#մշակութաPAN
June 20, 2023

Սառցե Գրենլանդիային ու արևոտ Հայաստանին սիրահարված նկարիչը. Քենթը՝ Ազգային պատկերասրահում 

«Ի՞նչ կարելի է տեսնել Հայաստանի Ազգային պատկերասրահում» հարցի հետևից գնալով՝ PAN-ն այսօր կանգնած է ամերիկացի գեղանկարիչ Ռոքուել Քենթի կտավների առաջ։

20-րդ դարի ամերիկյան արվեստի գործիչը, պարզվում է՝ 14 կտավ է նվիրել Ազգային պատկերասրահին, սիրահարված է եղել Հայաստանի բնությանն ու այստեղ տեսածը համարել «ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը»։

Ինչպես մի ամերկացի սիրեց Հայաստանը, ԽՍՀՄ-ին 1000-ից ավելի կտավ նվիրեց ու կայծակի պատճառով կորցեց իր ստեղծագործական ժառանգության մի մասը։

«Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է առավել շատ հրաշքների հանդիպել, ես առաջինը կտայի Հայաստանի անունը... Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այդպիսի մի փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և մարդկանց, որոնք կարող են լինել ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը»,-այսպես է խոսել Հայաստանի մասին Ազգային պատկերասրահում տասնյակից ավելի կտավներով ցուցադրված ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթը։

Քենթի կերպարը բազմակողմանի է և բազմաբովանդակ․ Նյու-Յորքում ծնված, Հյուսիսում ստեղծագործած, Սովետակամ Միություն այցելած արվեստագետն անտարբեր չի մնացել Հայաստանի նկատմամբ՝ հիանալով երկրի բնաշխարհով, մշակույթով և ժողովրդով: Խաղաղության Համաշխարհային Խորհրդի անդամ, հումանիզմի գաղափարներով օժտված արվեստագետը բազում նվիրատվություններ է կատարել, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահին:

Ո՞Վ ԷՐ ՆԱ

Ռոբերտ Հենրիի, Ջորջ Բելուոզի, Էդուարդ Հոփերի, Ռաֆայել Սոյերի և ուրիշների հետ մեկտեղ Քենթի անունը Միացյալ Նահանգների խոշորագույն արվեստագետնրի շարքում է։ Նա ԱՄՆ-ի արվեստում հայտնվել է 20-րդ դարասկզբում, երբ Ամերիկայի կերպարվեստի պատմությունը երկու հակադիր` առաջադիմական ռեալիստական և ժամանակակից ուղղությունների պայքարի մեջ էր: Հավատարիմ մնալով ռեալիստական արվեստին՝ Քենթն ԱՄՆ-ի գեղանկարչության մեջ մշակել է հերոսական ռեալիստական բնանկարի տիպը՝ պատկերելով ծայրագույն Հյուսիսի մարդկանց խստաշունչ կյանքը:

«Որպես նկարիչ, իմ ստղեծագործական գործունեության հենց սկզբից եղել և մնում եմ համոզիչ ռեալիստ: Արվեստն ինձ համար միջոց է պատկերելու այն, ինչ սիրում և տեսնում եմ իրական կյանքում»,- ասում է Քենթը:

Տիպիկ ամերիկյան նկարիչ, շրջագայությունների սիրահար Քենթը 1908-ին մեկնել է Նյու Յորք` հյուսիսային Մեն նահանգ, բնակվել Մոնհեգան կղզու գյուղերից մեկում, որտեղ նա և՛ արհեստավոր էր, և՛ ձկնորս, ու միայն ազատ ժամանակ էր զբաղվում գեղանկարչությամբ: Հենց այս շրջանում էլ ստեղծվել են նրա առաջին գեղանկարները` Մոնհեգանի և Մենի պատկերներով։

Այդ գործերում զուսպ ներկապնակը, միախառնվելով հստակ գծի հետ` ստեղծում են կառուցվածքային տարածություն, որը հետագայում դառնալու էր գեղանկարիչ Քենթի` 30-ականների մոնումենտալ ոճի հիմքը։

«Հարավ-արևմտյան Մեյն քամին», 1909թ., ՀԱՊ

Ավարտելով Նյու Յորքի Կոլումբիական ուսումնարանի ճարտարապետության ֆակուլտետը՝ նկարիչը երկար տարիներ զբաղվել է ճարտարապետական գծագրությամբ, պաստառներով, գովազդով ու ծաղրանկարով, որը և ձևավորել է նկարչի գրաֆիկական ոճը: Այսպիսով գրաֆիկան Քենթի ստեղծագործական կյանքում այնքան կարևոր է դարձել, որքան գեղանկարչությունը:

Առաջին համաշխարհային պատերազմը նկարչի հոգում բացասական ազդեցություն է թողել ու հենց այդ ժամանակ էլ ձևավորվել է Քենթ հասարակական գործիչը՝ ընդդեմ պատերազմի:

