#մշակութաPAN
September 5, 2023

Ինչպես Վան Գոգը հոգեբուժարանում իրեն բանտում զգաց ու ինչու Գուստավ Կուրբեն քաղաքականությունից «գաղութ» գնաց  

Անշուշտ, համացանցում «բանտ» ու «արվեստ» բառերն իրար կողքի դնելով դուք գտնելու եք բազմաթիվ հոդվածներ այն մասին, թե որքան դրական է ազդում արվեստը դատապարտյալների վերասոցիալականացման, վարքագծի դրական փոփոխությունների ու բարելավման վրա։ Ասել է թե՝ արտ-թերապիա։ Բայց ճաղերից այս ու այն կողմ եղածը նաև իրենց՝ նկարիչներին է հուզել, նաև իրենք՝ նկարիչներն են այնտեղ եղել կամ զգացել իրենց։

Ռեմբրանդ, «Սուրբ Պետրոսը բանտում»
Գոյա, «Բանտի ներսը»
Պիտեր Պոլ Ռուբենս, «Հռոմեացի կնոջ հայրասիրությունը»

Շղթայված Անդրոմեդայից մինչև մի կին, ով բանտում կրծքով սեփական հորն է կերակրում՝ փրկելով սովամահությունից․ ճաղերից ու կապանքներից այն կողմ, թեման երբեմն գորշության մեջ էլ է ծաղկում։

PAN-ն այս անգամ պատմում է Վան Գոգի նկարած բանտի, այդ բանտում մի շրջանով պտտվող 33 տղամարդու ու Գուստավ Կուրբեի բանտարկության մասին։ Ի՞նչ է լինում, երբ արտիստն իրեն բանտարկված է զգում կամ բանտում գտնվում:

ՎԱՆ ԳՈԳԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՒՅՆ ՇՐՋԱՆՈՎ ՊՏՏՎՈՂ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԵՋ ԻՆՔԸ՝ ՆԿԱՐԻ՞ՉԸ

1890-ին Վինսենթ վան Գոգի կյանքի անհանգիստ շրջաններից մեկում արված այս կտավը, հավանաբար, առաջիններից է, որի մասին հիշում ենք բանտ ու բանտարկություն ասելիս․ 33 տղամարդ շրջանաձև պտտվում է բանտում։

Կտավի ստեղծման տարում նկարիչն արդեն Սեն Ռեմիում էր՝ հոգեկան առողջության խնդիրներով, ասում են՝ ճնշված և ծանր հոգվիճակում։

Վինսենթ վան Գոգ, «Բանտարկյալների զբոսանք», 1890 թ.

80x60 չափսի այս գործն իրականում Վան Գոգի ոգեշնչումներից մեկի վերարտադրությունն է․ նկարի «սկզբնաղբյուրը» ֆրանսիացի փորագրիչ, նկարիչ Գյուստավ Դորեի «Բանտարկյալների զբոսանք» գործն է՝ ստեղծված այս կտավից մոտ 20 տարի առաջ։

Ասում են՝ պատահական չէ, որ Դորեի այս փորագրանկարը Վան Գոգին հետաքրքրել է Սեն Ռեմիում անցկացրած օրերին ու, ասում են նաև՝ այն որոշ ինքնակենսագրական ու ինքնարտահայտման տարրեր ունի։ Նա սկզբնապես որոշել էր պատճենել Դորեի փորագրանկարը՝ յուղաներկով դրան գույներ տալով, իմպրովիզներ անելով, ապա Սեն Ռեմիի հոգեբուժարանում գտնվելու ընթացքում այնտեղից հեռանալու ցանկության սաստկացման հետ կտավն ամբողջական տեսքի է եկել։

Գուստավ Դորե, «Բանտում», 1872 թ.

