18+ | Ամոթ, աբուռը կորցրած. Պոռնոգրաֆիկ կինոյի համառոտ պատմությունը
Համաձայն PornHub-ի 2023-ի ամփոփման, Հայաստանում ամենից շատ դիտում են այսպես կոչված reality կատեգորիայի պոռնոֆիլմեր։ Դրանցում սեռական ակտին, որպես կանոն, նախորդում են բեմադրված դրվագներ, երկխոսություններ, շատ թե քիչ սյուժե, այսինքն` այս կատեգորիայի ֆիլմերն աշխատում են հնարավորինս մոտ լինել իրական զույգերի, որոնք զբաղվում են իրական սեքսով։ Նույնն ընտրել է հարևան Վրաստանը, իսկ այ Ադրբեջանում նախընտրում են MILF կատեգորիան։
Հարյուր միլիարդավոր դոլարների ինդուստրիայի գոյությունը շատերը փորձում են չնկատել։ Այդուհանդերձ, այն սերում է կինեմատոգրաֆից, և կինոյի շատ անվանի դեմքեր նախկինում ու հիմա օգտագործում են պոռնոգրաֆիկ տեսարանները` իրենց գեղարվեստական ստեղծագործություններն ավելի արտահայտիչ դարձնելու համար։
PAN-ը պատմում է ամոթ, աբուռը կորցրած ինդուստրիայի կարճ պատմությունը։
Պոռնոգրաֆիկ ֆիլմերը գոյություն ունեն կինոյի առաջացման ժամանակներից։ Ու այս ոլորտի առաջամարտիկներն էին Ալբեր Քիրշներն ու Էժեն Պիրուն։ 1896-ին նկարահանված Le Coucher de la Mariée ֆիլմում (ի սկզբանե 7 րոպեանոց ֆիլմից պահպանվել է միայն 2 րոպե) գլխավոր հերոսուհին մերկ լոգարանում է։ Բնականաբար, այն մեծ աղմուկ էր բարձրացրել` հաշվի առնելով, որ 19-րդ դարի վերջին մարդկանց ճնշող մեծամասնության համար նմանատիպ շարժվող նկարները, որոնք ի ցույց էին դնում մերկ մարդկային մարմինը դինամիկայի մեջ, աներևակայելի լկտիություն էին։ Պատկերացնելու համար. նույն թվականին դուրս եկած «Մեյ Իրվինի համբույրը» (The May Irwin Kiss) ֆիլմում մի քանի վայրկյանով ցուցադրված շուրթերով համբույրի տեսարանը կինոդիտողները գնահատել էին որպես շոկային ու անպարկեշտ, իսկ կաթոլիկ եկեղեցին կոչ էր արել բարոյական ռեֆորմներ անցկացնել` նման բաներ այլևս թույլ չտալու համար։ Իսկ ինչո՞ւ. որովհետև այն ժամանակներում հասարակական վայրերում համբույրը կարող էր քրեական հետապնդման պատճառ դառնալ։ Սակայն մարդը համառ արարած է ու չի սիրում, երբ իրեն փորձում են սահմանափակել։ Այդ իսկ պատճառով, արդեն 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին համբույրների խոշոր պլաններով ու մերկ կանանցով ֆիլմերի քանակը սկսեց կտրուկ ավելանալ։ Ու քանի դեռ Եվրոպայում (մասնավորապես, Ֆրանսիայում ու Ավստրիայում. Գերմանիայում սեփական փորձերը արդեն գոյություն ունեին) սահմանափակվում էին զուտ այդքանով, պոռնոգրաֆիկ ֆիլմերի իսկական հայրենիք դարձավ Արգենտինան։
Հենց Բուենոս Այրեսի ու մյուս արգենտինական բնակավայրերի հասարակաց տները դարձան ընդհատակյա պոռնոարտադրության կենտրոն 20-րդ դարի սկզբին` ժանրը դնելով կոմերցիոն ռելսերի վրա։ Եվրոպացի ստեղծագործողները ժամանում էին Արգենտինա` իրենց հայրենիքում ցենզուրայից ու հետապնդումից խուսափելու համար, իսկ ֆիլմերը նախատեսված չէին տեղացի կամ մասսայական հանդիսատեսի համար. դա թանկարժեք զվարճանք էր եվրոպացի ապահովված խավի ներկայացուցիչների համար։ Նկարահանված ֆիլմերը նավով տեղափոխվում էին Ֆրանսիա, Անգլիա ու անգամ` Ռուսաստան` հանձնվելով անձամբ մասնավոր գնորդներին։ Արգենտինական El Satario ֆիլմը` նկարված 1907-1912թթ-ի միջև, առաջին անգամ էկրանին ցուցադրում է սեռական ակտի տեսարաններ, ընդ որում` տարբեր դիրքերով։
