Արգենտինյան տանգոն, ԼԳԲՏ համայնքն ու այցը Հայաստան. Ֆրանցիսկոսը՝ բացառիկ պապ՝ բացառիկ որոշումներով
Ապրիլի 21-ին` Զատկի տոնից հետո, աշխարհի կաթոլիկների առաջնորդը հրաժեշտ տվեց կյանքին։ Առավոտյան ժամը 7:35-ին Վատիկանը հայտարարեց, որ 88-ամյա Ֆրանցիսկոս պապը «վերադարձել է Հայր Աստծո տուն»: Ընդամենը երկու ամիս առաջ՝ փետրվարին, նա հոսպիտալացվել էր թոքերի բորբոքումով, առհասարակ, վերջին շրջանում Հռոմի պապի առողջական վիճակը ծանր էր, բայց հոգևոր առաջնորդը չդադարեց ծառայել մինչև վերջին օրը:
Կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետն աննախադեպ էր բազմաթիվ առումներով. Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն էր, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից, առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին և միակը, ով ծառայեց, երբ իր նախորդը դեռ ողջ էր: PAN-ը պատմում է, թե ինչպիսին էր հակասական հայտարարություններով հայտնի Ֆրանցիսկոսը՝ մինչև կաթոլիկ աշխարհի առաջնորդ դառնալն ու դրանից հետո։
ԽՈՐԽԵ ՄԱՐԻՈ ԲԵՐԳՈԼԻՈՆ՝ ՄԻՆՉԵՎ ՊԱՊ ԴԱՌՆԱԼԸ
Խորխե Մարիո Բերգոլիոն ծնվել էր 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Արգենտինայի մայրաքաղաքում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում: Նա մանկապարտեզում «փոքրիկ դև» պիտակ էր ստացել միանձնուհիներից, իսկ պատանեկության տարիներին սիրում էր բիլիարդ խաղալ ու արգենտինական տանգո պարել:
Նախքան հոգևոր կյանք ընտրելը, նա մի շարք, մեկը մյուսից անսպասելի աշխատանքներ է ունեցել՝ գիշերային ակումբի դռնապանից մինչև քիմիական տեխնոլոգ։ Բայց ամեն ինչ փոխվել է 17 տարեկանում, երբ երիտասարդը՝ անցնելով Բուենոս Այրեսի Սան Խոսե դե Ֆլորես տաճարի կողքով, հանկարծ հասկացել է, որ այլ կոչում ունի: Սկզբում աստվածաբանության դասագրքերն անգամ թաքցնում էր մորից, քանի որ մայրը ցանկանում էր, որ որդին բժիշկ դառնա:
Ի դեպ, անգամ երիտասարդ տարիքում Բերգոլիոն առողջական լուրջ խնդիրների է բախվել։ 1957 թվականին, 20-ամյա Բերգոլիոյի թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում և բժիշկները հեռացնում են թոքի մի մասը՝ ծանր շնչառական վարակի պատճառով: Այս խնդիրները նրան ուղեկցում են ամբողջ կյանքում:
Այդուհանդերձ, 1958 թվականին Բերգոլիոն միանում է ճիզվիտների միաբանությանը՝ կաթոլիկ կազմակերպություն, որ հիմնված էր 1534 թվականին ռեֆորմացիայի դեմ պայքարելու համար, կաթոլիկ եկեղեցին ու Հռոմի պապի իշխանությունը մեծարելու համար։ 1969-ին Բերգոլիոն ձեռնադրվում է քահանա: 1973-1979 թվականներին ղեկավարում է Արգենտինայի ճիզվիտների միաբանությունը: 1992 թվականին ստանում է եպիսկոպոսի աստիճան, 1998-ին նշանակվում Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 2001 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդը նրան շնորհում է կարդինալի կոչում:
