Գիշերային ակումբ, ազատության ոգի և էսպերանտո. Ինչպես մի ինժեներ Իտալիայի քթի տակ կղզի-պետություն ստեղծեց
Բոլորս էլ երբեմն երազում ենք մեր տունը կամ սենյակը հռչակել անկախ պետություն։ Հատկապես երբ հարևանները գանգատվում են բարձր երաժշտությունից կամ մայրիկը պահանջում է մաքրել սենյակը։ Բայց իտալացի ինժեներ Ջորջո Ռոզան որոշեց չսահմանափակվել երազանքներով։ Նա բառացիորեն կառուցեց իր սեփական կղզին ծովի մեջտեղում, որոշեց հռչակել այն անկախ հանրապետություն, իրեն էլ նշանակել նախագահ։ Եվ ամենազավեշտալին այն է, որ գրեթե ստացվեց։ Ավելին՝ նա դիմեց ՄԱԿ-ին՝ պետությունը ճանաչելու համար։ Եվ թեև նրա «պետությունը» գոյատևեց ընդամենը 55 օր, բայց պատմության մեջ մտավ որպես միակ «երկիրը», որտեղ Իտալիան պաշտոնապես ներխուժել և ոչնչացրել է։
ՄԵԾ ԵՐԱԶՈՂԸ
Երբ մարդիկ ասում են, որ ուզում են սեփական կղզին ունենալ, սովորաբար նկատի ունեն մի հեռավոր, արևադարձային վայր՝ արմավենիներով ու սպիտակ ավազով։ Ջորջո Ռոզան լրիվ այլ բան էր պատկերացնում։ Մինչ այդ՝ հասկանանք, թե ո՞վ էր այս մեծ երազող ինժեները։
Ջորջո Ռոզան ծնվել է 1925 թվականի փետրվարի 19-ին Բոլոնիայում։ 1950-ին ավարտելով մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետը՝ բացել է իր սեփական ինժեներական ընկերությունը։ Աշխատում էր որպես խորհրդատու և դասախոս, հայտնի էր իր տարբեր փոքր հայտնագործություններով։ Բայց նրա իրական երազանք այլ բան էր՝ ունենալ սեփական պետություն, որտեղ կկարողանար «ազատ» լինել։
50-ականներին Ռոզան սկսեց մշակել մի գաղափար, որը շատերին խենթություն կթվար։ Ու գուցե այդպես էլ կար՝ սա խենություն էր։ Նա ուզում էր Ադրիատիկ ծովում արհեստական կղզի կառուցել և հռչակել այն անկախ հանրապետություն։ Բայց Ռոզան պարզապես երազող չէր՝ նա ինժեներ էր, և գիտեր, թե ինչպես իր երազանքը դարձնել իրականություն։
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԵՂ ՍԽԵՄԱ
Նախքան գործի անցնելը, Ռոզան անցկացրեց անհավատալի մանրակրկիտ իրավական հետազոտություն։ Նա խորհրդակցեց Բոլոնիայի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսորի հետ, ստուգեց բոլոր օրենքներն ու նորմատիվ ակտերը, անցկացրեց «անվերջանալի քանակությամբ ստուգումներ»։ Եվ հայտնաբերեց մի հետաքրքիր բան։
Պարզվեց, որ նա իրավունք ունի ծովի մեջտեղում «կղզի» կառուցել։ Ինչու՞։ Պատճառը պարզ էր՝ չեզոք ջրերը պատկանում էին բոլորին և ոչ ոքի։ Պետություններն իրենց տարածքն էին համարում միայն ափից մի քանի կիլոմետր հեռավորությունը, իսկ դրանից այն կողմ՝ ազատ տարածք էր։
Այսպիսով Ռոզան ընտրեց կատարյալ կետ՝ Իտալիայի տարածքային ջրերի սահմանից ընդամենը 500 մետր հեռու, Ռիմինիից 11,6 կիլոմետր դեպի ծով։ Տեխնիկապես այդ տարածքն արդեն չեզոք ջրեր էին, և նա իրավունք ուներ այնտեղ անել այն, ինչ ուզում է։
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԻՏՔԸ
Ռոզան պարզապես խելացի ինժեներ չէր, նա նաև հեռատես գյուտարար էր։ Նա ոչ միայն երազում էր կղզի կառուցելու մասին, այլև մշակել էր դրա տեխնոլոգիան։ Նախնական պլանը ավելի հավակնոտ էր։ Ռոզան նախատեսել էր 400 քառակուսի մետր մակերեսով հինգհարկանի հարթակ ստեղծել, որը բավական ամուր կլիներ դիմանալու Ադրիատիկ ծովի մարտահրավերներին։ Այս տարածաշրջանը հայտնի է իր ուժեղ, ցուրտ քամիներով, հատկապես «Բորա»-ով, որը փչում է հյուսիս-արևելքից՝ տարվա ցուրտ ամիսներին։ Այս քամին ստեղծում է կարճ ալիքներ՝ արագ փոփոխվող բարձրություններով, դարձնելով ծովը փոթորկված և անկանխատեսելի։
1958 թվականին վերջապես սկսվեց շինարարությունը։ Ռոզան աշխատում էր Ռիմինիի նավամատույցի մի խրճիթից և ուղիղ երկու տարի տրամադրել է միայն տարածքի ուսումնասիրությանը։ Նախ նա մտածում էր կղզի ստեղծել ծովի հատակը բարձրացնելով՝ ավազի դրենաժային համակարգով։ Բայց վերջում այլ լուծում գտավ։
Խնդիրը հետևյալն էր՝ սովորական խողովակները չափազանց թանկ կլինեին տեղափոխել։ Նա որոշեց ստեղծել սնամեջ խողովակներ, որոնք կարելի էր մոտորանավակով տեղափոխել մինչև շինհրապարակ։ Տեղ հասնելուց հետո նա լցնում էր խողովակի մի ծայրը ջրով և ուղղահայաց սուզում ծովի հատակը՝ օգտագործելով խողովակների ծանրությունը։
Համակարգը բաղկացած էր 9 սնամեջ խողովակից՝ 630 մմ տրամագծով։ Դրանք ամրացվեցին ծովի հատակին, հետո ներսում տեղադրվեցին պողպատե խողովակներ և լցվեցին բետոնով։ Սա ապահովեց կայունություն և կանխեց ծովի աղի ջրի հետևանքով պողպատի հնարավոր կոռոզիան։
Ամենամեծ մարտահրավերներից մեկը քաղցրահամ ջրի ապահովումն էր։ Ռոզան և թիմը լայնածավալ հետազոտություններ անցկացրին և գտան ծանծաղուտ տեղ։ Նրանք 280 մետր խորությամբ հորատանցքեր փորեցին և հայտնաբերեցին ստորգետնյա ջրային շերտ։ Այսպես ապագա «պետությունը» ստացավ քաղցրահամ ջուր՝ ծովի մեջտեղում։ Ռոզան նաև կառուցեց նավամատույց՝ օգտագործելով ռետինե խողովակներ, որոնք լցված էին քաղցրահամ ջրով։ Նավամատույցը, որը կոչվում էր «Հավենո Վերդա» (Կանաչ նավահանգիստ), ուներ նաև պատշգամբ և սանդուղք։
Շինարարությունը տևեց գրեթե 10 տարի՝ 1958-ից 1967 թվականը։ Եղանակային պայմանները հաճախ ընդհատում էին աշխատանքները։ Ռոզան և նրա փոքր թիմը՝ շուրջ 12 մարդ, կարողանում էին աշխատել շաբաթական երեք օր։ 1962-ին շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց տեխնիկական և ֆինանսական խնդիրների պատճառով։ Իտալական իշխանությունները պնդում էին, որ հարթակը գտնվում է պետական էներգետիկ ընկերությանը հատկացված տարածքում և խանգարում է նավագնացությանը։
Բայց Ռոզան չհանձնվեց։ Նա բանակցեց Ռիմինիի, Ռավեննայի և Պեզարոյի նավահանգիստների ղեկավարության հետ և շինարարությունը շարունակելու թույլտվություն ստացավ։ Նա նույնիսկ ծովագնացների համար պաշտոնական ծանուցում թողարկեց՝ տեղեկացնելով չեզոք ջրերում կատարվող աշխատանքների մասին։ 1964-ին աշխատանքները վերսկսվեցին։
Չնայած Ռոզան ծրագրել էր հինգ հարկ կառուցել, բայց 1967-ին նա կարողացավ հանրության համար բացել կղզին միայն մեկ հարկով։ 400 քառակուսի մետր մակերեսով հարթակի վրա կար բար, ռեստորան, գիշերային ակումբ, փոստային բաժանմունք, հուշանվերների խանութ և գիշերակացի տեղեր։ Անշուշտ, կային նաև զուգարաններ։ Մտածում էին անգամ կազինո բացելու մասին, բայց ինչ-որ պահի հրաժարվեցին այդ գաղափարից։ Հարթակի վրա չորս «փողոց» կար՝ չորս կողմերով։
55 ՕՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
1968 թվականի մայիսի 1-ին Ջորջո Ռոզան հրավիրեց մամուլի ասուլիս և արեց այն, ինչի մասին երազել էր տարիներ շարունակ։ Նա հռչակեց Վարդերի կղզու անկախ հանրապետությունը (Isola Delle Rose) և իրեն հռչակեց նախագահ։
Նոր պետությունը ստացավ բոլոր անհրաժեշտ ատրիբուտները։ Դրոշի և զինանշանի վրա պատկերված էին երեք վարդեր։ Ունեին նաև ազգային արժույթը, որը կոչվեց «միլ»։ Իհարկե, այն երբեք չտպագրվեց, ուստի ոչ ոք այդպես էլ չտեսավ թղթադրամների կամ մետաղադրամների տեսքը։ Պետական լեզուն էսպերանտոն էր՝ 19-րդ դարի վերջում ստեղծված արհեստական միջազգային լեզուն։ Թեև կղզու վրա ոչ ոք չէր խոսում էսպերանտո, այն օգտագործվում էր նամականիշների վրա գրությունների համար։ Տպագրվեց մի քանի հարյուր նամականիշ, որոնց մի մասն այսօր էլ պահպանվում է։ Որպես օրհներգ ընտրվեց Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացի» օպերայից մի հատված։ Ռոզան նույնիսկ դիմեց ՄԱԿ-ին՝ ճանաչում ստանալու համար։ Իհարկե, զարմանալի չէ, որ ոչ մի երկիր այդպես էլ չճանաչեց նոր հանրապետությունը։
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲՈՒՄ
Կղզին արագորեն դարձավ սենսացիոն մի երևույթ։ Ցամաքից ընդամենը 20 րոպե հեռավորության վրա գտնվող կղզի-պետությունը գրավում էր հազարավոր զբոսաշրջիկների։ Մարդիկ ամեն օր այցելում էին «անկախ պետություն», որտեղ իտալական օրենքները չէին գործում։
Վարդերի կղզին համարվում էր երեկույթների և ազատության մթնոլորտի վայր։ Իհարկե, դավադրության տեսություններից խուսափելն անհնար էր։ Ոմանք պնդում էին, որ կղզին միջազգային լրտեսական ցանցի կենտրոն է կամ նույնիսկ ռուսական սուզանավերի բազա։ Իրականում կղզու վրա մարդիկ պարզապես վայելում էին ազատության զգացումը։ Մշտական բնակիչները քիչ էին, բայց հետաքրքիր պատմություններ կային։ Օրինակ՝ բնակիչներից մեկը հայտնվել էր այնտեղ նավաբեկությունից հետո, երբ ալիքները նրան նետել էին հարթակի մոտ։ Հրաշքով փրկվելով՝ որոշել էր մնալ։
ԻՏԱԼԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Իտալական իշխանությունները հենց սկզբից էլ չէին հավանում այս գաղափարը։ Կարծես մի բան կանխազգում էին։ Ստացվում էր, որ իրենց երկրի քաղաքացին ստեղծել էր սեփական պետությունը՝ Իտալիայի քթի տակ։
Կառավարությունը նախ հայտարարեց, որ կղզին «խարխլում է Իտալիայի ազգային անվտանգությունը»։ Հետո Ռոզային մեղադրեցին հարկերից խուսափելու մեջ։ Սկսեցին տարածվել լուրեր, թե կղզին օգտագործվում է միջազգային լրտեսության, մարդկանց թրաֆիքինգի և անօրինական խաղատների համար։ Ոչ մի ապացույց չկար, բայց լուրերը շարունակում էին տարածվել։
1968 թվականի հունիսի 26-ին, անկախությունից ընդամենը 55 օր անց, Վարդերի կղզու սև օրը եկավ։ Իտալական ոստիկանությունը շրջափակեց կղզին։ Նրանք բարձրացան հարթակ և վերցրին այն իրենց վերահսկողության տակ։ Ջորջո Ռոզան և նրա «կառավարության» անդամները այս գործողությունները անվանեցին «ինքնիշխան կղզու ռազմական օկուպացիա»։
Սկսվեցին երկար դատական գործընթացներ։ Իտալական իշխանությունները վճռական էին տրամադրված ոչնչացնել իրենց ինքնիշխանության այս «սպառնալիքը»։ Ի վերջո, երկար դատական քաշքշուկներից հետո իշխանությունները հասան իրենց նպատակին։ 1969 թվականի փետրվարի 11-ին կղզու տարածքն ականապատեցին և փորձեցին պայթեցնել։ Բայց Ռոզան հանճարեղ ինժեներ էր։ Կղզին ամուր էր։ Երկու օր անց ոստիկանները կրկնեցին փորձը՝ ավելացնելով պայթուցիկի քանակը։ Կղզին վնասվեց, բայց չքանդվեց։
Երկու շաբաթ անց մարդկանց սկսած գործն ավարտեց փոթորիկը։ Միայն դրանից հետո հնարավոր եղավ ապամոնտաժել հարթակի մնացորդները։ Իսկ ամենավիրավորականն այն էր, որ ոչնչացման համար մոտ 7000 դոլարի հաշիվը ներկայացրին Ջորջո Ռոզային։
ԱՌԱՍՊԵԼԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Ռոզան տարիներ շարունակ աջակցության և կարեկցանքի բազմաթիվ խոսքեր ու նամակներ է ստացել ամբողջ Իտալիայից և աշխարհից։ Շատերը գրում էին, որ ոգեշնչված են նրա համարձակությամբ և տեսլականով։ Կյանքի ընթացքում նա նաև ճարտարապետական նախագծերի միանալու բազմաթիվ հրավերներ ստացավ։ Դե իսկ կղզու մասին շատ խոսել չէր սիրում։
Ջորջո Ռոզան մահացավ 2017 թվականին՝ 92 տարեկանում։ Կյանքի օրոք էլ իտալացիների ու բազմաթիվ օտարազգիների համար նա կենդանի լեգենդ էր։ Ռոզայի մահից հետո կղզու պատմությունը նոր կյանք ստացավ։ 2020 թվականին իտալացի ռեժիսոր Սիդնի Սիբիլիան Netflix-ի համար նկարահանեց «Վարդերի կղզու անհավանական պատմությունը» ֆիլմը։
Միաժամանակ դրամատիկ և կատակերգական, կենսագրական և արկածային այս ֆիլմը Ռոզայի պատմությունը վերածեց ժամանակակից առասպելի։ Այն պատմում է մի մարդու մասին, որը համարձակվեց երազել անհնարինի մասին և գրեթե հասավ դրան։ Ֆիլմը ցույց է տալիս ոչ միայն կղզին ստեղծելու տեխնիկական մարտահրավերները, այլև մարդկային պատմությունը՝ ընկերությունը, սերը, համառությունը և պետական մեքենայի դեմ մեկ մարդու պայքարը։
Վարդերի կղզու պատմությունը դարձավ խորհրդանիշ բոլոր նրանց համար, ովքեր երազում են անհնարինի մասին։ Այն ապացուցեց, որ մեկ մարդը, սահմանափակ ռեսուրսներով և մի քանի ընկերների օգնությամբ, կարող է մարտահրավեր նետել ամբողջ համակարգին։ Վարդերի կղզու պատմությունը, վերջին հաշվով, պատմություն է մարդկային տոկունության, համառության, երևակայության մասին։ Դե իսկ Իտալիայի կառավարությունը երևի արդեն մի քանի տասնամյակ «գլխին է տալիս», որ բաց է թողել նման աննախադեպ զբոսաշրջային գաղափարը զարգացնելու հնարավորությունը։