#մշակութաPAN
February 20

Քրիստոսակերպ Դյուրերը, նշաձև աչքերով Պիկասոն ու երկու Ֆրիդա. Ի՞նչ են պատմում ինքնադիմանկարները

Կերպարվեստը վաղուց արդեն ընկալվում է որպես մարդկային գիտակցության արտացոլման անփոխարինելի մի ձև, որը բազմաթիվ արտահայտչամիջոցներ ունի։ Եվ ինչը կարող է ավելի լավ բացահայտել մարդկային զգացմունքներն ու խոհերը, եթե ոչ դիմանկարները։

Մեզ ծանոթ դիմանկարներում գույների խաղի, լույս ու ստվերի, հստակ գծերի և աբստրակտ պատկերների միջոցով բացահայտվում են ոչ միայն բնորդները, այլև հենց նկարիչները։ Իսկ երբ կտավի վրա հենց նկարչի դիմանկարն է, ընկալման շերտերը տասնապատկվում են։

Սկսնակ նկարիչներից մինչև մեծ վարպետներ, նկարիչները միշտ էլ փորձել են ինքնադիմանկար ստեղծել, բայց միայն 15-րդ դարի կեսերի վաղ Վերածննդի ներկայացուցիչները սկսեցին առավել հաճախ պատկերել իրենց՝ որպես կտավի հիմնական գործող անձ։ Այդ ժամանակներից սկսած՝ Դյուրերից մինչև Ռեմբրանդ ու Կալո, ինքնադիմանկարը դարձել է բազմաթիվ նկարիչների առանցքային ուղղություններից։

ԱԼԲՐԵԽՏ ԴՅՈՒՐԵՐ

Ինքնադիմանկարը որպես առանձին ժանր ձևավորվեց Վերածննդի շրջանում, իսկ արևմտաեվրոպական Վերածննդի խոշորագույն անուններից մեկը՝ Ալբրեխտ Դյուրերը, առաջիններից էր, որ պատկերեց սեփական դեմքը ոչ թե «բազմամարդ» կտավի մեջ՝ ինչ֊որ անկյունում կամ կտավի փեղկերին, այլ որպես կտավի առանձին ու առանցքային կերպար։ Առհասարակ, Դյուրերը կարևորում էր դիմանկարները, որովհետև դրանք թույլ էին տալիս պահպանել ու փոխանցել մարդու կերպարը՝ ապագա սերունդներին։

Նկարչին նվիրված կենսագրական գրքերից մեկում մի հետաքրքիր փաստ էլ կա։ Դյուրերը գեղեցկադեմ տղամարդ էր ու սիրում էր կտավներում պատկերել իրեն, բայց դա չէր անում «դիտորդներին հաճոյանալու փառամոլ ցանկությամբ»։ Փոխարենն ինքնադիմանկարը նրա համար միջոց էր՝ ընդգծելու կյանքի տարբեր փուլերում իր կարգավիճակը։

Վերածննդի գերմանացի վարպետն ընդամենը 13 տարեկան էր, երբ նկարեց իր առաջին ինքնադիմանկարը։ Դյուրերը մի քանի ինքնադիմանկար է անում նաև երիտասարդ տարիքում։ 1493-ին ստեղծվում է նրա ամենահայտնի դիմանկարներից մեկը՝ «Ինքնադիմանկար տատասկափշով»։ Ասում են՝ այս ինքնադիմանկարը նշանավորում էր նկարչի անձնական կյանքում սկսված նոր փուլը, իսկ կտավը նվեր էր իր հարսնացուին։

Ալբրեխտ Դյուրեր, «Ինքնադիմանկար տատասկափշով»

28 տարեկանում Դյուրերը նկարեց իր ամենահայտնի ինքնանկարը, որն այսօր հաճախ անվանում են «Քրիստոսակերպ ինքնանկար»։ Այս տպավորիչ ու բարդ կտավը հեղափոխական էր մի քանի առումով։