Մի փոքր էլ՝ Բերգոլիոյի՝ նույն ինքը Ֆրանցիսկոսի նախասիրությունների մասին։ Ինչպես կարելի է ենթադրել՝ նա ֆուտբոլի մեծ երկրպագու էր, իսկ նրա սիրելի «Սան Լորենցո» ակումբը 2014 թվականին մարզադաշտն անվանեց նրա պատվին: Նույն թվականին Սուրբ Պետրոսի հրապարակի մոտ գտնվող Վիա դելա Կոնչիլիացիոնե փողոցում նրա պատվին «զանգվածային» տանգո պարեցին, որովհետև կար ժամանակ, երբ պարելը, հատկապես արգենտինյան տանգոն, ևս պապի սիրելի զբաղմունքներից էր։
ՊԱՊ՝ ԲԵՆԵԴԻԿՏՈՍԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ
2013 թվականի մարտի 13-ին, Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո Բերգոլիոն ընտրվեց նոր պապ: Ի դեպ, Բենեդիկտոսը նախորդ 600 տարիների ընթացքում առաջին հովվապետն էր, որ հեռացավ աթոռից։ Այս որոշումը Ֆրանցիսկոսը ոչ միանշանակ է ընդունել, իր ինքնակենսագրականում ավելի ուշ գրել է, որ Բենեդիկտոսի հրաժարականը ցնցեց իրեն, և, որ ինքը խորհուրդ էր տվել Բենեդիկտոսին մնալ պաշտոնում։ Ֆրանցիսկոսը կարծում էր, որ պապի ծառայությունը ad vitam է՝ ցմահ, և դրանից հրաժարվելու որևէ արդարացում չկա։ Ինքն այդպես էլ արեց։
Պապ դառնալով՝ նա ընտրեց Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու, ով հայտնի էր աղքատների նկատմամբ գթասրտությամբ և կենդանիների հանդեպ բարությամբ: Այս անվան ընտրությունն արդեն իսկ ազդանշան էր, որ նոր պապը պատրաստվում է փոփոխությունների:
ՀԱՄԵՍՏ ԿԵՆՍԱԿԵՐՊ, ԱՐՏԱՌՈՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Ֆրանցիսկոսն անմիջապես հրաժարվեց պապական շքեղ պալատից՝ նախընտրելով ապրել Սուրբ Մարթայի տան համեստ սենյակում: Նա հրաժարվեց նաև օգտագործել պապական ամառային նստավայրը Կաստել Գանդոլֆոյում, ինչը նախորդ պապերը սովորաբար անում էին: Շքեղ մեքենաների փոխարեն նախընտրում էր պարզ ընտանեկան ավտոմեքենա, իսկ Վատիկանի շրջակայքում երբեմն շրջում էր 1984 թվականի Renault-ով, որն ինքն էր վարում: Դե իսկ ԱՄՆ այցելության ժամանակ նա ընտրեց Jeep Wrangler-ը՝ պապի ավտոմոբիլի փոխարեն։
Այս պարզ կյանքին նա սովոր էր ու սա ամենևին էլ «ցուցադրական համեստություն» չէր։ Երբ դեռ Արգենտինայում էր, նա ապրում էր Բուենոս Այրեսի կենտրոնի մի պարզ սենյակում, որը ցուրտ օրերին տաքացվում էր փոքրիկ վառարանով: Ամենօրյա ռեժիմը ևս պարզ էր, բայց հստակ։ Հռոմի պապն ամեն օր արթնանում էր առավոտյան ժամը 4-ին և պառկում քնելու երեկոյան 9-ին: Ճաշից հետո հատկացնում էր 45 րոպե հանգստի համար և թարմ մտքով շարունակում իր ծառայությունը։
Որոշները Ֆրանցիսկոսի հայացքներն ամբողջովին լիբերալ են անվանում, մյուսները կարծում են, որ այս պնդմանը պետք է վերապահումով մոտենալ։ Դեռ Արգենտինայում արքեպիսկոպոսի ծառայության ժամանակ նա հետևում էր ընտանիքի ավանդական պատկերացումներին՝ նկարագրելով այն որպես տղամարդու և կնոջ միություն, ընդգծելով դրա կարևորությունը, և դեմ արտահայտվելով միասեռական ամուսնություններին: Մի առիթով նա միասեռական ամուսնություններն անգամ «սատանայի քայքայիչ ծրագիր» էր անվանել և պնդել, որ երեխաները պետք է դաստիարակվեն մոր և հոր կողմից:
