Կարդալիքներ PAN-ից
Today

Իշխանությունը խոշոր պլանով. հինգ քաղաքական ֆիլմ նրանց համար, ովքեր ուզում են խրվել դրա մեջ

Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք հերթական անգամ ցույց տվեցին, որ քաղաքականությունը որպես պրոցես ավելի հետաքրքիր է, քան քաղաքականությունը որպես արդյունք: Սա նաև լավ առիթ է հիշելու, որ կինոն վաղուց ու մանրակրկիտ կերպով զբաղվում է նրանով, ինչով քաղաքական գործիչները զբաղվում են ամեն օր՝ իշխանությամբ, դրա մեխանիկայով,  գայթակղություններով ու դրա դիմաց վճարվող արժեքով:

PAN-ը ներկայացնում է հինգ ֆիլմ, որոնք քաղաքականությունից ավելի տեղյակ են, քան քաղաքագիտության դասագրքերի մեծ մասը: Որոշները քաղաքականության մասին պատմում են սառը վերլուծական ճշգրտությամբ, մյուսները՝ անողոք հումորով, բայց բոլորն էլ նայվում են միանման` անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում ու ում օգտին ես քվեարկում:

1. «Նախագահի ողջ թիկնազորը», (All the President's Men, ռեժ. Ալան Պակուլա, 1976)

Պակուլայի ֆիլմը նրա մասին է, թե ինչպես է աշխատում լրագրողական հետաքննությունը որպես քաղաքական վերահսկողության մեխանիզմ, ու թե հատկապես ինչն է իշխանությանը դարձնում խոցելի։ Պակուլան ֆիլմը նկարել է Ուոթերգեյթից ընդամենը մի քանի տարի անց, երբ էմոցիաները դեռ չէին սառել, ու դրանով իսկ կարողացել է ավելի ճշգրիտ որսալ պատմության ոչ թե դրամատիկ, այլ պրոցեդուրալ կողմի էությունը։ Նրա ֆիլմում Վուդվորդն ու Բերնստայնը հերոսներ չեն, այլ միայն ֆունկցիաներ. նրանք զանգահարում են, կորցնում թելերը, սխալվում են, նորից են զանգահարում։ Քաղաքականությունն այստեղ այնպիսին է, ինչպիսին կա՝ ընդամենը փաստերի անվերջանալի ստուգում կիսամութ օֆիսներում։

Սկսնակ քաղաքական գործչի համար այս ֆիլմն օգտակար է հենց իր սառնությամբ։ Նիքսոնը գրեթե չի հայտնվում, փոխարենը շատ լավ երևում է, թե ինչպես է կառուցված այն համակարգը, որը թույլ տվեց, որ սկանդալը տեղի ունենա. լռության հիերարխիա, շրջանակային երաշխավորություն, վստահություն սեփական անխոցելիության մեջ։ Կոռուպցիան այստեղ գոյություն ունի ոչ թե որպես չարիք, այլ որպես կառավարչական սովորություն։ Իսկ փորձառու քաղաքական գործչին ֆիլմը կհիշեցնի, որ հեղինակության կորուստը սկսվում է առաջին հրապարակումներից դեռ շատ առաջ, ու որ ցանկացած հետաքննության մեջ ամենասարսափելին ոչ թե լրագրողներն են, այլ սեփական աշխատակիցները, որոնք ինչ-որ պահի սկսում են խոսել։

2. «Մարդ բոլոր ժամանակներում», (A Man for All Seasons, ռեժ. Ֆրեդ Ցինեման, 1966)

Թոմաս Մորը պատմականորեն անհարմար կերպար է ցանկացած գաղափարախոսության համար։ Նրան անհնար է դարձնել լիբերալ նահատակ, կամ էլ կոնսերվատիզմի խորհրդանիշ՝ առանց իր էությունը խեղաթյուրելու։ Ցինեմանի ֆիլմը դա հասկանում է ու չի փորձում ամեն ինչ պարզեցնել։ Ֆիլմում գլխավոր հարցը ձևակերպված է չափազանց ճշգրիտ. կոնկրետ ի՞նչը մարդը պատրաստ չի զիջել, երբ գիտի, որ չզիջելու դիմաց վճարելու է սեփական կյանքով։ Փոլ Սքոֆիլդի մարմնավորած Մորը ֆանատիկոս կամ իդեալիստ չի բառի տարածված իմաստով։ Նա իրավաբան է, հիանալի հասկանում է իշխանության մեխանիկան, կարողանում է մանևրել, ու, միևնույն է, հանգում է մի կետի, որից այն կողմ մանևրել չի կարելի։

Ֆիլմի քաղաքական արժեքը հենց երկխոսությունների մեջ է։ Այստեղ մանրամասն ու առանց բարոյախոսության պատկերված է, թե ինչպես է համակարգը ճնշում գործադրում՝ շողոքորթության, սպառնալիքների, փոխզիջումների առաջարկների միջոցով, որոնք առանձին-առանձին թվում են ողջամիտ, սակայն գումարային առումով նշանակում են կապիտուլյացիա։

Նորֆոլկի դուքսն, ով անկեղծորեն սիրում է Մորին ու լրիվ անկեղծորեն չի հասկանում, թե ինչու է վերջինս համառում, ֆիլմի լավագույն կերպարներից մեկն է, որովհետև մարմնավորում է ոչ թե չար դիտավորություն, այլ բարեխիղճ լոյալություն համակարգի հանդեպ։ Այդ տարբերությունը չար դիտավորության ու բարեխիղճ լոյալության միջև քաղաքականապես ավելի կարևոր է, քան թվում է։

3. «Ձետա», (Z, ռեժ. Կոստա-Գավրաս, 1969)

Երբ Կոստա-Գավրասը նկարեց իր քաղաքական թրիլլերը, ժանրը դեռ չէր կլիշեավորվել։ «Ձետան» 1963-ին Հունաստանում տեղի ունեցած քաղաքական սպանության քրոնիկոն է, որը մատուցված է դետեկտիվային տեմպով ու վավերագրական ճշգրտությամբ։ Ֆիլմն իրենից ներկայացնում է պետական բռնության անատոմիա. այստեղ չկան մոնոլոգներ վարող չարագործներ, փոխարենը բյուրոկրատներ են, զինվորականներ ու ոստիկաններ, որոնք իրենց գործն անում են մեթոդաբար ու առանց ավելորդ էմոցիաների։ Հենց այս անէմոցիոնալությունն էլ ֆիլմը դարձնում սարսափելի ու վերլուծական առումով արժեքավոր։ Քաղաքական սպանությունը ֆիլմում արտակարգ իրադարձություն չի, ընդամենը` վարչարարական որոշում։

Ֆիլմը կարևոր է նաև իր եզրափակիչ հատվածի տրամաբանությամբ. հետաքննությունը հաջողությամբ պարզում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ու հենց դրա պատճառով էլ այն արդեն իսկ դատապարտված է։ Հանցագործությունը կազմակերպած իշխանությունները ունակ են արգելափակել հետաքննության հետևանքները, ընդ որում` ոչ թե կաշառքի, այլ ինստիտուցիոնալ մեխանիզմների միջոցով։ Ցանկացած մակարդակի քաղաքական գործչի համար այս ֆիլմը հիշեցում է, որ իրավական գործիքներն աշխատում են միայն այն դեպքում, եթե դրանց շուրջ գոյություն ունեն բավարար քանակությամբ անկախ ինստիտուտներ։ Հեռացրեք մեկը, ու հաջորդն ինքնաբերաբար խոցելի կդառնա։

4. «Թեկնածուն», (The Candidate, ռեժ. Մայքլ Ռիչի, 1972)

Ռոբերտ Ռեդֆորդը խաղում է երիտասարդ իդեալիստի, ում փորձառու քաղտեխնոլոգները համոզում են առաջադրվել ակնհայտորեն պարտվողական տեղում հենց այն պատճառով, որ այն պարտվողական է. կարող ես ասել ինչ ուզում ես, կորցնելու բան չունես։ Ֆիլմը մանրակրկիտ ֆիքսում է, թե ինչպես է այս պայմանը դադարում գործել բուն ընտրարշավի ընթացքում։ Նախընտրական քարոզարշավի տրամաբանությունը սկսում է աշխատել. յուրաքանչյուր հաղորդագրություն մի փոքր պարզեցվում է, յուրաքանչյուր դիրքորոշում` մի փոքր հարթվում։

«Թեկնածուն» նախընտրական քաղաքականության մեխանիկայի մասին ամենաազնիվ ֆիլմերից մեկն է գոնե այն պատճառով, որ չարագործների գոյություն չի ենթադրում։ Քաղտեխնոլոգները չեն մանիպուլացնում հերոսին, նրանք անում են իրենց գործը, որն օբյեկտիվորեն կայանում է նրանում, որպեսզի առավելագույնի հասցնեն հաղթանակի հնարավորությունը։ Հերոսը չի դավաճանում իր համոզմունքներին, նա պարզապես ամեն անգամ երկու տարբերակից ընտրում է հենց այն մեկը, որը մի փոքր ավելի լավ է աշխատում մեդիատարածքում։ Պատահական չի, որ ֆիլմի եզրափակիչ հարցը՝ «Բո՛բ, բա հիմա ի՞նչ ենք անելու», քրեստոմատիկ է դարձել. սա այն հարցն է, որը համակարգը տալիս է յուրաքանչյուրին, ով հաղթել է նրան։

5. «Ստալինի մահը», (The Death of Stalin, ռեժ. Արմանդո Իանուչի, 2017)

Կատակերգությունն այս ցուցակում լիցքաթափվեկու համար չի։ Իանուչին նկարել է ավտորիտար քաղաքական մշակույթի մասին ամենաճշգրիտ ֆիլմերից մեկը` ընտրելով հենց ֆարսի ժանրը. այն թույլ է տալիս ֆիքսել համակարգի աբսուրդն առանց բարոյախոսության։ Բերիան, Խրուշչովը, Մալենկովը՝ բոլորն էլ միաժամանակ ծիծաղելի են ու մահացու վտանգավոր, և այս համադրությունը, որը լուրջ ժանրում երկար բացատրություններ կպահանջեր, այստեղ աշխատում է ինքն իրենով։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է գործում փոխանցման լեգիտիմ մեխանիզմներից զուրկ իշխանությունը. կոալիցիաների, բլեֆի, փոխադարձ շանտաժի ու ուժային ռեսուրսների նկատմամբ քաոսային վերահսկողության միջոցով։

Ֆիլմում ամենասարսափելին տեղի ունեցողի ճանաչելիությունն է խորհրդային կոնտեքստից դուրս։ Խորհրդակցությունը, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչ է մտածում գլխավորը, ու բոլորը նայում են միմյանց՝ փորձելով կռահել ճիշտ դիրքորոշումը, խորհրդային արտեֆակտ չի, այլ աղոտ կանոններով գործող ցանկացած ուղղահայաց համակարգի կառուցվածքային հատկանիշ։ Սկսնակ քաղաքական գործչի համար ֆիլմն օգտակար է որպես պատվաստում իշխանության գրավչության մասին պատրանքների դեմ։ Փորձառու գործչի համար՝ որպես հայելի, որում կարելի է փորձել գտնել մի քանի ծանոթ դեմք՝ ներառյալ սեփականը։