Նույն պատկերն ու մոտիվը՝ Մոնեից մինչև Ուորհոլ. Ինչու են արվեստագետները վերադառնում նույն թեմային
Արվեստը սովորաբար ընկալում ենք որպես նորի ստեղծում՝ նոր գաղափար, նոր պատկեր, նոր ձև։ Բայց եթե ուշադիր ուսումնասիրենք արվեստի պատմությունը՝ կտեսնենք մեկ այլ, գրեթե հակասական օրինաչափություն։ Դարեր շարունակ արվեստագետները կրկին ու կրկին վերադարձել են նույն թեմաներին, նույն պատկերներին ու նույն մոտիվներին։ Այդ մոտիվները, կերպարներն ու առարկաները հայտնվում են տարբեր ժամանակներում, տարբեր ձեռագրերով, տարբեր աշխարհայացքներով։ Բայց հետաքրքիրն այն է, որ այդ կրկնությունը երբեք չի ընկալվել որպես երևակայության պակաս։ Ընդհակառակը՝ հենց դրա միջոցով է ձևավորվել արվեստի լեզուն։
Այս պարագայում կրկնությունն ընկալվում է որպես վերադարձ։ Վերադարձ թեմաների, որոնք դեռ ամբողջությամբ չեն սպառվել կամ էլ չեն կորցրել իրենց արդիականությունը։ Բազմաթիվ արվեստագետների համար ճշմարտությունը թաքնված չէ հեռու ու անծանոթ տեղերում, այն գտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ նրանք անընդհատ վերադառնում են։ Գույն, ձև, մարդկային կերպար, բնապատկեր, առարկա կամ տեսարան՝ այդ տարրերի կրկնությունը մեխանիկորեն արված գործողություն չէ։
Հոգեբաններն ընդգծում են, որ մարդու հիշողությունը գծային չէ։ Այն չի շարժվում ուղիղ գծով՝ անցյալից դեպի ներկա։ Փոխարենը գործում է շրջաններով։ Փոքր մանրուքը՝ լույսի անկյունը, պատուհանի դիրքը, գործվածքի զգացողությունը, մեզ կարող է վերադարձնել մի կոնկրետ պահի, մի զգացողության, որը երբեք ամբողջությամբ չենք «մարսել»։ Արվեստում այդ մեխանիզմն առավել տեսանելի է դառնում։ «Առաջ շարժվելու» և թեման բաց թողնելու փոխարեն որոշ արվեստագետներ ընտրում են «մնալ» դրա հետ ու ուսումնասիրել թաքնված շերտերը։ Որոշում են աշխատել դրա վրա կրկին ու կրկին՝ ինչպես կրկնվող երազի վրա, որի մանրամասները փոխվում են, բայց հիմնական զգացողությունը նույնն է մնում։
Այս դեպքում կրկնությունը դառնում է վերաիմաստավորում, և ոչ թե վերարտադրություն։ Յուրաքանչյուր նոր տարբերակ նույն գաղափարի մասին այլ պատկերացում է տալիս։ Ու, իհարկե, ժամանակի հետ փոխվում է ոչ միայն թեման, այլև այն մարդը, ով աշխատում է դրա հետ։
Պատմականորեն կրկնությունն արվեստում նաև շատ հստակ սոցիալական և մշակութային գործառույթ ուներ։ Մինչև տեղեկատվական դարաշրջանը, ընդհանուր սյուժեները՝ կրոնական պատմությունները, դիցաբանական կերպարները, առօրյա տեսարանները, կարծես հստակ մշակութային կոդ ունեին։ Դրանք հասկանալի էին բոլորին։ Նկարչին անհրաժեշտ չէր բացատրել, թե ինչ է տեղի ունենում կտավի վրա, դիտողը դա արդեն գիտեր։ Այդ պատճառով սյուժեն դառնում էր հիմք, իսկ իմաստը՝ գործիք։ Միևնույն պատմությունը տարբեր դարաշրջաններում վերածվում էր տարբեր աշխարհայացքների արտահայտման միջոցի։
Կրկնությունը կարևոր դեր ուներ նաև ուսուցման մեջ։ Արվեստագետները սովորում էին նախորդներից՝ պատճենելով, կրկնելով, մոդիֆիկացնելով, մարտահրավեր նետելով։ Նույն սյուժեի վրա աշխատելիս փոխվում էին տեխնիկայի, կոմպոզիցիայի, լույսի և գույնի տիրապետումն ու ընկալումները։ Այդ «կրկնություններն» իրականում, կարելի է ասել, որ զարգացման փուլեր էին, որոնք աստիճանաբար անհատական ձեռագիր էին ձևավորում։
Բայց ժամանակի ընթացքում կրկնության մեխանիզմը սկսեց գործել նաև այլ մակարդակում։ Այն լոկ հմտության արտահայտումից դարձավ մտքի, զգացողության, դիրքորոշման արտահայտություն։ Նույն թեման սկսեց կրել տարբեր իմաստներ՝ կախված նրանից, թե ով էր այն ներկայացնում և որ ժամանակահատվածում։ Կամ գուցե հեղինակն էլ, ժամանակահատվածն էլ նույնն էին, բայց ուղերձն էր այլ։ Սյուժեն մնում էր նույնը, բայց մոտեցումը փոխվում էր։
Դիտողի համար ևս կրկնությունը երբեք խոչընդոտ չի եղել։ Ընդհակառակը՝ ծանոթ թեման մտերմության մի հետաքրքիր զգացողություն է ստեղծում։ Երբ պատմությանն արդեն ծանոթ ես, ուշադրությունը «ինչ է տեղի ունենում» հարցադրումից տեղափոխվում է դեպի այլ, առավել բովանդակային մակարդակ, որտեղ նախադասությունները սկսվում են «ինչու» և «ինչպես» հարցադրումներով։ Ու հենց այստեղ է, որ արվեստն ավելի խորը, ավելի բարդ ու ավելի անձնական է դառնում։
Բայց եկեք ընդունենք, որ կրկնությունը մեր կյանքի մասն է ու չի սահմանափակվում արվեստով։ Մենք ապրում ենք կրկնությունների շղթայում՝ մեր առօրյայում, սովորություններում, շարժումներում, լեզվում։ Կրկնությունը անվտանգության, կանխատեսելիության, հանգստության զգացում է ստեղծում։ Հոգեբանները նշում են, որ ծանոթ «իրավիճակները» նվազեցնում են անհանգստությունը և թույլ են տալիս ավելի հստակ կենտրոնացում ունենալ։ Արվեստում դա վերածվում է զգայական փորձի։
Հենց այդ պատճառով մեկ մոտիվի բազմակի ուսումնասիրումը երկակի հաճույք է առաջացնում։ Այն միաժամանակ ճանաչելի է, բայց և նոր։ Կրկնվող պատկերները ստեղծում են կառուցվածք, որի մեջ հնարավոր է «երկար մնալ», դիտել, ընկղմվել։ Այդտեղից էլ առաջանում է կրկնության «մոգական» ազդեցությունը։
Արվեստի պատմության մեջ կրկնությունը երբեք էլ սահմանափակում չի եղել։ Ընդհակառակը, այն հնարավորություն է եղել։ Հնարավորություն՝ նույն հարցը տալ տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում, տարբեր ներաշխարհներով։ Եվ հենց այդ պատճառով նույն թեմային վերադարձող արվեստագետները չեն փակվում իրենց ներսում, այլ ստեղծում են երկխոսություն՝ իրենց անցյալի, ներկայի և դիտողի հետ։
Կրկնությունն արվեստում հաճախ սկսվում է շատ կոնկրետ ընտրությունից։ Այստեղ թեմա «գտնելու» ցանկությունը երկրորդական է դառնում, առաջին պլանում է նույն տեսարանին նորի՜ց նայելու կարիքը։ Այդպիսի մոտեցման դասական օրինակ է Կլոդ Մոնեն, որի համար կրկնությունը հնարք չէր, այլ աշխատելու հստակ բանաձև ու որոշում։ Նա միևնույն տեսարանը պատկերում էր օրվա տարբեր ժամերին՝ առանց փոխելու դիտակետը կամ կոմպոզիցիան։ Մոնեին առարկան որպես այդպիսին հետաքրքիր չէր։ Նրան հետաքրքիր էր լույսը՝ ինչպես է այն ժամ առ ժամ փոխում տեսարանը։ Այդպես ծնվեցին նրա հայտնի շարքերը։ Յուրաքանչյուր կտավը ֆիքսում էր մի պահ, որը հաջորդ օրն այլևս չէր կրկնվում։ Կրկնությունը Մոնեի համար ժամանակը «բռնելու» փորձ դարձավ։
Եթե Մոնեի մոտ նույն թեման շարժման մեջ էր, Ջորջո Մորանդիի արվեստում կրկնությունը հակառակ ուղղությամբ էր աշխատում։ Նրա շշերը, տարաները, պարզունակ առարկաները տարիներ շարունակ հայտնվում էին նույն սեղանի վրա, նույն «լռության մեջ»։ Մորանդին հազվադեպ էր փոխում իր միջավայրը և գրեթե չէր հեռանում Բոլոնիայից։ Նրա կրկնվող նատյուրմորտները ստեղծում էին փոքր, փակ աշխարհ, որտեղ արտաքին աղմուկը տեղ չուներ։ Արվեստաբանները հաճախ խոսում են նրա աշխատանքի մեդիտատիվ բնույթի մասին։ Սահմանափակ գույները, նույն ձևերը, լույսի և ստվերի նուրբ խաղը կրկնությունը դարձնում էին կենտրոնացման և մտորումների գործիք։
Կրկնությունը կարող է լինել նաև ֆիզիկական անհրաժեշտություն։ Ֆրիդա Կալոն իր ինքնանկարները սկսեց նկարել երկարատև մեկուսացման պատճառով։ Ծանր ավտովթարից հետո նա ամիսներ շարունակ անկողնային վիճակում էր։ Հայելու օգնությամբ դարձավ իր սեփական բնորդը։ Նույն դեմքը հայտնվում էր նորից ու նորից, բայց ամեն անգամ՝ այլ ցավով, այլ խորհրդանշական միջավայրում, այլ զգացումներ փոխանցելով։ Կոտրված սյունը, մետաղական կորսետը, մարմինը ծակող մեխերը դարձան ցավի մասին պատմելու՝ նկարչուհու լեզուն։ Նրա համար կրկնությունը ինքնապաշտպանության ձև էր, գուցե անգամ՝ գոյատևելու միջոց։
20-րդ դարում կրկնությունը ստացավ լրիվ այլ, գրեթե մեխանիկական երանգ։ Էնդի Ուորհոլը նույն պատկերները՝ Մերիլին Մոնրոյի դիմանկարները, պահածոների տարաները, դոլարի նշանները, մեկ աշխատանքի մեջ տասնյակ անգամներ էր բազմապատկում։ Նույն դեմքը կրկնվում էր նույն չափով, նույն դիրքով, տարբեր գույներով։ Այս դեպքում կրկնությունն արտիստի համար դառնում էր զանգվածային մշակույթի, սպառման և պատկերների անընդհատ շրջանառության մասին բացառիկ մեկնաբանություն։
Կան նաև արվեստագետներ, որոնց մոտ կրկնությունը վերածվում է անվերջ որոնման։ Ալբերտո Ջակոմետին տարիներ շարունակ աշխատում էր նույն մարդկային կերպարների վրա՝ երկար, նիհար, գրեթե հյուծված ֆիգուրներ։ Նա մշակում էր դրանք, քանդում, նորից հավաքում, երբեք լիովին գոհ չէր մնում։ Ջակոմետին հաճախ իր աշխատանքներն անավարտ էր համարում։ Նրա կրկնությունը կապված էր իրականությունն ամբողջովին ֆիքսելու ու պատկերելու անկարողության զգացողության հետ։ Կերպարը միշտ անավարտ էր թվում, ինչպես մարդու ներկայությունն աշխարհում։
Իսկ օրինակ Մարկ Ռոթկոյի արվեստում կրկնությունն առաջին հայացքից զուսպ ու պարզ է թվում։ Նրա մեծածավալ կտավները կառուցված են գրեթե նույն սխեմայով՝ գունային դաշտեր, որոնք լողում են միմյանց վրա, առանց հստակ եզրագծերի։ Տարիներ շարունակ նա աշխատում էր այդ նույն կառուցվածքի շուրջ՝ փոխելով գույների հարաբերակցությունը, խտությունն ու մոտիվները։ Բայց այդ արտաքին միօրինակության տակ շատ ավելին էր թաքնված, որովհետև նկարչի համար գույնը ձև չէր, այլ զգացողություն։
Այս տարբեր պատմությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ կրկնությունն արվեստում երբեք միանշանակ չէ։ Մոնեի մոտ այն ժամանակն է, Մորանդիի մոտ՝ լռությունը, Կալոյի մոտ՝ ցավը, Ուորհոլի մոտ՝ մեդիան, Ջակոմետիի մոտ՝ անվերջ փնտրտուքը։ Բայց բոլոր դեպքերում էլ կրկնությունը թույլ չի տալիս, որ թեման վերջնականապես փակվի։ Այն արվեստագետին «պահում է» նույն հարցի շուրջ՝ ստիպելով նրան նորից ու նորից մոտենալ նույն կետին, բայց այս անգամ այլ ճանապարհով ու նոր դիտանկյունից։