Նապոլեոնի ժառանգությունը, կայսրուհու կոտրված թագն ու «Մոնա Լիզայի» ստվերը. Ինչպես 4 հոգի ուղիղ 7 րոպեում կողոպտեցին Լուվրը
Թվում էր, թե աշխարհի ամենապաշտպանված թանգարաններից մեկի՝ Լուվրի կողոպուտը հնարավոր է միայն սցենարներում։ Հատկապես՝ նոր տեխնոլոգիաների կիրառման պայմաններում։ Օրինակ, եթե դիտել եք Netflix-ի Lupin սերիալը, ապա մոտավորապես պատկերացնում եք, թե ինչ դետալային աշխատանքի ու մասշտաբների մասին է խոսքը։ Բայց պարզվում է, որ իրականում ամեն բան ավելի հեշտ է, քան կարելի էր պատկերացնել։ Լուվրի սրահներից մեկը կողոպտել են ոչ թե գիշերը, այլ առավոտյան 9:30-ին։ Ոչ թե բարդ մաթեմատիկական հաշվարկներով ու ժամերի ընթացքում, այլ 7 րոպեում։ Ոչ թե մի ամբողջ ավազակախումբ, այլ չորս դիմակավորված տղամարդ։
Հիմա ամեն ինչ հերթով։ Բեռնատար մեքենան կանգնել է Լուվրի հարավային ճակատի մոտ։ Դրա վրա տեղադրված է եղել մեխանիկական վերելակ՝ նման այն սարքավորումներին, որոնք Փարիզում սովորաբար օգտագործում են բարձրահարկ բնակարաններ կահույք բարձրացնելու կամ տանիքները նորոգելու համար։ Բայց այդ վերելակը լրիվ այլ նշանակություն ուներ։
Չորս դիմակավորված տղամարդ այն օգտագործում են, որպեսզի բարձրանան մինչև երկրորդ հարկի պատշգամբ։ Նրանք ընտրել էին հենց այն հատվածը, որտեղ ընթանում էին վերանորոգման աշխատանքները։ Արդյունքում՝ անհրաժեշտ գործիքներով զինված՝ նրանք արագ բացել են պատուհանը և ներխուժել Ապոլլոնի պատկերասրահ։
Այս պատկերասրահը կառուցվել էր 1661 թվականին Լյուդովիկոս XIV-ի կողմից և պահպանում է Ֆրանսիայի թագավորական արժեքավոր իրերը, զարդերը և այլն։ Հենց այստեղ էին ցուցադրված Նապոլեոն Բոնապարտի, նրա եղբորորդու՝ Նապոլեոն III-ի, նրանց կանանց՝ Ժոզեֆինա դը Բոհարնեի, Մարի-Լուիզայի և Եվգենիա կայսրուհիների զարդերը։
Երբ գողերը ջարդել են ապակյա ցուցանմուշները, անմիջապես աշխատել է ազդանշանային համակարգը։ Այդ պահին սրահում տնվող աշխատակիցը գործել է ըստ հրահանգի՝ չի միջամտել, հեռացել է սրահից ու շտապ ոստիկանություն է կանչել։ Սա կարևոր դետալ է։ Թանգարանի անվտանգության արձանագրությունը պահանջում է, որ աշխատակիցները չվտանգեն իրենց կյանքը։
Մինչ ոստիկանությունը կհասներ, հանցագործներն արդեն ավարտին էին հասցրել իրենց սև գործը։ Նրանք վերցրել էին ինը թանկարժեք զարդեր և փախուստի էին դիմել։ Միայն հետո պարզվեց, որ նրանք փախել են սկուտերներով։ Ամբողջ գործողությունը տևել էր ընդամենը յոթ րոպե։
Հանցագործների թիրախն են դարձել Ֆրանսիայի պատմության ամենանշանավոր զարդերից մի քանիսը։ Դրանց թվում էր Ժոզեֆինա դը Բոհարնեի վզնոցը, որը նա կրել էր Նապոլեոն Բոնապարտի հետ իր հարսանիքին։ Այս զարդը ոչ միայն թանկարժեք քարերի հավաքածու էր, այլև ֆրանսիական կայսերական պատմության վկայություն։
Հանցագործներն իրենց հետ տարել են նաև Մարիա-Լուիզայի վզնոցը և ականջօղը։ Ավարի մեջ հայտնվել են նաև Մարիա Ամալիայի՝ Լուի-Ֆիլիպ I թագավորի կնոջ վզնոցը, ականջօղերը և տիարան, ինչպես նաև Գորտենզիա Բոհարնեի՝ Նապոլեոն III-ի մոր զարդերը։ Եվգենիա կայսրուհու հավաքածուից վերցրել են երկու կրծքազարդ և տիարա։
Հետաքրքիր է, որ գողերը ձեռք չեն տվել պատկերասրահի ամենաթանկարժեք էքսպոնատին՝ Ռեգենտի կամ Պիտի ադամանդին, որը կշռում է 140 կարատ և համարվում է աշխարհի ամենամաքուր և գեղեցիկ ադամանդներից մեկը։ Ըստ առասպելի` 400-կարատանոց քարը գտնվել է 1701 թվականին՝ Գոլկոնդա սուլթանության շրջանում գտնվող Կրիշնա գետի ավազանում աշխատող ստրուկի կողմից։ Մադրասից դուրս է բերվել բրիտանացի գործարար Թոմաս Պիտի կողմից և վաճառվել է գահապահ Ֆիլիպ II Օռլեանցուն, որտեղից էլ ստացել է իր անունը։
Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը հանդիսացել է Բուրբոնների սեփականությունը և նրանց ոսկերչական հավաքածուում ամենաթանկարժեք քարն է եղել։ 1792 թվականին մի շարք թանկարժեք իրերի հետ գողացվել է Գարդ-Մյոբլից, որտեղ տեղափոխվել էր նախկին թագավորական գանձարանը։
Ռեգենտի ադամանդի գինը հաշվարկվել է ֆրանսիական կառավարության ագենտների կողմից և վերադարձվել է ֆրանսիացի միապետին՝ այս անգամ Նապոլեոնին։ Նրա այրին՝ Մարիա-Լուիզա Ավստրիացին քարը Ֆրանսիայից դուրս է հանել։ Որոշ ժամանակ անց Հաբսբուրգները քարը վերադարձրել են Նապոլեոն III, որը հրամայել է այն տեղադրել իր կնոջ՝ կայսրուհի Եվգենիայի թագի վրա։ Այդ օրվանից քարը գտնվում է Լուվրի հավաքածուում։
Վերադառնալով գողության դեպքին։ Ցավոք, Եվգենիա կայսրուհու թագը, որը զարդարված էր 1354 ադամանդներով և 56 զմրուխտներով, գտնվել է հանցագործության վայրից քիչ հեռու՝ կոտրված վիճակում։ Հավանաբար գողերը շտապելիս գցել են այն կամ չեն կարողացել տեղավորել։
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին, ով առաջինը հայտնեց կողոպուտի մասին, ավելի ուշ ասել է, որ թագը գտել են թանգարանից ոչ հեռու, որտեղ այն, ըստ երևույթին, նետել էին փախչողները։
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերար Դարմանենն էլ արտակարգ մամուլի ասուլիսում այս կողոպուտն անվանել է «ազգային նվաստացում» և անվտանգության ծառայությունների ձախողում։
«Ինչ-որ մարդիկ կարողացան բոլորի աչքի առաջ բեռնատարով հասնել Փարիզի կենտրոն, գողանալ զարդերը և ամբողջ Ֆրանսիան ներկայացնել նվաստացուցիչ լույսի ներքո»։
Նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին այս կողոպուտը բնութագրել է որպես «հարձակում այն ժառանգության վրա, որը մեր պատմությունն է»։
Նա խոստացել է, որ արվեստի գործերը կվերադարձվեն, իսկ մեղավորները կպատժվեն։
Ֆրանսիական մամուլը հաղորդում է, որ Հաշվիչ պալատի նախնական զեկույցում, որը պետք է հրապարակվի նոյեմբերին, նշվում է, որ կողոպուտի ենթարկված սրահի մեկ երրորդում տեսախցիկներ չկան։ Սա հանրային դժգոհության և մեղադրանքների ալիք է բարձրացրել։ Երկրի մշակույթի նախարարը նշել է.
«Մենք չափազանց երկար ժամանակ հոգացել ենք հիմնականում այցելուների անվտանգության մասին, բայց ոչ արվեստի գործերի անվտանգության»։
Այսպիսով՝ մշակույթի և ներքին գործերի նախարարները որոշել են տեղական իշխանություններից պահանջել ամբողջ Ֆրանսիայում անհապաղ ստուգել մշակութային հաստատությունների անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում ուժեղացնել այն։
Ամեն դեպքում, բոլորն էլ փաստում են, որ Ապոլլոնի պատկերասրահը կողոպտած մարդիկ ակնհայտորեն պրոֆեսիոնալներ էին։ Նրանք գիտեին, թե ինչ են ուզում, նախապես «հետազոտել էին տարածքը», գործել էին պարզ, բայց արդյունավետ պլանով և ծախսել էին ընդամենը յոթ րոպե՝ զարդերը վերցնելու և փախչելու համար։
Լուվրի պատմության մեջ սա կողոպուտի միակ դեպքը չէ։ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» կողոպուտի ու վերադարձի պատմությունը թերևս այդ շարքում ամենահնչեղն էր։ Ոմանք նաև Դա Վինչի գործի փառքի կեսը «գողացված լինելով են բացատրում»։ Ասում են, թե այսչափ հայտնիության համար «Մոնա Լիզան» պարտական է հենց այն աղմուկին, որ բարձրացավ կտավը Լուվրից գողանալուց հետո։
