Կարդալիքներ PAN-ից
July 1

Երբ դատավորը ժամանակն է՝ Ռեմբրանդին «խմբագրելը» ի վերջո պատժվելու է. Ինչպես և ում ձեռքով կտավից անհետացան առանցքային դետալները

2014 թվականին Գերմանիայի Քյոլն քաղաքում գործող Lempertz աճուրդային տանը վաճառքի հանվեց XVII դարի նիդերլանդական դպրոցի անանուն մի կտավ: Այն ներկայացվում էր որպես հին, բայց ոչ բացառիկ աշխատանք՝ «Նիդերլանդական դպրոց, XVII դարի կեսեր» ձևակերպմամբ։ Արդյունքում կտավը վաճառվեց 1.5 միլիոն եվրոյով։ Ու միայն տարիներ անց պարզ դարձավ, որ այս կտավն իրականում կրոնական հանդուրժողականության շուրջ բանավեճերի, այդ ժամանակների հախուռն Եվրոպայի ու բազմաթիվ այլ, թաքնված շերտերի մասին էր։

Ռեմբրանդի այս կտավը կոչվում է «Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ»։ Այն պատկերում է Նոր Կտակարանի այն դրվագը, որտեղ մարդիկ իրենց երեխաներին բերում են Հիսուսի մոտ, իսկ աշակերտները փորձում են նրանց հետ պահել։ Հիսուսը հանդիմանում է աշակերտներին և ընդունում երեխաներին՝ ասելով, որ նրանց պետք է թողնել գալ Իր մոտ, որովհետև այդպիսիներին է պատկանում երկնքի արքայությունը։

«Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև Աստծու արքայությունը այդպիսիներինն է: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու»

Սյուժեն քրիստոնեական արվեստում նոր չէր, բայց Ռեմբրանդի պատկերած տեսարանը պարզ, կանոնավոր և բարեպաշտական կոմպոզիցիա չէր։ Այն շատ ավելի խիտ էր, անհանգիստ ու լարված։ Մարդիկ սեղմված էին իրար, մեծահասակները տեսարան էին ներխուժում տարբեր կողմերից, իսկ երեխաները կենտրոնում հայտնվում էին շատ խոցելի կերպով։

Այս կտավի շուրջ վերականգնողական աշխատանքները հիմնովին փոխեցին մասնագետների պատկերացումը։ Կտավից հեռացվեցին ուշ շրջանում արված շերտերը ու պարզ դարձավ, որ կենտրոնական կերպարներից մեկը սկզբում պատկերված է եղել թյուրբանով: Հետագայում անհայտ մի ձեռք՝ գուցե այլ նկարիչ, կամ գուցե կտավի հետագա սեփականատերերից մեկի պատվերով աշխատած վարպետ, այդ թյուրբանը փոխարինել էր ավանդական հոլանդական փափուկ գլխարկով։

Ակնհայտ է, որ այս փոքր թվացող փոփոխությունը իրականում ամբողջ տեսարանի իմաստն էր փոխում։ Թյուրբանը կերպարին դարձնում էր այլ մշակույթի, այլ կրոնի կամ առնվազն այլ աշխարհագրական միջավայրի ներկայացուցիչ։ Հոլանդական գլխարկը նրան վերադարձնում էր ավելի սովորական, անվտանգ ու «ընդունելի» միջավայր։ Այլ կերպ ասած՝ կտավից հեռացվել է դրա բազմազանության ամենաառանցքային դետալներից մեկը։

Բայց Ռեմբրանդին «գրաքննության ենթարկած» նկարիչը չէր սահմանափակվել միայն թյուրբանի «փոշիացմամբ»։ Նա նաև հագուստ էր ավելացրել մերկ երեխայի կերպարին։ Առաջին պլանի որոշ հատվածներ լրացվել էին կոպիտ և անհամաչափ ձևով։ Ըստ Sotheby’s-ի մասնագետ Ալեքս Բելի՝ ուշ շրջանի միջամտությունը կտավը դարձրել էր թեմայի ավելի ավանդական մեկնաբանություն։ Ռեմբրանդի նախնական տարբերակում կերպարների կազմը շատ ավելի բազմազան էր։ Եվ ահա՝ կտավի վերականգնումը, փաստորեն, ոչ միայն մաքրեց դրա մակերեսը, այլև վերադարձրեց այն գաղափարական իմաստը, որը կտավը դարձնում էր անսովոր, բարդ և համարձակ։

Ռեմբրանդն այս աշխատանքը ստեղծել է մոտ 1627 թվականին, երբ դեռ երիտասարդ էր և աշխատում էր իր ծննդավայր Լեյդենում։ Այդ ժամանակ նա փորձում էր ամրապնդել իր դիրքը որպես կրոնական թեմաներով աշխատող նկարիչ։ Այս աշխատանքը, ամենայն հավանականությամբ, երբեք ավարտին չի հասցվել և չի հանձնվել որևէ պատվիրատուի։ Բայց հենց այդ անավարտ լինելն է այսօր այն դարձնում բացառիկ։ Կտավում կան կերպարներ, որոնք գրեթե ավարտուն տեսք ունեն, և կան հատվածներ, որոնք մնացել են նախնական մշակման փուլում։ Սա է նաև պատճառը, որ կտավը մեզ թույլ է տալիս տեսնել Ռեմբրանդի աշխատանքի ընթացքը ու թե ինչպես էր կառուցում կրոնական տեսարանը։

Արվեստաբան Էնդրյու Գրեմ-Դիքսոնի կարծիքով՝ այս կտավը եզակի է նաև հենց այդ պատճառով։ Ռեմբրանդը, ինչպես նա է ասում, կտավը մոտ երեք քառորդով է հասցրել ավարտին և կանգ է առել։ Հետագայում արդեն ուրիշ մեկը միջամտել է՝ փորձելով այն դարձնել ավելի ավարտուն ու ավելի «ընդունելի»։ Բայց այդ միջամտության հետևանքով անհետացել է երիտասարդ Ռեմբրանդի ձեռագիրն ու ասելիքը, համարձակությունը, նրա ժամանակի քաղաքական և կրոնական իրականության արձագանքը, մարդկանց բազմազանության հանդեպ նրա զգայունությունը։

1620-ականների Լեյդենը ամենևին էլ խաղաղ ու փակ քաղաք չէր։ Եվրոպան բռնկված էր պատերազմներով։ 1618 թվականին սկսվել էր Երեսնամյա պատերազմը: Թեև Նիդերլանդների հիմնական քաղաքացիական կենտրոնները միշտ չէ, որ անմիջապես պատերազմի դաշտ էին դառնում, ամբողջ Եվրոպայում տիրող իրավիճակը ձևափոխում էր նրանց կյանքը ևս։ Լեյդեն էին հասնում Գերմանիայի պատերազմից ավերված տարածքներից փախած մարդիկ, որոնցից շատերը բողոքականներ էին։ Քաղաքը ընդունում էր հազարավոր մարդկանց՝ ընտանիքներով, երեխաներով, իրենց արհեստներով ու բարքերով։

Գրեմ-Դիքսոնի գնահատմամբ՝ քաղաքի վրա այդ շրջանում մոտ 10 հազար փախստականի ծանրություն էր ընկել։ Դա մարդասիրական ճգնաժամ էր, և բոլորը չէ, որ պատրաստ էին այդ մարդկանց ընդունել։ Փախստականների ներհոսքը լարվածություն էր առաջացնում, հասարակության մի մասը դժգոհ էր, քաղաքը ծանրաբեռնված էր։ Այս պատմական ֆոնի վրա Ռեմբրանդի կտավը լրացուցիչ իմաստային շերտեր է ստանում։

Սա է պատճառը, որ արվեստաբանները այս կտավը դիտարկում են որպես Ռեմբրանդի բարոյական դիրքորոշման արտահայտություն։ Գրեմ-Դիքսոնի պատկերացմամբ երիտասարդ նկարիչն այստեղ «խաղաղություն է պատկերել»՝ երազելով ավելի լավ աշխարհի մասին, որտեղ երեխաներին պաշտպանում են, օտարներին չեն մերժում, իսկ տարբեր հավատքների և մշակույթների մարդիկ կարող են հայտնվել նույն տարածքում։ Նկարի խիտ ամբոխը, ըստ նրա, արտացոլում է Լեյդենի փողոցների իրականությունը՝ բազմազգ, բազմակրոն, լարված, բայց նաև կենդանի քաղաք, որտեղ նորեկների ներկայությունը դարձել էր օրակարգային հարց։

Չալմայով կերպարի բացահայտումը հենց այդ պատճառով է այդքան կարևոր։ Իհարկե, Գրեմ-Դիքսոնը զգուշավոր է։ Նա չի պնդում, թե կերպարը վստահաբար մուսուլման է։ XVII դարի աստվածաշնչյան արվեստում արևելյան հագուստն ու չալմաները հաճախ հանդիպող երևույթ էին։ Ռեմբրանդն ինքն էլ իր գործերում հաճախ է օգտագործել նման հագուստներ։ Բայց այս կտավում չալմայով մարդու ներկայությունը, կարծես, ավելի խորն իմաստ ունի։ Նա բազմաշերտ ամբոխի մի մասնիկն է, որտեղ կարելի է տեսնել տարբեր կրոնական և մշակութային ուղղություններ։

Դե, իսկ երեխաները, ըստ արվեստաբանների, կտավում մարդկայնության խորհրդանիշն են։ Գրեմ-Դիքսոնի մեկնաբանությամբ՝ երեխաները դեռ չեն ընտրել, թե ինչին են հավատալու, չեն բաժանվել դավանանքների, խմբերի, պատերազմող ճամբարների։ Նրանք հիշեցում են, որ ծնվելիս բոլորս հավասար ենք ու նույնն ենք։ Հետո ամեն ինչ փոխվում է հավատքի, քաղաքականության, ազգության կամ գաղափարախոսության պատճառով։ Այդ պատճառով «Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ» կտավի սյուժեն ինչ-որ առումով նաև մարդկային համակեցության մասին պատկեր է։

Այս գաղափարը որոշակի թելերով կապվում է նաև Լեյդենի կրոնական մթնոլորտի հետ։ Ռեմբրանդը, ըստ մասնագետների, մտերիմ էր ռեմոնստրանտների շրջանակի հետ։ Այս շարժման անդամները Յակոբուս Արմինիուսի գաղափարակիցներն ու նրա հետևորդներն էին։ Արմինիուսն աստվածաբան էր, որը կարևորում էր կրոնական հանդուրժողականությունն ու ազատ կամքի գաղափարը։ 1606 թվականին Լեյդենի համալսարանում ունեցած ելույթում Արմինիուսը դատապարտել էր ոչ միայն հրեաների և մուսուլմանների հալածանքը, այլև քրիստոնեական խմբերի միջև բռնությունը։ Հետևաբար, այդ միջավայրում մեծացած և ձևավորվող Ռեմբրանդի համար կրոնական թեման չէր կարող սոսկ դոգմատիկ պատկեր լինել։

Ի դեպ, կտավում կա նաև մեկ այլ՝ խիստ անձնական շերտ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Ռեմբրանդը, ամենայն հավանականությամբ, կոմպոզիցիայի մեջ ներառել է նաև իր ընտանիքի անդամներին։ Օրինակ հետին պլանում երևացող ուրվագծային կերպարը մեծ հավանականությամբ կարող է լինել նկարչի հայրը։ Իսկ վերևի աջ հատվածում, ամբոխի միջից նայող կերպարը, ըստ արվեստաբանների, հենց երիտասարդ Ռեմբրանդն է։ Նա կարծես առաջ է գալիս, փորձում տեսնել կատարվող հրաշքը և միաժամանակ նայում է դիտողին։

Եթե այս նույնականացումներն իսկապես ճշգրիտ են, ապա սա հատկապես հետաքրքիր է, եթե հաշվի առնենք, թե նկարչի կյանքի որ փուլում է ստեղծվել գործը։ Ռեմբրանդի ծնողները սկզբում հույս ունեին, որ որդին կընտրի իրավունքի, վարչական ծառայության կամ եկեղեցու ճանապարհը։ Բայց ավելի ուշ նրանք ընդունեցին որդու տաղանդը և աջակցեցին գեղարվեստական կրթությանը։ Կա տեսակետ, որ այս կտավը ստեղծվել է Պիտեր Լաստմանի մոտ ուսանելուց անմիջապես հետո, և Ռեմբրանդը, կարծես, ցանկանում էր ցույց տալ ծնողներին, որ նրանց ներդրումն ապարդյուն չի եղել։

Այն, որ կտավը մնացել է անավարտ, միաժամանակ հանելուկ է և նաև հնարավորություն։ Պարզ չէ, թե ինչու նկարիչը ավարտին չի հասցրել այս աշխատանքը։ Պարզ չէ նաև, թե ում համար էր նախատեսված աշխատանքը կամ ինչ հանգամանքներում է այն դուրս եկել արվեստանոցից։ Բայց այսօր այդ անավարտությունը թույլ է տալիս որոշ դեպքերում անել նաև սեփական ենթադրությունները։ Ալեքս Բելի կարծիքով՝ մենք, անշուշտ, չենք կարող իմանալ, թե Ռեմբրանդն ի վերջո ինչպես էր ավարտելու այդ կտավը, բայց վերականգնված վիճակում այն անկասկած ավելի ազդեցիկ ու տպավորիչ է, իսկ երեխաների խոցելիությունը շատ ավելի ընդգծված է։

Արվեստաբանի պնդմամբ այս իմաստով կտավը թե՛ նկարչի ժամանակի, թե՛ մեր ժամանակի մասին է։ Այսօր էլ աշխարհում կան վայրեր, որտեղ երեխաները զոհվում են ռմբակոծություններից, քաղաքական ու կրոնական տարաձայնություններից ծագած պատերազմներից։ Այդ պատճառով այս աշխատանքի մարդասիրական ուղերձը տեղին է նաև այսօր, որովհետև երեխաների խոցելիությունը և մեծահասակների բռնությունը, ցավոք, արդիական թեմաներ են։

Վերականգնումից հետո կտավն արվեստի շուկա է վերադարձել արդեն բոլորովին այլ կենսագրությամբ։ 2014 թվականի աճուրդից հետո շատ բան է փոխվել ու այժմ Sotheby’s-ն այս աշխատանքը ներկայացնում է որպես Ռեմբրանդի վաղ շրջանի ամենանշանակալի գործերից մեկը։ Հուլիսի 1-ին մասնավոր հավաքածուում գտնվող այս կտավը կհանվի աճուրդի։


✍️ Նանե Մանուկյան / PAN