Կինոյի ասիչները. Պրոդյուսերների տեսակները, ու ինչով են նրանք զբաղվում
Եթե սիրում եք ուշադիր կարդալ ֆիլմի թե սկզբի, ու թե վերջի տիտրերը, ապա նկատած կլինեք, որ սովորական պրոդյուսերի պաշտոնից բացի գոյություն ունեն նաև այլ տիպի պրոդյուսերներ։ Ու, հավանաբար, հետաքրքրվել եք, ինչո՞վ է զբաղվում նրանցից յուրաքանչյուրը նկարահանման հրապարակում, ինչով են այս պաշտոնները տարբերվում ու ինչո՞ւ մեկը առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։
PAN-ը պատմում է պրոդյուսերների չորս տիպի մասին, ում աշխատանքը կարևոր է ֆիլմի արտադրության որևիցե կոնկրետ ասպեկտում։
Գործադիր պրոդյուսեր/Executive Producer
Կրկեսի «ցար ի բոգը», Մեծն Բոսսը (երկուսն էլ մեծատառերով), գլխավոր ասիչը, ով, շատ հնարավոր է, երբեք չի իջնի սովորական մահկանացուների մակարդակին ու իր ներկայությամբ չի ուրախացնի նկարահանող խմբին, այլ իր պալատի պատշգամբից կհետևի, որ «սաղ տոշնի ըլնի»։
Գործադիր պրոդյուսերը ֆիլմի կնքահայրն է։ Հենց նա է գտնում անհրաժեշտ ֆինանսական միջոցները, բացում անհրաժեշտ դռները Հոլիվուդում, առաջարկում իր անունը` ֆիլմի նկատմամբ վստահության բարձրացման համար, իսկ երբեմն ուղղակի սիգարով ու վիսկիով հանգիստ բազմում է իր գահին խորհրդակցության սենյակում, քանի դեռ մյուսները պանիկայի մեջ պատեպատ են խփվում բյուջեի պատճառով։
Գործադիր պրոդյուսերի աշխատանքը ոչ թե նրանում է, թե «ժամը քանիսին նկարենք պայթյունի տեսարանը», այլ նրանում, արդյո՞ք ֆինանսական ու իրավաբանական տեսանկյունից ընդհանրապես հնարավոր է պայթյունի տեսարանը նկարել։ Նա նման է միապետի, ով հետևում է, որ թագավորությունը կնքի անհրաժեշտ դաշինքները, առևտրային համաձայնագրերը ու, իհարկե, բյուջե լինի առատ կերուխումների համար։
Երբեմն գործադիր պրոդյուսերը ստուդիայի ղեկավարն է, երբեմն` հայտնի մարդ, ով օգնել է ֆիլմին կանաչ լույս ստանալ։ Իսկ երբեմն գործադիր պրոդյուսերն այն «ձյաձ Գրիշն» է, ով անձամբ է իր անհատակ սեյֆից հանել ու տվել ֆիլմին անհրաժեշտ գումարը։
Իսկ ո՞վ է այդ դեպքում ուղղակի պրոդյուսերը։ Սովորական պրոդյուսերն այն մարդն է, ով պայքարում է քաոսի դեմ` վերածելով այն կապակցված ֆիլմի։ Եթե գործադիր պրոդյուսերը միապետն է, ապա պրոդյուսերը վարչապետ է, ով ամեն առավոտ գալիս է նկարահանման հրապարակ անելիքների հսկայական ցուցակով ու վերնաշապիկին թափված սուրճի բծով։
Պրոդյուսերը վարձում է ռեժիսորին, դերասաններին, նկարահանման խմբի մեծ մասին։ Նա թույլ չի տալիս, որ բյուջետային միջոցները վերածվեն մեծ խարույկի, հետևում է, որ նկարահանումներն ընթանան ըստ գրաֆիկի (կամ գոնե գրաֆիկին տեսանելիորեն մոտ)։ Պրոդյուսերը նաև բանակցություններ է վարում գրեթե բոլոր հարցերով` դերասանների հետ պայմանագրերից մինչև «իսկ պարտադի՞ր է, որ Բրեդ Փիթի խոհարարը սեփական թրեյլերն ունենա» տիպի թեմաներ։