Սակայն, արդեն պապ եղած ժամանակ, Ֆրանցիսկոսն անսպասելիորեն աջակցեց ԼԳԲՏ համայնքի անդամների՝ քաղաքացիական միություններ կնքելու իրավունքին, թույլատրեց նրանց մասնակցել եկեղեցական խորհուրդներին (ընդունել մկրտություն, լինել կնքահայր), կոչ արեց ապաքրեականացնել միասեռական հարաբերությունները, իսկ 2016 թվականին նշեց, որ «հռոմեական կաթոլիկ եկեղեցին և շարքային քրիստոնյաները պետք է ներողություն խնդրեն համասեռամոլներից՝ նախկին վերաբերմունքի համար»:
2023 թվականին Ֆրանցիսկոսը պաշտոնական ուղեցույց հրապարակեց, որը թույլատրում էր կաթոլիկ քահանաներին օրհնել միասեռական զույգերին, քանի դեռ այդ օրհնությունները տարանջատված են ամուսնությունից: Նա նաև կոչ արեց ապահովել «քաղաքացիական իրավական իրավունքներ միասեռական զույգերի համար»՝ ասելով, որ ժամանակն է «հրաժարվել անցյալի կոշտությունից»: Այդ նույն տարում նա ասաց, որ «համասեռականությունը հանցագործություն չէ»։ Նրա պաշտոնավարման ընթացքում Վատիկանը նաև ուղեցույց հրապարակեց, որում ասվում էր, որ տրանսգենդեր մարդիկ կարող են մկրտվել և ծառայել որպես կնքահայրեր: Քրիստոնյաներն այս պնդումներն, իհարկե, ոչ միանշանակ ընդունեցին։
Ֆրանցիսկոսը կարևորում էր նաև կանանց դերը։ Դեռ 2013 թվականին Հռոմի պապը հայտարարել էր՝
«Կույս Մարիամը հավատացյալների համար ավելի կարևոր է, քան բոլոր կարդինալներն ու եպիսկոպոսները միասին վերցրած»։
2025 թվականի հունվարը նշանավորվեց մի կարևոր իրադարձությամբ. կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ կինը զբաղեցրեց Վատիկանի գերատեսչություններից մեկի ղեկավարի պաշտոնը: Իտալացի միանձնուհի քույր Սիմոնա Բրամբիլլան դարձավ Կաթոլիկ եկեղեցու կրոնական կարգերը վերահսկող բաժանմունքի ղեկավարը: Մինչ այդ Հռոմի պապն արդեն նշանակել էր կանանց Վատիկանի ղեկավար պաշտոններում, դե իսկ 2023 թվականի ապրիլին հայտարարվեց, որ կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ կանանց թույլատրվելու է քվեարկել Եպիսկոպոսների սինոդի գլխավոր ասամբլեայում:
ԲԱՑԱՌԻԿ ՊԱՊ՝ ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԵՐՈՎ
Պապական գահին գտնվելու ընթացքում Ֆրանցիսկոսը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները տարբեր դավանանքների և համայնքների հետ ամրապնդելու ուղղությամբ: 2015 թվականի սեպտեմբերին նա դարձավ առաջին պապը, ով ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում՝ կոչ անելով արգելել զենքի վաճառքը և աշխարհում վերացնել մահապատիժը:
«Իմ ծառայության սկզբից ես տարբեր մակարդակներում հանդես եմ գալիս մահապատժի գլոբալ վերացման համար։ Համոզված եմ, որ այս ճանապարհը լավագույնն է, քանի որ յուրաքանչյուր կյանք սրբազան է: Յուրաքանչյուր մարդ օժտված է անօտարելի արժանապատվությամբ, և հասարակությունը կարող է միայն շահել հանցագործության մեջ մեղադրվածների վերականգնումից»:
Նույն թվականին նա դարձավ առաջին պապը, ով այցելեց ակտիվ մարտական գործողությունների գոտիներ՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն, Քենիա, Ուգանդա։ Այցի ժամանակ նա այցելեց փախստականների ճամբարներ և խաղաղության կոչ արեց:
«Աշխատեք, աղոթեք և ամեն ինչ արեք հանուն խաղաղության: Հիշեք, որ խաղաղությունն անհնար է առանց սիրո, ընկերության և հանդուրժողականության»։
2021 թվականին, նա դարձավ առաջինը, ով պաշտոնական այց կատարեց Իրաք՝ հանդիպելով երկրի շիաների հոգևոր առաջնորդի հետ: Նրա անվտանգությունն ապահովում էին շուրջ 10,000 իրաքյան անվտանգության աշխատակիցներ:
2019 թվականին արդեն խրոնիկ ցավերից տառապող հովվապետը ծնկի իջավ և համբուրեց Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը: Այսպես նա շնորհակալություն էր հայտնում նրանց խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, որը վերջ դրեց երկրում 20-ամյա պատերազմին:
Ֆրանցիսկոսը բազմիցս խոսել է պատերազմի դեմ՝ վերջին տարիներին աշխարհում բռնկված հակամարտությունները բնութագրելով որպես ցրված «Երրորդ համաշխարհային պատերազմ»։
«Կանգնեցրեք զենքերը: Կանգնեցրեք ռումբերը: Կանգնեցրեք իշխանության ծարավը: Կանգ առեք, Աստծո անունով աղաչում եմ: Բավական է»։
Նոյեմբերին նա կոչ արեց հետաքննություն անցկացնել, թե արդյոք Գազայում Իսրայելի հարձակումները համապատասխանում են ցեղասպանության իրավական սահմանմանը: Մեկ տարի առաջ նա հանդիպել էր հակամարտությունից տուժած իսրայելական և պաղեստինյան ընտանիքների հետ, իսկ հետո Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ասել, որ իրավիճակը գերազանցել է պատերազմի սահմանները: Կատարվողն ահաբեկչություն է։ Նա նաև դատապարտել է ռուս-ուկրաինական պատերազմը՝ որակելով այն «դաժան և անիմաստ»։
Պապը բացառիկ էր նաև տեխնոլոգիաների հետ «ընկերություն անելու» իր կարողությամբ։ Չնայած պնդմանը, որ ինքը չի կարող օգտագործել համակարգիչ, Ֆրանցիսկոսը խոսում էր տեխնոլոգիաների օգուտների և վտանգների մասին: Որպես պապ, նա արմատապես վերափոխեց Վատիկանի հաղորդակցության համակարգը, ընդունեց սոցիալական մեդիան և նկարագրեց համացանցը որպես «Աստծո պարգև»: Սակայն նա նաև զգուշացրեց, որ համակարգչի վրա չափից շատ ժամանակ անցկացնելը «վնաս է հոգուն»:
Ֆրանցիսկոսն օգտագործում էր իր հարթակը և հնարավորությունները այլ կարևոր հարցեր բարձրացնելու համար ևս։ Կլիմայի փոփոխության հարցում նա հատկապես ակտիվ էր, մեղադրում էր աշխարհի առաջնորդներին «թուլության» մեջ, ինչի պատճառով խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլև ահագնանում է։
Որպես պապ, Ֆրանցիսկոսը հաճախ խախտում էր ավանդույթը՝ հրաժարվելով պապական պալատից, լվանալով բանտարկյալների և փախստականների ոտքերը և խոսելով կլիմայի փոփոխության, սոցիալական անհավասարության և չկարգավորված կապիտալիզմի վտանգների մասին: Նա խնդիրներ ուներ եկեղեցու ներսում պահպանողական ուժերի հետ։ Որոշ քննադատներ նրան մեղադրում էին կարեկցանքը հստակության հաշվին առաջնահերթ համարելու մեջ: Բայց Ֆրանցիսկոսի համար ողորմածությունը հավատի վերջնական արտահայտությունն էր:
ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
2016 թվականի հունիսի 24-ին Ֆրանցիսկոս պապը Հայաստան ժամանեց «Գալիս եմ որպես ուխտագնաց» ուղերձով՝ իր հետ աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցների հարյուր հազարավոր ընթերցողների ուշադրությունը բերելով այս տարածաշրջան: Հենց այդ պահին աշխարհը հետևում և արձանագրում էր կաթոլիկ քրիստոնյաների առաջնորդի ամեն քայլն ու խոսքը քրիստոնեությունն առաջին անգամ որպես պետական կրոն ընդունած երկրում, պապի խոսքով՝ աշխարհի «կարևոր ծայրամասերից» մեկում:
