#մշակութաPAN
April 3

Զարդանախշերի ռիթմը, «բացակա» գլուխն ու դյութիչ հայացքը. Ինչպիսին է Սուրենյանցի «Սալոմեն»

Վարդգես Սուրենյանցի «Սալոմեն» վերադարձել է Ազգային պատկերասրահի ցուցասրահ և շարունակելու է դյութել դիտորդին գունային, զգայական նոտաներով և իր առեղծվածային կերպարով։

Կտավի ստեղծման պատմությունից մինչև վերականգնման ընթացք և «Սալոմեի ֆենոմեն». սկսում ենք սկզբից։

ՍԱԼՈՄԵՆ՝ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Սալոմեի կերպարը համաշխարհային արվեստում շատերին է գրավել։ Կերպարվեստից մինչև պիես, օպերա, բալետ և կինո․ առեղծվածային այս կերպարի ուրույն մեկնաբանությունը ներկայացրել են տասնյակ արվեստագետներ։ Կերպարվեստում Սալոմեն ոգեշնչել է այնպիսի վարպետների, որոնց յուրաքանչյուր կտավն իսկ արվեստի գլուխգործոց է։ Բոտիչելլիից մինչև Կարավաջո, Ռեմբրանդ ու Տիցիան. բոլորն էլ այս կամ այն կերպ անդրադարձել են Սալոմեի և Հովհաննես Մկրտչի պատմությանը։

Բոտիչելլիի «Սալոմեն սուրբ Հովհաննես Մկրտչի գլխի հետ» կտավն արվել է 1488 թվականին, Տիցիանն այս թեմայով ունի երկու կտավ, որ նկարել է 15 տարվա տարբերությամբ՝ 1515-ին և 1530-ին։ Կարավաջոն պատումը պատկերել է երկու կտավում՝ «Սալոմեն Մկրտչի գլուխը ձեռքին» (1605) և «Հովհաննես Մկրտչի գլխատումը» (1605)։ Համաշխարհային կերպարվեստում այս թեմայով տասնյակ երկեր կան, որոնցից մեկը հայ արվեստի գլուխգործոցներից է։ Բայց այդ մասին՝ մի փոքր ուշ։

Բոտիչելլիի, 1488 թ.
Կարավաջո, 1605 թ.

1891 թվականին Օսկար Ուայլդը գրեց «Սալոմե» պիեսը, որը խիստ տարբեր էր աստվածաշնչյան պատմությունից և բոլորովին այլ երանգ էր հաղորդում Սալոմեի կերպարին։ Շատ արվեստագետներ, այդ թվում՝ Սուրենյանցը, հետագայում ոգեշնչվել են հենց Ուայլդի «Սալոմեից»։ Կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսն Ուայլդի պիեսի մոտիվներով գրել է «Սալոմե» օպերան, Ֆլորան Շմիտը՝ «Սալոմեի ողբերգությունը» բալետը։

Կինոռեժիսորները ևս «հանգիստ չեն թողել» Սալոմեին և անդրադարձել են այս առեղծվածային կերպարին ու նրա պարին։ Պիեռ Պաոլո Պազոլինիի «Ավետարան ըստ Մատթեոսի» ֆիլմում, օրինակ, հենց ճակատագրական դարձած պարն է ներկայացված, իսկ պատմությանն անդրադարձ կա Պեդրո Ալմոդովարի, Չարլզ Բրայանտի, Գորդոն Էդվարդսի և այլ ռեժիսորների աշխատանքներում։

Վերադառնանք Օսկար Ուայլդի ստեղծած «Սալոմեին»։ 1900-ականներին Ուայլդի պիեսով հայ արվեստասեր հասարակությունն ու հայ մտավորականները բավականին հետաքրքրված էին։ Վահան Տերյանը պիեսը թարգմանեց հայերեն, հետո բեմադրվեց ներկայացում և Սալոմեի դերակատարմամբ հանդես եկավ Եկատերինա Դուրյան-Արմենյանը։ Հենց այդ շրջանում էր Սուրենյանցի արվեստանոցում ստեղծվում Սալոմեի կերպարին նվիրված իր առանցքային կտավներից մեկը։