1911-ին Դա Վինչիի գործը Լուվրից գողացավ հենց թանգարանի աշխատակիցը՝ իտալացի Վինչենցո Պերուջիան: Հետագայում, երբ բացահայտվեց գողության հանգամանքը, պարզվեց նաև, որ տղամարդու այդ քայլը «Մոնա Լիզային» հայրենիք վերադարձնելու ցանկությունն է եղել։ Նկարը հայտնաբերվել էր 2 տարի անց, երբ տղամարդն այն ցանկացել էր վաճառել Ուֆֆիցի թանգարանի տնօրենին, վերջինս էլ ոստիկանություն էր ահազանգել։ Ասում են՝ իտալացին համարել է, թե վերականգնում է արդարությունն ու տուն տանում այն, ինչ հենց Իտալիային է պատկանել։
«Մոնա Լիզայի» գողության առիթով հարցաքննվել է անգամ Պաբլո Պիկասոն։ Պոետ Գիյոմ Ապոլիներն էլ անգամ կարճ ժամանակով ձերբակալվել է, ապա բաց թողնվել՝ գողության մասին ապացույցներ չլինելու պատճառով։
Տարիների ընթացքում Լուվրն ունեցել է նաև այլ կորուստներ։ 1983 թվականին թանգարանից գողացել են XVI դարի ասպետական զրահներ, որոնք գտան միայն 2011-ին՝ 28 տարի անց։
1998 թվականին անհայտ անձինք գողացան Ժան Բատիստ Կամիլ Կորոյի «Ճանապարհ դեպի Սևրը» կտավը։ Արդյունքում թանգարանի անվտանգության համակարգը լրջորեն ամրապնդվեց, բայց կտավն այդպես էլ չգտնվեց։
Եվ վերադառնալով մեր օրեր։ Ի՞նչ կարող են անել գողացված զարդերի հետ։ Արվեստի վերականգնման միջազգային կազմակերպության գործադիր տնօրենի խոսքով, եթե հանցագործներին չբռնեն մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում, ապա գողացված զարդերը, ամենայն հավանականությամբ, այլևս չեն գտնվի։ Գողացված թագերն ու տիարաները կարելի է հեշտությամբ քանդել և վաճառել մասերով։
«Գողերը շատ արագ կքանդեն դրանք, կհալեցնեն թանկարժեք մետաղները, մաս առ մաս կվաճառեն թանկարժեք քարերը։ Այս դեպքում հանցագործության հետքերը թաքցնելը շատ ավելի հեշտ է»։
Եթե գործը, որն արտացոլում է իր դարաշրջանը և հեղինակի եզակի վարպետությունը, ոչնչացվի, իսկ բեկորները վաճառվեն թափոնի գնով, ապա սա ամենասարսափելի ճակատագիրն է թանգարանային էքսպոնատի համար։
Թանգարանից գողացված արվեստի գործերը հնարավոր չէ վաճառել պաշտոնական շուկայում, բայց ոչ ոք չի չեղարկել սև շուկան։ Բազմաթիվ նմանատիպ կողոպուտներ կատարվում են նաև ուղիղ պատվերով։ Այս դեպքում գողերը գալիս են կոնկրետ իրի կամ էքսպոնատի հետևից, որը խոստացել են փոխանցել պատվիրատուին։
Շուրջ 60 քննիչ է աշխատում այս գործով։ Քննարկվում է նաև օտարերկրյա միջամտության վարկածը, թեև սա քննության մեջ «առաջնահերթություն չէ»։ Այս վարկածը կարող է կապված լինել միջազգային հանցավոր խմբավորումների հետ, որոնք մասնագիտանում են արվեստի գործերի գողության մեջ։
Պատկերասրահի ազդանշանային համակարգի վերաբերյալ տեղեկությունները հակասական են։ BBC-ի աղբյուրը հայտնել է, որ ազդանշանը կողոպուտից կարճ ժամանակ առաջ փչացել էր, և «պետք է սպասել քննության արդյունքներին՝ պարզելու համար, թե արդյո՞ք ազդանշանն անջատված էր»։ Բայց Մշակույթի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ազդանշանն աշխատել է։
Ամեն դեպքում, բոլոր հայտարարությունները փաստում են, որ այս կողոպուտը ստիպեց Ֆրանսիային վերանայել իր մոտեցումը թանգարանային անվտանգության հարցերում։ Հնարավոր է, որ շուտով կտեսնենք ավելի խիստ միջոցներ, ավելի շատ տեսախցիկներ, ավելի լավ պաշտպանություն։ Բայց մյուս կողմից էլ կա մտավախություն, որ սա կվնասի թանգարանի հիմնական առաքելությանը՝ արվեստը մատչելի դարձնել բոլորին։
Յոթ րոպե՝ այսքան ժամանակ պահանջվեց չորս մարդու՝ Ֆրանսիայի պատմության մի փոքրիկ մասը գողանալու համար։ Արդյունքում պարզ դարձավ, որ անգամ 21-րդ դարում, տեխնոլոգիաների դարաշրջանում, անվտանգության նման համակարգերի արգելքը հաղթահարելն ամենևին էլ անհավանական չէ։