Նախ՝ 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին, ինչպես նաև դրան նախորդող դարերում դիմահայաց պատկերով սրբապատկերներում ներկայացվում էր միայն Քրիստոսը։ Մյուսները հիմնականում պատկերվում էին պրոֆիլային կամ էլ ¾ դիրքերով։ Սա նկարչի կողմից իսկապես համարձակ քայլ էր։ Կտավում նկարչի ձեռքի շարժումը կարծես օրհնանքի ժեստ լինի։ Ինքնադիմանկարում գծերը համաչափ են, գունաշարը՝ մուգ։ Ի դեպ, սա Դյուրերի առաջին դիմանկարն էր, որն արված էր մուգ գույների մեջ։ Ինքնադիմանկարների մասին խոսելիս Դյուրերի այս համարձակ կտավն առաջիններից է, որ քննարկվում է արվեստասերների ու արվեստաբանների կողմից։

ԿԱՐԱՎԱՋՈ

Վաղ Վերածննդից անցում կատարենք դեպի վաղ Բարոկկոյի դարաշրջան, իսկ ավելի կոնկրետ՝ իտալացի գեղանկարիչ Կարավաջոյի արվեստին։ Կարավաջոն ինքնադիմանկարների սիրահար չէր, բայց նրա մի քանի կտավ ուշադիր զննելու դեպքում կգտնեք նաև նկարչի պատկերը։

Կարավաջո, «Երաժիշտներ», 1595 թ.

Բայց կա մի կտավ, որտեղ հանգամանքների բերումով հենց նկարիչն է պատկերված։ «Հիվանդ Բաքոս» կտավը համարվում է Կարավաջոյի վաղ շրջանի դիցաբանական թեմայով լավագույն ստեղծագործություններից։ Բնորդին վճարելու համար բավարար գումար չկար, հետևաբար նկարիչը ստիպված է լինում նկարել իր հայելային արտացոլանքը։ Լույսի և ստվերի դրամատիկ փոխազդեցությունն ամբողջովին պատկերում են Կարավաջոյի ոճի էությունը, որն առաջին հերթին հակադրությունների մասին էր։

Կարավաջո,  «Հիվանդ Բաքոս», 1593

Կտավում հիվանդությունից ապաքինվող տղայի մեջ տեսան գինեգործ Բաքոս աստծուն, բայց հետաքրքրականն այն է, որ կտավը շատ բան է պատմում հենց վարպետի՝ Կարավաջոյի մասին։ Այս կտավը կարծես ջնջում է իրականության ու դիցաբանության սահմանները, որտեղ Կարավաջոն ներկայացված է որպես գինեգործ աստված։ Ի դեպ, կա վարկած, որ հենց այս շրջանում նկարիչն առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Կտավում նրա աչքերը, ֆիզիկական վիճակն ու մաշկի գույնը ևս ամրապնդում են վարկածը։

ՌԵՄԲՐԱՆԴ ՎԱՆ ՌԵՅՆ

Ռեմբրանդը հոլանդական գեղանկարչության և համաշխարհային արվեստի մեծ անուններից է։ Նրա համար դիմանկարներն իր արվեստի գլխավոր արտահայտչամիջոցներից էին ու երևի դա է պատճառը, որ Ռեմբրանդին հաճախ ներկայացնում են որպես նկարիչ, որն իսկապես ունակ էր պատկերել մարդկային զգացմունքները, ապրումներն ու ներաշխարհը։

Ռեմբրանդն այն նկարիչներից է, ում թողած ժառանգության մեջ ինքնադիմանկարներ շատ կգտնեք։ Նրան էին վերագրում մոտ 90 ինքնանկար, ու թեև պարզվեց, որ դրանց մի մասի հեղինակը Ռեմբրանդի աշակերտներն են, նկարչի ինքնանկարների թիվը շարունակում է հասնել մի քանի տասնյակի։

Ռեմբրանդ վան Ռեյն, ինքնադիմանկար, 1628 թ.

Վարպետի այս բազմաթիվ ինքնանկարների ամենահետաքրքիր հետևանքն էլ երևի այն է, որ կտավներով կարողանում ես տեսնել, թե ինչպես է երիտասարդ նկարիչը դառնում հասուն տղամարդ, իսկ վերջում վերափոխվում ծերունու։ Այս կտավների մի մասը կեղծ-պատմական զգեստներով են ու կարծես Ռեմբրանդն ամեն անգամ ինքն իր համար ինչ-որ կերպար էր ստեղծում։

Ռեմբրանդ վան Ռեյն, «Ինքնադիմանկար թավշե բերետով և մորթե թիկնոցով» , 1634 թ.

