Երբ գիտնականները մազերն են փետում. Ամենահակագիտական ֆիլմերի խայտառակ վեցյակը
Կինոյից կամ ցանկացած այլ գեղարվեստական ստեղծագործությունից ոչ ոք չի պահանջում բացարձակ գիտական ճշգրտություն։ Ի վերջո` գիտության լեզուն, հատկապես ճշգրիտ գիտությունների դեպքում, խիստ տեխնիկական է, ինչը դժվար է համակցվում մասսայական սպառման համար նախատեսված մեդիայի հետ։ Եթե անգամ խոսքը գիտական ֆանտաստիկայի մասին է, ճշգրիտ գիտական լինելը պարտադիր չէ։ Բայց ամեն ինչ ունի իր սահմանները. լինում են գիտաֆանտաստիկ ֆիլմեր, որոնք ակնհայտորեն թքած ունեն ցանկացած գիտական պատկերացման վրա։
PAN-ը պատմում է նման ֆիլմերի ամոթալի վեցյակի մասին։
Առավոտյան Թումակ անունով երիտասարդ քարանձավային մարդը, ով տարօրինակ կերպով նման է վատ խնամված ու չսափրված ժամանակակից մարդու, իրենց տան տղամարդկանց հետ գնում է որսի։ Հաջող որսից հետո Թումակը չի կարողանում կիսել ընթրիքը հոր ու եղբոր հետ, ինչի հետևանքով խայտառակ է լինում ու վտարվում հարազատ անձավից։ Դրսում ցուրտ է, անհարմար ու ամենուրեք դինոզավրեր են։ Բայց Թումակը կգտնի իրեն հարմար արիական ցեղախումբ` խնամված ոսկեծամ տղամարդկանց ու կանանց լիբերալ հասարակարգ, կսիրահարվի տեղի գեղեցկության մրցույթի հաղթող գեղեցկուհուն, կմաքրի հաշիվները թե դինոզավրերի, թե հոր ու եղբոր հետ, իսկ վերջում սերն անպայման կհաղթի։
Այսպես կարելի է նկարագրել 1966թ-ին էկրաններ բարձրացած «Միլիոն տարի` մեր թվարկությունից առաջ» (One Million Years B.C.) բրիտանական ֆանտաստիկ ֆիլմը, որը 1940թ-ի համանուն ֆիլմի ռեմեյքն է։ Ռեժիսոր Դոն Չեֆֆին ու սցենարիստ Մայքլ Կարերասն առանձնակի չեն կենտրոնացել ֆիլմից գիտական հավաստիության վրա, ինչի արդյունքում ունենք, թերևս, ամենահակագիտական ֆիլմերից մեկը։ Բայց սա, անխոս, իր ժամանակներում անմոռանալի տպավորություն էր` ոչ վերջին հերթին Ռեյ Հարիքաուզենի ցնցող վիզուալ էֆեկտների շնորհիվ։
- Այս ֆիլմը պրոֆեսորների համար չի ստեղծվել, ովքեր, միևնույն է, չեն գնում նման ֆիլմեր նայելու։
Իհարկե, Ռեյը ճիշտ էր։ «Միլիոն տարի` մեր թվարկությունից առաջ»-ը չէին նայում գիտական ճշգրտության համար։ Առաջին հերթին մարդկանց տպավորում էին հսկա սողունները, թեկուզ դրանք քիչ կապ ունեն իրականում ապրած դինոզավրերի հետ։ Այն ժամանակ կինեմատոգրաֆիստները այնքան էլ իրենց նեղություն չէին տալիս հնէաբանների հետ կապ հաստատելու հարցում (դա կանի հետագայում միայն Սթիվեն Սփիլբերգը)։ Իսկ դինոզավրերի մասին պատկերացումները տարբեր մարդկանց մոտ տարբեր էին. ֆիլմում կան տիտանական չափերի իգուան ու կրիա (ինչը չի եղել), տիրանոզավր ու տրիցերատոպս հիշեցնող արարածներ (ինչն ավելի մոտ է իրականությանը), սարսափելի մեծ թռչող սողուն` պտերոդակտիլ, որը կարող է մարդուն տանել... Հուսանք, ոչինչ չենք մոռացել։