Ո՞Վ ԷՐ ՍԱԼՈՄԵՆ. ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱԿՆԱՐԿ + ՈՒԱՅԼԴԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սալոմեն Նոր Կտակարանի կերպար է։ Ըստ Մարկոսի և Մատթեոսի ավետարանի, Հերովդեսն իր եղբոր՝ Փիլիպպոսի կենդանության օրոք, ամուսնացել էր նրա կնոջ՝ Հերովդիայի հետ։ Հովհաննես Մկրտիչն այս միությունը պախարակելի էր համարում և հրապարակավ քննադատում էր նրանց։ Հերովդեսի ծննդյան խնջույքին Հերովդիայի գեղեցկուհի աղջկա՝ Սալոմեի պարն այնքան է դուր գալիս Հերովդեսին, որ նա հրապարակավ խոստանում է նվիրել աղջկան այն, ինչ ինքը կկամենա, անգամ եթե դա իր թագավորության կեսն է։ Բայց աղջկան թագավորության կեսն անհրաժեշտ չէր։ Մոր ուղղորդմամբ Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլուխն է կամենում։

Ըստ Մարկոսի՝ Հերովդես Անտիպասը երկմտանքի առաջ էր, նա գիտեր, որ Հովհաննես Մկրտիչն արդար ու սուրբ մարդ է, բայց մյուս կողմից էլ՝ բազում մարդկանց ներկայությամբ խոստացել էր կատարել աղջկա ցանկացած ցանկություն։ Արդյունքում Հերովդեսը դահիճ է ուղարկում և հրամայում բերել Հովհաննես Մկրտչի գլուխը։ Մահապատժից հետո Սալոմեին են հանձնում սկուտեղի վրա դրված Հովհաննես Մկրտչի գլուխը։

Իհարկե, Օսկար Ուայլդն այս պատմությանը տրամագծորեն այլ ուղղություն ու երանգներ է հաղորդում։ Նրա «Սալոմե» ողբերգությունը հիմնված է աղջկա անպատասխան սիրո ու վրեժի ցավալի պատմության վրա։ Ըստ պիեսի՝ Սալոմեն հենց իր վրեժի համար է սպանում Հովհաննես Մկրտչին, քանի որ սիրահարվել էր նրան և մերժվել։

ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ «ՍԱԼՈՄԵՆ»

1907 թվականին Վարդգես Սուրենյանցը հենց Օսկար Ուայլդի Սալոմեին է պատկերել։ Վիրավորված, բայցև ուժեղ մի կնոջ, որը որևէ նմանություն չունի մոր թելադրանքով շարժվող աստվածաշնչյան աղջնակի հետ։ Սուրենյանցի «Սալոմեի» հմայքը դյութիչ է, բայց այս կտավում սա շերտերից միայն մեկն է, գուցե՝ ամենաակնհայտը։ Շուշանիկ Զոհրաբյանի մեկնաբանմամբ՝

«Գեղարվեստական դավանանքի կրքոտ, անվերապահ հաստատումը հանդիսացող Սուրենյանցի «Սալոմեն» իր տիրական հմայքով ինքնատիպ համադրություն է իրեն հատուկ մթնոլորտի մեջ բոլորվող, արևելյան ծանր բուրումներով և շռնդալից գույներով համակված, էրոտիզմով լեցուն մի երազ` գեղեցիկ մղձավանջին մոտեցող»:
Սուրենյանց, «Սալոմե»

Սուրենյանցը Սալոմեին պատկերել է կտավի աջ հատվածում՝ նախշազարդ դռան մոտ։ Ձախ հատվածը դատարկ է։ Կոմպոզիցիոն առումով սա հստակ հաշվարկված և ուղերձ փոխանցող լուծում է։ Բայց այս կտավի գլխավոր առանձնահատկությունը, թերևս, այն է, որ Սուրենյանցի կտավում բացակայում է Սալոմեին գրեթե բոլոր կտավներում «ուղեկցող» Հովհաննես Մկրտչի գլուխը։ Արվեստաբան Հայկուհի Սահակյանը մանրամասնում է՝

