CNN-ի բացահայտած «բռնաբարության ակադեմիան». Երբ բռնության վտանգը ոչ թե մութ փողոցում է, այլ քո սեփական տանը
Սարսափազդու այս պատմությունը սկսենք մի տղամարդուց, որն ապրում է Լեհաստանում, ամուսնացած է, և որի մասին առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա։ Այդ մարդը, ում CNN-ը պայմանականորեն Պյոտր է անվանել, ամիսներ շարունակ համացանցում պատմում էր, թե ինչպես է դեղամիջոցներով թմրեցնում սեփական կնոջը և սեռական բռնության ենթարկում նրան՝ երբ կինն անգիտակից վիճակում է։ CNN-ի այս խիստ կարևոր, բայց նաև սարսափեցնող դետալներով հետաքննության մասին վերջին օրերին խոսում են բոլորը։ Հետաքննությունը բացահայտել է այսպես կոչված «բռնաբարության ակադեմիա», որի մանրամասները պարզապես վերացնում են մարդկության վերաբերյալ մնացած վերջին հույսերը։
CNN-ի լրագրողները Պյոտրին գտել են Telegram-ի փակ խմբերից մեկում։ Այդ խումբը մեկն էր բազմաթիվ նմանատիպ փակ խմբերից, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից տղամարդիկ հավաքվում են՝ քննարկելու նույն թեման՝ ինչպես թմրեցնել իրենց զուգընկերներին, ինչպես նկարահանել այդ բռնությունը և ինչպես խուսափել պատասխանատվությունից։ Տվյալ խումբը շուրջ 1000 անդամ ուներ և այնտեղ տարածվող նյութերը՝ լուսանկարներն ու տեսանյութերը, վաղուց արդեն վերածվել էին առևտրային ապրանքի։
Եվ այսպես՝ CNN-ի հետաքննությունը բացահայտում է մի ամբողջ գլոբալ ենթամշակույթ, որը լրագրողները բնութագրում են որպես «բռնաբարության ակադեմիա»՝ թվային միջավայրում ձևավորված համակարգ, որտեղ սեռական բռնությունը խրախուսում են, սովորեցնում, տեսանկարահանում ու տարածում։
Այս երևույթը լայն հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռ 2024 թվականին՝ Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային բռնաբարության գործի ժամանակ։ Դոմինիկ Պելիկո անունով տղամարդն իր կնոջը տարիներ շարունակ թմրեցրել էր և կազմակերպել տասնյակ տղամարդկանց կողմից նրա բռնաբարությունը։ Հանցագործ ամուսնու կնոջը՝ Ժիզել Պելիկոյին, անգիտակից վիճակում բռնաբարել էր շուրջ 70 տղամարդ՝ ավելի քան 200 անգամ։
Տպավորություն էր, որ այս գործը կարճ ժամանակով բացեց հանրության աչքերը ու մարդիկ ծանոթացան ինտերնետի այս մութ հատվածի հետ։ Բայց, ինչպես ցույց է տալիս CNN-ի հետաքննությունը, ժամանակի ընթացքում հասարակական ուշադրությունը նվազեց, բայց երևույթը ոչ միայն չվերացավ, այլև շարունակեց զարգանալ՝ այլ հարթակներում։
CNN-ի ամիսներ տևած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գոյություն ունի լայնածավալ, թաքնված առցանց աշխարհ, որտեղ կանանց նկատմամբ սեռական բռնությունը համակարգված կերպով իրականացվում ու անգամ «մոնետիզացվում» է։ Օրինակներից մեկը Motherless.com կայքն է, որտեղ, ըստ հետաքննության, տեղադրված է ավելի քան 20,000 տեսանյութ, որոնք դասակարգվում են որպես «sleep porn»։ Այդ տեսանյութերում տղամարդիկ նկարահանում են, թե ինչպես են սեռական բռնության ենթարկում անգիտակից կանանց։ Տեսանյութերը հաճախ հարյուր հազարավոր դիտումներ ունեն։
