Կարդալիքներ PAN-ից
April 9

Ալեքսանդր վարժապետ Բակունցը, բանաստեղծ ստեղծած լավաշն ու «գործող անձ» բնությունը. Ժայռին շունչ տվող Սահյանը

«Գնամ մխրճվեմ խորքերն անտառի, Մոլորվեմ մեռնող տերևների մեջ, Գլուխս դնեմ մամռած մի քարի, Մի պահ մոռանամ աղաղակ ու վեճ: Բույն տամ սրտիս մեջ բույն փնտրող հավքին, Ննջած անտառի ականջը դառնամ, Շնչառությունը լսեմ մեղմագին Տերևների տակ խոր քնած գարնան:»

Նրա տողերում Սյունիքի քարափները կենդանություն էին անում, հողի, քարի ու ծաղկի, կյանքի ու կարոտի երգչիը կերտել էր պոեզիայի իր ինքնատիպ աշխարհը՝ անօրինակ պատկերներով ու խորհրդանիշներով, որոնք արմատներով հաստատված են հայրենի հողի մեջ, բայց ճյուղերով հասնում են համամարդկային արժեքներին:

Համո Սահյանը՝ Հմայակ Սահակի Գրիգորյանը, ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում: Արամազդ լեռան լանջի կիրճերից մեկում ծվարած այս փոքրիկ գյուղը դարձավ ապագա բանաստեղծի ոգեշնչման աղբյուրը: Իր գրական անունը նա ստեղծեց հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով:

Սահյանները պատկանում էին Խաչիպապենց տոհմին: Խաչիպապի խորհրդանշական կերպարը հաճախ է հանդիպում բանաստեղծի ստեղծագործություններում: Նրա հայրը՝ Սահակը, հավասարակշռված, համեստ մարդ էր, որը ժամանակին եղել էր գյուղի ղեկավարը: Մայրը՝ Գայանե Լալայանը, վաղ է մահացել: Նրա կերպարը Սահյանի բանաստեղծություններում հաճախ է արտացոլվել.

«Իմ կյանքի գինն էիր, իմ Ծիր Կաթինն էիր, Եվ իմ բաժինն էիր, և իմ բագինն էիր, Դու խառնված էիր շնչիս, էությանս... Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս»:

Սահյանի մանկությունը համընկավ սովի ու զրկանքի դժվար տարիների հետ: Հինգ տարեկանից նա եղել է հոր առաջին օգնականը գյուղական բոլոր աշխատանքներում՝ հորթարածի ճիպոտից մինչև սերմնացանի գոգնոց: Իր հուշերում բանաստեղծը պատմել է.

«Հիշում եմ՝ ես մեր գերդաստանում 31-րդն էի: Հացի էինք նստում բոլորս միասին: Սպասում էինք, մինչև պապս ձեռքի գործը վերջացնում էր, լվացվում, նստում սեղանի գլխավերևում, և նոր միայն ձեռքներս մեկնում էինք հացին: Կար հարգանք միմյանց միջև, ակնածանք՝ տոհմի մեծերի հանդեպ, ու նրանց օրինակը, որով սնուցում էինք մեր հոգին»:

Բանաստեղծի քույրը՝ Հասմիկը, հաճախ պատմում էր իրենց մանկությունը և Համո Սահյանի բնավորությունը բնորոշող մի պատմություն.

«1920-ական թվականներն էին, ծնողները գնացել էին սար խոտհնձի: Մենք՝ երեխաներս, տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Հանկարծ լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց: Ծնողներն էլ հարցրին՝ դուք կերե՞լ եք, ասացինք՝ չէ: Մայրս ու հայրս լաց եղան»:

Այս պատմությունն ամեն անգամ հիշելիս Համո Սահյանը հուզվում էր, մի անգամ էլ քրոջը ասել է՝

«Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա...»

Սահյանը 10-13 տարեկանում սովորել է գյուղի դպրոցում, որտեղ տարիներ առաջ դասավանդել էր երիտասարդ Ակսել Բակունցը, որին Լորում բոլորը որպես Ալեքսանդր վարժապետ գիտեին: Թեև Համո Սահյանը Բակունցին անձամբ չէր տեսել այդ ժամանակ, սակայն Բակունցի ազդեցությունը գյուղի վրա նշանակալի էր:

Տարիներ անց Սահյանը կարդաց Բակունցի «Ծիրանի տափը» պատմվածքը և զարմացավ, թե ինչպես Ակսել Բակունցը այդքան լավ գիտի իրենց գյուղերի պատմությունը: Նույն զգացումը նա ապրեց «Խոնարհ աղջիկը» կարդալիս: Եվ միայն հետո պարզեց իր հարցի պատասխանը.

«Ի՞նչ իմանայի, որ Ալեքսանդր վարժապետը մի օր կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդեսերունդ...»:

Համո Սահյանը 13-14 տարեկան էր, երբ տեղափոխվեց Բաքու, որտեղ ապրում էին նրա հորեղբայրները: Գյուղից հեռանալու այս պատմությունը շատերին Թումանյանի «Գիքորն» է հիշեցնում։ Քաղաքում կրթվելու, «մարդ դառնալու» հեռանկարով ոգևորված չէր, իր հայրենի գյուղը, բնությունն ու հարազատներին չէր ուզում բաց թողնել, բայց նաև հասկանում էր, որ այդ կերպ կկարողանա գոնե մի փոքր  թեթևացնել բազմանդամ ընտանիքի հոգսը:

«Մի պահ կանգ առա: Գյուղը մթության մեջ էր, բոլորը քնած էին: Միայն հանդիպակաց ժայռերն էին արձագանքում մորս սգո մեղեդիներին»:

Բաքվում Սահյանն ավարտեց հայկական միջնակարգ դպրոցը, իսկ 1935 թվականին ընդունվեց և 1939 թվականին ավարտեց Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա եկավ Սիսիան և աշխատանքի անցավ տեղի շրջանային թերթում (1937-1938):

Համո Սահյանի առաջին բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 1935 թվականին: Այդ մասին նա հետագայում ասել է.

«Չգիտեմ ինչու և ինչպես սկսվեց իմ գրական մուտքը: Երբ արդեն հասկացել էի, որ Չարենցի կողքին բանաստեղծություն գրելն ավելորդ է, արդեն ուշ էր, որովհետև Չարենցը հավանել էր իմ ոտանավորներն ու բարի ճանապարհ մաղթել»:

1938-1941 թվականներին Սահյանն աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Այդ տարիներին նա դարձավ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1939 թ.), իսկ հետագայում՝ ԽՄԿԿ անդամ (1946 թ.):

1941 թվականին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, և Սահյանը մեկնեց ռազմաճակատ: Կռվեց Կասպիական նավատորմում՝ սկզբում որպես նավաստի, ապա՝ որպես հրամանատար: Կարելի է պնդել, որ ինչ-որ առումով ռազմական ծառայության տարիները դարձան բանաստեղծի կայացման շրջանը:

Պատերազմի ժամանակ ծնվեցին Սահյանի առաջին գրքի բանաստեղծությունները: Դրանց թվում էր հռչակավոր «Նաիրյան դալար բարդին», որը նա երկու տարի պահել էր հակագազի պայուսակի մեջ:

«Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ, Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի, Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս, Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:»

Բանաստեղծությունները Սահյանն ուղարկեց Երևան՝ Ստեփան Զորյանին։ Չգիտեր, թե ինչ կլիներ իր հետ, ուզում էր՝ գոնե բանաստեղծությունները ապրեին: Ստեփան Զորյանը բանաստեղծությունները տպագրեց, դրանք նաև ռուսերեն թարգմանությամբ լույս տեսան «Պրավդա» թերթում: «Պրավդայի» այդ համարը պատահաբար ընկավ նավի հրամանատարի օգնականի ձեռքը: Սահյանին բոլորը ճանաչում էին անձնագրային անուն-ազգանունով՝ Հմայակ Գրիգորյան, և տեղյակ չէին, որ նա բանաստեղծություններ է գրում:

Հրամանատարի օգնականը կանչեց Սահյանին և առաջարկեց կարդալ հայրենակցի գրած բանաստեղծությունը:

«Հանճարեղ բանաստեղծություն է: Զինվորի սրտից է խոսում շուն-շանորդին»։

Սահյանը համեստաբար չխոստովանեց, որ հեղինակն ինքն է, միայն ասաց, թե անձամբ ճանաչում է այդ բանաստեղծին: Սակայն հրամանատարի օգնականը չհավատաց.

«Համա թե գլուխ գովալ գիտես, հա, նավաստի՛ Գրիգորյան»:

Ի դեպ, 1944 թվականին հենց Ստեփան Զորյանի հրավերով Սահյանը եկավ Երևան և բնակություն հաստատեց նրա տանը: Հենց Զորյանի օգնությամբ Սահյանը ստեղծեց իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով, որը լույս տեսավ 1945 թվականին:

Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանեց ձոն-նվիրումով.

«Դուք հոր նման խիստ եք եղել, Ու հոր նման ներող, Ձեր խորհուրդը խորն է եղել Ու խրատը՝ գերող»:

Պատերազմից հետո Սահյանն աշխատանքի անցավ «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965): 1965-1967 թվականներին նա եղավ «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը:

Հետպատերազմական տարիներին Սահյանը ծանոթացավ բանաստեղծուհի Մարիա Հակոբյանի հետ: Նրանք ամուսնացան և ունեցան երկու որդի՝ Արան ու Նաիրին: Սակայն հանգամանքների բերումով հետագայում ամուսնալուծվեցին: Սահյանը երկրորդ անգամ ամուսնացավ Սվետլանայի հետ, որը բանաստեղծի կողքին էր մինչև նրա կյանքի վերջին օրերը:

Սահյանի մասին նրա որդին՝ Նաիրին, գրել է.

«Հորիցս խրատ չեմ լսել. Նա լուռ էր դաստիարակում իր զավակներին ու այդ լռությունն ավելի ազդեցիկ էր, քան ցանկացած խրատ: Հայրս հասարակ մարդ էր, համեստ, ինչ-որ տեղ նաև՝ ամաչկոտ: Իր մեջ էդ եսը, էգոն չկար: Ինչպես բոլորն էին, այնպես էլ ինքն էր: Բայց, միևնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչև հոգուդ հատակը: Խորհուրդ չէր տալիս, ուրիշ տեսակ մարդ էր...»:

Համո Սահյանի գրական ճանապարհը կարելի է բաժանել երկու հիմնական շրջանի: Առաջին շրջանը սկսվում է նրա առաջին՝ «Որոտանի եզերքին» (1945) ժողովածուով, որտեղ արդեն դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք:

Հաջորդեցին «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուները, որոնցում ավելի ընդլայնվեց Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

«Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհը կրկին գտնելու փորձ էր, որով Սահյանը գրեց մանկության և պատանեկության թեմաներով մի շարք պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը» բանաստեղծությունը.

«Մի հորթ է նստել թեք ձորալանջին, Թփերում կորած կածանի վրա, Կարծես քանդակված մի տերև լինի Մոր լեզվի հետքը ճակատին նրա... Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի Տերևը հանկարծ քսվում է նրան, Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝ Ծաղկած մասրենու ստվերը վրան...»

Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ: Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում.

«...Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ Ինչ կանչերով էլ ականջս շահեն, Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն, Ինչ համերով էլ կաշառեն լեզուս, Շաղոտ շուրթերով՝ շարականաշուք Քո շշուկներն են կրկնելու նորից...»

1972 թվականին լույս տեսավ Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանացավ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի: Հետագայում տպագրվեցին նրա «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1989), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները: Այս գրքերում Սահյանը բերեց մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը:

Չնայած Սահյանն իր հասուն տարիքն անցկացրեց քաղաքում, նրա ստեղծագործությունների թեմատիկայի անբաժանելի մասը կազմեց Հայաստանը և հատկապես Սյունիքի լեռնաշխարհը: Բանաստեղծը միշտ հավատարիմ մնաց հայրենի եզերքին: Իր 60-ամյակի կապակցությամբ հարազատ Լոր գյուղի դպրոցում մեծարման երեկո կազմակերպեցին, Սահյանը ևս ներկա էր ու հենց այդ միջոցառման ընթացքում էլ ասաց.

«Այսօր ես 60 տարեկան եմ... 160 էլ դառնամ էլի երեխա եմ մնալու, քանի այս գյուղը կա»:

Առհասարակ, Սահյանի ստեղծագործություններում բնությունը ոչ միայն ու ոչ այնքան  պատկերավորման միջոց է, որքան գործող անձ։ Սահյանի պոեզիայում սարերն ու քարափները, ծառերն ու անտառը, ժայռերը, աղբյուրներն ու գետերը դառնում են գեղարվեստական աշխարհի մաս:

«Անտառում ամպի ծվեններ կային Կապույտ մշուշներ կային անտառում Օրոր էր ասում աշունն անտառին. Բայց դեռ անտառի քունը չէր տանում: Շշուկներ կային անտառում այնքա՛ն Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային... Իրար փաթաթված ստվեր ու կածան, Ու հետքե՛ր, հետքե՛ր մարդկային...»

Հայկ Համբարձումյանի բնորոշմամբ.

«Բանաստեղծը փնտրում է ու ստեղծում  աննշան թվացող բնության տարրերի կենսագրությունը, նշանները դնում շարժման ու դրամատիկ հարաբերությունների մեջ: Անձնավորումների ու շնչավորման միջոցով հասնում է պատկերաստեղծման առասպելական սկզբունքներին:  Բառերի նոր ու յուրահատուկ  ստուգաբանությունների միջոցով մոտենում  ժողովրդական ավանդական մտածողությանն ու առասպելաստեղծ աշխարհայացքին»:
«Ամպը հառաչում էր լեռան լանջին, Դողում, սարսռում էր հասակով մեկ։ Գալիս, փաթաթվում էր վեցկու մաճին, Հետո թավալվում էր ակոսի մեջ։ Հետո վեր էր կենում, շտկում իրեն, Կրկին ձևեր փոխում նա զանազան, Բարձրանում էր հետո կողերն ի վեր Եվ շիկացած ուսն էր շփում եզան...»

Սահյանի՝ բնությանն ու հողին այդքան մոտ ու ամուր կանգնելու մասին շատ պատկերավոր խոսել է Հովհաննես Շիրազը։ Երբ բանաստեղծին հարցրել են, թե ո՞րն է իր ու Սահյանի տարբերությունը, Շիրազը պատասխանել է.

«Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն՝ Համոն՝ գլուխը կախ, ես՝ գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես՝ ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը՝ ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն՝ խոտի վրայի շաղով: Էսքանը»:

Նմանատիպ մի հարց տվել են նաև Պարույր Սևակին, որն էլ, խոսքը Համո Սահյանին ուղղելով, ասել է.

«Դու շինականի որդի ես, քո խոսքը Հորովելն է, ես տերտերի թոռ եմ, իմ խոսքը Պատարագն է»:

Կյանքի վերջին շրջանը ծանր էր Սահյանի համար՝ մի կողմից առողջական խնդիրներ, մյուս կողմից նորանկախ երկրի վրա ծառացած մարտահրավերներ, պատերազմ ու սոցիալական խնդիրներ։

Սահյանի քրոջ՝ Հասմիկ Գրիգորյանի հուշերում ներկայացվում է նրա վերջին այցելությունը հայրենի գյուղ:

«Համոն եկել էր Լոր, բայց մինչև Լոր գնալը միշտ Դարբասում կանգնում էր, գալիս իմ տուն, ժամերով նստում, մեզ հետ զրուցում... Ամեն անգամ Դարբասից Երևան գնալիս՝ իր ընկերներին լաց լինելով խնդրում էի, որ Համոյին լավ նայեն, որ ես հեռու եմ, ձեռս-ոտս չի հասնում։»

Վերջին այցի ժամանակ Սահյանը քրոջն ասել է.

«Հասմիկ, կարող է էլ չկարողանամ Լոր գալ, մեր հոր դուռը փակ չթողես, մեկ-մեկ գնա դուռը բաց արա, մեր հոր Սահակի ու Խչիբաբի (Խաչի պապի) ականջը ձենի ա լինելու, ձեն տուր, կարոտ չթողնես...»

Համո Սահյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին` 79 տարեկանում: Թաղվել է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Սահյանի վերջին ժողովածուն՝ «Ինձ բացակա չդնեք», լույս տեսավ բանաստեղծի մահից 5 տարի հետո: Եվ, ինչպես միշտ՝ Սահյանի բնապաշտությունը վերածվում է փիլիսոփայական խորհրդածության, իսկ հայրենի հողի պատկերները դառնում են մարդկային կեցության խորքային իմաստների խորհրդանիշներ: Սահյանի խոսքը ժողովրդական է, բայց ոչ պարզունակ, խորը, բայց ոչ վերացական: Նրա բանաստեղծություններում զուգորդվում են հողին կապված մարդու և տիեզերական հեռուներ փնտրող մտավորականի խոհերը: Դե իսկ Սահյանը շարունակում է ապրել իր տողերում։

«Իմ երգերում ինձ ման եկեք. ես ուրիշ տեղ չկամ»:

✍️ Նանե Մանուկյան / PAN