#մշակութաPAN
August 9, 2022

Սարսափելի գեղեցիկ․ Վախենալու և հիանալու արվեստը՝ Գոյայից՝ Կալո

Արդյոք հնարավոր է, որ արվեստը վախենալու չափ գեղեցիկ լինի, ամեն գեղեցիկ բան արվե՞ստ է, գեղեցի՞կ է Պիկասոյի «Ծեր կիթառահարը» կամ Վան Գոգի «Վառվող ծխախոտով գանգը» և, ի վերջո, ի՞նչ է գեղեցիկը։

Արվեստի գործերում համաչափությունների և կատարելապաշտության ֆոնին՝ շքեղ կոնքերի ու կրծքերի, ուժեղ տղամարդկանց համաչափ զարգացած մկանների, աստվածների աչքը վրան կանանց փառաբանության ֆոնին «մոդա ընկավ» նաև անսպասելին. վերերկրայինի ու աստվածայինի՝ մաքսիմալ կատարելությանը կատարելապես հակադրվող իրականությունը ոչ պակաս գեղեցիկ է, և ի սկզբանե գեղեցիկի հետ ասոցացվող արվեստը կարող է նաև գեղեցիկ լինել վախենալու չափ։

Եվ ի վերջո՝ ինչո՞ւ պետք է արվեստի գործը լինի առինքնող ու աչքը մեղմ շոյող, «հնազանդ» համընդհանուրի «ֆիքսված» ճաշակին։ Իսկ ի՞նչ, եթե վարպետը քեզ այլ զգացողություն է ուզում փոխանցել․ այս անգամ PAN-ը պատմում է սարսափելի գեղեցիկի մասին՝ տձև, արյունոտ, սեփական էներգիայով ու իմաստով, ենթատեքստով, կոնտեքստով և տաղանդավոր նկարիչների «սիրուն չնկարելու» պատճառների հետքերով։

ԳՈՅԱ․ «ՍԱՏՈւՐՆԸ՝ ՈՐԴՈւՆ ՀՈՇՈՏԵԼԻՍ»

1819-1823 թվականների ընթացքում իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյան ստեղծեց իր «Սև կտավների» շարքը՝ բաղկացած 14 գործից։ Լինելով ռոմանտիզմի ժամանակաշրջանի վառ դեմքերից մեկը՝ Գոյայի այս շարքը մեծ հաշվով հակադրություն է (գուցե լրացո՞ւմ) իր սեփական գործերին․ գույներից սկսած՝ թեմատիկայով ավարտած: Հաճախ կարելի է կարդալ, որ այս 14-ը նման չէ հեղինակի մյուս աշխատանքներին։ Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս։

1819 թվականին Մանսանարես գետի ափին Գոյան տուն է ձեռք բերել, տեղացիներն այդ երկհարկանի կառույցը կոչել են «Խուլ մարդու տուն» (իսպ.՝ Quinta del Sordo) և, չնայած այդ անվանումը վերաբերում էր նախկին սեփականատիրոջը, ծանր հիվանդությունից հետո 1792 թվականին Գոյան ևս խլացել է, և տան հին անվանումը լիովին կիրառելի է դարձել նկարչի համար ևս։

1819-1823 թվականների ընթացքում Գոյան այդ տանը ստեղծել է 14 որմնանկարից բաղկացած մի շարք: Դրանցից ամենահայտնին «Սատուրնը՝ որդուն հոշոտելիս» կտավն է (Saturn Devouring His Son):

Այս տանն ու այս շրջանում արված կտավների մռայլությունն է պատճառը, որ դրանք հաճախ կոչվում են «սև շրջան»։ Գոյայի արվեստն ուսումնասիրածները նկարների բնույթն ու դեպրեսիվությունը մեկ Գոյայի անձնական ճգնաժամերով, մեկ Իսպանիայի դրությամբ են բացատրում։

73 տարեկանում, ունենալով երկու ծանր հիվանդություն, Գոյան գտնվում էր չափազանց մռայլ հոգեկան դրության մեջ։ Մյուս կողմից, որպես հայրենասերի՝ նրան չէր կարող չվշտացնել Իսպանական հեղափոխության անհաջողությունը, պատերազմների հետևանքները։ «Ինչո՞ւ է Գոյան նկարել այս կտավները» հարցի պատասխանն այս երկու վարկածում է տատանվում․ նկարչի մտավոր խանգարում, Իսպանիայի ծանր վիճակ։

Հայտնի է, որ այս «սև շրջանում» ստեղծված որմնանկարները սկզբնապես նախատեսված չէին հանրային ցուցադրության համար․ բռնության, դաժանության ու հուսահատության տեսարանները պատկերված էին միայն Գոյայի տան «ներքին խոհանոցում»՝ առաջին և երկրորդ հարկերում։

Հայտնի է նաև, որ նկարիչն այս 14 որմնանկարին որևէ անուն չի տվել, դրանք բոլորն իրենց անունները ստացել են տարիներ անց, երբ տեղափոխվել են այս տնից։
Ֆրանսիսկո Գոյայի կտավների այս շարքը «սև» է կոչվում ոչ միայն այն պատճառով, որ այստեղ դոմինանտ են մռայլ և մուգ գույները, այլև այդ կտավների հիմքում ընկած մութ-հոգեբանական ասպեկտների հետևանքով:

Մահ, ծերություն, կախարդություն, դիցաբանություն․ Գոյայի այս կտավները նրբորեն շոշափում են անդրաշխարհի ու առասպելաբանության «նուրբ լարերը»։ Եվ չնայած այս դեպրեսիվությանը, կտավները երբեմն որակվել են նաև սատիրիկ։

Այնուամենայնիվ, «սև շրջանի» մասին մեկ այլ տեսություն էլ կա արվեստի աշխարհում․ ըստ այս վարկածի՝ Գոյան ամենևին էլ այս շարքի հեղինակը չէ։ Այս վարկածն առաջ քաշողներից մեկը՝ Խուան Խոսե Ջունքերան (Juan José Junquera), օրինակ, նշում էր, որ սև կտավների հեղինակը Գոյայի որդին է՝ Խավիեր Գոյան։ Այս վարկածն առաջ քաշողները պնդում են նաև, որ «խուլի տունն» այն ժամանակ մեկ հարկ ուներ, երբ նկարիչն էր այդտեղ ապրում, մյուս կողմից շրջանառվում է նաև այլ վարկած, ըստ որի՝ նկարչի որդին նկարիչ չէր և չուներ իր ստորագությամբ որևէ գործ։

Ինքը՝ Գոյան չի թողել որևէ մեկնաբանություն կամ նկարագրություն այս շարքի նկարների և նաև դրանցից ամենահայտնիի՝ «Սատուրնը՝ որդուն հոշոտելիս» կտավի համար։

ԳՈՅԱՅԻ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ԿՏԱՎԸ. ԻՆՉՊԵՍ ՀԻԱՆԱԼ ՈՐԴՈւՆ ԽԺՌՈՂ ՍԱՏՈւՐՆՈՎ

Հռոմեական դիցաբանության մեջ Սատուրնը տիտանների առաջնորդն էր, որը գահընկեց արեց իր հորը՝ փորձելով դառնալ տիեզերական առաջնորդ։ Վախենալով, որ իր երեխաներն էլ իր հետ նույն կերպ կվարվեն՝ Սատուրնը սպանեց իր զավակներին։

Գոյային արվեստի աշխարհում հաճախ են նկարագրում որպես հին վարպետներից վերջինը, ժամանակակիցներից՝ առաջինը։

Հայտնի լեգենդի պատկերավորելիս Գոյան մանրամասներից չի խուսափել․ զավակին խժռելու այս տեսարանն ավելի քան նատուրալիստական է։ Սատուրնն այնքան ամուր է բռնել զավակի մեջքը, որ մատների արանքից արյուն է հոսում, զավակի գլուխն ու ձեռքն արդեն կծոտել է, իսկ սևեռուն ու դաժան հայացքից ակնհայտ է, որ կանգ չի առնելու։

Որդուն խժռող Սատուրնի պատկերն արվեստի այլ գործերում էլ կարելի է հանդիպել, ամենահայտնիներից մեկը, թերևս, Ռուբենսի գործն է։ Տարբեր աղբյուրներ ենթադրում են, որ Գոյան այս կտավը ստեղծելիս տպավորվել է Ռուբենսի համանուն գործով։ Սակայն այդ աշխատանքներում հոշոտվող որդու կերպարը երեխա, նորածին է՝ ի տարբերություն Գոյայի կտավի, որտեղ զավակը, ակնհայտորեն, հասուն տարիքի է։

Ավելին, գիտնական Ջոն Ջ․ Չիֆալոյի «Ֆրանսիսկո Գոյայի ինքնադիմանկարը» հրապարակման մեջ (2001) ենթադրվում է, թե խժռվող երեխան կին է․ «պատճառը փարթամ հետույքն ու ոտքերն են»։

Եվ, չնայած հայտնի չէ Գոյայի կտավի սկզբնական ուղերձը, սակայն արվեստաբաններն առաջարկում են նկարն այլաբանորեն կարդալ, որպես նկարչի տեսածի, ապրածի, զգացածի արտահայտում։

«Գոյայի Սատուրնի առեղծվածը» հոդվածում Ջեյ Սքոթ Մորգանն առաջարկում է կտավի ստեղծամ համար հիմք հանդիսացած մի քանի վարկած։ Դրանցից մեկը Գոյայի կնոջ՝ Ջոզեֆա Բայուի վիժումների տրավմատիկ հետևանքն է։

Ֆրանսիսկո-Ջոզեֆա զույգը 8 երեխա է ունեցել, որոնցից 7-ը մահացել են վիժման կամ վաղ մանկության տարիներին։ Զույգի երեխաներից միայն մեկն է ապրել։ Հետազոտողներն առաջարկում են մտածել այս մասին. գուցե, Սատուրնի կերպարն ու այս առասպելը Գոյան իր անձի, անձնական ողբերգության հետ է նույնացրել։

Մյուս կողմից, Մորգանը ևս առաջարկում է դուրս գալ նկարչի անձնական ողբերգությունից ու Սատուրնին դիտարկել Իսպանիայի այդ շրջանի պատմական անցքերի կոնտեքստում (հեղափոխություն, Ֆրանսիայի հետ արյունալի պատերազմ)։

Նշվում է նաև, որ 1796-1797-ի ընթացքում նկարիչը կավճով նկար է ունեցել համանուն թեմայով, ինչը ևս գալիս է ապացուցելու, որ այս գաղափարը սև շրջանում ուղղակի պատին է հանձնվել։

ՖՐԻԴԱ ԿԱԼՈ. «ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱԿՈՎ ԱՂՋԻԿԸ» («ՆԱ ՄԵՆԱԿ Է ԽԱՂՈւՄ»), 1938

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն իր ստեղծագործական կյանքի ընթացքում 143 կտավ է հեղինակել, դրանցից 55-ը՝ ինքնադիմանկար։

Կալոյի տասնյակ ինքնանկարներում ինքը չափահաս է, ճանաչելի, բայց այս մեկում ինքն իրեն ներկայացնում է որպես երեխա։

«Մահվան դիմակով աղջիկը» նկարվել է 1938-ին, Դիեգո Ռիվերայից նրա դրամատիկ բաժանումից հետո։ Ինչպես այս շրջանում արված շատ գործեր, այս մեկում ևս Կալոն ոգեշնչվել է իր միայնությունից ու մեկուսացումից։

«Ես ինքնանկարներ եմ նկարում, քանի որ հաճախ մենակ եմ, որովհետև ես այն մարդն եմ, որին լավ եմ ճանաչում»,- մի առիթով ասել է նկարչուհին։

«Սարսափելի գեղեցիկը» թեմայից խոսելիս ու Կալոյի ինքնանկարներին անդրադառնալիս արժե հիշել նաև նկարչուհու «Վիրավոր եղնիկը», «Կոտրված սյունը»․ դրանք ֆիզիկական ու հոգեկան ցավի արտահայտություններ են՝ խոցված անհատի վրձնով։

Բայց, վերադառնալով «Մահվան դիմակով աղջկան»․ կտավը պատկերում է ամայի լանդշաֆտի մեջ մի աղջկա՝ ձեռքին դեղին ծաղիկ, դեմքին՝ կմախքե դիմակ։ Մյուս կողմից կտավի կողքին գազանի դիմակ է՝ էլ ավելի մեծ առեղծված հաղորդելով պատկերվածին։

Ասում են՝ այս երկու սիմվոլն էլ բնութագրում են Մեռյալների օրը (Día de los Muertos)։ Այս օրը Մեքսիկայում ընտանիքի անդամները հավաքվում են ու հիշում մահացած անդամին, տոնն ուղեկցվում է կառնավալով, գանգերի տեսքով թխվածքներով։

Միայնության մասին այս փոքրիկ սարսափը փոքր է նաև չափերով. Ֆրիդան իր վախենալու մենակությունը տեղավորել է 15*11 սմ-ում։

ՀԵՆՐԻ ՖՅՈւԶԵԼԻ. «ՄՂՁԱՎԱՆՋ»

19-րդ դարի ռոմանտիզմի առաջատար դեմքերից մեկի՝ Հենրի Ֆյուզելիի (Henry Fuseli) ամենահայտնի «Մղձավանջը» խորանում է ենթագիտակցության սարսափելի կողմերի մեջ։

Արվեստի պատմաբանների մի մասը պնդում է՝ «Մղձավանջը» ոգեշնչվել է գերմանական ժողովրդական հեքիաթներից։ Ըստ լեգենդի՝ միայնակ քնող տղամարդկանց այցելում էին ձի ուրվականները, մինչդեռ միայնակ քնող կանանց այցելում էին դևերն ու սատանաները։ Միավորելով այս երկու վախեցնող կերպարները՝ Ֆյուզելին ներկայացրել է մղձավանջի վիզուալիզացիան։

Ֆյուզելին 18-րդ դարի նշանավոր նկարիչներից էր, որի ստեղծագործությունները թաթախված էին դիցաբանության, անտիկ գրականության մեջ։ Նրա գործերը որակվում են որպես գոթական, անգամ գրոտեսկային, որոշներն էլ պնդում են՝ նա սյուրռեալիզմի կնքահայրն է։

Հետաքրիքր է, որ Ֆյուզելին «Մղձավանջը» նկարել է 1700-ականների Եվրոպայում (եվրոպական մտքի համար հայտնի որպես բանականության դար, լուսավորության դար)։

Այս նկարի դեբյուտային ցուցադրությունը կայացել է 1782 թվականին՝ Լոնդոնի Թագավորական արվեստի ակադեմիայում։ Ֆյուզելիի վաղ կենսագիրներից մեկը նկարը բնութագրել է որպես նկարչի ամենահայտնի կտավ: Նրա արվեստով հիանում էր նաև ինքը՝ Յոհան Վոլգանգ ֆոն Գյոթեն։

Ինկուբուսը՝ գիշերային արու դևը, որը «որսում» է կանանց (ինկուբուսի կերպարը, ըստ լեգենդի, գալիս է կանանց մոտ սեռական հարաբերություն ունենալու) երբ նրանք քնած են, կարմիր թավշյա վարագույրի հետևից նայող ուրվական ձին ու քնի միայնության մեջ պատկերված կինն այս մուգ կտավի հիմնական հերոսներն են։

Այս կոմպոզիցիայի միակ վառ կետը քնած կինն է՝ սպիտակ գիշերազգեստով։ Պառկած կինն իրական ու երազների աշխարհի միջև կամուրջ է։ Ֆյուզելիի գործի որոշ մեկնաբանություններում էլ նշվում է՝ կինն այս նկարը երկու մասի է բաժանում․ եթե նայենք ներքևի հատվածը՝ միայն քնած կին է պատկերված, և նկարի սարսափը չի զգացվում։

Այս մղձավանջային տեսարանում, պարզվում է, լեգենդների հիմքից բացի, մեկ այլ վարկած էլ է շրջանավում։

Հնարավոր է, որ դևի կերպարը նկարելիս, Ֆուզելին հենց իրեն է նկատի ունեցել․ նա անպատասխան սիրահարված էր Աննա Լանդոլթ անունով մի կնոջ, որ պատրաստում էր ամուսնանալ մեկ այլ տղամարդու հետ։

Մեծ հաշվով, իր «Մղձավանջով» Ֆյուզելին ոգեշնչել է բազմաթիվ արվեստագետների, ճանապարհ հարթել ուրիշների համար դեպի երազների աշխարհ ու տվել կոնտեքստ։ Ենթադրվում է, որ հենց նրա արվեստից են ոգեշնչվել այս ցանկում «Ֆրանկենշտեյնի» հեղինակ Մերի Շելին, Զիգմունդ Ֆրոյդը, Կառլ Յունգը։

«Սարսափելի գեղեցիկի» թեման, անշուշտ այս 3 գործով չի ավարտվում․ կարող ենք հիշեցնել նաև Բոսխի «Երկրային վայելքների այգի» եռանկարը, Կարավաջոյի «Մեդուզան», Սեզանի «Գանգերի բուրգը» կամ Արտեմիզիա Ջենտիլեսկի «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը», բայց կանենք դա այլ կոնտեքստում, և մեկ ուրիշ անգամ։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN