաստենք, որ առաջնորդի հանրային կերպարը երբեք սոսկ արտաքինի մասին չէ։ Այն պիտի արտահայտի տվյալ ժամանակաշրջանի քաղաքական, սոցիալական ու հանրային իրականությունը, գործչի ուժեղ կողմերը, երբեմն՝ նաև խոցելի։
Քննարկված պատկերները տարբեր են, բայց մեկ ընդհանուր սկզբունք ունեն՝ իշխանությունը դեմք պետք է ունենա ու այդ դեմքը պիտի սկզբունք, արժեք, գաղափար փոխանցի։ Պալատների պատերին, մետաղադրամների ու պաստառների վրա, այսօր արդեն էկրաններին՝ նպատակը մեկն է՝ առաջնորդի հեղինակությունը դարձնել տեսանելի, ընկալելի, հուզական կապ ստեղծող։ Ահա, թե ինչու են կարևոր առաջնորդների դիմանկարները։ Փաստենք, որ դրանք վաղուց արդեն պատմության դեկորատիվ մնացորդներ չեն։ Ավելի շատ քաղաքական փաստաթղթեր են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հասարակությունները պատկերացնում ուժը, օրինականությունը, բարոյականությունը, հաղթանակը, կարգուկանոնը։