Նկարում պատկերված են անվերջ թվացող շրջանում մի գծով ու գլխահակ պտտվող բանտարկյալներ, բանտային բարձր պատեր, կալանավորին անհասանելի պատուհաններ, հսկողի ծանր հայացք ու փախուստի «չարդարացվող» հույս․ չնայած այս շրջանում Վան Գոգն այլ նկարիչների աշխատանքներ էլ է վերարտադրել, բայց Դորեի գործին անդրադարձը լավագույններից է համարվում։

Ասում են նաև նկարների ու փորագրությունների շարքեր կրկնօրինակելու պատճառն այն էր, որ նկարիչը չէր կարող դուրս գալ՝ իրական աշխարհի հետ առնչվելու։

Բայց ուրիշ իրականության այս պատկերը՝ եզրագծված սառը քարերով ու քար անտարբերությամբ, հեռուն է տարել գործը մեկնաբանողների միտքը․ կարծիք կա, թե բանտարկյալների շրջանի մեջ պտտվող, առջևի պլանում դիտողի հետ մի թեթև կոնտակտի եկող շիկա-կարմրահերը հենց ինքը՝ Վան Գոգն է։ Ինքնանկար է սա, թե ոչ, ոչ ոք փաստել չի կարող․ այս վարկածը երբեք ծանրակշիռ փաստարկներով չի ապացուցվել կամ հերքվել։ Պտտվող ամբոխի մեջ, բայց այս բանտարկյալը միակն է, որ գլխարկով չէ, ոտքերը շրջանից մի քիչ շեղված են, ինչն ընկալվում է որպես հնարավոր հեռացման, շրջանը լքելու ցանկություն կամ նշան։

Իհարկե, պատկերն ի սկզբանե արտապատկերում կամ վերարտադրություն է՝ վանգոգյան վրձնով, բայց, ասում են` այս գործի վրա աշխատելիս Վան Գոգն իրեն հենց գերի ու բանտարկյալ է զգացել․ սա վրդովմունք էր ընդդեմ չորս պատի մեջ ապրելու, և շրջանաձև պտտվող բանտարկյալները խորհրդանշում են հենց հոգեկան առողջության հետ կապված խնդիրների կրկնվող շղթան։

«Բանտարկյալների զբոսանքը» Վան Գոգի կյանքի վերջին նկարներից է՝ վերջինը հարյուրավորներից, ստեղծված մահից 5 ամիս առաջ․ 1890 հուլիսի 29-ին նա 37 տարեկանում կյանքին ինքնասպանությամբ հրաժեշտ տվեց։

Դետալ «Բանտարկյալների զբոսանք» կտավից

Հետաքրքրական մի կարծիք կա կոնկրետ այս, բայցև արվեստի գործերի մասին առհասարակ․ ծեծված է հնչում, բայց ասում են՝ գործը կարող ենք մեկնաբանել փաստացի մեր իմացության, իմացածի շրջանակում, սակայն այն ավելին է: «Բանտարկյալների զբոսանքում» եղածը Վան Գոգի հոգեկան աշխարհի հետ կապելու, սոցիալական ասպեկտ դնելու (միջին խավի երեք բանտապահի անտարբեր հանգստությունը մի շրջանով զբոսնողներին), կամ պարզապես Դորեին կրկնելու մտքերը հավաքելով՝ այս գործը կարելի է գնալ-տեսնել Մոսկվայում՝ Պուշկինի անվան թանգարանում։

ԳՈՒՍՏԱՎ ԿՈՒՐԲԵՆ ՈՒ ԲԱՆՏԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՄՆԱՑԱԾ ԿՏԱՎՆԵՐԸ

Աշխարհի ռեալիզմով շոշափած ու Փարիզի կոմունայի «գարնանային իշխանության» մեջ սեփական ներդրումն ունեցած ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Գուստավ Կուրբեն նաև բանտ է ընկել։

Փարիզյան բանտը, որտեղ կես տարի պատիժ է կրել Գուստավ Կուրբեն

1871-ի մայիսի 28-ին, երբ ֆրանսիական բանակը վերջնականապես ճնշեց Փարիզի կոմունայի իշխանությանը, սոցիալիստ Կուրբեն պատժվողներից մեկն էր։ Ճիշտ է, նա ռազմական տրիբունայի առջև պնդել էր, թե հազվադեպ է մասնակցել Կոմունայի հավաքներին, այնուամենայնիվ, Սեն-Պելաժի բանտում Կուրբեի համար էլ 6 ամսով տեղ գտնվեց։