Հռոմի պապի Հայաստան այցի պաշտոնական կարգախոսն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված էին բիբլիական Արարատը և Հայաստանում քրիստոնեության տարածման պատմության խորհրդանիշները:
Ուշագրավ է, որ Հռոմի պապի այցի ժամանակ համաշխարհային լրատվամիջոցներում մեջբերվեցին Հայաստանին վերաբերող ամենադրական բառերն ու արտահայտությունները, որոնք հնչեցին նրա շուրթերից: Թվում էր, թե Հայաստան եկած Հռոմի պապը միայն տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով և նախատեսված արարողակարգով ու նախապես պատրաստված ելույթներով պետք է հանդես գար, բայց հավատարմագրված լրագրողների ուշադրությունը միանգամից գրավեց նրա «քաղաքական եզրույթի» օգտագործումը:
Նա աչքերը կտրեց պատրաստված տեքստից և արտաբերեց «ցեղասպանություն» բառը՝ «Մեծ եղեռնի» փոխարեն: Լրատվամիջոցները նկատեցին, որ Վատիկանի առաջնորդը չնայած այցի նախօրեին զերծ էր մնացել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, Հայաստանում չխուսափեց այդ բառի օգտագործումից:
Այցի արդյունքում աշխարհի խոշորագույն լրատվամիջոցներում (The New York Times, The Wall Street Journal, ABC News, Associated Press, BBC, իտալական Reppublicca, Italia Post, LaPresse, գերմանական Bild, Shpigel, Berliner-Zeitung, ֆրանսիական La Monde, L'Express, ռուսական Interfax, Rozbalt, Gazeta և այլն) «Հռոմի պապը արտասանեց «ցեղասպանություն» բառը Հայաստանում», «Հռոմի պապը դատապարտեց Ցեղասպանությունը» վերնագրերով հրապարակումները դարձան գլխավոր նորությունները:
Ֆրանցիսկոս պապը հաճախ է խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, աղոթել Արցախի ժողովրդի և խաղաղության համար, կոչ արել ազատ արձակել հայ գերիներին։
2025 թվականի ապրիլի 20-ին Ֆրանցիսկոսը վերջին անգամ հայտնվեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առջև: Ֆրանցիսկոսը կարծես նորովի սահմանեց, թե ինչ է նշանակում հոգևոր առաջնորդությունը 21-րդ դարում: Անկախ նրանից, Պապին կհիշեն որպես բարեփոխող, ապստամբ, թե հեղափոխական, փաստ է, որ կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապը պատմության ամենանշանակալի հոգևոր առաջնորդներից մեկն էր:
Իսկ որպես ամփոփում՝ ամենաանսպասելին։ Ֆրանցիսկոսի ճանապարհի ամենաարտասովոր կողմը, թերևս, այն էր, թե որտեղից սկսվեց նրա ուղին:
Խորխե Մարիո Բերգոլիոն 12-ամյա արգենտինացի տղա էր, որը սիրահարված էր իր դասընկերուհուն: Հենց այդ տարիքում նա նամակ գրեց աղջկան՝ առաջարկելով ամուսնանալ:
«Եթե չամուսնանաս ինձ հետ», - զգուշացրեց նա միայն դեռահասին հատուկ դրամատիզմով, - «ես կդառնամ քահանա»:
Աղջիկը մերժեց դեռահասին։ Այդ մերժումը, որքան էլ աննշան թվար այդ պահին, փաստորեն իսկապես շրջադարձային դարձավ թե տղայի, թե տարիներ անց աշխարհի կաթոլիկների համար։