Բայց հակագիտականությունը այս ֆիլմի դեպքում հիմնված է երկու խոշոր սյուների վրա։ Եթե չկենտրոնանանք անվանման վրա, մարդիկ ու դինոզավրերը ոչ մի կերպ չէին կարող հանդիպել։ Դինոզավրերի ժամանակ մարդու նախնիները դաշտամկան չափերի ու արտաքին տեսքի փոքր արարածներ էին. ոչ թռչնային դինոզավրերն անհետացել են մոտ 66 մլն տարի առաջ։ Մարդը իր ժամանակակից տեսքով (իսկ ֆիլմում մարդիկ ժամանակակից տեսք ունեն) առաջացել է մոտ 300 000 տարի առաջ` Աֆրիկայում։ 65.7 մլն տարվա տարբերություն։
Ինչ վերաբերում է անվանը։ Մեկ մլն տարի առաջ ոչ թռչնային դինոզավրեր չկային։ Ժամանակակից մարդ նույնպես չկար, փոխարենը` ապրում էր մարդու նախնին` Homo erectus-ը, որը այնքան էլ նման չէր ժամանակակից մարդուն, չէր բնակվում քարանձավներում, զբաղվում էր հավաքչությամբ ու երբեմն` որսով։ Բայց դա էական չի, որովհետև այս ֆիլմը գնահատում էին նաև գեղեցկուհի Ռաքել Ուելչի կլորությունների համար (Ուելչի պատկերով պաստառը Շոուշենկում Էնդի Դյուֆրեյնի փորած փախուստի թունելն էր փակում)։ Պատկերացրեք, Ռաքելի փոխարեն էգ Homo erectus. ո՞վ կնայեր նման ֆիլմ։
1966-ին նման սխալները ներելի էին, ինչը չի կարելի ասել 21-րդ դարի երկրորդ տասնամյակի, այն էլ` կուլտային ռեժիսորի մասին։ Լյուկ Բեսոնն ի ցույց դրեց իր սխալ յուրացրած գիտելիքներն ու այն, որ սիրում է ընթերցել հակագիտական դեղին մամուլ։ Հակառակ դեպքում, անգամ ամենաանտաղանդ գիտական խորհրդատուն Բեսոնին կբացատրեր, որ իր «Լյուսին» (Lucy, 2014) հակագիտական կինոհատակ է, որը ձևացնում է, թե ինքը գիտաֆանտաստիկ ֆիլմ է ու հարգում է գիտությունը` հիմար հակագիտական ֆրազների հետ միասին անընդհատ կրկնելով գիտության կարևորության մասին։
Ֆիլմի սկզբում Մորգան Ֆրիմանը (նույն Մորգան Ֆրիմանն, ով հիանալի գիտահանրամատչելի սերիալի պատմողն է) պրոֆեսոր Նորմանի դերում ուղղակի աներևակայելի հիմարություններ է խոսում լեփ լեցուն դահլիճի առաջ, ու ոչ ոք, բացարձակ ոչ ոք չի ասում պրոֆեսորին, որ եթե նման մարդը ուսանողներին դաս է տալիս ու հազարավոր էջեր հոդվածներ է գրել, ուրեմն ամեն ինչ կորած է։ Նախ, պրոֆեսորը հանգիստ ձայնով հայտարարում է, որ կյանքը Երկրի վրա առաջացել է մեկ մլրդ տարի առաջ։ Դժվար է ասել, թե որտեղից է Բեսոնը վերցրել այդ թիվը, բայց անգամ ցածր դասարանների դպրոցականներին է հայտնի, որ կյանքը առաջացել է Երկրի վրա մոտ 4 մլրդ տարի առաջ։ Ֆրանսիացի նշանավոր ռեժիսորը չի նկատել սենյակում գտնվող հսկա երեք մլրդ տարեկան փղին։ Նորմանը շարունակում է իր հիմարությունները, որոնց համար ցանկացած իրական գիտնականի կվտարեին հեռավոր Անտարկտիդա։
Դրանցից առավել ցայտունը, իհարկե, խիստ կպչուն ու կայուն գաղափարն է այն մասին, թե իբր մարդը օգտագործում է իր ուղեղի հնարավորությունների 1%-ը, 5%-ը, 10%-ը (ավելացրեք ցանկացած թիվ)։ Այս միֆի շնորհիվ են տարատեսակ շառլատաններ տիրանում մարդկանց ֆինանսական միջոցներին` խոստանալով բարձրացնել ուղեղի օգտագործման ցուցանիշը, դրա պատճառով է միջին վիճակագրական մարդը վստահ, որ մի քիչ էլ նյու էյջի թեմայով կամ Դիպակ Չոպրայի գրքերը կարդա, ու կվերածվի Իլոն Մասկի։
Գիտությունը վաղուց դիտարկումներով հիմնավորել է, որ ուղեղի հնարավորությունների մասնակի օգտագործման մասին միֆը հենց միֆ է։ Ուղեղի ցանկացած հատված մշտական աշխատանքի մեջ է, ու յուրաքանչյուր հատված ունի իր ֆունկցիաները։ Իհարկե, վարժությունների միջոցով կարելի է զարգացնել ուղեղը` մարզելով հիշողությունը, նոր գիտելիքներ կուտակելով, սակայն ամբողջ ընթացքում ուղեղն աշխատում է լիարժեք։ Չկան աշխատող, կամ չաշխատող հատվածներ։ Միֆը ծնվել է ուղեղի աշխատանքը սխալ պատկերացնելու պատճառով. տվյալ դեպքում, Բեսոնի ուղեղը սխալ է պատկերացրել իր իսկ աշխատանքը։
Սակայն անգամ այս միֆը ֆիլմում կարելի էր օգտագործել վարպետորեն, այնպես, որ ցանկացած ռացիոնալ մարդ չընկնի ցնցումների մեջ։ Օրինակ, Նիլ Բերգերի «Անսահման» (Limitless, 2011) ֆիլմում գաղափարը խաղարկվում է հմտորեն, զգուշությամբ (խոսվում է ոչ թե չօգտագործվող հատվածների, այլ ուղեղի աշխատանքի արագացման մասին), ու, ամենակարևորը, առանց մետաֆիզիկական ավելորդությունների, որոնք կան Բեսոնի ֆիլմում։ Ֆրանսիացու մոտ Լյուսին վերածվում է աստվածի. կառավարում է նյութը բոլոր մակարդակներում ու ինչպես ուզի, օժտված է հատկություններով, որոնց կնախանձեր ուժեղագույն սուպերհերոսը։ Դա ոչ միայն շատ ուժգին հարվածում է սյուժեին ու ֆիլմի ստրուկտուրային (անհաղթելի հերոսի մասին բացարձակ անհետաքրքիր է նայել), այլև սխալ պատկերացումներ է ձևավորում գիտության մասին։ Գիտության անունից խոսելով` Բեսոնն անդադար ծաղրում է գիտությունը։
Բայց գիտությունը ծաղրելու հարցում անգերազանցելի է մի գերմանացի, ում գլխավոր կիրքը իր ֆիլմերում աշխարհի կործանումը մասշտաբային կերպով պատկերելու է։ Ռոլանդ Էմերիխը տպավորիչ վիզուալ էֆեկտների հետևից ընկնելով` հաճախ թքած ունի գիտական ճշմարտացիության վրա։ Կարելի է քննարկել ռեժիսորի բոլոր ֆիլմերը, բայց կենտրոնանանք երկու առավել ցայտունների վրա։
Մեկը կոչվում է 2012. ֆիլմում աշխարհի կործանման պատճառը կարող է ցանկացած ֆիզիկոսի հասցնել խելագարության։ Շատ ավելի լավ կլիներ, եթե որպես պատճառ բերվեր, օրինակ, մայաների որևիցե չար աստվածության զայրույթը։ Այդ դեպքում, գոնե, կհասկանայինք, որ գործ ունենք լրիվ այլ ժանրի ֆիլմի հետ։ Բայց այստեղ աղետի պատճառ են անվանում նեյտրինոներին։ Ըստ Էմմերիխի, անմեղ ու անշառ այս մասնիկները Արեգակից դուրս հորդալով ու հասնելով Երկիր` տաքացնում են մեր մոլորակի ընդերքը` առաջացնելով աներևակայելի երկրաշարժեր, հրաբուխներ ու ցունամիներ։
Նրանց համար, ովքեր տեղյակ չեն։ Նեյտրինոները տարրական մասնիկների ստանդարտ մոդելում ամենաչեզոք մասնիկներն են։ Դրա համար էլ դրանք կոչվում են նեյտրինո, որովհետև նեյտրալ են, չեզոք։ Դրանք մասնակցում են միայն թույլ ու գրավիտացիոն փոխազդեցություններին, ու անում են դա սարսափելի դժկամությամբ. յուրաքանչյուր վայրկյան Երկրի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետր մակերեսով անցնում է մոտ 60 մլրդ նեյտրինո` առանց նյութի հետ փոխազդելու։ Նեյտրինոները չեն նկատում Երկիրը, աստղերը, դրանք այս մասնիկների համար լրիվ թափանցիկ են։ Հետևաբար, գերզգայուն դետեկտորներով նեյտրինո ֆիքսելը արդեն իսկ մեծ իրադարձություն է։ Իսկ Էմմերիխի մոտ նեյտրինոները, չգիտես ինչպես ու ինչու, տաքացնում են Երկրի ընդերքը։
Միայն դա բավարար է 2012-ը ամենահակագիտական ֆիլմերի ցանկում ընդգրկելու համար։ Էլ չասած մնացածի մասին. մինչև Էվերեստ հասնող ցունամի, օվկիանոսում սուզվող Կալիֆորնիա և այլն։ Հասկացանք, Ռոլանդ, ուզում էիր տպավորել, բայց նեյտրինոները քեզ ի՞նչ էին արել։
Արդարության համար, Էմերիխի գրեթե ամբողջ կինոգործունեությունը նման է դեղին մամուլի էջերում կարդացածը պատմության վերածելու. լեգենդար «Աստղային դարպասը» (Stargate, 1994) անունակիների ու Նիբիրուի թեմայով սպեկուլյացիաներ, հիանալի «Անկախության օրը» (Independence Day, 1996) այլմոլորակայինների հարձակում, «Վաղը չէ մյուս օրը» (The Day After Tomorrow, 2004) գլոբալ տաքացման մասին հիստերիա և այլն։
«Լուսնի անկումը» (Moonfall, 2022) միանգամից մի քանի գիտական ու մերձգիտական գաղափարների դեղին ու սխալ ինտերպրետացիան էլ ավելի սխալ հասկանալու ու պատմության վերածելու վատ փորձ է։ Գաղափարներ, որոնք իրենք իրենցով շատ լավն են, սակայն որոնց այլասերումը կստիպի ցանկացած նորմալ մարդու, ում ուղեղում գոնե երկու նեյրոն կա, մազերը պոկել։
Ֆիլմում նկարագրված Դայսոնի գունդն ինքնին շատ լավ կոնցեպտ է, ինչպես տիեզերական մեգաստրուկտուրաների մասին ցանկացած գաղափար, բայց այն չի կարող Լուսնի չափ լինել նույն կերպ, ինչպես սպիտակ թզուկը չի կարող Լուսնից փոքր լինել։ Անգամ եթե խոսքը ոչ թե սպիտակ թզուկի, այլ, օրինակ, նեյտրոնային աստղի մասին է, նման օբյեկտի շուրջ ինչ-որ բան կառուցելու փորձն ուղղակի գալակտիկական մակարդակի հիմարություն է։
Մեռնող գերքաղաքակրթության հսկա տապանները, այն, որ դրանցից մեկը կարող է լինել Արեգակնային համակարգի մարմիններից մեկը, ու կառավարելի պանսպերմիա իրականացնել, կրկին շատ հետաքրքիր ու մեծ պոտենցիալով գաղափարներ են, բայց դրանք բացարձակ ոչ մի կապ չունեն Դայսոնի գնդի հետ։ Էմմերիխը բացարձակ ոչինչ չի լսել մակընթացային ուժերի մասին, որոնց շնորհիվ Լուսինը կտորների կբաժանվեր մինչև Երկրին մոտենալը ու մեր մոլորակը կռմբակոծեր հսկայական բեկորներով։ Իսկ ֆիլմում Երկրի բնական արբանյակը գրեթե ընդհուպ մոտենում է մեր մոլորակին, բայց ոչ մի մելանքոլիա, ոչ մի բան, ուղղակի թեթև ցնցում է։
Երբ Բեն Աֆլեքը հարցրեց ռեժիսոր Մայքլ Բեյին, արդյո՞ք ավելի հեշտ չէ տիեզերագնացներին հորատում սովորեցնել, քան հորատողներին` տիեզերագնացություն, Բեյը փիլիսոփայական պատասխան տվեց. «Ձայնդ կտրի՜ր»։ Իսկ Նիլ Դեգրիս Թայսոնը կարծում է, որ մինչև «Լուսնի անկումը» հենց Բեյի «Արմագեդոն» (Armageddon, 1998) ֆիլմն է րոպեում ֆիզիկայի խախտված օրենքների թվով ռեկորդակիրը։
- «Ձայնդ կտրի՜ր
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Այն, որ հատուկ մասնագիտացում չունեցող կասկածելի մարդկանց ուղարկում են աշխարհը փրկելու, դա հիմարության մի մասն է։ Երկրորդ մասը վերաբերում է Տեխասի չափերի ահռելի աստերոիդը պայթեցնելուն։ Նման չափերի, խտության, արագության աստերոիդը երկու մասի բաժանելու համար անհրաժեշտ կլիներ միլիարդ անգամ ավելի հզոր ջրածնային ռումբ, քան մոտ 60 մեգատոննանոց Ցար ռումբը։
Եթե սկսենք թվարկել այս ֆիլմում հակագիտական հիմարությունները, դրանք մի ամբողջ գիրք կկազմեն։ Նման չափով աստերոիդը հայտնաբերված կլիներ Երկրին մոտենալուց տասնամյակներ, ոչ թե 18 օր առաջ։ Նման աստերոիդի վրա վայրէջքը գրեթե անհնար կլիներ իր արագության, փոքր գրավիտացիայի ու մակերևույթի պատճառով։ Նույն մակերևույթի պատճառով, որը ոչ թե երկրային պինդ ապար է, այլ շերտավոր կուտակումներ, հորատման երկրային տեխնոլոգիաները անիմաստ կլինեին։ Աստերոիդը երկու կեսի ճշգրիտ բաժանելը նույնպես անհնար կլիներ. անգամ անհրաժեշտ քանակի պայթուցիկի դետոնացիայի դեպքում աստերոիդը կբաժանվեր անթիվ քանակի փոքր մասնիկների, որոնց մեծ մասը կընկներ ո՞ւր... այո, այո, մեր սիրելի մոլորակի վրա` պատճառելով ոչ պակաս վնաս, քան եթե աստերոիդն ամբողջությամբ ընկներ։ Ու սա ընդամենը չնչին մասն է այն ողջ հակագիտական բեռի, որով լցված է այս «գիտաֆանտաստիկ» ֆիլմը։ Չնայած այս ամենին, մենք այն սիրում ենք իռացիոնալ սիրով։
Բայց պատկերացրեք ֆիլմ, որն ատում են բոլոր գիտնականները։ Ֆիլմ, որը ստիպեց ԱՄՆ կառավարությանը սկսել Գիտությունների ազգային ակադեմիայի առանձին ծրագիր, որպեսզի կինեմատոգրաֆիստները ավելի շատ ու սերտ շփվեն գիտնականների հետ` նման հիմարություններ չնկարելու համար։ Ֆիլմ, որի դիտման ընթացքում ցանկացած գիտնական պատրաստ է գդալով հանել ու ուտել սեփական աչքերը։ Խոսքը Ջոն Էմիելի «Միջուկը» (The Core, 2003) ֆիլմի մասին է։
Եթե կարճ, Երկրի միջուկը դադարում է պտտվել, սկսում է անհետանալ մոլորակի «էլեկտրամագնիսական» դաշտը, ու հերոսների մի խումբ կախարդական մեքենայով անցք է բացում մեր մոլորակի մարմնին` միջուկ հասնելու, այն միջուկային ռումբով (կներեք կալամբուրի համար) պայթեցնելու ու միջուկը կրկին պտտեցնելու համար։ Հավանաբար, ցանկացած բանական մարդու համար որևիցե իմաստ չունի այս ֆիլմի բոլոր հակագիտական հիմարությունները թվարկելը։ Այն, որ Երկրի միջուկը չի կարող հանկարծ դադարել պտտվել, որ Երկիրը չունի էլեկտրամագնիսական դաշտ, այլ միայն մագնիսական, այն, որ անհնար է ահռելի ճնշումների ու ջերմաստիճանների պայմաններում փորել ու հասնել մոլորակի միջուկին, նաև, այն, որ որ մի «կառավարելի» միջուկային պայթյունով հնարավոր չէ տեղից շարժել Մարսի չափերի ահռելի մետաղական գունդը... թվարկել կարելի է անվերջ։
Բայց ինչո՞ւ թվարկել։ Եկեք համարենք, որ բոլոր այս ֆիլմերի իրադարձությունները ծավալվում են ոչ թե մեր, այլ ալտերնատիվ տիեզերքներում, որտեղ ֆիզիկայի օրենքներն այլ են։ Այդ դեպքում կկարողանանք թե շարունակել սիրել գիտությունը, թե վայելել այս տպավորիչ վիզուալ ատրակցիոնները, որոնք հիմար են մեր Տիեզերքի, բայց ճշգրիտ վավերագրական են իրենց տիեզերքների համար։