Թարս կարված ժպիտն ու շահութաբեր սխալը. Ինչպես է տխուր ձիուկը փրկում տխուր մարդկանց
Սկզբում ամեն ինչ շատ սովորական էր, նույնիսկ՝ կանխատեսելի։ Չինական Նոր տարին մոտենում էր ու հերթը հասել էր կենդանակերպի հաջորդ խորհրդանիշին՝ ձիուն։ Իու քաղաքի գործարաններից մեկում սկսվել էր հերթական արտադրական շրջանը։ Պատրաստում էին տոնական թալիսման-ձիուկ, որը պիտի նվիրեին երեխաներին, մի քանի հազար վաճառք ունենային ու շատ արագ մոռանային։ Բայց ինչ-որ պահի ինչ-որ բան բառացիորեն այնպես չգնաց ու ձիուկի ժպիտը կարվեց հակառակ ուղղությամբ։ Սա փոքր տեխնիկական սխալ էր, որը պիտի վերացվեր առանց աղմուկի, բայց արի ու տես, որ տխուր ձիուկն արդեն գողանում է լաբուբուի փառքն ու ստվերում ժպտերես ձիուկներին։
ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ ՏԽՈՒՐ ՁԻՈՒԿԸ
Այս պատմությունը լրիվ անեկդոտի թեմա է, բայց ամեն բան արդեն շատ ավելի լուրջ է, քան առաջին հայացքից է թվում։ Գործարանում մեկ աշխատակցի անզգույշ սխալի արդյունքում ժպտացող ձիուկի ժպիտը թարս էր կարվել ու մեկ հպումով ձիուկը շատ տխուր հայացք էր ստացել։ Նման սխալներ ու թերություններ գուցե հազարներով են լինում։ Դրանք կարելի է շատ արագ փոխարինել նորով, ուղղել, ու ի վերջո, մոռանալ։ Նման պարզ սխալի հետևում ինչ-որ խորիմաստ մտադրություն ու գաղափար սովորաբար չեն փնտրում։ Բայց ոչ այս անգամ։
Չինացի մի կին, ինչպես հազարավոր այլ մարդիկ, այս բրենդից պատվիրում է երկու փափուկ կարմիր ձիուկ։ Երբ ստանում է պատվերը, նկատում է, որ դրանցից մեկը «սխալ» է։ Ձիուկներից մեկը ժպտում է ինչպես պետք է, իսկ մյուսի ժպիտից ոչինչ չի մնացել, անգամ մի տեսակ հոգնած է։
Զայրացած կինը դիմում է հաճախորդների սպասարկման կենտրոն ու փոխանակում է պահանջում։ Մինչ ընկերությունը կփոխանակեր ձիուկին, կինը լուսանկարում է այն ու տեղադրում համացանցում։ Այս ամենից մեծ սկանդալ չի սարքում, ոչ էլ բողոքում է, պարզապես որոշում է ընկերների հետ կիսվել արտառոց պատկերով։ Ու ահա՝ այս կետից սկսած ամեն բան վերահսկողությունից դուրս է գալիս։
Տխուր ձիուկի լուսանկարը սկսում է տարածվել մեծ արագությամբ։ Մարդիկ կարծես իրենք իրենց են «գտնում» ձիուկի հայացքում։ Եվ սկսվում է viral մեկնաբանությունների շղթան։ Մարդիկ ինչ-որ հարազատ բան են գտնում, ասում, թե դա իրենց դեմքն է աշխատանքի ժամանակ։ Մեկ այլ օգտատեր ասում է, թե ձիուկը կարծես փորձում է լաց չլինել, բայց չի ստացվում։ Մյուսներն էլ պարզապես հաստատում են՝ տխուր ձիուկի կերպարը շատ իրական է թվում։ Կարճ ժամանակ անց ձիուկն արդեն անուն էլ ուներ։ Նրան սկսում են կոչել «լացող ձի»։
ԽԱՂԱԼԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍԻՄՎՈԼ
Ահա այսպես, մի պատահական սխամունքի շնորհիվ կամ պատճառով խաղալիքը դառնում է սիմվոլ ու շատ մարդիկ իրենց սկսում են ասոցացնել ձիուկի հետ։ Գործարանում փորձում էին հասկանալ՝ ինչ անել այս «սխալի» հետ, իսկ համացանցում այդեն հարցուփորձ էին անում, թե ինչպես ու որտեղից կարող են ձեռք բերել ձիուկը։
Պահանջարկն աճում էր ժամ առ ժամ։ Փոքր խմբաքանակի համար նախատեսված խաղալիքն արդեն տասնյակ հազարավոր պատվերներ ուներ, իսկ հետո պարզվեց, որ մարդիկ ուզում են ոչ թե շտկված տարբերակը, այլ հենց սխալը՝ նույնությամբ վերարտադրված։
Գործարանը ստիպված եղավ արագ կողմնորոշվել։ Արտադրական թերությունը վերածվել էր մրցակցային առավելության ու սա հնարավոր ամենաանսպասելի ելքն էր այս իրավիճակից։
Գովասանքի է արժանի այն հանգամանքը, որ գործարանի տնօրինությունը շատ արագ է կողմնորոշվում ու օգտվում է այս հնարավորությունից։ Արտադրական գործընթացը կտրուկ աճում է։ Ձիուկը սկսում են արտադրել գրեթե շուրջօրյա ռեժիմով։ Իսկ գինը, ի զարմանս շատերի, չի փոխվում։
Տխուր ձիուկը սկսում է իր ճանապարհորդությունը։ Սկզբում՝ Չինաստանի ներսում, հետո՝ նաև դրա սահմաններից դուրս։ Տարբեր մշակույթների ու ազգերի մարդիկ գնում էին խաղալիքն ու կարծես բոլորն էլ նույն բանն էին մտածում՝ «այս փոքրիկ, տխուր ու աշխարհից հոգնած խաղալիքն իմ մասին է»։
Ու ահա՝ պատմությունը դադարում է պարզապես խաղալիքի մասին լինել և շատ արագ դառնում է պատմություն մարդկանց մասին։
ՏԽՈՒՐ ՄԱՐԴԻԿ ՈՒ ՏԽՈՒՐ ԽԱՂԱԼԻՔԸ
Սխալներ ամեն օր են լինում, թերի արտադրանքներ՝ նույնպես։ Դրանք ուղղվում են, մոռացվում, հանվում շրջանառությունից։ Բայց այս դեպքում ինչ-որ բան կարծես ճիշտ նշանակետին խփեց։ Շատ ցավոտ և ճիշտ ժամանակին։
Չինաստանում երիտասարդների շրջանում վաղուց գոյություն ունի մի ինքնահեգնական արտահայտություն, որով նրանք նկարագրում են իրենց աշխատանքային կյանքը․ իրենք իրենց կոչում են «Cattle and horses»։ Խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի հետ համեմատությունը պատահական չէ։ Անդադար աշխատող, ճգնող, բայց գնահատանքի չարժանացող մարդկանց համար սա կարծես տիպիկ նկարագրություն լինի։ Եթե հոգնում ես՝ քո խնդիրն է, եթե ինչ-որ բան չես հասցնում՝ ևս։ Մի խոսքով՝ պիտի բանել այնքան, որքան շունչդ հերիքում է։
Շատ երիտասարդներ Չինաստանում աշխատում են այսպես կոչված «996» գրաֆիկով․ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 9-ը, շաբաթը վեց օր։ Կյանքի այս ռիթմը հանգստի, սխալի կամ վերականգնման համար ժամանակ ու հնարավորություն չի թողնում։ Մարդիկ սովորում են արտաքինից «նորմալ» թվալ, իսկ իրականում՝ պարզապես գոյատևել։ Ահա ինչու՝ տխուր ձիուկը անմիջապես դիպչեց այս մարդկանց ամենացավոտ տեղերին։ Ձիուկի դեմքի արտահայտությունը կարծես ասում է.
«Ես այստեղ եմ, աշխատում եմ, չեմ տրտնջում, բայց դա չի նշանակում, որ լավ եմ»։
Մասնագետները սա բացատրում են որպես ժամանակակից հոգեբանական պաշտպանական մեխանիզմ։ Երբ ապագան մշուշոտ է, պահանջները մեծ են, իսկ վերահսկողության զգացումը գրեթե բացակայում է, մարդիկ փնտրում են ինչ-որ բան, ինչը կարող է հենասյան նման մի բան դառնալ։ Այս դեպքում՝ ինչ-որ պարզ, շոշափելի, անվնաս առարկա, որը միաժամանակ արտացոլում է նաև իրենց վիճակը։ Փոքր ձիուկը չէր խոստանում լուծումներ, խորհուրդներ էլ չէր տալիս, անգամ չէր ասում, որ «ամեն ինչ լավ կլինի»։ Պարզապես «հասկացված» լինելու զգացողություն էր տալիս։
Մասնագետները սա անվանում են նոր արդյունաբերական մտածողություն։ Այս դեպքում արտադրանքը չի ստեղծվում միայն գործարանի ներսում, այն ստեղծվում է սպառողի հետ համատեղ։ Մարդիկ այլևս միայն գնորդ չեն։ Նրանք պահանջարկից բացի դերակատար են դարձել նաև առաջարկի շղթայում։ Ու տխուր ձիուկի պատմությունը սրա դասական օրինակն է։