Լուռ ճիչ. Հորրորներ, որոնց դիտման պրոցեսն ունիկալ փորձառություն է
Օրերս էկրաններ բարձրացավ «Լուռ տեղ» (A Quiet Place) հորրոր ֆրանշիզի պրիքվելը, որը պատմում է լռության ջատագով այլմոլորակային հրեշների` մարդկանց մոլորակի վրա հարձակման սկզբի մասին։ Մարդկությունը դեռ չի հասկացել, թե ինչ տիպի աղետ է իրեն պատուհասել, ու լռել սովորելու է աստիճանաբար։ Ճիշտ այնպես, ինչպես հանդիսատեսը, ում փոփքորնի խրթխրթոցը կինոդահլիճում գնալով ավելի ու ավելի անձայն է դառնալու սյուժեի զարգացման հետ մեկտեղ։ Խելամիտ ռեժիսորական հնարքների շնորհիվ հանդիսատեսն ինքը ներգրավվում է պատման մեջ ու իր վարքագիծը համապատասխանեցնում ֆիլմի պահանջներին։
Կան հորրոր ֆիլմեր, որոնց դիտումը լրիվ ունիկալ փորձառություն է նաև բուն դիտման պրոցեսի առումով, երբ հանդիսատեսն ինքն է որոշակի չափով ներգրավվում տեղի ունեցողի մեջ ու փոխում իր վարքագիծը։ PAN-ը պատմում է մի քանի նման հաջող ու մեկ անհաջող օրինակի մասին։
Հիանալի օրինակ է ռեժիսոր ու սցենարիստ Դեյվիդ Ռոբերտ Միտչելի «Այն հետապնդում է» (It Follows, 2014) ֆիլմը, որը բավականին մեծ աղմուկ էր հանել պրեմիերայի ժամանակ։ Սյուժեն ինքնին զուրկ չէ տարօրինակություններից. 19-ամյա աղջիկ Ջեյը (Մայկա Մոնրո) պատահական սեռական կապի մեջ է մտնում անծանոթ երիտասարդի հետ, ինչից անմիջապես հետո աղջկա կյանքը վերածվում է մղձավանջի։ Պարզվում է, երիտասարդը սեռական ճանապարհով Ջեյին է փոխանցել «անեծք» հիշեցնող ինչ-որ բան, որի պատճառով անհասկանալի գերբնական արարածը տարբեր մարդկանց (ու ոչ միայն) տեսքով հետապնդելու է աղջկան մեկ հստակ ու որոշակի նպատակով` սպանել։ Ու միակ փրկությունը «անեծքը» նույն ճանապարհով մեկ այլ մարդու փոխանցելն է։
Ֆիլմում ամենասարսափելին բուն հետապնդման անկասելիությունն ու դանդաղությունն է։ Արարածը կարող է գտնվել զոհից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ու այնտեղից սկսել քայլել զոհի ուղղությամբ` հանգիստ, անշտապ։ Պատկերացրեք մղձավանջային իրավիճակ, երբ դուք տանը հանգիստ նստած եք, իսկ Նովոսիբիրսկում մի սարսափելի արարած սկսում է օր ու գիշեր քայլել միայն մեկ նպատակով` հասնել ձեզ ու դաժանորեն զրկել կյանքից։
Ու այստեղ էլ թաքնված է ֆիլմի ունիկալ փորձառությունը։ Առաջին հարձակումից հետո հրաշքով փրկված Ջեյի թիկունքը դառնում է այն ֆոկուսը, որի վրա կենտրոնանում է հանդիսատեսը։ Կարևոր չէ, թե ինչ է ցուցադրում տեսախցիկը պատկերի կենտրոնում. եթե Ջեյը լսարանում, պատուհանի մոտ նստած է, դուք չեք նայելու Ջեյին, այլ հետևելու եք պատուհանից այն կողմ զբոսնող մարդկանց` փորձելով նրանց մեջ գտնել այն մեկին, ով նպատակաուղղված քայլում է առաջ` առանց շեղվելու, որպես իսկական մահվան հրեշտակ։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Դիտման ընթացքում պարանոյան հասնում է շիկացման, երբ հմուտ օպերատորական աշխատանքի շնորհիվ ստեղծված իրավիճակում, գլխավոր հերոսուհու թիկունքում նկատելով իր ուղղությամբ քայլող որևիցե մեկին, սկսում ես գոռգոռալ` «աղջիկ ջան, շրջվի՜ր»։
Իհարկե, դիտման ընթացքում ֆոկուսը փոխելու փորձառությունը ֆիլմի միակ առավելությունը չէ։ Սա շատ խելացի ֆիլմ է` լավ մշակված կերպարներով ու նրանց միջև փոխհարաբերություններով, հրաշալի երկխոսություններով ու ծայրահեղ լարված մթնոլորտով, ինչի շնորհիվ կերպարների նկատմամբ ապրումակցումն էլ ավելի է խորանում։ «Այն հետապնդում է»-ն արդեն իսկ վերածվել է դասական հորրորի, իսկ առաջիկայում ռեժիսորը պլանավորում է նկարել նաև սիքվելը։ Հուսանք, այս անգամ ևս հանդիսատեսի գիտակցության հետ խաղերը նույնքան տպավորիչ կլինեն։
Թվում է` 2024-ին սլեշերների ժանրում անհնար է նոր բան ասել, սակայն կանադացի Քրիս Նեշը հակառակ կարծիքի է։ Ռեժիսորը նպատակ ուներ ցույց տալ այսպես կոչված «դանդաղ մարդասպանների», ինչպիսիք են Ջեյսոն Վուրհիզը «Ուրբաթ, 13» (Friday, The 13th) ու Մետտ Կորդելը` «Մոլագար ոստիկան» (Maniac Cop) կինոշարքերից, բարդ ու դժվարին առօրյան, այն, թե որքան բարդ է դանդաղ քայլքով հետապնդել ճչացող, վազող ու հաճախ զինված զոհերին։ Այսպես ծնվեց «Դաժան էության մեջ» (In Violent Nature) սլեշերը։ Ըստ Նեշի, սա այսպես կոչված «էմբիենտ սլեշեր է», որը միաժամանակ ներառում է սովորական սլեշերների արյունոտությունն ու արտհաուսային մեդիտատիվությունը։
Ամեն ինչ սկսվում է այնպես, ինչպես տասնյակ այլ սլեշերներում։ Երիտասարդների խումբը անտառում գտնում է լքված տնակ, խիստ պատահաբար վերցնում այնտեղ գտնվող կուլոնը ու արթնացնում հերթական արյունարբու չարիքը, որովհետև միայն կուլոնն էր հրեշին պահում իր գերեզմանում։ Ու այստեղ էլ սկսվում է ունիկալ փորձառությունը. տեսախցիկը հետևում է ոչ թե զոհերին, այլ մարդասպանին. ինչպես երրորդ դեմքից համակարգչային խաղերում` այն ժամանակի մեծ մասը կախված է մոլագարի թիկունքին, իսկ վերջինս շատ դանդաղ քայլում է անտառով` փնտրելով իր զոհերին։
Ու եթե հանդիսատեսի համբերությունը բավարարի ու նա չանջատի այդ միապաղաղ քայլքը, ստեղծողները նրան կպարգևատրեն հերթական հնարամիտ, խելագար ու արյունալի սպանության դրվագով` նկարված ամենայն անատոմիկ մանրամասնությամբ ու, ելնելով տեսախցիկի վարքագծից, մեծագույն հաճույքով։ Շերիֆի օգնականի ու յոգայով զբաղվող աղջկա սպանությունները, ընդհանրապես, չարի ու բարու սահմանին են. թվում է, տարատեսակ սլեշերները արդեն ցույց են տվել սպանության բոլոր հնարավոր ու անհնարին ձևերը, սակայն կանադացի ռեժիսորը կարողանում է զարմացնել։
Եթե վերոնշյալ ֆիլմում իրադարձությունները ներկայացված են մարդասպանի տեսանկյունից` երրորդ դեմքից, ապա ռեժիսոր Ֆրենկ Կալֆունի «Մոլագար» (Maniac, 2012) ֆիլմում փորձառությունը ավելի անմիջական ու ինտիմ է` ներկայացվելով առաջին դեմքից։ Սա Ուիլյամ Լասթիգի 1980-ի դասական համանուն սլեշերի ռեմեյքն է, որի պրոդյուսինգով զբաղվել է ֆրանսիական առանց կոմպրոմիսների դաժան հորրորների ավանդույթները հոլիվուդյան միջավայր բերած Ալեքսանդր Աժան։ Այսպիսով, Լասթիգի ծայրահեղ արյունալի ու ոչինչ չթաքցնող ֆիլմի ու Աժայի տեմպերամենտի միավորումը տվեց պայթյունավտանգ արդյունք։
Մանկական բազմաթիվ տրավմաների արդյունքում մոլագարության եզրին հայտնված Ֆրենկ Զիտոն (Էլայջա Վուդ) գտնվում է ընդամենը մեկ քայլում` գիշերները կանանց որս կազմակերպելուց ու սկալպերի տեսքով ավարներ հավաքելուց։ Ու հանդիսատեսը առաջին դեմքից Զիտոյի հետ կկատարի այդ քայլը` աստիճանաբար ձուլվելով գլխավոր հերոսի հետ, ամաչելով այդ ամբողջ անմարդկային դաժանությանը իր «մասնակցելու» զգացումից, սակայն չկարողանալով կտրվել էկրանից։ Վուդի հավերժ երիտասարդ դեմքը, որը առավելություն է անմեղության դեմոնստրացիայի համար, այս ֆիլմում էմոցիոնալ առումով պատառոտված տղամարդ-երեխայի պատկեր է, որը երևում է միայն հայելու մեջ, երբ գլխավոր հերոս-հանդիսատեսը հերթական արյունալի գործողությունից հետո մեկ ակնթարթ նայում է ինքն իրեն։ Այստեղ հանդիսատեսը շունչ է քաշում` գիտակցելով, որ բոլոր սարսափելի գործողությունների հեղինակն ինքը չէ, այլ լրիվ ուրիշ մարդ։
Կինոդիտման փորձառության համար պարարտ հող է հենց ֆիլմի սյուժեի մեջ սահմանափակում մտցնելը։ Պատման չափումներից մեկի չեզոքացումը պարադոքսալ ձևով ավելացնում է կինոփորձառության չափումները։ Ու եթե ֆիլմը նայելից պատահաբար փռշտում ես, ու քո փռշտեցից վեր ես թռնում, ուրեմն կինոն իր նպատակին հասել է։ Այդպիսին է Ջոն Կրասինսկու «Լուռ տեղ» (A Quiet Place, 2018) իրավիճակային հորրորը։ Իսկ իրավիճակը հետևյալն է. ինչ-որ գլոբալ աղետալի իրադարձությունից հետո ողջ աշխարհը սուզվել է պոստապոկալիպտիկ լռության մեջ։ Պատճառը` սրընթաց ու ագրեսիվ հրեշներն են, որոնք պատառ-պատառ են անում կտրուկ ձայնի ցանկացած աղբյուր։ Ողջ մնացած մարդիկ ստիպված են պահպանել գրեթե լիակատար լռություն, շփվել միայն ժեստերի լեզվով, քայլել միայն ոտաբոբիկ ու ավազով լցված ուղիներով, խուսափել ձայնային ալիքներ առաջացնող ցանկացած գործողությունից։ Այս իրավիճակում են գոյատևում Լի Էբբոթը (Ջոն Կրասինսկի) ու Էվելին Էբբոթը (Էմիլի Բլանթ), ու իրենց զավակները։
Դժվար է պատկերացնել, որ բոլոր ժամանակների լավագույն սիթքոմի` «Օֆիսի» (The Office) աստղ Կրասինսկին կամավոր կնստի խիստ սպեցիֆիկ ու կատարման առումով բարդ հորրորի ռեժիսորական աթոռին, կմասնակցի ֆիլմի սցենարը գրելուն, կխաղա գլխավոր դերն ու մյուս գլխավոր դերում կկանչի իր կնոջը` Բլանթին։ Եթե «Այն հետապնդում է» սլեշերը ստիպում էր սրել պերիֆերիկ տեսողությունը, ապա «Լուռ տեղը» ստիպում է լռել, սսկվել, աշխատել չշնչել, կինոդահլիճում շատ զգուշությամբ ծամել փոփքորնը։ Ֆիլմի երկխոսությունների ճնշող մեծամասնությունը ժեստերի լեզվով է, ու այս իրավիճակում հանդիսատեսին չձանձրացնելու համար անհրաժեշտ է խիստ յուրահատուկ տաղանդ։ Այն Կրասինսկու մոտ առկա է. սկսած ֆիլմի զարհուրելի մուտքից` ռեժիսորն աստիճանաբար սրում ու խորացնում է սասփենսը` կերպարների համար մարտահրավերները բարդացնելու, պատահականությունների հետևանքով մահացու վտանգը շոշափելի դարձնելու միջոցով։ Օրինակ, նման աշխարհում հղի լինելը, ծննդաբերելն ու նորածնի կյանքը պահպանելը, երբ անհրաժեշտ է կատարյալ լռություն, բավականին ոչ տրիվիալ խնդիր է։ Ֆիլմի հեղինակները սահմանում են խնդիրները ու գտնում դրանցից դուրս գալու խելամիտ լուծումներ, որոնք, բնականաբար, առանց կորուստների չեն լինելու։
Առաջին ֆիլմի հաջողությունից հետո նույն Կրասինսկին նկարեց սիքվելը` «Լուռ տեղ. Մաս երկրորդը» (A Quiet Place։ Part Two, 2020). այս դեպքում ֆիլմը սիքվել անվանելը մի փոքր սխալ է, որովհետև երկրորդ մասն առաջինի հետ այնքան սերտ ու օրգանապես է կապված, որ երկուսը միասին ընկալվում են, որպես մեկ միասնական ֆիլմ։
Անգամ երկրորդի փոթորկային սկիզբն առաջինի համար նախապատմություն է, իսկ բուն պատմությունը սկսվում է ճիշտ այնտեղ, որտեղ ավարտվել է առաջինը։ «Լուռ տեղը» հերթական անգամ փաստում է, որ պոստապոկալիպտիկ ժանրը երևակայության համար անսահման հնարավորություններ է բացում՝ թույլ տալով կառուցել ցանկացած աշխարհ ու ոչ տրիվիալ իրավիճակ, ուսումնասիրելով այդ աշխարհի հետագա էվոլյուցիան։ Հատկապես, երբ խոսքը, այսպես կոչված, «սահմանափակող պոստապի» մասին է. կառուցում ես պոստապոկալիպտիկ աշխարհ՝ ներդնելով դրանում որևիցե սահմանափակող հանգամանք ու ուսումնասիրում, թե այդ պարագայում ինչպես իրեն կպահի առանձին անհատը, ընտանիքն ու հանրությունը, ինչպես բնական ընտրությունը աստիճանաբար էվոլյուցիոն ճանապարհով կրկին կհարթի մարդու ուղին դեպի Օլիմպոսի գագաթը, կամ կգլորի դեպի Տարտարոսի խորխորատները։
Կրասինսկու ստեղծած աշխարհը այդպիսին է, այն հետաքրքիր է ուսումնասիրելը։ Կրասինսկին միանգամից չի բացում իր աշխարհի բեքգրաունդը՝ տալով փոքրիկ հուշումներ, չի մանրամասնում այդ իրավիճակում հանրության վարքագիծն ու ողջ մնալու միջոցները, բայց պատմվող պատմությունը այնքան բնական է, որ, բռնելով եղած թելերից, ինքդ կարող ես լրացնել այն, ինչ անմիջապես ցույց չի տրվել, ընդլայնել աշխարհը, պատմել այդտեղ տեղի ունեցող այլ պատմություններ։ Ցանկացած հորինված աշխարհ արժեքավոր է առաջին հերթին նրանով, թե որքանով է թույլ տալիս ընդլայնել իրեն, նոր պատմություններ կառուցել՝ երևակայության շնորհիվ ճամփորդելով այդ աշխարհի անհայտ ու նախկինում չներկայացված խորքերում։
Այս ամենի հետ մեկտեղ, երկրորդ ֆիլմում նույնպես Կրասինսկին ցույց է տալիս հիանալի ռեժիսորական աշխատանք։ Որոշ դրվագներում ճնշումն ու լարվածությունը հասնում են ուղղակի անտանելի ցուցիչների։ Լավ ռեժիսուրայի ամենավառ արտահայտությունն այն է, երբ անգիտակցաբար փորձում ես սաստել շշուկից բարձր խոսող կերպարներին, իսկ ինքդ աշխատում ես անգամ չշնչել։
Մեկ այլ ֆիլմ, հիմնված 2014-ին հրատարակված գրքի վրա, փորձում էր նույնը անելով` սահմանափակելով կերպարների համար մեկ այլ չափում` տեսողությունը։ Սյուզաննա Բիրի «Թռչունների արկղ» (Bird Box, 2018) ֆիլմում տեսողություն ունեցող միակ գործող անձը հանդիսատեսն է։
«Երբ Մեծ Հները դուրս եկան տիեզերքի հավերժական խավարից ու եկան այս աշխարհ, այն ժամանակ մարդիկ հասկացան, թե ինչ է իրական սարսափը. մարդու միակ իղձն ու ցանկությունը նրանց տեսնելուց սեփական գոյությունը դադարեցնելն էր, քանի որ նրանց պատկերը դուրս էր գալիս մարդկային անգիտակցականի ամենախորքերից ու անտանելի դարձնում ապրելը»։ Այս լավքրաֆթյան մտքերն են առաջանում «Թռչունների արկղ» դիտման ընթացքում, բայց նույն այդ լավքրաֆթյանը ֆիլմում համարյա չկա, միայն ընդհանուր կոնցեպտի՝ շատ բարակ, հազիվ նշմարելի թելի տեսքով: Դա էլ երևի նրանից էր, որ գրքի հեղինակ Ջոշ Մալերմանը բացահայտ կերպով էր ոգեշնչված Լավքրաֆթից:
Ցավոք, էկրանավորումը, որը վստահվել էր շքեղ «Վրեժի» (Hævnen, 2010) ռեժիսոր, օսկարակիր Սյուզաննա Բիրին, ոչ թե լավքրաֆթյան սարսափների, այլ միջին վիճակագրական չամուսնակած ամերիկուհու առօրյա խնդիրների ու շրջապատի կողմից չհասկացվածության մասին էր: «Թռչունների արկղը» ոչ մի կաթիլ պոստապոկալիպսիս չի, այլ կանացի ամսագրից արտագրված հերթական պատմություններից մեկը, թե ինչպես էր միայնակ մայրը հաղթահարում թշնամական աշխարհի առաջացրած խնդիրները: Ու հենց այս պատճառով Բիրի ֆիլմը ծայրահեղ ձանձրալի է՝ անգամ անընդհատ գործողությունների պարագայում:
Ինչ վերաբերում է ունիկալ փորձառությանը, ապա այստեղ հանդիսատեսն է կերպարների աչքերը, ու խավարում գտնվող կերպարների փոխարեն ինքն է տեսնում, թե ինչ աշխարհ է ձևավորել Բիրը։ Ցավոք, փորձառությունը չի կարողանում հասնել նրան, որ հանդիսատեսն ինքը ցանկանա փակել աչքերը, չտեսնել այն, ինչից խուսափում են մյուս կերպարները։ Աչքերը փակելու ցանկությունը այս ֆիլմի դեպքում, ցավալիորեն, կարող է կապված լինել բացառապես քնելու ցանկության հետ։