Ռոբ Ռայներն ու կինը սպանվել են, մեղադրյալը նրանց որդին է. Մարդկանց վարկածները, Թրամփի տհաճ արձագանքն ու քրգործի ընթացքը՝ մեկ տեղում
Դեկտեմբերի 14-ին Լոս Անջելեսի Բրենթվուդ թաղամասում գտնվող առանձնատանը հայտնաբերվեցին ամերիկյան կինոյի ամենահայտնի դեմքերից մեկի՝ ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ՝ պրոդյուսեր Միշել Սինգեր Ռայների մարմինները։ Լուրն իսկապես շոկային էր, հատկապես երբ պարզ դարձավ, որ կատարվածը սպանության, իսկ նախնական վարկածով՝ հենց զույգի որդու կողմից կատարված սպանության հետևանք է։ Տունը, որ տարիներ շարունակ ընտանեկան թվացյալ խաղաղության, ստեղծագործ աշխատանքի ու խիստ անձնական կյանքի տարածք էր, այդ օրը դաժան հանցագործության վայր դարձավ։
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռոբ Ռայները 78 տարեկան էր, Միշել Ռայները՝ 68։ Երկուսն էլ մահացել են դանակի բազմաթիվ հարվածներից ստացած ծանր վնասվածքների հետևանքով։ Դեպքի հանգամանքներն անմիջապես պարզ չդարձան, բայց արդեն ժամեր անց ոստիկանությունը հաստատեց, որ կատարվածը սպանություն է և պաշտոնական հետաքննություն սկսեց։
Մարմինները հայտնաբերել էր զույգի կրտսեր դուստրը՝ 28-ամյա Ռոմի Ռայները։ Ըստ մի քանի աղբյուրների՝ նա տուն էր մտել և հայտնվել ծնողների անշարժ մարմինների առջև։ Այս տեսարանը ոստիկանությունն ու լրատվամիջոցները հետո բնութագրեցին որպես «ծայրահեղ դաժան», բայց անգամ սա չի ներկայացնում տեսարանի ամբողջ սարսուռը։
Լոս Անջելեսի ոստիկանությունը արագ փակեց տան տարածքը, խուզարկություն սկսվեց։ Հնարավոր շարժառիթի մասին ևս քննիչները որևէ տեղեկություն չէին տրամադրում, որովհետև գործն ակտիվ քննության փուլում է։
Ամեն դեպքում՝ ողբերգական լուրը մեծ արձագանք գտավ ոչ միայն Հոլիվուդում, այլ նաև քաղաքական ու հանրային շրջանակներում։ Ռոբ Ռայները վաղուց արդեն միայն ռեժիսոր կամ դերասան չէր։ Ռայները հասարակական գործիչ էր, ակտիվիստ, քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող անհատ։ Սա էր նաև պատճառը, որ ողբերգությունը անմիջապես դուրս եկավ փոքր շրջանակներից և ազգային ու միջազգային քննարկման թեմա դարձավ։
Առաջին պաշտոնական հաղորդագրություններից հետո պարզ դարձավ, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ռայներների որդին՝ Նիք Ռայները։ Այս հանգամանքն, անշուշտ, բեկումնային էր։ Պատմությունը մտավ նոր, ավելի սարսափելի ու բարդ փուլ։ Ընտանեկան դրամա, տարիներով կուտակված ներքին հակասություններ, անձնական պայքարներ, և այս ամենը միանգամից խառնվում է իրավական ու հանրային ճնշման հետ։
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Ռոբ և Միշել Ռայներների սպանությունից ժամեր անց Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարեց, որ ձերբակալվել է նրանց որդին՝ 32-ամյա Նիք Ռայները։ Նա կալանավորվել է նույն օրը՝ երեկոյան։ Հաջորդ օրն արդեն պաշտոնապես մեղադրվել է ծնողների սպանության մեջ։ Նախնական փուլում, հրապարակված տվյալների համաձայն, նրա համար 4 միլիոն դոլար գրավ էր սահմանվել, բայց կարճ ժամանակ անց իրավապահները տեղեկացրին, որ Նիք Ռայները կմնա կալանքի տակ՝ առանց գրավի միջոցով ազատ արձակվելու հնարավորության։
Ոստիկանությունը սկզբում խիստ սահմանափակ էր մեկնաբանում գործը։ Չէին բացահայտվում ոչ խուզարկության արդյունքները, ոչ էլ այն հանգամանքները, որոնց հիման վրա քննիչները եկել էին եզրակացության, որ հենց Նիք Ռայներն է պատասխանատու ծնողների մահվան համար։ Միակ հաստատված տեղեկությունն այն էր, որ նախնական հետաքննությունից հետո իրավապահները հայտարարել են՝ հավաքված նյութերը թույլ են տալիս նրան դիտարկել որպես սպանության գործով անմիջական մեղադրյալ։
Հետաքննության ընթացքի վերաբերյալ լռությունը, սակայն, չկանխեց հանրային քննարկումները։ Սոցիալական ցանցերում արագորեն սկսեցին շրջանառվել տարբեր ենթադրություններ, թեև պաշտոնական մարմիններն ընդգծում էին, որ սպանության հնարավոր շարժառիթը դեռևս չի հրապարակվել, իսկ գործը դեռևս քննության փուլում է։ Իրավապահները հատուկ շեշտեցին, որ որևէ եզրակացություն կամ տեսություն այս փուլում հաստատված չէ։
Ամեն դեպքում՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև այն փաստը, որ սպանությունից մեկ օր առաջ Ռոբ և Նիք Ռայներները ներկա են եղել ոնան Օ՛Բրայենի տանը կազմակերպված երեկույթին։ Մի քանի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ երեկոյի ընթացքում հոր և որդու միջև կարճ, բայց բավականին թեժ վիճաբանություն է տեղի ունեցել։ Ոստիկանությունը, սակայն, այս տեղեկությունը որևէ կերպ չի մեկնաբանել և չի կապել այն հանցագործության հետ։
Թեմայի շուրջ Նիք Ռայների ավագ եղբայրը և կրտսեր քույրը հրապարակային մեկնաբանություն չեն արել։ Նրանք միայն շնորհակալություն են հայտնել ցավակցության և աջակցության խոսքերի համար ու խնդրել են հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը։
Ձերբակալությունից հետո Նիք Ռայները առաջին անգամ ներկայացել է դատարան։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում նա կրել է ինքնասպանությունից պաշտպանող հատուկ ժիլետ, որը սովորաբար օգտագործվում է բարձր ռիսկի կալանավորների դեպքում։ Իրավապահ մարմիններն անվտանգության այս միջոցի կիրառման պատճառները չեն մանրամասնել։ Նիստը տեղի է ունեցել առանց գործի բովանդակային քննարկման, իսկ հետաքննությունը շարունակում է մնալ ընթացքի մեջ։
ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ
Նիք Ռայների անունը լայն հանրությանը հայտնի դարձավ ոչ թե հոր ողբերգական մահից հետո, այլ դեռ տարիներ առաջ, երբ նա ինքն էր սկսել բաց խոսել իր կյանքի ամենաբարդ շրջանի մասին։ Ռոբ և Միշել Ռայներների երեք երեխաներից նա միջնեկն է, և դեռ պատանեկությունից նրա կյանքը հարթ չէր ընթանում։
Ըստ տարբեր հարցազրույցների և հրապարակումների՝ Նիք Ռայները արդեն 15 տարեկանում անցել է թմրամոլության դեմ իր առաջին բուժման ծրագիրը։ Այդ տարիքից սկսած նրա կյանքը բաժանվում էր կարճ վերականգնման փուլերի և նոր անկումների միջև։ Նա պարբերաբար տեղափոխվում էր տարբեր վերականգնողական կենտրոններ, ապա կրկին դուրս գալիս այնտեղից։ Երբեմն վերադառնում էր տուն, երբեմն էլ հայտնվում էր փողոցում կամ ապաստարաններում։ Ընտանիքին մոտ կանգնած մարդիկ հետագայում պատմել են, որ ընտանիքին մոտ կանգնած մարդիկ այս խնդրին վաղուց էին տեղյակ, բայց դրա իրական մասշտաբը հանրությունից թաքցվում էր։
Ընտանիքի ընկերները նաև պատմում էին, որ Ռոբ Ռայները և կինը փորձել են տղային փրկելու ամեն հնարավոր տարբերակ։ Միշել Ռայները մի առիթով ասել էր, որ իրենք արդեն չեն հասկանում, թե էլ ի՞նչ կարելի է անել, որովհետև փորձել են ամեն ինչ։ Այդ հուսահատության զգացումը հաճախ ուղեկցվել է նաև մասնագետների խորհուրդներին կույր վստահությամբ։
Այս լարված հարաբերությունների ֆոնին կարևոր շրջադարձ եղավ 2015 թվականին, երբ Նիք Ռայները, ըստ իր խոսքերի, կարողացավ ազատվել կախվածությունից և սկսեց աշխատել հոր հետ։ Այդ համագործակցության արդյունքը դարձավ «Լինել Չարլի» ֆիլմը, որի սցենարի համահեղինակն էր Նիքը, իսկ ռեժիսորը՝ Ռոբ Ռայները։ Ֆիլմի պատմությունը մասամբ հիմնված էր Նիքի անձնական փորձի վրա՝ կախվածություն ունեցող դեռահասի, ընտանիքի հետ բախումների և վերականգնման դժվար ճանապարհի մասին։
Ռոբ Ռայները հետագայում խոստովանել էր, որ այդ ֆիլմն իր համար բացառիկ անձնական նշանակություն ուներ։ Նա նշել էր, որ իր ամենամեծ սխալներից մեկը եղել է որոշ դեպքերում որդուն չլսելը։ Նրա խոսքով՝ իրենք անելանելի վիճակում են եղել և վստահել են մասնագետներին միայն այն պատճառով, որ նրանք հեղինակություն և վկայականներ են ունեցել։ Ֆիլմի վրա համատեղ աշխատանքը, ըստ Ռոբ Ռայների, օգնել էր վերականգնել իրենց կապը և ավելի լավ հասկանալ միմյանց։ Նիք Ռայները ևս հաստատում էր, որ հոր հետ համատեղ աշխատանքը կարևոր դեր է ունեցել իրենց հարաբերությունների վերականգնման գործում, թեև ինքը միշտ անկախությունը պահպանելու և կինոյում սեփական ճանապարհը ստեղծելու կողմնակիցն էր։
Բայց փաստորեն ստացվում է այնպես, որ անցյալը, որը երկար ժամանակ ներկայացվում էր որպես հաղթահարված փուլ, սպանությունից հետո կրկին վերադարձավ հանրային ուշադրության կենտրոն։ Նիք Ռայների կյանքի պատմությունը սկսեց ընկալվել որպես երկարատև, չլուծված խնդիրների շղթա, որի վերջնական հանգուցալուծումը դարձավ ողբերգական իրադարձությունը։
ՌՈԲ ՌԱՅՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԸ
Ցավոք, դաժան սպանությունը Ռոբ Ռայների անունը կապեց ընտանեկան ողբերգության հետ, բայց նա տասնամյակներ շարունակ եղել է ու դեռ բազմաթիվ տասնամյակներ կլինի ամերիկյան մշակութային կյանքի ամենահաստատուն ու ճանաչելի դեմքերից մեկը։ Ռոբ Ռայները ծնվել է հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Կարլ Ռայները, ամերիկյան հումորի և հեռուստատեսության առանցքային գործիչներից էր՝ դերասան, սցենարիստ, ռեժիսոր և գրող, իսկ մայրը՝ Էստել Ռայները, նույնպես կապ ուներ արվեստի աշխարհի հետ։ Ռոբի պատանեկության տարիներին ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես և կարելի է ասել, որ այս տեղափոխությունը նրա հետագա կյանքի ու որոշումների համար որոշիչ է եղել։
Բեվերլի Հիլզում նա սովորել է ապագա դերասանների ու մշակութային գործիչների հետ, բայց գիտակցված կերպով կյանքը կինոյի ու հեռուստատեսության հետ կապել է միայն Կալիֆոռնիայի համալսարանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո։ Ռայների մասնագիտական ճանապարհը սկսվել է սցենարիստի աշխատանքով, բայց լայն ճանաչում ձեռք է բերել, երբ հայտնվել է Նորման Լիրի ստեղծած «Բոլորն ընտանիքում» սիթքոմում։ Սա իսկապես ճակատագրական նախագիծ էր Ռայների համար։ 1970-ականների առաջին կեսին այն եղել է ԱՄՆ-ում ամենադիտվող նախագծերից մեկը։
Դերասանական հաջողությանը զուգահեռ նա աստիճանաբար տեղափոխվեց ռեժիսորական դաշտ։ 1980-ականներից ի վեր Ռոբ Ռայները կարծես հաստատեց իր անունը որպես Հոլիվուդի ամենահուսալի և կոմերցիոն առումով հաջողակ ռեժիսորներից մեկը։ Նրա ֆիլմերը տարբերվում էին ժանրային բազմազանությամբ, բայց բոլորն էլ ունեին հստակ նարատիվային կառուցվածք և հանդիսատեսի տարբեր շերտերի հետ աշխատելու կարողություն։
«Սա Spinal Tap-ն է» կեղծ-վավերագրական ֆիլմը, որը պատմում էր հորինված բրիտանական ռոք խմբի մասին, ժամանակի ընթացքում կարծես կուլտային դարձավ։ Ֆիլմը հայտնվեց «լավագույն կատակերգությունների» և «լավագույն ֆիլմերի» բազմաթիվ ցանկերում, տասնամյակներ շարունակ չկորցրեց «ամենաքննարկված» տիտղոսը։ Ռայները հետագայում նկարահանեց «Մնա ինձ հետ», «Արքայադուստր-հարսնացուն», «Երբ Հարրին հանդիպեց Սալիին», «Միզերին», «Մի քանի լավ տղաներ», «Ամերիկյան նախագահը» և մի շարք այլ ֆիլմեր, որոնք տարբեր սերունդների համար դարձան տպավորիչ ու ճակատագրական։ Գուցե չափազանցություն չի լինի ասել, որ Ռայների ֆիլմերը «հաճախ վերադիտվող ֆիլմերի» ցանկում առնվազն թոփ տասնյակում են։
Ռոբ Ռայները եղել է նաև Castle Rock Entertainment ընկերության հիմնադիրներից մեկը։ Ստուդիան երկար տարիներ հոլիվուդյան կայուն արտադրության օրինակ էր ու ստեղծում էր ֆիլմեր, որոնք հասնում էին մեծ լսարանին, բայց և ֆիլմարտադրության տեսանկյունից կարևոր արժեք էին ներկայացնում։
Բայց Ռայների կյանքը սահմանափակված չէր միայն կինոյով։ Նա ակտիվ էր նաև հասարակական և քաղաքական դաշտում։ Տարիներ շարունակ հստակ ու հանրային կերպով աջակցում էր Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին և ներկայանում էր որպես լիբերալ հայացքներ ունեցող ակտիվիստ։ Նրան անունն անգամ հիշատակվել էր որպես Կալիֆոռնիայի նահանգապետի հնարավոր թեկնածու։ Նրա քաղաքական դիրքորոշումները հաճախ էին քննարկումների առարկա դառնում, բայց Ռայները երբեք չէր խուսափում հրապարակային խոսքից։
Ինչպես արդեն ասացինք՝ սա էր նաև պատճառը, որ Ռոբ և Միշել Ռայներների սպանությունից հետո հանրային արձագանքը մասամբ տեղափոխվեց նաև քաղաքական դաշտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իբր ցավակցական հրապարակում արեց, բայց որի նպատակն իրականում հերթական սադրանքն էր։ Նա փորձեց ողբերգությունը կապել Ռոբ Ռայների քաղաքական հայացքների հետ՝ օգտագործելով իր կողմից հաճախ շրջանառվող «Թրամփի նկատմամբ մոլուցքի սինդրոմ» արտահայտությունը։ ԱՄՆ նախագահն ակնարկում էր, թե Ռայները և կինը կարողէին զոհվել այն «զայրույթի» պատճառով, որը, ըստ նրա, ռեժիսորը տարիներ շարունակ առաջացրել էր իր քաղաքական դիրքորոշմամբ:
Ակնհայտ է, որ այս անգամ սա չափից շատ էր նույնիսկ Թրամփի համար։ Գրառումը քննադատեցին դեմոկրատները, բազմաթիվ հանրապետականներ, պաշտոնյաներ ու հասարակ քաղաքացիներ։ Հանրապետականների մեջ գտնվեցին անգամ մարդիկ, որոնք իրերն իրենց անուններով կոչեցին ու ասացին, որ նման մեկնաբանություններն անտեղի են և անհարգալից՝ հաշվի առնելով, որ խոսքը ընտանեկան ողբերգության մասին է։
Անշուշտ, այս արձագանքներին զուգահեռ հնչեցին բազմաթիվ ցավակցական ուղերձներ։ Կյանքի որևէ փուլում Ռոբ Ռայների կամ էլ կնոջ՝ Միշել Ռայների հետ աշխատած մարդիկ միայն ափսոսանքի ու հիացմունքի խոսքեր են գրում և միաբերան պնդում, որ թողած ժառանգությունը դեռ շատ երկար կապրեցնի նրանց։