Կայքը, որը ներկայանում է որպես «բարոյականությունից ազատ ֆայլերի հոսթինգ», ըստ CNN-ի, միայն մեկ ամսում շուրջ 62 միլիոն այց է ունեցել, և դրա հիմնական լսարանը գտնվում է Միացյալ Նահանգներում։ Այս թիվը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խոսքը ոչ թե սահմանափակ շրջանակների, այլ լայն տարածում ունեցող միջավայրի մասին է։ Տեսանյութերը հաճախ նշվում են հատուկ թեգերով՝ օրինակ #passedout կամ #eyecheck։ Վերջինիս դեպքում տղամարդիկ բարձրացնում են կնոջ փակ կոպերը, որպեսզի ցույց տան, որ նա իսկապես անգիտակից վիճակում է։
Մեկ այլ սարսափելի բացահայտում. Նման «համայնքների» ներսում նյութեր տարածելուց բացի նաև տեղեկատվության փոխանակում է իրականանում։ Օգտատերերը քննարկում են, թե ինչ դեղամիջոցներ օգտագործել, ինչպես դրանք կիրառել և ինչ չափաբաժիններով։ CNN-ը դիտավորյալ չի հրապարակում այդ մանրամասները՝ հնարավոր չարաշահումները կանխելու համար։ Ավելին, հետաքննությունը բացահայտում է, որ որոշ օգտատերեր փորձում են նույնիսկ «բիզնես» կառուցել այս ամենի շուրջ։ Իսպանական փոքրիկ քաղաքից մի օգտատեր օրինակ, հայտարարել էր, որ «քնեցնող հեղուկներ» է վաճառում ու դրանք կարող է առաքել աշխարհի ցանկացած հասցե։ Նա պնդում էր, որ հեղուկը ոչ համ ունի, ոչ հոտ, և «կինը ոչինչ չի զգա և ոչինչ չի հիշի»։
«Բռնաբարության ակադեմիա» եզրույթը ստացած այս միջավայրում տեսանյութը դառնում է հիմնական արժույթը։ Որոշ օգտատերեր նույնիսկ առաջարկում են ուղիղ եթերներ՝ իրական ժամանակում ցուցադրելով սեռական բռնությունը։ Դիտելը վճարովի է՝ մոտ 20 դոլար, հաճախ վճարում են նաև կրիպտոարժույթով։ CNN-ի լրագրողները կապ են հաստատել նաև մի օգտատիրոջ հետ, որը հայտարարել է, թե ապրում է Արևմտյան Աֆրիկայում։ Նա կարճ տեսանյութ է ուղարկել ու նշել, որ դա իր հաջորդ ուղիղ եթերի «անոնսն» է։ Տեսանյութում լսվում է կնոջ խռմփոցը, երբ տղամարդը բարձրանում է նրա վրա։ Այնուհետև տեսանյութը կտրուկ ավարտվում է։
Լեհաստանում ապրող Պյոտրի դեպքում ևս, ըստ CNN-ի, նրա կինը, կարծես, որևէ պատկերացում չուներ, թե ինչ է կատարվում իր հետ։ Պյոտրն ամիսներ շարունակ հաղորդակցվել է լրագրողների հետ, նույնիսկ կիսվել իր հասցեով (անշուշտ, նա կարծում էր, որ զրուցում է իր «համայնքի» անդամների հետ)։ Այս համայնքներում տղամարդիկ գործում են ինտերնետի անանունության պաշտպանության ներքո, բայց այնտեղ ձևավորվում է նաև «համայնքային զգացում», որտեղ բռնությունը նորմալիզացվում է և նույնիսկ խրախուսվում։
Պյոտրը գլոբալ ցանցի միայն մեկ օրինակ է, բայց նմանատիպ պատմությունները բազմաթիվ են։ Ու ամենասարսափելին այն է, որ այս պատմություններում զոհերի մեծ մասը չգիտի անգամ, թե ինչ է կատարվում իր հետ։ Բայց կան նաև կանայք, որոնք բացահայտել են ճշմարտությունը ու նրանց պատությունները ցույց են տալիս այս երևույթի իրական խորությունն ու ամենածանր հետևանքները։ Կանայք բռնությունից վախեցել ու զգուշացել են փողոցում, ակումբում կամ ցանկացած այլ տեղ, բայց միայն ոչ իրենց տանը։ Ու պարզվում է, որ տասնյակ կամ անգամ հարյուրավոր անգամներ բռնության են ենթարկվել իրենց կողակցի կողմից։
Զոի Ուոթսն ամուսնու հետ 16 տարի է ապրել, միասին մեծացնում էին իրենց չորս երեխաներին։ 2018 թվականի մի կիրակի, եկեղեցուց տուն վերադառնալուց հետո, ամուսինը խոստովանություն է անում, որը փլուզում է կնոջ կյանքը։ Նա ասում է, որ տարիներ շարունակ որդու քնաբեր հաբերը խառնում էր կնոջ երեկոյան թեյի մեջ, հետո կապում նրան, նկարում և բռնաբարում՝ երբ նա անգիտակից վիճակում էր։ Ուոթսը պատմում է, որ այդ խոստովանությունը ստիպել է կասկածի տակ դնել իրենց ամբողջ անցյալը։
Ամեն մի հիշողություն, ամեն մի մտերմիկ պահ վերածվել է հարցականի ու սարսափի։ Չնայած կինը համոզված է, որ դատական գործընթաց սկսելը ճիշտ որոշում էր, CNN-ի հետաքննությունը ցույց է տալիս, թե նույնիսկ արդարություն որոնելիս որքան ծանր հետևանքներ կարող են ունենալ նման դեպքերը։ Չորս տարի տևած դատական գործընթացը նրա երեխաներին դպրոցում թիրախ է դարձրել, իսկ ընկերների, բարեկամների կամ ծանոթների հետ կնոջ սոցիալական կապերը գրեթե ամբողջությամբ քայքայվել են։
Ուոթսը նաև պատմում է, թե որքան դժվար է եղել բախվել հասարակության արձագանքին։ Նա հաճախ լսել է մեկնաբանություններ, որոնք փորձում էին նվազեցնել կատարվածի լրջությունը։ «Բայց նա քո ամուսինն էր», «դու արթուն չէիր», «դա նույնը չէ, ինչ փողոցում հարձակվելը» ու նմանատիպ այլ արտահայտությունները հերթական անգամ ցույց են տալիս, թե որքան սխալ և թերի են ընտանիքի ներսում սեռական բռնության մասին պատկերացումները։ Հաշվի առնելով, որ լինում են նաև ծանր դեպքեր (մեր որոշ հայրենակիցներ՝ վառ օրինակ), որ փորձում են արդարացնել անգամ փողոցում անծանոթ սրիկայի կողմից կնոջ բռնաբարությունը, վախենալու է անգամ պատկերացնել, թե ինչպես կարձագանքեն նման մարդիկ ընտանիքի ներսում կատարված բռնությանը։
CNN-ի հետաքննության մեջ ներկայացված մեկ այլ պատմություն՝ Ամանդա Սթենհոփինը, ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչպես կարող է այս բռնությունը քողարկվել երկար տարիներ։ Հինգ տարվա ընթացքում Սթենհոփը հաճախ չէր հիշում, թե երեկոյան ինչպես է քնել, արթնանում էր կապտուկներով՝ առանց որևէ բացատրության։ Նա պատմում է, որ մի քանի անգամ արթնացել է այն պահին, երբ զուգընկերը բռնաբարում էր իրեն։ Բայց երբ փորձել է կանգնեցնել այդ ամենը, բախվել է մեկ այլ ձևի բռնության՝ հոգեբանական մանիպուլյացիայի։ Նրա զուգընկերը ասել է, թե նա պարզապես «չափազանց շատ դեղեր է ընդունում», «հորինում է» կամ «քիչ-քիչ խելագարվում է»։ Կարճ ասած՝ գազլայթինգի դասական օրինակ։
Ի վերջո, կինը եղբոր աջակցությամբ դիմել է ոստիկանություն։ Նրա նախկին զուգընկերը մեղադրվել է սեռական բռնության մեջ, բայց մինչև գործը կհասներ դատարան, տղամարդն ինքնասպան է եղել։ Այս ծանր փորձառությունը անդառնալիորեն փոխել է կնոջ աշխարհընկալումը։ Նա ասում է, որ այժմ բոլորին ընդունում է որպես հնարավոր վտանգ։
Երբ շեղվում ենք անհատական ողբերգությունների շրջանակից ու ուսումնասիրում համակարգային խնդիրը՝ հարցն այլևս միայն այն չէ, թե ինչ է տեղի ունեցել կոնկրետ մարդկանց հետ, այլ այն, թե ինչ պայմաններում և ինչ մեխանիզմներով է այս ամենը հնարավոր դարձել։վ Փորձագետները վաղուց են ահազանգում, որ որոշակի տեսակի պոռնոգրաֆիկ բովանդակությունը տարիներ շարունակ նորմալիզացրել է կանանց նկատմամբ բռնությունը՝ այն ներկայացնելով որպես «ժամանց»։ Ալգորիթմները, որոնք խթանում են նման բովանդակությունը, այս գործընթացը դարձնում են ավելի արագ և ավելի լայնամասշտաբ։ Մասնագետների դիտարկմամբ բազմաթիվ տղամարդիկ և առհասարակ՝ հասարակությունը, այս լրջագույն խնդիրը բավականաչափ լուրջ չեն ընդունում։
Հոգեբան Անաբել Մոնտանը, որն ուսումնասիրել է Պելիկոյի գործով դատապարտված տղամարդկանց, նշում է, որ նման հարթակներում ձևավորվում է յուրահատուկ «եղբայրություն»։ Մարդիկ ոչ միայն տեղեկատվություն են փոխանակում, այլև ստեղծում են կապեր, որոնք բավարարում և ուժեղացնում են նրանց նարցիսիստական պահանջները։ Այսինքն՝ խոսքը միայն անհատական շեղումների մասին չէ, այլ մի միջավայրի, որտեղ այդ շեղումները փոխադարձաբար հաստատվում և խորանում են։ Այլ կերպ ասած՝ զարգանում են «բռնության կամ բռնաբարության դպրոցներ», որտեղ «ուսուցանվում են այն բոլոր առարկաները», որոնք անհրաժեշտ են հանցանքը գործելու և անպատիժ մնալու համար։
CNN-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ այդ համայնքներում իսկապես քննարկվում են բոլոր «տեխնիկական» հարցերը՝ ինչ նյութեր օգտագործել, ինչպես անել, որ զոհը ոչինչ չհիշի, ինչպես նկարահանել, ինչպես տարածել և ինչպես խուսափել բացահայտումից։ Միևնույն ժամանակ, փոխվում է նաև օգտագործվող միջոցների բնույթը։ Ամերիկացի քնի մասնագետ Միշել Քրամեր Բորնեմանը նշում է, որ հանցագործները ավելի ու ավելի հաճախ են անցնում այնպիսի դեղամիջոցների, որոնք ավելի հասանելի են և ավելի արագ են ազդում։ Դրանք նաև ավելի արագ են դուրս գալիս օրգանիզմից, ինչը բարդացնում է ապացույցների հավաքագրումը և դատական գործընթացը։
Իրավիճակը բարդանում է, որովհետև տվյալները չափազանց սահմանափակ են։ CNN-ի տվյալներով՝ եվրոպական շատ երկրներում չկա հատուկ համակարգ, որը կվերահսկի թմրանյութերի օգնությամբ իրականացված սեռական բռնությունները որպես առանձին կատեգորիա։ Դա նշանակում է, որ չկա համադրելի, ամբողջական պատկեր։ Այս ամենին գումարվում է նաև այն, որ բժշկական և իրավապահ համակարգերը հաճախ բավարար պատրաստվածություն չունեն նման դեպքերին պատշաճ արձագանք տալու համար։ Նույնիսկ առկա ապացույցների դեպքում զոհերին հաճախ չեն հավատում կամ կասկածի տակ են դնում նրանց խոսքը։ Նաև սա է պատճառը, որ զոհերը հազվադեպ են դիմում իրավապահներին։
CNN-ի հետաքննության ընթացքում «Zzz» խումբը հեռացվել է Telegram-ից։ Թեև հարթակը ուղիղ չի պատասխանել կոնկրետ այդ խմբի վերաբերյալ հարցերին, հայտարարության մեջ նշել է, որ սեռական բռնությունը խրախուսող բովանդակությունը արգելված է և հեռացվում է հայտնաբերվելուն պես։ Ըստ նրանց՝ մոդերատորները և արհեստական բանականության գործիքները մշտապես վերահսկում են հարթակը։ Բայց փաստը մնում է փաստ՝ թվային միջավայրում ձևավորված այս «համայնքները» շարունակում են գոյություն ունենալ, անգամ եթե կոնկրետ խմբերը փակվում են։ Ու այս ամենը տեղի է ունենում ոչ թե անհասանելի կամ էլ 7 կողպեքի տակ թաքնված տարածքներում, այլ թվային աշխարհում, որտեղ ամեն բան տեսանելի ու հասանելի է բոլորին։ Ու վերջում ևս մեկ անգամ հիշեցնենք այս հոդվածի ամենասարսափելի թիվը. «Բռնաբարության ակադեմիան» միայն 1 ամսում 62 միլիոն այցելու է ունեցել։ Մնացածը թողնում ենք ձեր՝ կյանքի, մարդկանց ու գոյության իմաստի մասին մտորումներին։