1920-ականներին ժանրը սկսեց տարածվել ահռելի արագությամբ։ Համր պոռնոգրաֆիկ կինոն ցուցադրվում էր հասարակաց տներում, իսկ 1960-ականներին նման ֆիլմերի ստեղծումը հասանելի դարձավ նաև ոչ պրոֆեսիոնալների համար։ Այդ ամենը` բանտում հայտնվելու իրական վտանգի ներքո, քանի որ պոռնոգրաֆիկ ֆիլմերի նկարահանումն ու տարածումը օրենքից դուրս էր երկրների մեծ մասում։ Ու ինչպես ցանկացած օրենքից դուրս ու մեծ եկամուտ ապահովող երևույթ` այն հայտնվեց կազմակերպված հանցավորության հովանու ներքո։ Ժապավենի մշակումը կապված էր զգալի ջանքերի ու ռեսուրսների հետ։ Ստուդիական հզորությունները, բնականաբար, անհասանելի էին, երևակման համար օգտագործվում էին լոգարաններ, իսկ պատրաստի ֆիլմերը հասցնում էին պատվիրատուին ձեռքից ձեռք կամ կոմիվոյաժերների միջոցով։
Մասսայական շուկայի ու հատկապես սիրողական տեսանյութերի տարածմանը 50-ականներին նպաստեցին 8մմ տեսախցիկներն ու ժապավենները։ Սակայն պոռնոգրաֆիկ ֆիլմերի իսկական ծաղկուն շրջանը տեղի ունեցավ 60-ականներին` Եվրոպայում. առաջին անգամ ժանրի ներկայացուցիչները սկսեցին բացահայտ պայքարել պետական ցենզուրայի ու օրենքների դեմ, ինչը տվեց իր արդյունքները։ Այսպես, 1969-ին Դանիան դարձավ առաջին պետությունը, որը չեղարկեց ցենզուրայի մասին օրենքը։ Նույն թվին նույնը տեղի ունեցավ Նիդերլանդներում. եկամտաբեր բիզնեսը, հայտնվելով օրինական դաշտում, բերեց իսկական պոռնոգրաֆիկ պայթյունի։ Ֆիլմերի արտադրությունը դրվեց հոսքագծի վրա. դրանք մաքսանենգ ճանապարհով սկսեցին տարածվել ամբողջ Եվրոպայով մեկ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, այստեղ ցենզուրայի դեմ փորձում էին պայքարել` ստեղծելով Մեծահասակների համար կինոյի ամերիկյան ասոցիացիան։ Դրա համար հիմք էր հանդիսացել Էնդի Ուորհոլի «Կապույտ ֆիլմ» (Blue Movie, 1969) ֆիլմը, որը բացահայտ պոռնոգրաֆիկ դրվագներով առաջին ֆիլմն էր` ցուցադրված սովորական կինոթատրոններում, չնայած մինչ այդ այս ժանրի ֆիլմերը լայն վարձույթում արգելված էին։ Ըստ էության, Ուորհոլի ֆիլմն ու Դանիայում և Նիդերլանդներում ցենզուրայի չեղարկումը սկիզբ դրեց այսպես կոչված պոռնոյի ոսկեդարին (1969-1984): Հաշվի առնելով, որ ցենզորները փորձում էին պայքարել ժանրի դեմ, առանցքային դարձավ 1973-ին Միլլերն ընդդեմ Կալիֆորնիայի գործը, որով ԱՄՆ Գերագույն դատարանը սահմանեց այսպես կոչված Միլլերի թեստը. այս եռակողմանի թեստը որոշում էր, թե արդյոք տվյալ նյութը անպարկեշտ բովանդակություն ունի` սահմանելով անպարկեշտության երկու տեսակ, որոնցից մեկը օրենքից դուրս էր, մյուսը` օրինական։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անպարկեշտ նյութերը սահմանվում են որպես նյութեր, որոնք միջին վիճակագրական մարդը, կիրառելով ժամանակակից հասարակական ստանդարտները, կհամարի ցանկասեր հետաքրքրություն առաջացնող; որոնք պատկերում կամ նկարագրում են ակնհայտ վիրավորական սեքսուալ վարքագիծ` հատուկ սահմանված նահանգի գործող օրենսդրությամբ; որոնք ընդհանուր առմամբ չունեն լուրջ գրական, գեղարվեստական, քաղաքական կամ գիտական արժեք։
80-ականներին, տնային տեսանագնիտոֆոնների հայտնվելու հետ մեկտեղ, ինդուստրիան բուռն զարգացում ապրեց, ծնվեցին առաջին պոռնոաստղերը։ VHS ֆորմատով նկարելը, չնայած պատկերի լրիվ այլ որակի, շատ ավելի էժան էր ու հարմար։ Ռեժիսորներից շատերը սկզբում չէին ուզում հրաժարվել ավանդական ժապավենից, բայց VHS ընտրածներին բաժին էր հասնում ինդուստրիայի եկամուտների առյուծի բաժինը, որովհետև սպառողների ճնշող մեծամասնությունը նախընտրում էր նոր ֆորմատը։ Արդյունքում, պոռնոն շատ արագ կինոթատրոններից տեղափոխվեց մարդկանց տներ։ Դա էլ իր հերթին վերջ դրեց բարձր բյուջեով ֆիլմերին, իսկ արտադրության էժանությունը թույլ տվեց ընդլայնել թեմատիկան` տարեկան նկարելով հազարավոր ֆիլմեր։ Դրան զուգահեռ, զգալիորեն աճեց նաև տնային սիրողական ֆիլմերի քանակը` VHS տեսախցիկների տարածման շնորհիվ։
Մնացածը արդեն հայտնի է։ 90-ականների վերջին պոռնոարտադրությունն ընտրեց DVD ֆորմատը` պատկերի ու ձայնի ավելի լավ որակի շնորհիվ։ Ապա այն տարածվեց համացանցում` մնալով ինտերնետում ամենամեծ եկամուտ ապահովող ոլորտներից մեկը։
Գլոբալ մասշտաբով պոռնոինդուստրիայի եկամուտները հասնում են տարեկան $100 մլրդի, ոլորտում աշխատում են հազարավոր դերասաններ, արտադրության անձնակազմի անդամներ։ Հիմնական արտադրողը Միացյալ Նահանգներն են, իսկ ինդուստրիայի սիրտը գտնվում է Լոս Անջելեսի Սան Ֆերնանդոյի հարթավայրում։ Ավանդաբար, պոռնոգրաֆիկ բովանդակությամբ ֆիլմերի միջին սպառող են համարվում հետերոսեքսուալ տղամարդիկ։ Այդ իսկ պատճառով, տիպիկ պոռնոգրաֆիկ ֆիլմը կենտրոնանում է կին դերասանուհու վրա այն դեպքում, երբ տղամարդ պարտնյորը սովորաբար առանձնահատկություններ չունի ու հանդես է գալիս որպես կինոդիտողի «վստահված անձ»։ Սակայն ժամանակի հետ նկատվում է կին հանդիսատեսների թվի աճ, ինչը ստիպում է ինդուստրիային ուշադրություն դարձնել նաև տղամարդ դերասանների սեքսուալիզացմանը։
Վերջապես, պոռնոգրաֆիկ կինոյում նկարահանվելը կապված է նաև որոշակի վտանգների հետ։ Այսպես, ֆիլմերում սեքսուալ գործողություններն ավանդաբար իրականացվում են առանց պահպանակի, ինչն ուղեկցվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ռիսկով։ 1986-ին տեղի ունեցած ՄԻԱՎ բռնկման հետևանքով ՁԻԱՀ-ից մահացավ մի քանի դերասան ու դերասանուհի։ Խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ում ինդուստրիայի յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է 30 օրը մեկ թեստավորվել, ինչը խիստ հազվադեպ դարձրեց ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը։