#մշակութաPAN
October 25, 2023

«Հարբել-քնելու» մասին նախազգուշացումից մինչև պալատական անտարբերություն․ Ինչ են հեգնում կտավներում 

Սարկազմն ու հեգնանքը, երբեմն՝ ընկալելի ու տեսանելի, երբեմն դժվարամատչելի, հաճախ՝ թաքնված, ունեն մեկ ընդհանրություն․ դրանք բացատրում են արտիստի տեսակետը, իր ժամանակի խնդիրները, դրանց ծագման աղբյուրները։

«Իրազեկվածության նոր զգացում ստեղծելով՝ հումորն ի զորու է ազդելու, կամ, առնվազն, մարտահրավեր նետելու այն ձևին, որով մենք տեսնում ենք աշխարհը»,-ասվում է այս հոդվածում ու հիշեցվում՝ ինչու է կարևոր վիզուալ արվեստի սոցիալական կոնտեքստը․ այն կարող է գրոտեսկով ու չափազանցությամբ, վիզուալ ազդեցիկությամբ ավելի շատ հուշել՝ շեշտի տեղը։

Եվ այս «հեգնական շեշտի» մասին․ հաճախ այն ավելի հեշտ ու ակնառու է պատկերացնել որպես բանավոր խոսքի մաս, բառախաղի, գրավոր (նաև լրագրողական, ինչու ոչ) տեքստում, բայց ի՞նչ, եթե արտիստը (կամ արվեստի գիտակը) իր զգացածն ու տեսածը պատկերավոր հեգնանքով է բացատրում ոչ թե բառուբանով, այլ կտավով։

Սարկազմի, սոցիալական կոնտեքստի վիզուալիզացիան և էսթետիկ ձևակերպումներն արվեստում քիչ չեն, արտիստներ կան, որոնց գործն է հենց դա։ Հետաքրքիր կլինի նայել՝ էլ ի՞նչ են ուզել ու կարողացել ցույց տալ։

ՖԼԱՄԱՆԴԱԿԱՆ ՍԱՏԻՐԱ՝ ԽՄԵԼ-ԿՌԻՎ ԱՆԵԼԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Հավանաբար, այս սարկաստիկ գեղեցկության ամենավառ օրինակներից մեկը մեզ արդեն ծանոթ «Անճոռնի դքսուհին» է: Ֆլամանդացի նկարիչ Քվինտեն Մասեյսի այս նկարը Վերածննդի շրջանի զարգացող մշակույթի մասին սատիրիկ շարադրանք է՝ Folly անունով կնոջ տեսանկյունից։

«Անճոռնի դքսուհին», ասում են, հնարավոր է՝ ոգեշնչված է ժամանակի մեծ մտածողներից մեկի՝ Էրազմ Ռոտերդամցու Praise of Folly (1511) գործից (ի դեպ, նկարիչը նաև Ռոտերդամցու դիմանկարն է հեղինակել 1517-ին)։

Folly-ն Ռոտերդամցու մոտ խոսում էր կրոնի, ամուսնության, հասարակական այլ հարաբերությունների մասին, և անում դա ծաղրանքով՝ մատնանշելով ծիծաղելի և կեղծ բարքերը։

Իհարկե, հավանաբար, սարկաստիկ թեմայով աչքի ընկնող ամենահայտնի այս գործի մասին մեկ կարծիք լինել չէր կարող։ Մեկ այլ կարծիքն այն է, որ նա պարզապես ոսկորների հիվանդություն ունեցող մի դքսուհի էր։

Քվինտեն Մասեյս, «Անճոռնի դքսուհին», 1513 թ., Լոնդոնի ազգային պատկերասրահ

Սա ֆլամանդական սատիրիզմից մի օրինակ, բայց եկեք նայենք ֆլամանդացի մեկ այլ նկարչի մեկ այլ գործի կողմ՝ Ադրիան Բրաուվեր և «Տնազ անող ջահելը» (կտավի հայերեն թարգմանության ստեղծագործական այս տարբերակը կարդացել ու վերցնում ենք հայերեն Վիքիպեդիայից, անգլերենում՝ Youth Making a Face)։

17-րդ դարասկզբին ապրած նկարիչն էական ազդեցություն է ունեցել ֆլամանդական կերպարվեստի արմատների վրա, ստեղծել կենցաղային բնույթի բազմաթիվ գործեր ու դրանք տեղավորել, որոշ իմաստով, գրոտեսկային կոնտեքստում։

Ադրիան Բրաուվեր, «Տնազ անող ջահելը», 1632-1635 թթ.

Բրաուվերը, ասում են, այս կտավում թողել է գյուղական կյանքի մասին ու դրա հանդեպ իր քննադատական մեկնաբանությունը՝ ներկայացնելով 17-րդ դարի ռեալիզմը։ Երիտասարդի ագրեսիվ ժեստը մեկնաբանվում է որպես վիզուալ քննադատություն գյուղական ապրելակերպի ու նիստուկացի մասին։ Նկարչի՝ գյուղական կյանքի հանդեպ ոչ սենտիմենտալ այս տեսակետը հիմնված է այդ կյանքի հանդեպ քաղաքաբնակների երկարատև արհամարհանքի վրա։

Ադրիան Բրաուվեր, «Դառը խմիչք», 1630-1640 թթ.
Ադրիան Բրաուվեր, «Ծեծկռտուք», 1630-1640 թթ.
Ադրիան Բրաուվեր, «Թղթախաղի պատճառով կռվող գյուղացիները», 1630-1640 թթ.

Կարծիք կա, թե Բրաուվերի այս մոտեցումը բխում է Պիտեր Բրեյգել Ավագի արվեստի կոնտեքստից։

Երկու նկարչի դեպքում էլ գյուղական կյանքի ու կենցաղի պատկերներում ընդգծված նախազգուշացումներ են քաղաքաբնակներին։

Կռվելու, խմել-քնելու այս տեսարանները զգուշացնում են որկրամոլության, զայրույթի, անզուսպ վարքագծի, ծուլության հնարավոր հետևանքների մասին։ Բրաուվերի շատ գործեր մեկնաբանվում են որպես զավեշտալի պատկերներ՝ «դիտողին ուրախացնելու ու պատշաճ վարքագծի դրդելու մասին»:

Ծաղրական այս ժեստի արմատները, բայց, այնպես չէ, որ ֆլամանդական գյուղական կյանքի հետ են կապվում։ Այս «տնազը» նաև հիշեցում է Պիղատոսի առջև հայտնված Հիսուսի ու Աստծո որդուն ծաղրող ամբոխի մասին։

Այս տղայի միջոցով Բրաուվերը ստեղծել է մի կերպար, որը բացահայտում է մարդկային հիմարությունն ու ստիպում նայողին դիմակայել սպառնացող, ծաղրալից աշխարհին։ Իր նկարի առջև հրավիրելով «ծաղրվող մեր եսին»՝ նկարիչը չի հավակնում օգնել մեզ․ սա միայն հիշեցում է մարդկային բնույթի մասին։ Կարող եք նայել նայողի տեսանկյունից, կարող եք նայել «ծաղրողի կողմից»։

Բրաուվերից մոտ 60 նկար է պահպանվել գյուղական պանդոկների տեսարաններից, բայց, չնայած դրան, «վուլգար նկարչի» անուն այս մարդուն չես կպցնի։ Նա, ասում են, արժանիորեն գնահատվում է քննադատների կողմից՝ հումորի ու ճշմարտախոսության համար, նրան է վերագրվում վառ ու անհատականությամբ աչքի ընկնող կերպար։ Ինչպե՞ս իմացանք․ նրա մասին շրջած ու պահպանված անեկդոտներից։

Այստեղ արժե հիշել նաև իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանցիսկո Գոյային ու նրա Caprichos շարքը, որտեղ երգիծանքով ու հեգնանքով վերհանվում են, բացատրվում ու վիզուալացվում իսպանացիների՝ Գոյայի կարծիքով, անհաջողությունների պատճառները։ Նկարչի թիրախում էին սնահավատությունը, քահանաների մեղքերը, բանականության նահանջի պատճառները։

Գոյայի շարքից մի պատկեր

ՍՏԱՆՉԻԿ․ ՀԵԳՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԾԱՂՐԻ ՄԱՍԻՆ

Լեհ նկարիչ Յան Մատեյկոյի «Ստանչիկ» գործը՝ կարմիր հագած մի պալատական ծաղրածուի «ճշտի մասին», ստեղծվել է 1862 թվականին։ «Ստանչիկը Բոնա թագուհու արքունիքում Սմոլենսկի գրավումից հետո» ամբողջական անունը կրող այս աշխատանքը ստեղծվել է պատմական իրադարձությունների հիման վրա, այն նկարելու ժամանակ Մատեյկոն 24 տարեկան էր։

Յան Մատեյկո, «Ստանչիկ», 1862 թ.

Ստանչիկն իր հերթին պալատական կերպարներից է եղել՝ կատակերգու Լիտվայի իշխանների ու լեհ թագավորների համար։ Պահպանված սակավ տվյալները հուշում են, որ այս մարդու իսկական անունը Ստանիսլավ Գուսա է եղել կամ Ստանիսլավ Վասսոտա․ հենց այստեղից է գալիս Ստանչիկը՝ Ստանիսլավի կրճատ տարբերակն է։

Ասում են՝ խելքն ու մտածողությունն այնքան ակնհայտ էին, որ արքունիքներում Ստանչիկին տեղ են տվել ու թագավորին քննադատելու, թե կուզեք՝ ծաղրելու թերությունները մատնանշելու լայն հնարավորություն։

Պալատականների թերությունները տեսնող, դրանց մասին խոսող ու միևնույն է՝ նրանց համար պահանջված Ստանչիկը, սակայն, Մատեյկոյի նկարում ակնհայտորեն մտախոհ է ու տխուր․ կտավում նա սգում է Սմոլենսկի մոտ լիտվական բանակի պարտությունը։ Այս մասին վկայում են նրա «կարդացած» նամակի վրա գրված «Սմոլենսկ» բառն ու 1514 հռոմեական թվականը։

Նկարում տպավորություն է, թե ամրոցի գրավումը, կարծես, ոչ մեկին չի հետաքրքրում, բացի արքունիքի «ամենածիծաղելի մարդուց»:

Քիչ հավանական է համարվում, որ նկարում Ստանչիկն ուրիշի նամակ է բացել․ ամենայն հավանականությամբ, նրան այս լուրն արքունականներից մեկն է հայտնում, շատ հնարավոր է՝ ինքը՝ թագուհին (հիշենք նկարի ամբողջական անվանումը)։

Սրան զուգահեռ աթոռին ընկած Ստանչիկի թիկունքում անհոգ պալատականներն են, որ հեգնանքով հակադրվում են «ծաղրածու» լինելուն ու հեշտորեն համադրվում։

Ասում են՝ նկարում Ստանչիկի ցավոտ հայացքը կրկնօրինակվել է հենց նկարչի հայացքից, ու սա նորություն չէ Մատենկոյի արվեստում․ ինքն իրեն դրել է կտավում՝ արտահայտելու նաև սեփական զգացմունքները։