Եթե գործադիր պրոդյուսերը զբաղվում է ռազմավարական հարցերով, ապա պրոդյուսերը մարտավարական դաշտային հրամանատար է, ով ձեռնածություն է անում տասնյակ այրվող ջահերով, այդ ընթացքում նստած լինելով հեծանիվի վրա, որը վարում է սուզվող նավի տախտակամածին` միաժամանակ պահպանելով գլամուր տեսքը։
Եթե ֆիլմը կրկես լիներ, գործադիր պրոդյուսերը կասեր. «Տղեք, ես գնեցի վրանը, գտա ներդրողների ու համոզեցի քաղաքի ղեկավարությանը չարգելել փղերին»։ Իսկ պրոդյուսերը կավելացներ. «Շատ լավ, ուրեմն ես պիտի կերակրեմ առյուծներին, մարզեմ ծաղրածուներին ու հետևեմ, որ կրակի հետ աշխատող ակրոբատները պատահաբար չայրեն ամբողջ քաղաքը»։
Երկու դերերն էլ կարևոր են։ Առանց գործադիր պրոդյուսերի կրկեսը չի լինի ընդհանրապես։ Իսկ առանց պրոդյուսերի կրկեսը կփլուզվի` վերածվելով թանկարժեք մոխրի։ Երկուսն էլ պետք են ֆիլմին։ Գործադիր պրոդյուսերը կարող է երբեք չհայտնվել նկարահանման հրապարակում, բայց առանց նրա ֆիլմը ֆինանսավորում չի ստանա։ Պրոդյուսերի պաշտոնը միգուցե այդքան գլոբալ չի, բայց առանց ճգնաժամերը մշտապես կառավարելու նրա աշխատանքի շոուն արագ կավարտվի։
Ի վերջո, եթե ուզում եք նրանցից որևիցե մեկին շնորհակալություն հայտնել նրա համար, որ ձեր սիրելի ֆիլմն իրականություն է դարձել, շնորհակալություն հայտնեք գործադիր պրոդյուսերին։ Եթե ուզում եք շնորհակալություն հայտնել նրա համար, որ ինչ-որ մեկի ջանքերով գլխավոր դերակատարը նկարահանման կեսից չի լքել նախագիծը, որովհետև իր թրեյլերը ոչ իր պահանջած գույնի էր, ապա շնորհակալություն հայտնեք պրոդյուսերին։
Կո-պրոդյուսեր/Co-Producer
Եթե գործադիր պրոդյուսերը արքայական հովանավորն է, պրոդյուսերը` խիզախ գեներալ, ապա կո-պրոդյուսերն այն մարդն է, ով գալիս է, «թևերը քշտում» ու ասում. «Լավ, ես կօգնեմ էս դաշնամուրը տեղափոխել, բայց ոչ մի պատասխանատվություն չեմ կրում, եթե այն ընկնի ձեր ոտքին»։
Կո-պրոդյուսերը, ըստ էության, արտադրական գործընկեր է։ Նրա պարտավորությունները շատ տարբեր են, բայց սովորաբար նա կիսում է պատասխանատվությունը ֆիլմի մի մասի նկատմամբ (օրինակ, զբաղվում է հետարտադրական պրոցեսներով, ընտրում նկարահանման լոկացիաներ կամ բանակցություններ վարում շատ վառ տեմպերամենտով առյուծի հետ)։ Կո-պրոդյուսերը միջամտում է, երբ նախագիծը այնքան մասշտաբային է ու բարդ, որ պրոդյուսերը միայնակ չի կարող լուծել բոլոր խնդիրները։ Երբեմն էլ նա կապող օղակ է բաժինների միջև, օրինակ` ֆինանսիստների ու ռեժիսորի, տեսլականի ու իրականության։
Պատկերացրեք դա այսպես։ Պրոդյուսերը փորձում է 200 հյուրի համար հինգ ուտեստից բաղկացած ընթրիք պատրաստել։ Գալիս է կո-պրոդյուսերը ու ասում. «Մի անհանգստացիր, ես կզբաղվեմ դեսերտով ու կհետևեմ, որ վեգանական ուտեստներում պատահաբար բեկոն չհայտնվի»։
Կամ, եթե ընտրենք ընտանեկան անալոգիա, կստացվի այսպես.
Գործադիր պրոդյուսերը հարուստ տատիկը կամ պապիկն է, ով ֆինանսավորում է ընտանեկան հանդիպումը ու պահանջում, որ այն անցկացվի ռեստորանում։
Պրոդյուսերը հայրիկը կամ մայրիկն է, ով ամեն ինչ կազմակերպում է. զանգում է ռեստորան, պատվիրում է սեղանը, հետևում է, որ Գնել քեռին հրավառություն չկազմակերպի։
Իսկ կո-պրոդյուսերը հորեղբոր որդին է, ով օգնում է. «Ես կզբաղվեմ երգերի ընտրությամբ ու կդիմավորեմ հյուրերին օդանավակայանում։ Բայց ինձնից մի պահանջեք պատրաստել 200 հյուրի համար»։
Ասոցացված պրոդյուսեր /Associate Producer
Եթե դուք երբևիցե տիտրերում նկատել եք Associate Producer կոչումը ու մտածել. «Մի րոպե... բա սա ինչո՞վ է զբաղվում», ապա միայնակ չեք։ Անգամ ինդուստրիայի մարդիկ են ուսերը թոթվում ու ասում. «Դե, կախված է հանգամանքներից»։
Դա նրանից է, որ ասոցացված պրոդյուսերը հոլիվուդյան ամենաճկուն մասնագիտություններից է։ Այն կարող է նշանակել մարդու, ով կատարում է շատ կոնկրետ, կարևոր աշխատանք (օրինակ, որոնում է իդեալական վայր նկարահանումների համար կամ բանակցություններ վարում շատ վատ բնավորություն ունեցող, սակայն խիստ տաղանդավոր կոմպոզիտորի հետ), կամ վերելք ապրող պրոդյուսերի, ով ստացել է հեռանկարով առաջին պաշտոնը, որը լավ կնայվի ռեզյումեում։
Ասոցացված պրոդյուսերը կարող է կոորդինացնել բաժինների աշխատանքը, զբաղվել փաստաթղթերով` կապված նկարահանումների օրինականության ու ապահովագրության հետ, լինել չգնահատված հերոս, ով հետևում է, որպեսզի ճաշին բոլորը ստանան իրենց բաժին սև ձկնկիթով ու կարագով հացը։ Նա կարող է լինել պրոդյուսերի աջ ձեռքը, ով զբաղվում է ամեն ինչով, բայց քիչ-քիչ` չվերցնելով իր վրա ամբողջ բեռը։
Այլ կերպ ասած, նա օգնական է կինոարտադրության պրոցեսում։ Շվեյցարական դանակ։ Դեր, որը կարելի է անվանել «դու մեզ շատ անհրաժեշտ ես, բայց վերցրու այ էս փայլուն թիթեղը ու բզբզա»։
Եթե գործադիր պրոդյուսերը գնում է շքեղ զբոսանավ, պրոդյուսերը վարում է զբոսանավը` անցնելով հսկա ալիքների արանքով ու միաժամանակ ճաշ պատրաստում թիմի համար, կո-պրոդյուսերը օգնում է կառավարել նավն ու ղեկավարում է շարժիչի հետ կապված գործընթացները, ապա ասոցացված պրոդյուսերը թիմում հուսալի մարդ է, ով կարողացել է կարկատել առագաստը, հանգստացրել է ծովային հիվանդություններից տառապող ստաժորներին ու ինչ-որ անհասկանալի ձևով օվկիանոսի մեջտեղում Wi-Fi կապ է գտել։
Ասոցացված պրոդյուսերի կոչումը նաև ոսկե ձեռքսեղմման հոլիվուդյան անալոգն է։ Երբեմն այն շնորհում են զուտ քաղաքական նպատակներով, օրինակ` ֆինանսավորում ստանալու հարցում աջակցության համար շնորհակալություն հայտնելու նկատառումներով, ինչը զգալիորեն նպաստում է անձի ինքնագնահատականի բարձրացմանը։ Այդուհանդերձ, անկախ նրանից, ինչով է զբաղվում ասոցացված պրոդյուսերը, նա, միևնույն է, նկարահանող խմբի անդամ է։
Գծային պրոդյուսեր / Line Producer
Եթե գործադիր պրոդյուսերը ֆինանսիստ է, պրոդյուսերը` հանճարեղ ինժեներ, կո-պրոդյուսերը` հավատարիմ օգնական, ասոցացված պրոդյուսերը` շվեյցարական դանակ, ապա գծային պրոդյուսերը առաջնագծում գտնվող մարդ է, ով ներխուժում է քաոսի մեջ ռացիան ու էլեկտրոնային աղյուսակները ձեռքին այնպիսի հայացքով, կարծես ասի. «Եթե թեկուզ մի դերասան էլ պահանջեց օրգանական հիմալայյան աղբյուրի ջուր, ես հեռանալու եմ»։
Գծային պրոդյուսերը պատասխանատու է ֆիլմի ստեղծման առօրյա աշխատանքի համար։ Նրան անվանում են «գծային», որովհետև նա բառացի կառավարում է «գծից ներքև» ծախսերը. այսպես են Հոլիվուդում անվանում այն ամենն, ինչ չի վերաբերում ստեղծագործական աշխատողների (դերասանների, ռեժիսորների, սցենարիստների) հոնորարներին։ Այսինքն, նկարահանող խմբի անդամների աշխատավարձերը, սարքավորումները, սնունդը, ուղևորությունները, ռեկվիզիտը, առյուծները, առյուծներ վարժեցնողները, առյուծներ վարժեցնողների արհմիությունները...
