Մարդը, ով փախչում էր դինոզավրերից. Սեմ Նիլի տասը դերը
VHS կասետների վրա մեծացած սերնդի համար Սեմ Նիլը պարզապես դերասան չէր։ Նա այն հուսալի դեմքերից էր, որոնք հայտնվում էին ամենատարբեր ֆիլմերում ու սերիալներում և գրեթե միշտ դրանք դարձնում ավելի հետաքրքիր։ Ոչ թե դասական գերաստղ, այլ այն հազվագյուտ պրոֆեսիոնալներից մեկը, որի ներկայությունը կադրում միանգամից վստահություն էր ներշնչում։ Հնէաբան, քահանա, խելագար, նավապետ կամ սովորական մարդ՝ Նիլը ցանկացած կերպար մարմնավորում էր նույն համոզիչ հանգստությամբ։
Հուլիսի 13-ին, լիմֆոմայի դեմ երկարատև պայքարից հետո, 78 տարեկանում դերասանը հեռացավ կյանքից։ Ավելի քան հարյուր հիսուն ֆիլմ ու հեռուստանախագիծ ընդգրկող կարիերայից ընդամենը տասը դեր առանձնացնելը գրեթե անհնար է։
Այնուամենայնիվ, PAN-ը ընտրել է տասը աշխատանք, որոնք, թերևս, լավագույնս բացահայտում են Սեմ Նիլի դերասանական լայնությունը՝ աստվածաշնչյան սարսափից մինչև նուրբ հոգեբանական դրամա, դինոզավրերի մասին բլոկբաստերից մինչև հետպատերազմյան Բիրմինգհեմի քրեական աշխարհը։
1. «Օմեն III. Վերջին ճակատամարտը» (The Final Conflict, 1981)
Սա Նիլի առաջին խոշոր կինոդերերից էր և միանգամից՝ գլխավոր։ Նա մարմնավորում է մեծացած Դեմիեն Թորնին՝ նեռին, որն արդեն դարձել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան և պատրաստվում է բարու ուժերի դեմ վճռորոշ ճակատամարտին։
Երիտասարդ Նիլը ստեղծում է անսովոր կերպար։ Նրա Դեմիենը հմայիչ է, զուսպ, դիվանագետ ու վախեցնում է ոչ թե բացահայտ դաժանությամբ, այլ քաղաքակիրթ դիմակի հետևում թաքնված չարիքով։ Նա երբեք չի վերածվում ծաղրանկարային չարագործի. փոխարենը խաղում է մի մարդու, որը լիովին համոզված է սեփական առաքելության ճշմարտացիության մեջ։ Հենց այդ պատճառով էլ ֆիլմը զգալիորեն տարբերվում է շարքի մյուս մասերից։
2. «Դիվահարը» (Possession, 1981)
Անջեյ Ժուլավսկու սկանդալային դրամայում Նիլը մարմնավորում է Մարկին՝ տղամարդու, որի ամուսնությունն ու բանականությունը փլուզվում են գրեթե միաժամանակ։
Սա նրա կարիերայի ամենածանր դերերից մեկն է՝ և՛ ֆիզիկապես, և՛ էմոցիոնալ առումով։ Հիստերիաներ, ճիչեր, ինքնատիրապետման լիակատար փլուզում՝ ամեն ինչ տեղի է ունենում հանդիսատեսի աչքի առաջ։ Նիլը չի վախենում տգեղ, խոցելի կամ նույնիսկ անօգնական երևալուց, ինչը ութսունականների սկզբին երիտասարդ դերասանի համար բավական համարձակ ընտրություն էր։ Այս աշխատանքը հստակ ցույց տվեց, որ նրա հանգիստ արտաքինի տակ թաքնված է արտիստ, որն ընդունակ է գնալու ամենածայրահեղ էմոցիոնալ ռիսկի։
3. «Անտեսանելի մարդու խոստովանությունը» (Memoirs of an Invisible Man, 1992)
Ջոն Կարպենտերի կատակերգական թրիլլերում Նիլը խաղում է կառավարական գործակալ Դևիդ Ջենքինսին, որը հետապնդում է պատահաբար անտեսանելի դարձած հերոսին։
Թեև սա երկրորդ պլանի դեր է, Նիլն այն կատարում է բացառիկ ճշգրտությամբ։ Նրա հերոսը լրտեսական ֆիլմերի հերթական չափազանցված չարագործը չէ, այլ սառնասիրտ, մեթոդական պրոֆեսիոնալ, որի համար մարդ որսալը պարզապես աշխատանքի մի մասն է։ Ֆիլմը մեծ հաջողություն չունեցավ, սակայն այն դարձավ Նիլի առաջին համագործակցությունը Ջոն Կարպենտերի հետ։ Երկու տարի անց նրանց երկրորդ համատեղ աշխատանքը կդառնա դերասանի ամբողջ կարիերայի ամենահիշարժան ֆիլմերից մեկը։
4. «Դաշնամուրը» (The Piano, 1993)
Սա Սեմ Նիլի դերասանական կարիերայի ամենաբարձր կետերից մեկն է։ Ջեյն Քեմփիոնի՝ «Ոսկե արմավենու ճյուղ» ստացած ֆիլմում նա մարմնավորում է Ալիստեր Ստյուարտին՝ նորզելանդացի գաղութարար-ֆերմերի, որն ամուսնանում է համր Ադայի (Հոլլի Հանթեր) հետ, սակայն չի կարողանում հասկանալ ո՛չ նրա լռությունը, ո՛չ երաժշտության հանդեպ ունեցած կիրքը, ո՛չ էլ մեկ այլ տղամարդու նկատմամբ նրա զգացմունքները։
Նիլը ստեղծում է բարդ ու հակասական կերպար։ Նրա Ալիստերը պարզապես դաժան ամուսին չէ. նա մարդ է, որը փորձում է լավ ամուսին լինել այն կանոնների ու պատկերացումների շրջանակում, որոնցում ինքն է մեծացել։ Սակայն այդ սահմանափակ աշխարհայացքը նրան աստիճանաբար դարձնում է ավելի կոշտ, միայնակ ու դժբախտ։ Սա այն հազվագյուտ դերերից է, որտեղ դերասանի զսպված խաղը շատ ավելի ուժեղ ազդեցություն է թողնում, քան ցանկացած բացահայտ էմոցիոնալ պոռթկում։
5. «Յուրայի դարաշրջանի այգին» (Jurassic Park, 1993)
Դեր, որը Սեմ Նիլին դարձրեց համաշխարհային ճանաչում ունեցող դերասան։ Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում հնէաբան Ալան Գրանտը ոչ թե դասական հերոս է, այլ իր աշխատանքով ամբողջությամբ տարված գիտնական, որը սկզբում անհարմար է զգում երեխաների ներկայությունից և ստիպված է վերանայել սեփական վերաբերմունքը, երբ գիտական հետաքրքրությունը վերածվում է իրական մղձավանջի։
Նիլը զարմանալի ճշգրտությամբ փոխանցում է զարմանքը, վախը և այն աստիճանաբար ձևավորվող հայրական հոգատարությունը, որը փոխում է նրա հերոսին։ Հենց դերասանի խաղն է ֆիլմի ֆանտաստիկ աշխարհին տալիս իրականության զգացողություն․ նրա արձագանքների շնորհիվ կենդանացած դինոզավրերը դառնում են ոչ միայն տեխնոլոգիական հրաշք, այլ իսկական սպառնալիք։ Ալան Գրանտի դերը տասնամյակներով ձևավորեց Նիլի հանրային կերպարը և դարձավ իննսունականների ամենաճանաչելի կինոկերպարներից մեկը։
6. «Խելագարության երախում» (In the Mouth of Madness, 1994)
Ջոն Կարպենտերի հետ Սեմ Նիլի երկրորդ և շատ ավելի նշանակալից համագործակցությունը։ Նա խաղում է ապահովագրական քննիչ Ջոն Թրենտին, որը փորձում է գտնել անհետացած սարսափ գրողին և աստիճանաբար կորցնում է իրականության ու հորինվածքի միջև եղած սահմանը։
Սա Նիլի ամենածանր դերերից մեկն է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով։ Դերասանը պետք է իր հերոսին անցկացնի բանականության աստիճանական փլուզման միջով՝ մնալով համոզիչ յուրաքանչյուր փուլում։ Թրենտը սկզբում սառնասիրտ ռացիոնալիստ է, սակայն ֆիլմի ընթացքում վերածվում է մարդու, որը այլևս չի կարող վստահ լինել ոչ աշխարհի, ոչ էլ սեփական մտքի վրա։
Ֆիլմի վերջին տեսարաններից մեկը, երբ Թրենտը ծիծաղում է կինոդահլիճում՝ էկրանին տեսնելով իր իսկ մասնակցությամբ տեսագրությունը, դարձավ Սեմ Նիլի մասնակցությամբ ամենատագնապալի ու հիշարժան կադրերից մեկը։
7. «Իրադարձությունների հորիզոն» (Event Horizon, 1997)
Փոլ Վ. Ս. Անդերսոնի գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմում Նիլը մարմնավորում է դոկտոր Ուիլյամ Ուայնդին՝ գիտնականի, որը ստեղծել է տիեզերանավ՝ ունակ հաղթահարելու սովորական ֆիզիկայի սահմանները։ Սակայն անհայտ տարածության հետ կապ հաստատելու փորձը նրան բախեցնում է ոչ թե գիտական բացահայտման, այլ լավքրաֆթյան մղձավանջի հետ։
Նիլը վարպետորեն ցույց է տալիս, թե ինչպես է ռացիոնալ հետազոտողը աստիճանաբար կորցնում վերահսկողությունը սեփական մտքի և իրականության նկատմամբ։ Նրա կերպարը պարզապես «խելագարված գիտնական» չէ․ նույնիսկ ամենասարսափելի պահերին զգացվում է այն մարդը, որը մի ժամանակ առաջնորդվել է հետաքրքրությամբ և գիտական փառասիրությամբ։ Հենց այդ մարդկային շերտն էլ կերպարին դարձնում է ավելի սարսափելի, քան սովորական կինոհրեշը։
Դոկտոր Ուայնդիի դերը դարձավ Նիլի կարիերայի ամենամռայլ և ֆիզիկապես պահանջկոտ աշխատանքներից մեկը։
8. «Մեծն Մեռլինը» (Merlin, 1998)
NBC-ի հեռուստատեսային մինի սերիալում Սեմ Նիլը մարմնավորում է լեգենդար կախարդ Մեռլինին՝ կերպար, որի կյանքը պատմվում է տասնամյակների ընթացքում՝ երիտասարդ մոգից, որը ծառայում է Վորտիգերն թագավորին, մինչև Արթուրի իմաստուն և փորձառու ուսուցիչը։
Սա Նիլի համար հազվագյուտ հնարավորություն էր խաղալու դասական էպիկական հերոսի։ Նա Մեռլինին չի ներկայացնում որպես պարզապես ամենագետ կախարդ, այլ որպես մարդ, որը տարիների ընթացքում ձեռք է բերել իմաստություն, բայց նաև հասկացել է ուժի և մոգության գինը։ Նիլի խաղում կա որոշակի հոգնածություն ու ներքին տխրություն, ինչը լեգենդար կերպարին դարձնում է ավելի մարդկային։
Այս դերը դերասանին բերեց «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգ և մինչ օրս մնում է ֆենթեզի ժանրի երկրպագուների կողմից սիրված աշխատանքներից մեկը։
9. «Սուր հովարներ» (Peaky Blinders, 2013–2022)
Սթիվեն Նայթի ստեղծած սերիալում Նիլը խաղում է ինսպեկտոր Չեսթեր Քեմփբելին՝ օլսթերցի ոստիկանի, որին ուղարկում են Բիրմինգհեմ՝ Շելբիների հանցավոր խմբավորման դեմ պայքարելու համար։
Սկզբում Քեմփբելը թվում է պարզապես հերթական դաժան պաշտոնյան, սակայն Նիլի խաղի շնորհիվ կերպարը շատ ավելի բարդ է դառնում։ Նրա հերոսը միաժամանակ կրոնական մոլեռանդ է, իշխանության նկատմամբ մոլուցքով տարված մարդ և ներքին անորոշություններով լի անհատ։ Հատկապես հետաքրքիր է նրա հակադրությունը Թոմաս Շելբիի հետ․ նրանց հարաբերությունները աստիճանաբար վերածվում են ոչ միայն պայքարի, այլև յուրօրինակ հոգեբանական դիմակայության։
Նիլը կարողանում է միաժամանակ ցույց տալ Քեմփբելի վանող և մարդկային կողմերը՝ սովորական «վատ ոստիկանին» վերածելով գրեթե շեքսպիրյան ողբերգական կերպարի։ Այս դերը նրան ներկայացրեց նոր սերնդի հանդիսատեսին, որի համար նա այլևս միայն Ալան Գրանտը չէր, այլ նաև «Սուր հովարներ»-ի ամենահիշարժան հակառակորդներից մեկը։
10. «Վայրի մարդկանց որսը» (Hunt for the Wilderpeople, 2016)
Տայկա Վայտիտիի կատակերգական դրամայում Նիլը խաղում է քեռի Հեքի դերը՝ Նոր Զելանդիայի հեռավոր գավառներից մեկում ապրող փակ ու կոպիտ ֆերմերի, որը ստիպված է իր նորաթուխ զարմիկի հետ թաքնվել իշխանություններից անտառում։
Սա Նիլի կարիերայի ամենաջերմ ու անձնական դերերից մեկն է։ Նրա Հեքը քիչ է խոսում, դժվարությամբ է արտահայտում զգացմունքները, սակայն այդ արտաքին կոշտության հետևում թաքնված է իրական հոգատարություն։ Դերասանի զուսպ խաղն է ստեղծում ֆիլմի գլխավոր էմոցիոնալ հենարանը՝ ցույց տալով, որ երբեմն ամենախոր զգացմունքները արտահայտվում են ոչ թե խոսքերով, այլ լռությամբ։
Հոլիվուդում անցկացրած տասնամյակներից հետո հայրենի Նոր Զելանդիա այս վերադարձը դարձավ Սեմ Նիլի ամենաանձնական աշխատանքներից մեկը։ Ֆիլմը բարձր գնահատվեց թե՛ քննադատների, թե՛ հանդիսատեսի կողմից և ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան մեծ ուժ ու նրբություն ուներ դերասանը նույնիսկ ամենապարզ թվացող կերպարներում։