Նկարչին մեղադրում էին հանրահայտ Վանդոմի սյունը (La colonne Vendôme) ոչնչացնելու, կամ նման խորհուրդ կամ հրաման տալու մեջ։

Հռոմեական Տրայանոսի նմանությամբ կառուցված այս սյունը Փարիզի Վանդոմի հրապարակում կանգնեցվել էր որպես Բոնապարտիզմի խորհրդանիշ և քանդվել նույն այդ պատճառով։ Ասում են՝ այն հրապարակից հանելու միտքը հենց Կուրբեինն էր, բայց նա առաջարկել էր ոչ թե քանդել-տապալել, այլ պարզապես տեղափոխել։ Բայց խառը ժամանակներում սյունը քանդվեց, Նապոլեոնի արձանն էլ տապալվեց։ Ո՞ւմ բանտ տարան՝ Կուրբեին։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է՝ ինչ տեսք ուներ 51-ամյա նկարիչը բանտ գնալիս, այդ մասին էլ աղբյուր կա՝ վատառողջ էր ու գիրացած խմիչքն ու ուտելիքը չարաշահելու պատճառով։

Վանդոմի քանդված սյունը

Կես տարի բանտում անցկացրած նկարչի ձեռքերը, սակայն, կապված չեն եղել․ բանտային ամիսներին Կուրբեի ստեղծագործական կյանքը հարստացավ նատյուրմորտներով ու ճաղավանդակներով, այսինքն կտավի առիթ դարձավ այն, ինչ կարող էր ձեռքի տակ ու աչքի առաջ լինել։ Փորթլանդի արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջում մի գրառում կա Կուրբեի նախընտրությունների մասին․ թանգարանից ասում են՝ նկարիչը քիչ է հետաքրքրվել նատյուրմորտներով ու նկարել է դրանք հենց բանտային օրերում։

Կուրբեի մռայլ նատյուրմորտներն ավելի ուշ մեկնաբանվել են որպես բանտային գորշության, միայնության ու Կոմունայի անհաջողություններից հիասթափության սիմվոլներ և արտահայտություններ, միաժամանակ նշելով՝ «նկարելու ուրախություն կարող ենք նկատել անգամ ամենադեպրեսիվ հանգամանքներում»։

Կուրբեի բանտային նատյուրմորտներից, Լոնդոնի ազգային պատկերասրահ

Ասում  են նաև, որ Կուրբեն մի քանի անգամ դիմել ու նույնքան անգամ էլ մերժվել է, երբ խնդրել է իրեն մոդելներ տրամադրել մարդ նկարելու համար, կամ տանիքից լանդշաֆտներ նկարել։ Այսպիսով՝ մնում էին միրգն ու ծաղիկը։

Գուստավ Կուրբե, «Խնձոր, տանձ ու խաղող սեղանի վրա», 1871-1873 թթ․

Նատյուրմորտներից զատ նա հասցրել է բանտային կյանքին էլ կենդանություն տալ․ երկու երիտասարդ բանտարկյալի պատկերող այս նկարը ժամանակին տեղ էր գտել L’Autographe ամսագրում։ Ասում են՝ դատավարության ընթացքում մի որոշ համակրանք շահելու համար է նաև նկարվել։ Հետո այս գործը Կուրբեն նվիրել է Լեոն Բրիգոն անունով իր փաստաբանին․ վերջինս այն քչերից էր, որ համաձայնել էր պաշտպանել կոմունան ու Կուրբեին։

Կուրբեն բանտում ինքն իր կերպարի կողքով էլ անտարբեր չի անցել․ նաև ինքնանկար է արել 1872-1873 թվականներին՝ իրեն ճաղերի հետևում թողնելով, ինքնանկարի միակ պայծառ կետը՝ կարմիր շարֆը վզին։

Գուստավ Կուրբեի ինքնանկարը բանտից

1873-ին Կուրբեին պարտավորեցրել են կրել քանդված Վանդոմի սյունի վերակառուցման բոլոր ծախսերը, ասում են՝ նա վախեցել է կրկին բանտ ընկնել ու Շվեյցարիա է փախել, մինչդեռ Փարիզում նկարչի ունեցած-չունեցածը բռնագրավել էին ու 323,000 ֆրանկի տուգանք նշանակել։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN