Հոգեբուժարանում ստեղծված կտավները, սյուրռեալիստների Աստվածաշունչն ու նացիստների արձագանքը. Պրինցհորնի հավաքածուի պատմությունը
1886 թվականին Գերմանիայի Հեմեր քաղաքում, թղթի գործարանատիրոջ ընտանիքում ծնվեց Հանս Պրինցհորնը։ Երիտասարդ տարիքում նա ընտրեց արվեստի ուղին՝ 1908-ին ավարտելով Վիեննայի համալսարանի արվեստի պատմության և փիլիսոփայության բաժինը։ Բեռլինում և Լոնդոնում ապրելու տարիներին Պրինցհորնը երաժշտության և երգեցողության դասեր էր վերցնում՝ երազելով օպերային երգչի կարիերայի մասին։ Նա բարիտոն ձայն ուներ և լուրջ հույսեր էր փայփայում բեմական ապագայի համար։
Բայց 1912 թվականը դարձավ նրա կյանքի շրջադարձային կետը։ Այդ տարի նա ամուսնացավ Էռնա Հոֆմանի հետ, բայց կարճ ժամանակ անց երիտասարդ կնոջ մոտ հոգեկան հիվանդություն հայտնաբերվեց։ Հիվանդությունը արագ զարգացավ և Պրինցհորնը ստիպված եղավ կնոջը տեղավորել Շվեյցարիայի Bellevue մասնավոր սանատորիումում, որը ղեկավարում էր Զիգմունդ Ֆրոյդի աշակերտն ու ընկերը՝ Լյուդվիգ Բինսվանգերը։
Հենց այնտեղ էր, որ Պրինցհորնն առաջին անգամ հանդիպեց հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների ստեղծած արվեստին։ Բինսվանգերը նրան պատմեց Էլզա Բլանկենհորնի մասին՝ շիզոֆրենիայով հիվանդ կնոջ, որն արդեն 18 տարի գտնվում էր կենտրոնում։ Բլանկենհորնը հոգեբուժական կենտրոն տեղափոխվելուց առաջ նկարչությամբ էր զբաղվել և այնտեղ էլ շարունակում էր շատ նկարել ու պատկերել իր երևակայական աշխարհը։ Նա իրեն համարում էր Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի կինը։
Բայց Պրինցհորնն իր սեփական ողբերգությունն ուներ։ 27 տարեկանում, կնոջ հոգեբանական վիճակից ցնցված, Պրինցհորնը կտրուկ փոխեց իր կյանքի ուղղությունը։ Նա ընդունվեց Ֆրայբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ հոգեբուժություն ուսանելու համար։ 1917-ի օգոստոսին, ավարտելուց անմիջապես հետո, նա մեկնեց ռազմաճակատ՝ որպես բանակային վիրաբույժ։ Մասնակցեց Մառնի երկրորդ ճակատամարտին, ոտքից վիրավորում ստացավ, բայց հոսպիտալից լավատեսական նամակներ էր գրում հարազատներին։
Բանակում Պրինցհորնը ծանոթացավ մեկ այլ ռազմական բժշկի՝ Կարլ Վիլմանսի հետ, որը երկար տարիներ աշխատել էր Հայդելբերգի համալսարանի հոգեբուժական կլինիկայում։ Պատերազմի ավարտից հետո Վիլմանսը նշանակվեց այդ հիվանդանոցի տնօրեն և Պրինցհորնին հրավիրեց որպես իր օգնական։ 1919-ի մարտին Պրինցհորնը սկսեց աշխատել Հայդելբերգում։
Հայդելբերգի հոգեբուժական կլինիկան յուրահատուկ տեղ էր զբաղեցնում ժամանակակից հոգեբուժության պատմության մեջ։ Վիլմանսն այն անվանել էր «հոգեկան հիվանդությունների ուսումնասիրության մեջ ժամանակակից մոտեցման առաջամարտիկը», և դա չափազանցություն չէր։ Այնտեղ էր աշխատել հոգեբույժ Էմիլ Կրեպելինը՝ հոգեկան հիվանդությունների դասակարգման հիմնադիրը։ Հենց նա էր առանձնացրել dementia praecox-ը (վաղ թուլամտությունը)՝ հասկացություն, որը հետագայում շվեյցարացի հոգեբույժ Էյգեն Բլեյլերը վերափոխեց «շիզոֆրենիա» տերմինի։
Կրեպելինն էր սկսել հավաքել Հայդելբերգի հիվանդների ստեղծած նկարները՝ դրանք օգտագործելով իր հոգեբուժության դասագրքում որպես dementia praecox-ի օրինակներ։ Պրինցհորնը Վիլմանսի աջակցությամբ շարունակեց այս աշխատանքը։
Պրինցհորնը ոչ միայն ուսումնասիրեց և դասակարգեց արդեն հավաքված նյութերը, այլև զգալիորեն ընդլայնեց հավաքածուն։ Նա նամակներ ուղարկեց եվրոպական հոգեբուժական կլինիկաների գործընկերներին և օգնություն խնդրեց։ Արդյունքում նա հավաքեց մոտ 5000 գծանկար, յուղանկար, փայտե քանդակ և այլ գեղարվեստական աշխատանքներ, որոնք ստեղծվել էին 1880-1920 թվականների ընթացքում։ Դրանց հեղինակները մոտ 450 հիվանդներ էին Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Նիդերլանդների կլինիկաներից։
Հիվանդները նկարում էին ամեն ինչի վրա՝ զուգարանի թղթի, դեն նետված գրաֆիկների, հիվանդանոցային մահճակալների փայտե մասերի վրա։ Նրանց մեծ մասը ախտորոշված էր շիզոֆրենիայով, և նրանք միշտ չէ, որ «արվեստ» ստեղծելու նպատակ ունեին։ Հիվանդներն օգտագործում էին նկարներն ու քանդակները, որպեսզի արտահայտեին իրենց հոգեբանական իրականության կողմերը կամ հաղորդագրություններ փոխանցեին մեկուսացված ներաշխարհից։
1921 թվականին Պրինցհորնը գրեց, իսկ 1922-ին հրատարակեց իր հեղափոխական գիրքը՝ «Հոգեկան խնդրով հիվանդների գեղարվեստական ստեղծագործությունները. ներդրում հոգեբանության և հոգեախտաբանության մեջ» (Bildnerei der Geisteskranken)։ Գրքի «Տեսական մաս. պատկերային ձևի հոգեբանական հիմքերը» գլխում Պրինցհորնը սահմանեց վեց հիմնական մղումներ, որոնք մարդուն դրդում են ստեղծել պատկերներ՝ ինքնարտահայտման ձգտումը, խաղի (գործունեության) ձգտումը, շրջապատող տարածության պատկերման ձգտումը, կարգավորման ձգտումը, իմիտացիայի ձգտումը և սիմվոլներ ստեղծելու պահանջը։
Գիրքը պարունակում էր 187 նկարազարդում, որոնք հատուկ արժեք էին տալիս հրատարակությանը։ 135 էջ՝ գրքի մեկ երրորդից ավելին, Պրինցհորնը նվիրեց 10 ամենահետաքրքիր «նկարիչ-շիզոֆրենիկներին»՝ նրանց կենսագրություններին, հիվանդության պատմություններին և աշխատանքներին։ Բոլոր տասը հիվանդներին նա տվել էր կեղծանուններ՝ փոխելով ազգանունները, բայց մեծ մասամբ պահպանելով իրական անունները։
Հավաքածուի ամենակարևոր հեղինակներից էր Ֆրանց Կառլ Բյուլերը (կեղծանուն՝ Ֆրանց Փոլ), որին Պրինցհորնը համարում էր իր մեծագույն գտածոն։ 1898-ի ձմեռային օրերից մեկն էր, երբ այս երիտասարդը Համբուրգում ջրանցքի մեջ էր հայտնվել ու փախչում էր երևակայական հետապնդողներից։ Միակ ելքը լողալն էր, և նա նետվեց սառցե ջուրը։ Երբ թրջված ու դողացող երիտասարդին դուրս քաշեցին՝ պարզ դարձավ, որ ոչ մի հետապնդող էլ չկար։ Նրան տարան Ֆրիդրիխսբերգի հոգեբուժարան և այնտեղ նա մնաց 42 տարի։
Բյուլերին ախտորոշեցին շիզոֆրենիա, և մի կլինիկայից մյուսը տեղափոխվելիս նա գտավ հարմարվելու եղանակ՝ սովորեց նկարել։ Սկզբում նկարում էր շրջապատի մարդկանց՝ փաստագրելով կյանքի անիմաստ կրկնվող գործողությունները։ Հետագայում ստեղծեց ցնցող ինքնադիմանկարներ և հոգեբանական տեսիլքների արարածներ՝ դիվային շներ կամ հրեշտակներ։
Կարլ Գենցելը (կեղծանուն՝ Կարլ Բրենդել, 1871-1925) միակ քանդակագործն էր Պրինցհորնի տասնյակում։ Նախկին քարտաշը, որը 12 անգամ դատապարտվել էր վիրավորանքի և գույքի վնասման համար, 1902-ին կորցրել էր ոտքը։ 1907-ին, երբ իրեն Հիսուս Քրիստոս էր անվանում, տեղափոխվել էր հոգեբուժարան։ 1912-ին սկսեց տարբեր ֆիգուրներ ձևավորել հացի փափուկ մասից, իսկ հետո՝ բժշկի խորհրդով անցավ փայտի փորագրության։
Օգոստ Կլետտը (կեղծանուն՝ Օգոստ Կլոտց, 1864-1928) հաջողակ վաճառականի որդի էր, զբաղվում էր գինու և շամպայնի արտահանմամբ։ 30 տարեկանից հետո ծանր գրիպից հետո ընկավ դեպրեսիայի մեջ, չարաշահում էր ալկոհոլը, ավելի ուշ հալյուցինացիաներ էր տեսնում։ Ինքնասպանության փորձից հետո հայտնվեց հոգեբուժարանում։ 1903-ին սկսեց նկարել պատերին՝ անվանելով դրանք «մասոնական նշաններ»։
Պրինցհորնի հետազոտությունները բացահայտեցին, որ հոգեկան հիվանդությունները իրենք իրենցով կապված չեն գեղարվեստական տաղանդի հետ՝ ստեղծագործել կարող է յուրաքանչյուրը, պարտադիր չէ լինել հանճար։ Ար բրյուտը, ինչպես հետագայում անվանեցին այս ուղղությունը, հաշվի չէր նստում պայմանական արժանահավատության, գեղարվեստի հեռանկարների և պայմանական չափագծերի հետ, չէր ճանաչում նյութերի հիերարխիան, իրականի և ֆանտաստիկի սահմանազատումները։
Հատկապես հետաքրքիր էր, թե ինչպես էին հիվանդներն իրենց պատկերացումները փոխանցում կտավին։ Օրինակ՝ Օգոստ Կլոտցը, նկարելիս, ենթարկվում էր իր իմպուլսիվ ենթագիտակցական մղումներին։ Պիտեր Մեյերը (կեղծանուն՝ Պիտեր Մուգ) նախ մատիտով էսքիզ էր անում՝ գծելով ֆիգուրների և գլուխների ուրվագծերը, հետո մտածում էր, թե այդ ամենն ինչ կարող է նշանակել, և միայն դրանից հետո ավարտում նկարը։ Նա տառապում էր horror vacui-ով (դատարկության վախ), այնպես որ մանրամասներով լցնում էր ամբողջ գեղարվեստական տարածությունը։ Նրա շատ աշխատանքներ հիշեցնում էին վիտրաժներ, և բոլորն ունեին կրոնական սյուժե։
Իսկ օրինակ Իոհան Նոպֆը (կեղծանուն՝ Իոհան Նյուպֆեր) սկսել էր նկարել հոսպիտալացումից կարճ ժամանակ անց՝ փորձելով նկարներում արտահայտել կրոնական նահատակության մասին իր գաղափարները։ Նա պնդում էր, որ հասկանում է թռչունների լեզուն և դեռ մանկուց կոչված է եղել հատուկ առաքելություն կատարելու համար։
Այս ստեղծագործությունները, ինչպես նկատել էին այցելուները, «բացում էին պատուհան դեպի այլ իրականություն» կամ կարծես «գալիս էին մարդկային հոգեկան աշխարհի խորքերից»։ Ապագա կուրատորներից մեկը գրել էր.
«Ուշագրավ աշխարհներ բացվեցին իմ առջև, ձգեցին իրենց ուժի մեջ. բաց տարածությունները խլեցին իմ հավասարակշռությունը և գլխապտույտ առաջացրին»։
Պրինցհորնի գիրքը ցնցեց նաև արվեստի աշխարհը։ Երբ Մաքս Էռնստը 1922-ին գիրքը տարավ Փարիզ, այն արագորեն դարձավ սյուրռեալիստական շարժման անդամների համար էական աղբյուր։ Պոլ Էլյուարը գիրքը անվանեց «ամենագեղեցիկ նկարազարդ գիրքը, որ երբևէ գոյություն է ունեցել»։ Անդրե Մասոնը վկայում էր.
«Բոլոր սյուրռեալիստները ձեռքում պահել են հոգեկան հիվանդների ստեղծագործության մասին գիրքը»։
Դե, իսկ Անդրե Բրետոնի խոսքով սյուրռեալիզմի նպատակն է արտահայտել մտքի իրական գործունեությունը՝ առանց բանականության կողմից որևէ վերահսկողության»։ 1924-ին իր «Սյուրռեալիզմի մանիֆեստում» նա գրեց.
«Ես կարող էի ամբողջ կյանքս անցկացնել՝ բացահայտելով խելագարների գաղտնիքները։ Այս մարդիկ անկեղծ են մինչև վերջ, և նրանց միամտությունը համեմատելի է միայն իմ սեփականի հետ»։
Սալվադոր Դալին 1935-ին հրապարակեց «Իռացիոնալի նվաճումը» էսսեն, որտեղ իր պարանոյալ-քննադատական մեթոդը սահմանեց որպես «իռացիոնալ ճանաչողության ինքնաբուխ մեթոդ»։
Կյանքի վերջին տարիներին Պրինցհորնը չէր կարողանում մշտական աշխատանք գտնել Գերմանիայում։ Վաստակում էր դասախոսություններով և հոդվածներ գրելով։ 1933-ի հունիսի 14-ին, 47 տարեկան հասակում հոգեբույժը մահացավ տիֆից։
Նույն՝ 1933-ի հոկտեմբերին Կարլ Վիլմանսը հեռացվեց Հայդելբերգի կլինիկայի տնօրենի պաշտոնից՝ Հիտլերի և Գյորինգի մասին վատ արտահայտվելու համար։ Նրա փոխարեն նշանակվեց Կարլ Շնայդերը, որը 1932-ից նացիստական կուսակցության անդամ էր։
1937-ին Մյունխենում բացվեց հայտնի «Այլասերված արվեստ» ցուցահանդեսը, որտեղ Պրինցհորնի հավաքածուից ավելի քան 100 աշխատանք ցուցադրվեց նկարիչների, իրական արվեստագետների աշխատանքի կողքին։ Պաշտոնական ուղեցույցը պնդում էր, թե ավանգարդիստներն ավելի «հիվանդ» են, քան իրական «խելագարները»։
1939-ին Հիտլերը հրամայեց սկսել Aktion T4 ծրագիրը, որի նպատակն էր ֆիզիկական բնաջնջման ենթարկել հոգեկան ու մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց։ Պատերազմի ավարտին մոտ 200,000 հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդներ սպանվեցին Հիտլերի ռեժիմի կողմից, այդ թվում՝ Պրինցհորնի հավաքածուի առնվազն 30 արվեստագետ։
Չնայած ողբերգությանը, Պրինցհորնի հավաքածուն գրեթե ամբողջությամբ պահպանվեց։ Ֆրանսիացի նկարիչ Ժան Դյուբյուֆեն, Պրինցհորնի գրքի մեծ երկրպագուն, ստեղծեց «ար բրյուտ» հասկացությունը։ Այս տերմինով ներկայացվում էր ոչ պրոֆեսիոնալ նկարիչ-արվեստագետների՝ հոգեկան խնդիրներ ունեցողների, հաշմանդամների, բանտարկյալների ստեղծած արվեստը։
1972-ին բրիտանացի արվեստագետ Ռոջեր Կարդինալը հրատարակեց «Աութսայդերների արվեստ» գիրքը, և այս տերմինը դարձավ «ար բրյուտի» համարժեքը անգլալեզու գրականության մեջ։ 1989-ից սկսեց լույս տեսնել Raw Vision ամսագիրը, իսկ 1993-ից Նյու Յորքում անցկացվում է ամենամյա Outsider Art Fair ցուցահանդես-տոնավաճառը։
1963-ին շվեյցարացի կուրատոր Հարալդ Զեեմանը հայտնաբերեց Պրինցհորնի հավաքածուն և ցուցահանդես կազմակերպեց Բեռնում։ 1968-ին վերահրատարակվեց Պրինցհորնի գիրքը, իսկ 1972-ին՝ 50-ամյակի առթիվ, այն թարգմանվեց անգլերեն և շվեդերեն։
2001 թվականին Հայդելբերգի համալսարանի կլինիկայում բացվեց «Պրինցհորնի հավաքածու» թանգարանը։ Այսօր հավաքածուն ունի մոտ 20,000 արվեստի գործ և շարունակում է համալրվել։ Թանգարանը բաց է այցելուների համար, թեև փոքր տարածքը թույլ չի տալիս ցուցադրել հավաքածուի զգալի մասը։ Էքսպոզիցիան փոխվում է մոտավորապես վեցամսյա պարբերականությամբ։
Պրինցհորնի աշխատանքը հեղափոխեց ոչ միայն արվեստի, այլև հոգեբուժության բազմաթիվ ընկալումներ։ Այսօր բազմաթիվ երկրների հոգեբուժական կլինիկաներում աշխատում են արտ-թերապևտներ, որոնք ոչ միայն սովորեցնում են հիվանդներին նկարել կամ լուսանկարել, այլև օգնում են նրանց արտահայտել իրենց ներաշխարհը։ Ստեղծագործական նախագծերը միավորված են բուժական մեթոդիկաների հետ, որոնք որոշ դեպքերում հիվանդներին տանում են դեպի առողջացում։