Ռեմբրանդի ինքնանկարները նաև լավագույն օրինակն են, թե ինչպես էր նկարիչը կարողանում աշխատել լույսի ու ստվերի հետ։ Այս կտավները ստեղծելիս նա, անկասկած, ուսումնասիրել է իր դեմքի ուրվագծերը՝ որպես «ակադեմիական վարժություն», բայց ինքնանկարները նաև շատ բան են պատմում Ռեմբրանդի կյանքի մասին։ Սեր, կորուստ, սնանկություն. Իմաստային շերտերն այս կտավներում թույլ են տալիս ուսումնասիրել նկարչին՝ ամբողջովին տարբեր դիտանկյուններից։

Ռեմբրանդ վան Ռեյն, Ինքնադիմանկար երկու օղակով, 1660 թ.

ԳՅՈՒՍՏԱՎ ԿՈՒՐԲԵ

Գյուստավ Կուրբեն 19-րդ դարի ֆրանսիական ռեալիզմի հիմնադիրներից մեկն է։ Կուրբեի կտավներում դիմանկարները շատ են, իսկ նրա «Հուսահատ մարդը» ինքնադիմանկարն արվեստի պատմության ամենահայտնի ինքնանկարներից մեկն է։

Արվեստասերներին Կուրբեն ծանոթ է իր «չափազանց իրական» պատկերներով։ Նա նկարում էր այն, ինչ կա՝ առանց խտացված գույների, անբնական դիրքերի կամ էլ ուռճացված գեղեցկության։ Բայց հետաքրքիրն այն է, որ իր այս ինքնանկարը Կուրբեն արել է ռեալիզմի ալիքից առաջ ու արվեստաբանների գնահատմամբ ստացել է ռոմանտիկ ոճի ինքնադիմանկար։ Կտավին նայելիս, կարծես, սուզվում ես նկարչի լայն բացված աչքերի մեջ, իսկ նկարիչը, ասես, ուզում է դուրս ցատկել կտավին։

Գյուստավ Կուրբեն, «Հուսահատ մարդը», 1845 թ.

Սովորաբար դիմանկարն արտահայտնում է բնորդի հոգեբանական և էմոցիոնալ վիճակը։ Բայց այս դեպքում հստակ չէ՝ նկարում պատկերված հուսահատությունը նկարչի իրական հույզն էր, թե զուտ տեսական վարժություն։

ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

Վան Գոգի ստեղծագործական ժառանգությունը ևս մեզ փոխանցել է մի քանի տասնյակ ինքնադիմանկար։ Դրանք տպավորիչ են, ունեն համարձակ գույներ, դրամատիզմ ու ենթատեքստ։

Իր ինքնանկարների մեծ մասը Վան Գոգը նկարել է 1885-1889 թվականներին։ Ինչպես շատ այլ նկարիչներ, նա ևս կտավների մի մասը նկարել է, որովհետև չուներ բնորդներ, բայց ինքնանկարների մի մասն էլ նպատակաուղղված պատկերում են Վան Գոգի ապրումներն ու կյանքի որոշիչ փուլերը։

Վինսենթ վան Գոգ, ինքնադիմանկար, 1887 թ.

1887-ի փարիզյան շարքի ամենահայտնի ինքնադիմանկարներից է «Գորշ, թաղիքե գլխարկով» ինքնանկարը։ «Լավ կազմակերպված ռիթմիկ վրձնահարվածներով» այս կտավը նեոիմպրեսիոնիզմի տպավորիչ օրինակ էր, իսկ վարպետը նման գործերն անվանում էր «նպատակաուղղված» կտավներ։

Վինսենթ վան Գոգ, «Ինքնադիմանկար` գորշ, թաղիքե գլխարկով» 1887–88 թթ.