«Սուրենյանցը միտումնավոր կերպով հրաժարվել է Սալոմեի ավանդական պատկերագրությունից, նրան ներկայացնելով առանց Հովհաննես Մկրտչի գլխի: Մեր առջև կանգնած է փոթորկոտ հույզերով և ապրումներով տոգորված կին, որոնք նա փորձում է թաքցնել՝ խոնարհելով հայացքը: Հոգեվիճակների նուրբ մատուցման վարպետ Սուրենյանցն այս ամենը փոխանցել է կոմպոզիցիոն կառուցվածքի, գծերի ու զարդանախշերի ռիթմի, կերպարի կեցվածքի, հայացքի, գունային կոլորիտի միջոցով: Ներքևից ընտրված դիտակետը, ասիմետրիկ հորինվածքը, մանր, կետա-գծային վրձնախաղերը, որոնցով հագեցած է ամբողջ կտավը, - այս ամենը սրում է պատկերի դրամատիզմը և անհանգիստ թրթիռով լցնում այն»:

Մինչև Ազգային պատկերասրահ հասնելը «Սալոմեն» միջազգային երկար ճանապարհ է անցել։ Մասնակցել է 1908 թ. Պերեդվիժնիկների 34-րդ ցուցահանդեսին, 1913-ին՝ Մյունխենի 11-րդ միջազգային պատկերահանդեսին «Ապակե պալատում», իսկ 1914-ին Հռոմում կայացած ռուս նկարիչների ցուցահանդեսից հետո, Առաջին աշխարհամարտի պատճառով այն չի վերադարձվել Սուրենյանցին:

Արվեստաբան Հայկուհի Սահակյանը նշում է, որ պահպանվել է Մարտիրոս Սարյանի` Իտալիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Լև Կամենևին ուղղված նամակը, որում նա խնդրում է նկարն ուղարկել Հայաստան: Հենց Սարյանի ջանքերի շնորհիվ 1929 թվականին «Սալոմեն» վերջնականապես տեղափոխվում է  Ազգային պատկերասրահ։

ՍԱԼՈՄԵԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Վերջին 5 տարիներին հայ արվեստասերները Ազգային պատկերասրահում «Սալոմեին» չէին կարողանում գտնել։ Կտավը մշտական ցուցադրությունից հանվել և վերականգնման արվեստանոց էր տեղափոխվել դեռ 2019 թվականին։ Բայց վերջին շաբաթներին ամեն տեղ կրկին ցնծում է Սուրենյանցի ու վարպետի գլուխգործոցի անունը։ Կտավը վերադարձել է ցուցասրահ՝ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում։

Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ընդգծում է՝ թանգարանները հսկայական շերտեր ունեցող կենդանի օրգանիզմներ են, բայց այդ շերտերն այցելուի համար հաճախ փակ ու անտեսանելի են։ Ազգային պատկերասրահը կարևորում է այդ հետնաբեմի բացահայտումը, որովհետև 21-րդ դարում այցելուն պետք է դառնա թանգարանի մի մասը։ Նա ոչ միայն պետք է դիտի արվեստի նմուշներն ու հեռանա, այլ որպես «գործող անձ» մասնակիցը դառնա մշակութային ժամանցի։ Այս առումով կտավների վերականգնման ընթացքը մեծ հետաքրքրություն է վայելում արվեստասերների շրջանում։

«Մշակութային արժեքների վերականգնման ընթացքի ցուցադրությունը վերջին տասնամյակում աշխարհի տարբեր երկրներում դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու մշակութային արժեքների վերականգնման խորհրդավոր և հաճախ «անհասանելի» աշխարհում, ծանոթանալու վերականգնող վարպետների բարդ և պատասխանատու աշխատանքին, դառնալու դրա անուղղակի և ուղղակի մասնակիցը»:

Ինչպես նշում է պատկերասրահի տնօրենը, որն այս ցուցադրության համադրողն է, Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով․ էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները: Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Վերադառնալով Սուրենյանցի «Սալոմեին»։ Տեսաբանները երկար ժամանակ վիճում էին, թե ո՞ր պահն է Սուրենյանցը պատկերել իր կտավում՝ մինչև սպանությու՞նը, թե դրանից հետո։ Մարինա Հակոբյանի դիտարկմամբ՝ կտավում Սալոմեն պատկերված է գործողությունից հետո։ Հովհաննես Մկրտչի գլուխն ու պատմողական այլ էլեմենտներ բացակայում են, բայց պատկերասրահի տնօրենի ձևակերպմամբ, թվացյալ դատարկությունը շատ ավելի պերճախոս է։

«Այս պատկերում Սալոմեի հայացքում զգացմունքների հսկայական երանգապնակ է պատկերված և հենց այդ խորքային շերտերն էլ կտավն այսքան առեղծվածային են դարձնում։ Նրա հայացքում կա ափսոսանք, կասկած, բայցև բավարարվածություն»:

Կտավի հանդեպ հայ հանրության մեծ հետաքրքրությունն Ազգային պատկերասրահի տնօրենը «Սալոմեի ֆենոմեն» է անվանում,  նաև հավելում՝

«Վստահ եմ, որ եթե Սուրենյանցի «Սալոմեն» չվերադառնար հայրենիք և մնար եվրոպական որևէ հանրահայտ թանգարանի ցուցասրահում, կունենար աշխարհահռչակ համբավ․ այսօր, սակայն, մեր առաքելությունն է՝ անել այնպես, որ Հայաստանում հանգրվանած կտավն իր արժանի տեղը գրավի համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցների շարքում»:

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Կլիմայի տատանումների հետևանքով կտավի մակերեսին առաջացած ներկաշերտի թափվածքները եղան առաջին ահազանգը, ինչից հետո «Սալոմեն» անհապաղ տեղափոխվեց պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժին: Ավելի ուշ հաստատվեց՝ կտավը հիմնովին վերականգնման կարիք ունի։

Ու հենց այս կետից էլ սկսվեցին մի քանի տարի տևած վերականգնման աշխատանքները։ Առաջին փուլը մանրամասն և խորքային հետազոտությունն էր, որը տևեց մոտ երկու տարի։ Հանդիպում-դասընթացներ միջազգային գործընկերների հետ, ուսումնասիրություններ և բազմաշերտ քննարկումներ։ Արդյունքում քայլերի հաջորդականությունը հստակեցված էր՝ սկզբից մինչև վերջ, բոլոր դետալներով։

Նկարիչ-վերականգնող Արտաշես Աբրահամյանի խոսքով՝ գեղանկարն ուներ մի շարք վնասվածքներ` կտավի ձևախախտումներ և թուլություն, եզրաշերտերի պատռվածքներ, կտավի մակերեսին առաջացած ներկաշերտի և հիմնաշերտի մանր թափվածքներ, մակերեսի կեղտոտվածություն, նախկինում կատարված երանգավորումներ, իսկ շրջանակավորման արդյունքում առաջացած հորինվածքի խախտումը ենթադրում էր երկարատև և համապարփակ վերականգնման միջամտություններ:

«Առաջին իսկ զննման ժամանակ պարզվեց, որ շրջանակը ստորին հատվածից 3 սանտիմետրով ծածկում է հեղինակային ներկաշերտը: Զարդանախշերով հարուստ փայտյա շրջանակը, որով երկար տարիներ ցուցադրվում էր կտավը, նույնպես զերծ չէր մնացել տարատեսակ վնասվածքներից և աղտոտվածությունից: Այսպիսով, «Սալոմեի» վերականգնման աշխատանքները սկսվեցին շրջանակից: Այն վերականգնել է Գագիկ Ամիրխանյանը»:

Տեսողական զննման և նյութական փորձարկումների արդյունքում ճշգրտվեց ստեղծագործության կատարման տեխնիկան։ Ներկաշերտում հայտնաբերվեցին յուղաներկ, տեմպերա, մատիտ, յուղամատիտ։ Սա հերթական մարտահրավերն էր վերականգնողների համար։

«Այս նախագծի կարևոր առանձնահատկություններից են նաև վերականգնման և կոնսերվացման համալիր աշխատանքները, որոնց արդյունքում ամրակայվեց և վերականգնվեց հաստոցային գեղանկարչության համար երեք փոխլրացնող բաղադրիչ` կտավ, շրջանակ և ենթաշրջանակ»:

Կտավի աջակողմյան հատվածում նկատված երանգավորումները կատարված էին նկարչական արտասովոր ազատությամբ, և սա էր պատճառը, որ առաջին հայացքից նկարիչ-վերականգնողները դրանք համարել էին իբրև հեղինակային վրձնահարվածներ: Նկարիչ-վերականգնող Տաթևիկ Ամիրխանյանը մանրամասնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների զննմամբ պարզ դարձավ, որ դրանք իրականում ոչ հեղինակային միջամտություններ էին։

«Հեռացվել են նախկինում կատարված բոլոր անհարկի երանգավորումները` ի հայտ բերելով հեղինակային ներկաշերտը»:

Կտավը վերականգնողների աշխատանքը շատ նման է բժիշկների աշխատանքին, իսկ կտավի կյանքը փրկելու առաքելությունը մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Տաթևիկ Ամիրխանյանի խոսքով՝ հուզմունք ու անհանգստություն կար, պատասխանատվության զգացումն էլ կրկնապատկվել էր։ Նրա համար վերականգնման ամենահետաքրքիր փուլը հենց ուսումնասիրությունն էր, որի ընթացքում բազմաթիվ հանգամանքներ բացահայտվեցին։

«Ինձ համար վերականգնման գործընթացը ամենահաճելի ու պարտավորեցնող ընթացքն է։ Երբ արդյունքը տեսնում ես, հասկանում ես, որ երկար ու բարդ աշխատանքը հասել է իր նպատակին, բայց ներսդ, կարծես, դատարկվում է»:

Նկարիչ֊վերականգնողները միաձայն պնդում են, որ վերականգնումը մեկ հոգու բան չէ։ Հաջողության բանալին թիմային աշխատանքն ու փոխլրացումն է։ Մեկը մյուսին լրացնելու լավ օրինակ է նաև հենց այն փաստը, որ, ի տարբերություն Տաթևիկի, Արտաշեսի համար ամենահաճելի պահն այս ամբողջ գործընթացում հենց արդյունքն է։

Սուրենյանցի կտավը քննարկելիս հետաքրքրական է՝ երկու նկարիչ-վերականգնողն էլ համակարծիք են այն հարցում, որ Սուրենյանցը Սալոմեին պատկերել է նախքան Հովհաննես Մկրտչի գլխատումը։ Այս հարցում Մարինա Հակոբյանի և վերականգնողների այսպես ասած «տարակարծությունը» լավագույն ապացույցն է պնդման, որ այստեղ ճիշտ ու սխալ պատասխաններ չկան։ Արտաշես Աբրահամյանը հավելում է՝

«Զգացական հարց է, թե ով ինչպես է զգում և ընկալում կտավը։ Նայում ես կտավին՝ որոշ պատասխաններ գտնում ես, որոշ հարցեր անպատասխան են մնում․ յուրաքանչյուր դիտորդ իր հետ տանում է այն, ինչը կարողանում է որսալ»:

Մի հարցում համադրողը, վերականգնողը, դիտորդը, արվեստաբանն ու արվեստագետը համակարծիք են. «Սուրենյանցի Սալոմեն բոլորինն է»։ Չկա մեկը, որ անտարբեր կանցնի կտավի կողքով։ Բոլորին թվում է, թե «Սալոմեն» հենց իրենց ամենասիրելի կտավն է։

Բոլորիս սիրելի կտավի շքեղությունն ամբողջովին վերականգնված է։ Այցելեք Ազգային պատկերասրահ, ուսումնասիրեք վերականգնման ընթացքում կիրառված գործիքները և չմոռանաք փնտրել Սալոմեի հայացքում թաքնված զգայական հարուստ շերտերը։


✍️ Նանե Մանուկյան / PAN