Այդ տարիներին նկարիչն ընտանիքով բնակվում էր Նյուֆաունդլենդ կղզում. նա փորձում էր իր հոգեկան ապրումները փոխանցել այդ շրջանի կտավներին, որոնք մուգ, սիմվոլիկ բնույթ ունեին, որտեղ առկա էր անգլիացի պոետ և նկարիչ Ուիլյամ Բլեյքի ազդեցությունը:

Ճանապարհորդությունների հանդեպ սերը Քենթին հասցրել է Ալյասկա, որտեղ և ստեղծել է բնանկարների և գծանկարների մի շարք: Նահան‎գներից վերադառնալուն պես տպագրել է այդ գծանկարների ալբոմը, 1920-ին լույս է տեսել  նրա առաջին «Վայրի եզր. գիրքը` Ալյասկայի ճանապարհորդության օրագիրը», որի նկարազարդումների հեղինակն էլ էր ինքը:

Հետաքրքրասեր Քենթին գրավել է նաև հարավային Ամերիկան: 1922-ին Հրո Երկիր ճանապարհորդությունից հայտնվել է նկարների մի նոր շարք, որի տիպական օրինակներից է ՀԱՊ-ում գտնվող «Սառցադաշտ. Հրո Երկիր» կտավը:

«Սառցադաշտ. Հրո Երկիր» 1922թ., ՀԱՊ

Քենթի քաջորդ փուլը կապվում է Եվրոպայի հետ: 1926-ին Իռլանդիա կատարած շրջագայության ժամանակ Քենթի գրաֆիկայի և գեղանկարչության մեջ որոշակի փոփոխություններ չեն լինում, բնանկարները փոքր-ինչ ավելի լակոնիկ, զուսպ և պայմանական են:

Հյուսիսի հանդեպ կապը և դեպի հյուսիս ձգտումը նկարչին բերում են Գրենլանդիա, որտեղ ստացված տպավորությունների արդյունքում ծնվում է Գրենլանդիայի առաջին շրջագայության նկարների շարքը։

«Ծովախորշ (ֆիորդ) արևմտյան Գրենլանդիայում», 1929թ, ՀԱՊ

Գրենլանդիան այնպես է գրավում Քենթին, որ 1932-ին նա կրկին վերադառնում է: Երկար ապրելով հյուսիսում` շփվում է էսկիմոսների հետ և ապրում նրանց առօրյայով:

Հայաստանի ազգային պատկերասրահը համալրված է նաև այս շրջանին բնորոշ կտավներով՝ «Կանգառ հյուսիսային Գրենլանդիայում», «Հյուսիսային Գրենլանդիա. Մայիս», «Փոթորկային ամպեր», «Գարնանային կիրակի. Հյուսիսային Գրենլանդիա» կտավներն այդ օրինակներից են:

Ի դեպ, Գրենլանդիան նկարչի հոգում այնքնան մեծ հետք է թողել, որ 1935-ին նա գրել է Գրենլանդիային նվիրված երկրորդ գիրքը` «Սալամինան»:

«Կանգառ հյուսիսային Գրենլանդիայում», 1932թ․, ՀԱՊ
«Գարնանային կիրակի. Հյուսիսային Գրենլանդիա», 1933թ․, ՀԱՊ
Քենթն իր ինքնակենսագրական «Սա իմ սեփականն է» (1940 թ.) գրքում պատմում է Միացյալ Նահանգներում ապրող աշխատավոր մարդկանց լարված և բարդ կյանքի մասին: Հրապարակախոսական հանդեսների և թերթերի աշխատանքները պատերազմի և հետպատերազմյան տարիներին նկարչին կապում են հասարակա-քաղաքական աշխարհի հետ:

Գրա‎ֆիկայով, հատկապես՝ նկարազարդմամբ, Քենթն աշխատել է ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև գրականությամբ։

«Ես իրոք այնքան գրող եմ, որքան և նկարիչ, բայց ոչ նրա համար, որ թե այն եմ անում, թե մյուսը ... այլ նրա, որ ես մտածում եմ և’ գրականության, և’ կերպարվեստի հասկացությամբ»,- գրել է նկարիչը։

1940-50-ականների աշխատանքներուն նկարչի աշխարհայացքը փոխվում է, կտավներն ավելի հարմոնիկ և հանգիստ են դառնում, դրա հետ մեկտեղ կենսախինդ, ինչն ակնառու է  Միացյալ Նահանգներին նվիրված բազմաթիվ բնանկարներում` գլխավորապես Ադիրոնդաքսյան լեռների, որտեղ Քենթն ապրում էր արդեն մի քանի տասնամյակ:

«Ասգարդյան դաշտեր.Ադիրոնդյան ամառ», 1945թ., ՀԱՊ

Կյանքի վերջին տարիներին Քենթը տպագրել է երկու ինքնակենսագրական գիրք` «Սա ես եմ, Տեր Աստված» (1955թ.) և «Մարդկանց ու լեռների մասին» (1959թ.), որոնք լի են բազում  նկարազարդումներով:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՆԿԱՐԻՉ, ՈՐ ՆՎԵՐՆԵՐ ԷՐ ՏԱԼԻՍ ԽՍՀՄ-ԻՆ ՈՒ ՆՎԵՐՆԵՐ ՏԱՆՈՒՄ ԴԻԼԻՋԱՆԻՑ

Քենթը համոզված էր, որ արվեստը պետք է մերձեցնի ժողովուրդներին, և այդ նպատակով նա իր աշխատանքների մի քանի ցուցահանդես է կազմակերպում ու մոտ 1000 աշխատանք նվիրաբերում ԽՍՀՄ ժողովրդին, իսկ 14-ը` Հայաստանին:

1950-60-ականներին Քենթը ԽՍՀՄ-ում ամենաճանաչված արտասահմանյան նկարիչն էր, որը, ի դեպ, առաջին անգամ Հայաստան է եկել 1960-ին:

Ասում են՝ նկարչին տպավորել է բնությունը, նա եղել է Դիլիջանում, Սևանում, Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Զվարթնոցում, Բյուրականում, հիացել հայկական մշակույթով, արվեստով, անզուգական սոպրանո Լուսինե Զաքարյանով:

«Ես սիրեցի Հայաստանի լեռները, Հայաստանի հնությունները, ճարտարապետությունը: Բայց եթե չլինեին այդ լեռները, հնությունները, ճարտարապետությունը, ես դարձյալ կսիրեի Հայաստանը, որովհետև այնտեղ ապրում է տաղանդավոր հայ ժողովուրդը». Քենթի խոսքերն են։
Մարտիրոս Սարայն, Սալի Քենթ, Ռոքուել Քենթ (Երևան, 1962թ.)

Հատկանշական է նկարչի Դիլիջանյան այցը․ նա այնքան էր սիրել քաղաքը, որն անվանել է «փոքրիկ Շվեյցարիա»: Քենթի նվիրատվություններից շոյված՝ դիլիջանցիները, թանգարանի տնօրենի Վանիկ Շարամբեյանի նախաձեռնությամբ, նկարչին նվիրել են երեքհազարամյա պատմություն ունեցող մի սափոր։ Ըստ կտակի՝ նկարչի մահից հետո հենց այդ սափորում պետք է ամփոփեին նրա աճյունը:

Կյանքի այդ շրջանում՝ 1960-ականներից, նկարիչը շարունակել է աշխատել նոր կտավների վրա: Այդ տարիներին նրա բնանկարներում հայտնվում են Վիրջինիա նահանգի բնության տարրեր: Այդ շրջանի կտավներն այլ կոմպոզիցիոն լուծում են ստանում․ ուշագրավ է միայնակ աճող մեծ ծառի մոտիվը:

1969-ին նկարչի տունն ու հարուստ հավաքածուն վառվում են կայծակի հարվածի պատճառով․ ասում են՝ սա ոչ մի կերպ չի ընկճել նրան, Քենթը շարունակել է աշխատել։ Նկարիչը մահացել է 1971-ի մարտի 13-ին` 90 ամյակից երեք ամիս առաջ:

Ռոքուել Քենթն արվեստանոցում, Ասգոր

Նրա մահից հետո Քենթի այրին և ընկերները ստեղծել են «Ռոքուել Քենթի ստեղծագործական ժառանգության» ֆոնդը, որի խնդիրն էր զարգացնել և հանրաճանաչ դարձնել նկարչի արվեստը:

Մեծ է Ռոքուել Քենթի ներդրումը. նա գրել է գրքեր և դարձել գրական աշխարհի հետաքրքիր գրողներից մեկը, պատկերել է նկարներ և դարձել Ամերիկայի նշանակալից գեղանկարիչներից մեկը: Նկարչի գեղանկարչության մեջ կենտրոնական տեղը գրավում է վայրի բնությունը` Նյուֆաունդլենդը, Ալյասկան, Գրենլանդիան, Հրո Երկիրը: Քենթին առաջին հերթին հիացրել է Հյուսիսային բնությունը, նրա խիստ մեծությունը, հզորությունը, մասշտաբայնությունը, յուրահատուկ անբիծ քաղաքակրթությունը:

Քենթի ու Հայաստանի մասին պատմող այս տեքստի սկզբնաղբյուրը Ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Մարինա Եղիազարյանի հոդվածն է։ Այն հրապարակվել է Ազգային պատկերասրահի Եվրոպական գեղանկարի բաժնի վարիչ Իրինա Բագդամյանի աջակցությամբ։

✍️ Անահիտ Հակոբյան / PAN