Վան Գոգի ինքնանկարներն էմոցիոնալ խիտ գունապնակ են ընդգրկում։ Նկարչի ֆիզիկական փոփոխությունները ևս արտացոլում են նրա կյանքի տարբեր շրջաններն ու իր էմոցիոնալ դաշտը։ Որոշ ինքնանկարներում Վան Գոգը սափրված է, մյուսներում՝ մորուքով, որոշ տեղերում ընդգծված է գունատ մաշկը, մյուսներում՝ դիտորդին ուղղված ուղիղ հայացքը։ Բայց ամենատպավորիչ ինքնանկարները վիրակապերով կտավներն են, որոնք արվել են ականջը կտրելուց հետո։

Վինսենթ վան Գոգ, «Ինքնադիմանկար վիրակապված ականջով և ծխամորճով», 1889 թ.

Հատկապես վերջին շրջանի աշխատանքներում հստակ ընդգծվում է նկարչի ծանր հոգեբանական վիճակն ու փոթորկված ներաշխարհը, բայց այս կտավները ոչ թե հուսալքության, այլ անձնական պայքարի մասին էին։ Եղբորը գրած նամակներում Վան Գոգն ասում էր, որ «նկարելով փորձում է բուժվել»։

Վինսենթ վան Գոգ, «Ինքնադիմանկար վիրակապված ականջով», 1889 թ.

Գումար խնայելու համար Վան Գոգը երբեմն ինքնանկարներ էր նկարում այլ կտավների հետևի մասում՝ այդկերպ խնայում էր թե՛ բնորդի, թե՛ թանկարժեք կտավի գումարը։ 2022 թվականի հուլիսին Շոտլանդիայի ազգային պատկերասրահի հավաքածուում հայտնաբերվեց այս թաքնված ինքնանկարներից ևս մեկը։

Վինսենթ վան Գոգ, թաքնված ինքնանկար

ՊԻԿԱՍՈ

Կուբիզմի հիմնադիրն ինքնադիմանկարների սիրահար էր, ու եթե անգամ նկարչի ինքնադիմանկարներից բացի նրա կտավներից ուրիշ ոչինչ չեք տեսել, ապա միայն դրանցով էլ հստակ կտեսնեք տարիների ընթացքում Պիկասոյի ոճի զարգացումն ու փոփոխությունները, նրա կիրառած տեխնիկան ու տեսությունները։

Պիկասոյի 1896 թվականի ինքնադիմանկարն արվել է, երբ նկարիչն ընդամենը 15 տարեկան էր։ Այս կտավում նա ներկայացել է ռեալիստական ոճով և տեսանելի վրձնահարվածներով։

Պաբլո Պիկասո, Ինքնադիմանկար, 1896 թ.

1906 թվականին, երբ Պիկասոն 24 տարեկան էր, նա ստեղծեց ինքնադիմանկար՝ հստակ էքսպրեսիոնիստական ոճով։ Այստեղ ընդգծված են նրա դեմքի պարզեցված գծերը, որոնք ակնհայտորեն չափազանցված են։

50 տարեկանում Պիկասոն ստեղծեց մի ինքնադիմանկար, որն արտացոլում է նկարչին այնպես, ինչպես նրան սովորաբար ճանաչում են։ Թղթի վրա ածուխով ստեղծված այս նկարում Պիկասոն իր արվեստանոցում է՝ ձեռքին վրձին և ներկապնակ: Նրա դեմքը խիստ աբստրակտ է, նշաձև աչքերը՝ կարծես մեկը մյուսի վրա։

Պաբլո Պիկասո, Ինքնադիմանկար, 1938 թ.

90 տարեկանում արված այս ինքնադիմանկարը վերջինը չէ, բայց ամենահայտնին է ու, կարծես, պայքար լինի մահվան դեմ։ Պիկասոն այս ինքնանկարը ստեղծել է մի քանի ամսում՝ մատիտով թղթի վրա նկարելով։ Դեմքի չափազանց վերացական պատկերը հիմնականում գունավորված է կանաչ ու վարդագույն գույներով։ Նրա աչքերը լայն բաց են՝ կարծես առերեսվում է այն իրականությանը, որ մահը մոտ է։

Պաբլո Պիկասո, Ինքնադիմանկար, 1972 թ.

Եվ վերջում՝ Պիկասոյի առաջին ու վերջին ինքնադիմանկարների այս համեմատությունն ամեն ինչ ասում է՝ բառերի փոխարեն։ Ամբողջովին այլ ոճ, այլ ապրումներ ու էմոցիաներ, այլ տեխնիկա և լուծումներ։ 15 տարեկան տղայից մինչև 90 տարեկան ծերունի. Այս կտավների արանքում մի ամբողջ կյանք կա։

ՖՐԻԴԱ ԿԱԼՈ

Մեքսիկացի նկարչուհու ինքնատիպ ոճն ու ձեռագիրը, ռեալիզմը երևակայականի հետ ձուլելու նրա մղումը հատկապես ընդգծված են նրա ինքնադիմանկարներում։ «Երկու Ֆրիդաները» կտավը Կալոյի ամենահայտնի կտավներից է։ Կրկնակի ինքնադիմանկար՝ սյուրռեալիզմի տարրերով, որ ուսումնասիրում է ինքնության և հուզական ցնցումների բարդ դինամիկան։

Ֆրիդա Կալո, «Երկու Ֆրիդաները», 1939 թ.

Կտավը ստեղծվել է նույն տարում, երբ նկարչուհին ամուսնալուծվել է Դիեգո Ռիվերայից։ Ֆրիդաները նստած են կողք կողքի ու սեղմել են միմյանց ձեռքերը։ Ֆրիդաներից մեկի հագին սպիտակ եվրոպական ոճով վիկտորյանական զգեստ է, մյուսը կրում է ավանդական Տեհուանա զգեստը։ Այս կտավի մեկնաբանությունները տարբեր են։

Կար վարկած, որ Կալոն այսկերպ ներկայացրել է իր արմատները։ Նա գերմանացի հոր և իսպանացի ու հնդկացի֊ամերիկացի մոր խառնուրդն էր։ Որոշ արվեստաբաններ կտավի ենթատեքստը վերագրում են նկարչի նախկին ամուսնուն ու փաստում, որ Դիեգո Ռիվերան պաշտում էր ավանդական զգեստ հագած Ֆրիդային ու ոչ մի կերպ չէր ընդունում եվրոպացի Ֆրիդային։ Կալոյի հիշողություններում կտավը մանկության երևակայական ընկերոջ մասին էր։

Ի դեպ, մեքսիկացի Ֆրիդայի ձեռքում նախկին ամուսնու դիմանկարն է պատկերված, եվրոպացի Ֆրիդայի ձեռքում՝ պինցետ, որը վնասել է անոթն ու սպիտակ զգեստի վրա արյուն է թափվել։ Այս անոթը կապում է երկու Ֆրիդաներին և նրանց սրտերը։

Կալոյի մեկ այլ տպավորիչ կտավ է «Ինքնադիմանկար՝ փշալար մանյակով և կոլիբրիով» աշխատանքը։ Սա ցավի և դիմակայության արտացոլումն է, ու փոխանցում է հուզական պայքարի չերևացող՝ բարդ կողմը։ Նրա պարանոցը ծակող փշերը խորհրդանշում են կյանքում հանդիպած իր մարտահրավերները, որոնց բախվել է մինչև կոլիբրիին՝ կյանքի ու ազատության խորհրդանիշին հանդիպելը։

Ֆրիդա Կալո, «Ինքնադիմանկար՝ փշալար մանյակով և կոլիբրիով, 1940 թ.

Իսկ ահա այս կտավում Ֆրիդան այնպիսին է, ինչպիսին նրան ոչ ոք չի տեսել։ «Կտրված մազերով ինքնադիմանկարում» Կալոն տղամարդու լայն կոստյում է հագել, մազերը կտրված են, ձեռքին մկրատն է, շուրջբոլորն էլ՝ սև մազեր։ Այս կտավը ևս արվել է ամուսնալուծության ֆոնին ու առաջին հերթին կապվում է հենց այն բարդ շրջափուլի հետ, որը նկարիչն ապրեց Ռիվերայից բաժանվելուց հետո։

Ֆրիդա Կալո, «Կտրված մազերով ինքնադիմանկար», 1940 թ.

ՄԱՐԻԱՄ ԵՎ ԵՐԱՆՈՒՀԻ ԱՍԼԱՄԱԶՅԱՆՆԵՐ

Ասլամազյան քույրերը հայ կերպարվեստի Ֆրիդաներն էին։ Նրանք կարծրատիպեր կոտրող նկարիչներ էին, որ չէին վախենում իրենց կտավներով բարձրացնել իրենց հուզող հարցերն ու հստակ դիրքորոշում հայտնել։ Երանուհի Ասլամազյանը հիմնականում ռեալիզմի ոճում էր ստեղծագործում, իսկ Մարիամի ստեղծագործական ոճը ժամանակի ընթացքում այլ երանգներ ստացավ։

Քույրերի կտավներում անհնար է չնկատել Ասիա և Աֆրիկա կատարած ճամփորդություններից ստացած ոգեշնչումն ու գույները։ Ասլամազյան քույրերի ինքնադիմանկարները նրանց տարբերվող ձեռագրի լավագույն ապացույցներից են։

Երանուհի Ասլամազյան, Ինքնադիմանկար «Երեք տարիք», 1974 թ.
Մարիամ Ասլամազյան, «Տարբեր տարիների դիմանկարներ» , 1976 թ.

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Եվ շարքն ավարտենք սարյանական փառահեղ գույներով։ Սարյանն ասում էր՝

«Դուք կարծում եք, թե դիմանկարը ստեղծելիս կարևորը նմանությո՞ւնն է։ Դա ամենահեշտն է։ Ամենադժվարն արվեստն է»:

Սա վերաբերում էր նաև նրա ինքնադիմանկարներին։ 1909-ին ստեղծված ինքնադիմանկարն օրինակ իր մեջ ամփոփում է մարդու ու բնության բացառիկ կապը։ Սարյանն այս կտավում կարծես ընդհանրացված կերպար լինի, որի դեմքն արտացոլված է արևի ճառագայթներով, իսկ կապույտ ու կարմիր շեշտված վրձնահարվածներն ընդհանրացնում են պատկերը։

Մարտիրոս Սարյան, Ինքնադիմանկար, 1909 թ.

Սարյանի ամենատպավորիչ ինքնանկարներից մեկն էլ ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի օրերին՝ 1942 թվականին։ Վրձինը ձեռքին, ուղիղ հայացքով և զուսպ ու լուրջ կեցվածքով Սարյանն այս կտավում պատկերել է նկարիչ-քաղաքացու իր կերպարը։

Մարտիրոս Սարյան, Ինքնադիմանկար, 1942 թ.

Նույն թվականին Սարյանը նկարել է նաև «Ինքնադիմանկար. Երեք հասակ» կտավը, որտեղ, կարծես, հայացք է նետում ապրած ամբողջ կյանքին ու նոր իմաստ տալիս եղածին ու գալիքին։ Աջ կողմում երազկոտ հայացքով երիտասարդ Սարյանն է, որ նայում է դեպի ապագան։ Ձախ կողմում Սարյանը հասուն տարիքում է և ուսումնասիրում է շրջապատող աշխարհը։ Կենտրոնում արդեն տարեց տղամարդ է, որի խորաթափանց հայացքն ուղղված է դիտողին։ Հետևի ֆոնին Հայաստանի բնապատկերներն են, իր տունն ու Արարատը։

Ինքնադիմանկարները երբեմն ինքնարտահայտման, երբեմն էլ պարզապես նկարելու տեխնիկան զարգացնելու ու հմտանալու գործիք են եղել նկարիչների համար։ Բայց բոլոր դեպքերում էլ դրանք արտահայտում են նկարչի անցած ճանապարհը, հուզական աշխարհն ու ներքին պայքարը։

Ինքնադիմանկարների բազմազանությունն էլ հերթական ապացույցն է՝ տեխնիկան ու ոճը, ժամանակաշրջանն ու ենթատեքստը կարևոր, բայց որոշիչ պայման չեն։ Վերածննդից մինչև ժամանակակից արվեստ, ինքնադիմանկարը պատկերում է այն, ինչն այլ կերպ տեսնել գուցե չհաջողվեր։


✍️ Նանե Մանուկյան / PAN