Գծային պրոդյուսերը սցենարը բաժանում է նկարահանման գրաֆիկի («Մենք չենք կարող միևնույն օրը պայթեցնել շենքն ու նկարել անկողնային դրվագը, եթե չեք ուզում, որ ես հայտնվեմ հոգեբուժարանում»), կառավարում է «գծից ներքև» բյուջեն, ինչպես կոֆեինից կախվածություն ունեցող հաշվապահ, վարձում է տեխնիկական թիմ, բանակցում մատակարարների հետ, ապահովում արտադրության անդադար լինելը։ Միևնույն ժամանակ, նա զբաղվում է առօրյա արտակարգ իրավիճակներում խնդիրների լուծմամբ. «Այրվել է գլխավոր դերասանի կեղծամը, կողուղաջրերը լցվել են նկարահանման հրապարակ, ինչ-որ մեկը գողացել է սառնարանի սենդվիչները»։
Պատկերացրեք գնդապետի, ով ստիպված է պլանավորել ճակատամարտը զինամթերքի սահմանափակ քանակության պայմաններում, զինվորների մոտ պահպանել բարձր մարտական ոգին ու հետևել, որպեսզի բոլորը սափրված ու մաքուր լինեն։ Գծային պրոդյուսերը հավասարապես հաշվապահ է, բանակցող, հրշեջ, հոգեբան ու սերժանտ-ինստրուկտոր։ Նա ոչ միայն քնում է էլեկտրոնային աղյուսակները ձեռքին, նա ապրում է այդ աղյուսակներում։ Իսկ եթե ֆիլմի պրոդյուսերը կամ ռեժիսորը հարցնի նրան եղանակի մասին, նա կպատասխանի. «Այսօրվա անձրևի պատճառով մենք կկորցնենք երեք ժամ ու 15 432 դոլար, 16 ցենտ»։
Ու կրկին կրկեսային անալոգիա` զրույցի տեսքով.
Գործադիր պրոդյուսեր. «Ես այնպես եմ արել, որ դուք կրկեսային վրանի գումար ունենաք»։
Պրոդյուսեր. «Ես վարձել եմ ծաղրածուներին ու ստորագրել թույլտվությունները»։
Կո-պրոդյուսեր. «Ես կզբաղվեմ առյուծների համարով, երբ ծաղրածուն գլուխը դնում է առյուծի երախը»։
Ասոցացված պրոդյուսեր. «Ես պատվիրել եմ լրացուցիչ փղեր ու փոփքորնի սարք»։
Գծային պրոդյուսեր. «Սաղդ ձեններդ կտրեք ու լսեք ինչ եմ ասում։ Առյուծները սնվում են ժամը երկուսին, ծաղրածուների ֆուրգոնը յուղ է թողնում, ու եթե մի փիղ էլ արտաթորի վրանի մեջտեղում, մենք կգերազանցենք բյուջեն միայն հավաքարարների հաշվին»։
Գծային պրոդյուսերը չի արժանանում փառքի, բայց հարցրեք ցանկացած պրոդյուսերի ու ռեժիսորի. առանց նրա ֆիլմը կտապալվի։ Հենց նրա շնորհիվ տեսախցիկն աշխատում է, նկարահանող խումբը ստանում է աշխատավարձերը, ու այս ամենը չի ավարտվում դատական գործերով։ Կարճ ասած, եթե պրոդյուսերը կրկեսի տնօրենն է, ապա գծային պրոդյուսերը նա է, ով կանգնեցրել է վրանը, կերակրել կենդանիներին, վճարել աշխատողներին ու, միևնույն է, բերել է գլխացավի դեղն ու ջուրը, եթե մի բան այնպես չի գնացել, ինչպես պլանավորվում էր։
Իրականում, վերոնշյալ բաժանումներն ու պարտականությունների սահմանումները պետք չէ ընդունել որպես բացարձակ օրենք, որը գործում է ամբողջ Հոլիվուդում: Կան ֆիլմեր, որոնց արտադրությանը ներգրավված են թե կո-պրոդյուսերներ, թե ասոցացված ու թե գծային պրոդյուսերներ, իսկ կան ֆիլմեր, որոնցում կո-պրոդյուսերը կատարում է նույն ասոցացված պրոդյուսերի պարտականություններն ու հակառակը, այնպես որ, երբեմն, այս պաշտոնները նույնացվում են: