Կարդալիքներ PAN-ից
November 10

Սա մարդկանց տեղ չի. Պոստմոդեռնիստական «Գիշատիչը» միաժամանակ ուրախացնում է ու հիասթափեցնում

Մոտ քառասուն տարի առաջ` 1987թ-ին, մարտաֆիլմերի վարպետ Ջոն Մակտիրնանը նկարեց էտալոնային գիտաֆանտաստիկ մարտաֆիլմ` հորրորի էլեմենտներով։ Ջունգլիները հանկարծ կենդանություն առան ու հիշեցրին, որ անգամ եթե խարույկի մոտ նստածները պինդ տղամարդիկ են, պատերազմներում թրծված մարտիկներ, եղբայրներ, միևնույն է, թփերի մեջ թաքնված գիշատիչը կարող է ոչնչացնել բոլորին։ Դեռ հնագույն, նախնադարյան ժամանակներից մարդկությանը հետապնդող այս գենետիկական վախը` կապված ավար դառնալու հնարավորության հետ, Մակտիրնանի «Գիշատչում» (Predator) այնքան ցայտուն էր, որ առաջին հայացքից պարզ բանաձևը թափանցեց հանդիսատեսի անգիտակցականի ամենախորքերը` ամուր հաստատվելով այնտեղ։ Անողոք, դաժան մարտիկները հանդիպեցին էլ ավելի անողոք ու դաժան գիշատչի, ու միայն զարհուրանքի հետ անմիջական փոխազդեղությունը նրանցից մեկին անցկացրեց մետամորֆոզի ու էլ ավելի ահարկու գիշատչի վերածելու ճանապարհով։ Կարճ ասած, Մակտիրնանի ֆիլմը այնպիսի խորքային ու հիմնավոր ազդեցություն ունեցավ համաշխարհային մշակույթի ու մարդկանց գիտակցության վրա, որ վերածվեց անհասանելի մի գագաթի, որին ձգտելն անգամ սրբապղծություն է։

Իսկ անցած չորս տասնամյակների ընթացքում շատերն են փորձել` մեկը մյուսից անհաջող։ Ու երբ նյութը բաժին հասավ «Քլովերֆիլդ Լեյն, 10» (10 Cloverfield Lane, 2016) հիանալի կամերային թրիլլերի ռեժիսոր Դեն Տրախտենբերգին, վերջինս որոշեց անգամ չփորձել էլ հաղթահարել անհասանելի ու մահացու վտանգավոր Էվերեստը, այլ բավարարվել շատ ավելի համեստ լեռներով։

Երրորդ լեռը` «Գիշատիչ. Ամայությունը» (Predator: Badlands) էկրաններ բարձրացավ նոյեմբերի 6-ին. PAN-ը կիսվում է տպավորություններով։

Այլմոլորակային որսորդների ռասան` Յաուտջան, չի հանդուրժում թուլության ցանկացած դրսևորում։ Անգամ հայրը կարող է առանց աչքը թաթելու կյանքից զրկել սեփական որդուն` ֆիզիկապես կամ հոգեպես թույլ լինելու դեպքում։ Երիտասարդ որսորդ Դեկը ուզում է ապացուցել իր կլանին, որ ինքը բավարար ուժեղ յաուտջա է` կլանի լիարժեք անդամ լինելու համար ու ուղևորվում է հեռավոր ու խիստ վտանգավոր մոլորակ` որսի։

Դեռ մինչև ֆիլմի առաջին պրոմո նյութերը բոլորին հայտնի էր, որ սա լինելու է յուրահատուկ «պոստմոդեռնիստական» ինտերպրետացիա այն իմաստով, որ եթե նախորդ ֆիլմերում մարդիկ ավար էին ահարկու այլմոլորակային որսորդի համար, ապա այստեղ գլխավոր հերոսը ինքը` որսորդն է, ով ավար կլինի ավելի մահաբեր արարածների համար։ Երկրորդն, ինչ հայտնի դարձավ առաջին իսկ պրոմո նյութերից, այն էր, որ Disney-ը որոշել է վերականգնել «Գիշատչի» ու «Օտարի» (Alien) քրոսովերը, որովհետև ֆիլմում առկա է Weyland-Yutani կորպորացիան ու իր սպիտակարյուն անդրոիդները։ Երրորդ հանգամանքը հայտնի դարձավ միայն վերջերս. ֆիլմում բացարձակ ոչ մի մարդ չկա (մոլորակը այնքան մահաբեր է, որ մարդիկ այնտեղ մի րոպե անգամ կենդանի չեն մնա), իսկ ռեյթինգը PG-13 է։ Ֆիլմը նայելուց առաջ լավ կլինի մտքում պահեք այս երեք կարևոր հանգամանքները։

Նվիրված երկրպագուների մի մասին ֆիլմը կուրախացնի, մյուսներին` կհիասթափեցնի, կամ էլ երկուսը միաժամանակ։ Բայց առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի երկրպագու եք հենց դուք. եթե ձեզ համար Մակտիրնանի «Էվերեստից» այն կողմ աշխարհ չկա, դուք կհիասթափվեք։ Իսկ եթե երկրպագու եք ավելի լայն իմաստով` ներառյալ կոմիքսներն ու ընդհանուր տիեզերքը, ապա առիթ կունենաք թե նրա, թե նրա։

Սկսենք լավից։ Ֆիլմի մուտքը` մռայլ ու կոշտ, բավականին լավ արտահայտում է Յաուտջաների կոպիտ ու դաժան կենսակերպը, բարքերն ու ավանդույթները։ Հայրն է տնօրինում իր զավակների ապրելու իրավունքը ու առանց աչքը թաթելու կարող է հանգիստ սպանել նրանց։ Ցավոք, այս մոտեցումը ֆիլմի ընթացքում թուլանալու է։ Ընդհանրապես, հայրերի ու որդիների, ծնողների ու զավակների, ծնողական վերահսկողությունից ազատվելու թեմաները առանցքային են ֆիլմի ընթացքում երեք զուգահեռ սյուժետային գծերի տեսքով։

Երկրորդ, սա յուրահատուկ «գլխիվայր շրջված» «Գիշատիչն» է, որում ինքը` գիշատիչը վերածված է ավարի. շրջվածությունն արտահայտվում է այլ ֆիլմերի առատ հղումներով` դրանք հայելային կերպով աղավաղելու ձևով։ Եթե Մակտիրնանի ֆիլմում Ալան Շաֆերը (Առնոլդ Շվարցենեգեր) ընկնում է ջրվեժը, այստեղ դա տեղի կունենա գիշատչի հետ; եթե այնտեղ Շաֆերն էր օգտագործում ջունգլիներից հավաքված ձեռքի տակ եղածը, այստեղ դա անում է գիշատիչը; եթե Ջեյմս Կեմերոնի «Օտարներում» (Aliens, 1986) Էլեն Ռիփլին ամբարձիչով կռվելու է քսենոմորֆների թագուհու հետ, ապա այստեղ ֆիլմի գլխավոր չարագործներից մեկն է լինելու ամբարձիչում և այլն։ Այսպիսի մոտեցումները բազմաթիվ են։ Դրան գումարած հերոսի «մոբիդիքյան» մոտիվացիան, «գործիքի» գաղափարը, բավականին խելամիտ սյուժետային շրջադարձները, «ոհմակի» առաջնորդի որակների փիլիսոփայական (ու խիստ ակտուալ) քննարկումը, ու ստանում ենք բավականին բազմակողմ, կարելի է ասել` խրատական պատմություն։

Բայց մենք «Գիշատիչը» նայում ենք ոչ խրատների համար, կասեք դուք ու ճիշտ կլինեք։ Դրան դեռ կանդրադառնանք։ Քանի որ խոսում ենք դրական կողմերի մասին, անհրաժեշտ է հիշատակել տպավորիչ ու հնարամիտ էքշնը, ինչպես նաև մահաբեր մոլորակի ֆլորայի ու ֆաունայի որոշ հետաքրքիր ներկայացուցիչների, որոնցից որոշների համար անգամ հորինել են բավականին ռացիոնալ սիմբիոտիկ հարաբերություններ։

Սակայն վերջինը հանցավոր քիչ է։ Այո, մենք անցանք բացասականին։ Ամենահետաքրքիր արարածները հայտնվում են մի քանի րոպեով ու անհետանում, ու դրանց քանակը այնքան էլ մեծ չի։ Իհարկե, իդեալական կլիներ այս դեպքում սերիալը, որը հնարավորինս կբացահայտեր մոլորակի ագրեսիվ ու յուրահատուկ կենսաբազմազանությունը, բայց դա պարտադիր չի։ Բավարար վարպետության դեպքում դա կարելի է անել նաև լիամետրաժ ֆիլմում` ինչպես ժամանակին արեց Պիտեր Ջեքսոնն իր փառահեղ «Քինգ Քոնգում» (King Kong, 2005): Ֆլորան ու ֆաունան օգտագործելը վերջին մարտում հրաշալի լուծում էր, բայց, կրկին, հանցավոր քիչ ու կարճ։ Ընդհանրապես, ֆիլմի քրոնոմետրաժը խնդրահարույց է։

Ու այստեղ մոտենում ենք գլխավոր խնդրին։ Ու խոսքը նրա մասին չի, որ որոշ պահեր (օրինակ լեզվի հետ կապված) անտրամաբանական են ու անհասկանալի, կամ որ ֆիլմի ֆինալը խիստ կցկտուր է, արագ ու առանց էմոցիոնալ հետհարվածի։ Գլխավոր խնդիրը այստեղ ահասարսուռ, վախենալու, անողոք գիշատչին, յաուտջային ֆիլմի ընթացքում աստիճանաբար «ղզիկացնելը», ավելի ու ավելի մարդկային, ոչ թե այլմոլորակային խտոնիկ և անհասկանալի ռասայի ներկայացուցիչ դարձնելն է։

Հենց այս ավելորդ «մարվելիզմը», թույլի` խնդիրները հաղթահարելու այս «հերոսական» ձգտումը, որ այդքան դուր է գալիս կինոքննադատներին, կարող է հերթական անգամ սպանել ֆրանշիզը, որովհետև այն հանկարծ մուտացվում է ու վերածվում սովորական միջին վիճակագրական մարտաֆիլմի, որոնք այնքան շատ են ու այնքան են զզվեցրել։ Տրախտենբերգը դեռ հնարավորություն կունենա վերադարձնելու Յաուտջաներին իրենց փառքն ու հզորությունը, եթե գունագեղության ու փափկեցման ուղու փոխարեն ընտրի կոշտությունն ու արյունը։ Ունենալ ոչ թե պրոտագոնիստ, այլ հակահերոս, ում հետ հանդիսատեսն ինքն իրեն կասոսացնի շատ զգուշորեն, ինչպես, օրինակ, Ուոլթեր Ուայթի կամ Թոնի Սոպրանոյի դեպքում։

Իսկ ընդհանուր առմամբ,  «Գիշատիչ. Ամայությունն» ավելի շատ լավն է, քան վատը։ Ուղղակի սա արդեն հին երկրպագուների տեղը չի։ Նոր սերունդը թելադրում է իր կանոնները` անկախ մեր փնթփնթոցից։

«Գիշատիչը». ինչպես մի լավ գաղափար կրակեց

Ջոն Մակտիրնանի «Գիշատիչը», որի գլխավոր դերում այն ժամանակ արդեն մեգաաստղ Առնոլդ Շվարցենեգերն էր, աշխարհին տվեց կինոյի պատմության ամենաազդեցիկ ու հիշվող այլմոլորակային արարածներից մեկին։ Անցած գրեթե 40 տարիների ընթացքում այլմոլորակային որսորդի մասին պատմությունը վերածվեց խոշոր ու կենսունակ ֆրանշիզի. սիքվելներ ու սփինօֆներ, քրոսովերներ քսենոմորֆի հետ, լայնածավալ կոմիքսներ ու որսորդների ռասայի` Յաուտջայի մանրակրկիտ մշակված միֆոլոգիա։

Պատմությունը սկսվեց պարզ, սակայն հզոր գաղափարից. էլիտար զինվորականների ջոկատը ջունգլիներում բախվում է ավելի դաժան ու զարգացած այլմոլորակային արարածի հետ, որի համար պատերազմներում թրծված պրոֆեսիոնալ մարտիկներն ընդամենը ավար են։ Սցենարիստներ Ջիմ և Ջոն Թոմասները, ռեժիսոր Ջոն Մակտիրնանն ու պրոդյուսեր Ջոել Սիլվերը գաղափարը վերածեցին կոշտ, լարված մարտաֆիլմի, որում հորրորն ու գիտական ֆանտաստիկան միախառնվում են գոյատևման մասին ֆիլմի հետ։ «Գիշատիչն» էկրաններ բարձրացավ 1987թ-ին` արագ զբաղեցնելով հորրորի էլեմենտներով թեժ մարտաֆիլմերի նիշան։

Հետաքրքիր արտադրական փաստ. ի սկզբանե գիշատչին պետք է խաղար Ժան-Քլոդ Վան Դամը, սակայն արարածի նախնական դիզայնը ոչ պրակտիկ էր, իսկ ջունգլիներում նկարահանումների ժամանակ կոստյումի մանևրությունն ու կայունությունը` ցածր։ Արդյունքում վերջնական կերպարի ստեղծմանը ներգրավեցին լեգենդար Սթեն Ուինսթոնին, ով էլ վերամշակեց դիզայնը` մանդիբուլներով ու դրեդանման «սանրվածքով»։ Դիզայնում կարևոր ներդրում է ունեցել նաև Ջեյմս Կեմերոնը, ով Ուինսթոնի հետ ինքնաթիռով զրույցի ընթացքում առաջարկել է մանդիբուլների գաղափարը։

Ֆիլմը զգալիորեն ուժեղացնող էլեմենտներից էր նաև երաժշտությունը։ Կոմպոզիտոր Ալան Սիլվեստրիի ստեղծած տագնապալի ու ռազմատենչ մոտիվը դարձավ ամենահիշվող երաժշտական դիմանկարներից մեկը։ Անհնար է լսել ու չհիշել գիշատչին։

Գիշատչի կերպարում առանցքային հաջողությունն ապահովեց օտարի ու ծանոթի համադրումը. որսորդի մարդանման սիլուետը, որի ֆիզիոլոգիան ակնհայտ ոչ մարդկային է (խոշոր ու տափակ գլուխ, ատամնավոր մանդիբուլներ, խորը դրված անմարդկային աչքեր, ահռելի հասակ ու մկանային զանգված)։ Սթեն Ուինսթոնը ու թիմը շեշտը դրեցին պրակտիկ անիմատրոնիկայի ու կոստյումի վրա (գիշատչին արդյունքում խաղաց ոչ թե Վան Դամը, այլ Կեվին Պիտեր Հոլը, ում հասակը կազմում էր 220 սանտիմետր), ինչի շնորհիվ արարածի ներկայությունը կադրում շատ ավելի ծանրակշիռ էր։ Տեխնիկապես հետաքրքիր էր նաև գիշատչի քողարկման հնարքը։ Ըստ լեգենդի, անտեսանելի դառնալու կարողությունը ֆիլմում ի սկզբանե մտածված չէր, սակայն նկարահանման նյութերի ուսումնասիրության ժամանակ բախվելով անհաջող կադրի, որում կերպարը հանկարծ անհետանում էր, Մակտիրնանը որոշեց դարձնել դա արարածի գլխավոր առանձնահատկությունը։ Առաջին ֆիլմերի համար կիրառվում էին օպտիկական ֆոտոքիմիական հնարքներ («բանալի» կարմիր կոստյում ու կոմպոզիտինգ), ավելի ուշ` համակարգչային գրաֆիկա։

Գիշատիչը ժամանակի ընթացքում դադարեց ուղղակի հրեշ լինել։ Նրա կերպարը կախարդել էր երկրպագուներին. բարդ զրահն ու գաջեթները (պլազմատիկ զենքը, HUD-ով դիմակը), գանգերի տեսքով ավար հավաքելն ու պատվի կոդեքսը (օրինակ, գիշատիչն անզեն մարդու չի սպանում) պարարտ հող էին միֆոլոգիայի ընդլայնման համար։

Օրիգինալի հաջողությունից հետո Ստեֆեն Հոփքինսը նկարեց «Գիշատիչը 2» (Predator 2, 1990) սիքվելը, որում որսորդը իր որսը կազմակերպում է արդեն քաղաքային ջունգլիներում` ապագայի (1997թ-ի) Լոս Անջելեսում։ Չնայած այս ֆիլմը ավելի դաժան ու արյունալի է, քան առաջինը, սկզբում այն հաջողություն չունեցավ, սակայն հետագայում դարձավ կուլտային։ Հետաքրքիր է, որ ֆիլմի ավարտին այլմոլորակայինների տիեզերանավում հեղինակները ավարների պատին կատակով ամրացրել էին նաև քսենոմորֆի գանգ։ Սակայն կատակը չափազանց լուրջ ընդունեցին, ու այն սկիզբ դրեց ամենահայտնի, միաժամանակ` ամենավիճելի քրոսովերին։

Այստեղից սկսած ֆիլմերի որակը անկում ապրեց։ Փոլ Անդերսոնի «Օտարն ընդդեմ Գիշատչի» (Alien vs Predator, 2004) քրոսովերը` անատամ ու անգույն, Սթրաուս եղբայրների «Օտարներն ընդդեմ գիշատչի. Ռեքվիեմ» (Aliens vs Predator: Requirem, 2010) սարսափելի միջակությունը, Նիմրադ Անթալի «Գիշատիչները» (Predators, 2010), նկարված Ռոբերտ Ռոդրիգեսի սցենարով, որում կային լավ լուծումներ, սակայն որը կրկին բավականին երկրորդային էր, ու, վերջապես, Շեյն Բլեքի «Գիշատիչը» (The Predator, 2018), որը ուղղակի ծաղր էր ֆրանշիզի հասցեին։ Բլեքը, ով 1987թ-ի ֆիլմում խաղացել էր գիշատչի առաջին զոհին` Հոքինսին, կարծես դրանով վրեժ էր լուծում։

Սակայն երեք տարի առաջ իրավիճակ փոխվեց, երբ Դեն Տրախտենբերգը նկարեց իր «Ավարը» (Prey, 2022), տեղափոխեց իրադարձությունները 18-րդ դարի սկզբի Ամերիկա, իսկ հրեշին դիմակայելու հանեց կոմանչների ներկայացուցիչ աղջկա։ Ֆիլմն արժանացավ բարձր գնահատականների կոնցեպտի նկատմամբ թարմ հայացքի համար։ Իսկ այս տարի ցուցադրվեց «Գիշատիչը. Սպանողներին սպանողը» (Predator: Killer of Killers) անիմացիոն անթոլոգիան` կրկին Տրախտենբերգի ղեկավարությամբ. երեք կարճ պատմություն, որոնք տեղի են ունենում անցյալի տարբեր ժամանակահատվածներում ու տարբեր վայրերում` արյունալի, դաժան, տպավորիչ էքշնով ու միֆոլոգիան հարստացնող լուծումներով։

Գիշատչի ամենահարուստ ընդլայնված կյանքը տեղի է ունեցել ոչ կինոյում. 1980-ականների վերջից Dark Horse Comics հրատարակչությունը ստեղծել է սկզբում Predator, ապա` Alien vs Predator կոմիքսների լայնածավալ շարք, որը արագ վերածվեց մշակութային ֆենոմենի։ Հենց կոմիքսներից են սկիզբ առել սյուժեները, աշխարհընկալումը ու գաղափարները, որոնք տեղ են գտել նաև գրքերում ու համակարգչային խաղերում։ Լիցենզիան երկար ժամանակ պատկանում էր Dark Horse-ին, սակայն 2021-ին քրոսովերների ու առանձին շարքերի իրավունքներն անցան Marvel-ին։

Կոմիքսներն ընդլայնեցին Յաուտջա ռասայի մասին պատկերացումները. կլանները, ծեսերը, որսորդների տարբեր տիպերը, ինչպես նաև տեխնոլոգիաների ու անատոմիայի տարբերակները։ Բացի այդ, առաջացան բազմաթիվ սյուժետային ճյուղավորումներ. քսենոմորֆների հետ հավերժական պայքարը, տարբեր դարաշրջաններում ու վայրերում մարդկանց որսը և այլն։ Դրա շնորհիվ այս տիեզերքը դարձավ ավելի ճկուն ու գրավիչ տարբեր ժանրային լուծումների համար։

«Յաուտջա» (Yautja) տերմինը հորինել են երկրպագուները, սակայն այն արագ դարձել է կանոնիկ` ամրագրվելով գրքերում ու կոմիքսներում որպես ռասայի անվանում։ Ընդլայնված տիեզերքում մանրակրկիտ մշակված են որսի մշակույթը, հիերարխիան, պատվի կոդեքսը ու արարածների վարիացիաները` տարբեր կլանների տեսքով։ Եթե կարճ` Յաուտջաները տեխնոլոգիապես զարգացած, ռազմատենչ ռասա է, ում մշակույթի կենտրոնական մասը ծիսական որսն է։

Եթե կոմիքսները հաճախ խորանում են դետալների մեջ` մանրամասներով Յաուտջայի լեզվի, կլանների խորհրդանիշների ու օրացույցային ծեսերի թեմաները, ապա կինոն ու խողերն այս ամենից վերցնում են միայն առանձին էլեմենտներ։ Այդ պատճառով, Յաուտջայի մասին պատկերացումները կինեմատոգրաֆիկ կերպարների ու կոմիքսների, գրքերի հեղինակների և երկրպագուների մշակած «ապոկրիֆային» միֆոլոգիայի խառնուրդ են։

Այնպես որ, կոմերցիոն ու մշակութային առումով ֆրանշիզը կայուն է. անգամ երբ ֆիլմերը արժանանում էին ցածր գնահատականների, մյուս մեդիումները պահպանում էին երկրպագուների հետաքրքրությունը։


🎬 Արման Գասպարյան / PAN