«Հին հայրենիքի» լեզվով հոր պոեմները, վերադարձված Պուլիցերյան մրցանակն ու հայու բեղերը. Սարոյանական աշխարհի դեմքերն ու դեպքերը
Բիթլիսից գաղթած հայ ընտանիքը հայտնվեց Ֆրեզնոյում ու հայի ճակատագիրը կրկին ստիպեց նոր իրականության մեջ զրոյից կյանք կառուցել։ Բայց, ինչպես և սպասվում էր, նոր կյանքը ևս հեշտ չէր տրվելու։ Ընտանիքի հայրը՝ Արմենակ Սարոյանը, ընդամենը 37 տարեկանում մահանում է։ Այրին՝ Թագուհին, ստիպված է լինում չորս երեխաներին մանկատուն հանձնել։
Այդ ժամանակ Վիլյամը երեք տարեկան էր։ Մայրը տղային որպես հիշատակ մի տիկնիկ է նվիրում՝ Coon Jiger անունով։ Շատ տարիներ անց, երբ երեքամյա Վիլյամը դառնում է հանրահայտ գրող Վիլյամ Սարոյան, տիկնիկի կերպարը արտացոլվում է նաև նրա ստեղծագործություններում։
Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ դրա ժամանակը չի ունեցել։ Մանկատանը մի քանի տարիներ է անցկացրել ու երբ վերադարձել է տուն՝ սկսել է զբաղվել հազար ու մի աշխատանքներով։ 18 տարեկանում արդեն Վիլյամը հասցրել էր աշխատել որպես փոստատար, սևագործ բանվոր և սեզոնային մշակ՝ Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում։
Բայց չափահաս երիտասարդը հասկանում էր, որ այսքանով բավարարվել չի կարող։ Արդյունքում հեռանում է հարազատ ամերկա-հայկական Ֆրեզնոյից ու գնում Սան Ֆրանցիսկո։ Այնտեղ էլ աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Բայց այս աշխատանքներից և ոչ մեկում էլ Սարոյանը երկար մնալ չի կարողանում։ Գուցե, որովհետև, առնվազն ենթագիտակցորեն գիտեր, որ իրեն այլ ապագա է սպասում։
Մի պահ կրկին վերադառնանք Ֆրեզնո ու խոսենք այն դիպվածի մասին, երբ, ամենայն հավանականությամբ, Սարոյանը հասկացավ, որ իր կոչումն ու ճակատագիրը գրող լինելն է։ 1922 թվականին մայրը Սարոյանին հանձնում է հոր թղթերի ու տետրերի մի կապոց։ Այդ ժամանակ Սարոյանը 14 տարեկան էր ու պարզում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, պոեմներ ու բանաստեղծություններ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա Սարոյանին սեփական ապագայի ու կոչման հանդեպ ավելի հստակ պատկերացում ու գիտակցում է բերում։
Ֆրեզնոյում Սարոյանների ընտանիքը որևէ անգամ չի մոռանում իր արմատները, ընտանիքում պահպանվում են ազգային ավանդույթներն ու սովորույթները։
«Իմ մեծ մայր Ամերիկայի մեջ էլ Բիթլիս կապրեր։ Ան առանձին աստված ուներ, կրոն չէր գիտեր, անոր աստված ուրիշ էր, ան ամենեն շատ մարդու խելքին ու գութին կհավատար և չէր վհատվիր, չէր հուսահատվիր»։
Պատմական հայրենիքի, ժառանգության, ազգային ինքնության ու մշակույթի արմատներն ամուր էին, բայց սրանց գումարվում էր նաև ամերիկյան իրականությունը, նոր երևույթների հանդեպ բաց ու հետաքրքրված լինելը, համաշխարհային գրականության հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը։ Ու հենց այս միաձուլումն էր, որ ստեղծեց Սարոյան գրողին՝ այդքան համամարդկային ու այդքան հայ։
Գրական իր ճանապարհը Սարոյանը սկսել է որպես «Սիրակ Գորյան»։ Հենց այս ստորագրությամբ է Սարոյանն առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ 1933 թվականին։ Բայց ընդամենը մեկ տարի անց Վիլյամ Սարոյան անունով գրողն արդեն իսկ լայն ճանաչում ուներ։ Նրա «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գիրքը բավականին մեծ տարածում է գտնում։ Ամերիկացի գրաքննադատ Բ. Ռասկոն այս առիթով գրում է.
«Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։
Անցում կատարենք դեպի 1939 թվական, երբ Սարոյանն ընդամենը 6 օրում գրում է «Քո կյանքի ժամերը»։ Հենց այս ստեղծագործության շնորհիվ էր, որ գրողն արժանացավ Պուլիցերյան մրցանակի, ինչպես նաև Նյու Յորքի քննադատների հեղինակավոր գրական մրցանակին։ 1939 թվականին պիեսը բեմադրվել է Բրոդվեյ թատրոնում։ Բայց այս պատմության մեջ ամենահետաքրքիրը ոչ թե Պուլիցերյան մրցանակ ստանալն է, այլ այդ մրցանակը վերադարձնելը։
Պատճառը հետևյալն էր. «առևտուրն իրավունք չունի հովանավորելու արվեստը, և պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին»: Ի դեպ, այս մրցանակը ենթադրում էր նաև 10 հազար դոլար պարգև, սա այն թվերի համար բավականին մեծ գումար էր, իսկ Սարոյանի ընտանիքը, ինչպես արդեն հասկացանք, վստահաբար ուներ այս գումարի կարիքը։ Բայց գրողը նախընտրում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։
1942 թվականին Վիլյամ Սարոյանը զորակոչվում է բանակ։ Այնտեղ ապրած օրերը ամբողջովին նոր շերտ են բացահայտում Սարոյանի ստեղծագործություններում ու գրական նոր արձագանքներ ստանում։ Պատերազմը Սարոյանի համար աշխարհում գոյություն ունեցող մեծագույն չարիքն էր և սա հստակորեն արտահայվում է նրա «Մարդկային կատակերգություն» վեպում։
Ի դեպ, այս վեպը ևս մեծ հաջողություն է բերում գրողին։ Վեպի հիման վրա գրված համանուն սցենարի համար 1944 թվականին ամերիկյան կինոակադեմիան Սարոյանին «Օսկար» է շնորհում։
Գրական կյանքի միայն առաջին տասնամյակում Սարոյանն արդեն հասցրել էր իր ընթերցողին մի քանի հարյուր պատմվածք ներկայացնել, որոնք ամփոփվել են 10-ից ավելի ժողովածուներում։ Նրա գրական թեմաները տարածվում էին սոցիալ-հոգեբանական թեմատիկայից մինչև մարդկային փոխհարաբերություններ, կյանք ու պատերազմ, բարդ ու ծանր թեմաների մասին պարզ, բայց ոչ երբեք պարզունակ գրելու կարողություն, բնական ու բազմագույն պատում, հումոր, զգայական խորը շերտեր ու շատ ավելին։
Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակն այս ամենն ամփոփող հիանալի օրինակ է։ Սա հոր և որդու միջև ծավալվող զրույց է, որը և՛ անձնական է, և՛ անանձնական։ Երկխոսություն է, որտեղ իրենց կարող են գտնել աշխարհի բոլոր հայրերն ու որդիները, և ոչ միայն։
–Հայրիկ, այ, ինձ բացատրիր: Մարդ ի՞նչ կարող է պարզել ու հասկանալ, որ վախեցնի նրան ու ահով լցնի: –…Ախր մեկին վախեցնող բանը գուցե մի ուրիշին բնավ չվախեցնի: Ամեն մարդ իրենն է պարզում: –Ի՞նչ անենք, թեկուզ. Դու ասա՜, հայրիկ: –Դե տես,– ասաց հայրս,– սերն ամեն ինչ է… ու երբ ես պարզեցի, որ նույնիսկ սիրուց կարող է ոչինչ չմնալ, դա ինձ վախեցրեց: Մահու չափ ու ցմահ վախեցրեց, իրոք:
Սարոյանի գրական կերպարների ու պատմությունների նուրբ շերտերում անհնար է չնկատել հայկական միջավայրն ու մոտիվները, ավանդույթներն ու մարդկային գծերը, ապրելակերպն ու բարքերը։ Սարոյանն ասում էր՝ հայերեն չի գրում, բայց աշխարհին հայերեն է նայում։ Ու հնարավոր բոլոր առիթներով ընդգծում էր այդ փաստը։ Նաև ավելացնում էր՝ հայ լինելը դժվարին և միանգամայն հրաշալի մի բան է։
«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ, և ամեն տեղ նույն մարդն եմ»։
1935 թվականից սկսած, Սարոյանը չորս անգամ այցելել է Խորհրդային Հայաստան, իսկ 1965 թվականին իր նվիրական երազանքներից մեկն է իրականացրել, այցելել է նախնիների քաղաք՝ Բիթլիս։ 1975-ին էլ այս այցի մոտիվներով գրել է «Բիթլիս» պիեսը։
«Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք; Ձեր բախտ հիմա չեք կրնատ հասկանալ, հետո պիտի հասկանք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբոջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը»:
Ի դեպ, ասում են, որ Հայաստան այցելելիս Սարոյանին հատկապես հետաքրքիր էր հասարակ մարդկանց հետ շփումը, որովհետև հաճախ իր պատմվածքների հերոսները հենց այդ շփումներից էլ ծնվում էին։ Վահագն Դավթյանը պատմում է, որ մի առիթով Սարյանից հարցրել են, արդյոք Միացյալ Նահանգներում գիտե՞ն, որ իր հերոսները մեծամասամբ հայեր են։
«Չեմ գիտեր, բայց լավ գիտեն, որ ես եմ հայ, միշտ կհիշեն, որովհետև չեմ թողուր, որ մոռնան․․․ Ժամանակին քննադատները կմեղադրեին ինձի, կսեին՝ սենտիմենտալ է․․․ Ծո, ձեր ինչ գործ, թե ինչ եմ, հայ եմ ու սենտիմենտալ։ Այդ կրիտիկներեն մեկը օր մը հարց տվավ ինձի՝ ձեր ազգանուն ինչի չեք փոխած։ Դե լսե ըսի՝ Սա-րո-յան՝ ասկե անուշ ազգանուն ուրկե՞ պիտի գտնայի․․․»
Սարոյանն անգամ իր բեղերն էր «հայաֆիկացված» համարում։ Գուրգեն Մահարին մի առիթով պատմել է, որ Մոսկվայում սեղանի վրա դրված Սարոյանի անգլերեն հրատարակությունների վրա գրողի նկարը չկար։ Հետաքրքրվել է, թե ինչո՞ւ նկարը չեն դրել գրքում։ Պատասխանը կես կատակ, կես լուրջ էր.
«Հայու բեղերես կամչնան, բեղերս անգլիական չեն»։
Խորհրդային տարիներին ընթերցողը Սարոյանի ստեղծագործությունները հայերեն կարդալու լայն ընտրություն չուներ, բայց ամեն բան փոխվեց անկախության շրջանում։ Սարոյանը բացահայտում էր մի ամբողջ սերնդի համար։ «William Saroyan» մատենաշարի մտահղացման հեղինակ, կինոգետ Զավեն Բոյաջյանն ասում է՝ Սարոյանը լեռան կամ ծառի պես բնական հրաշք է, որով չես դադարում հիանալ կամ զարմանալ։
«Փաստորեն, մեծ հաշվով հայ ընթերցողը Սարոյանին ավելի լավ ճանաչեց անկախանալու շրջանում և, բնականաբար, գրողի աշխարհայացքին հատուկ ինչ-ինչ գաղափարներ ու ընկալումներ, որոնք մասնավորապես առնչվում էին հայի ինքնությանն ու հայկականության ըմբռնմանը, արձագանքում էին անկախության շրջանի մտայնություններին, որոնք ձերբազատվել էին խորհրդային երկրի գաղափարախոսական կապանքներից ու կլիշեներից: Այսպես Սարոյանը դարձավ յուրային՝ մեր գիտակցության մեջ արմատավորվելով որպես ազգային-գրական-մշակութաբանական իրողություն»։
Վերջին տարիներին Սարոյանին հատկապես հաճախ են մեջբերում ամեն տարի ապրիլի 24-ին, բայց պարզվում է՝ հայտնի մեջբերման մեջ հեղինակի տեքստը փոփոխությունների է ենթարկված։ Վիլյամ Սարոյանի «Շունչ եւ արտաշունչ» ժողովածուի «Հայը եւ հայը» պատմվածքի վերջին երկու պարբերությունները հաճախ են մեջբերվում համացանցում, բայց այդ հատվածում կան արտահայտություններ, որոնք գրողը երբևէ չի գրել: Այս սխալմունքը մեկնաբանել է նաև Ֆրեզնոյում գործող Saroyan House-ը՝ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը:
Պարզվում է՝ ամեն բան սկսվել է 1982 թվականին թողարկված մի պաստառից։ Փոփոխված տեքստով մեջբերումը հազարավոր օրինակներով է տպագրվել, հայտնվել է գրքերում ու ֆիլմերում, էլ չասած համացանցում տարածված անթիվ ու անհամար տեսանյութերը։ Իրականում բնօրինակից բացակայում է օրինակ «Տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու Նոր Հայաստան» արտահայտությունը։
Սարոյանական աշխարհի, դեմքերի ու դեպքերի մասին այս անդրադարձն առաջարկում ենք ավարտել՝ կարդալով այս հայտնի մեջբերման իրական ու որևէ այլ աղբյուրների կողմից չխմբագրված, Սարոյանի գրչին պատկանող տողերը.
«Կուզեի տեսնել աշխարհում որևէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, եւ աղոթքները՝ լռած։ Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը։ Պատկերացրեց, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»: