#մշակութաPAN
September 25

13 թվից ֆոբիան, Չայկովսկուն «նմանվելու» փորձերն ու Ֆրոյդի հետ համեմատությունը. Առնոլդ Շյոնբերգի վախն ու տաղանդը

Ծագումով հրեա Առնոլդ Շյոնբերգը կյանքի մի մասն ապրել է Ավստրիայում, ֆաշիզմի շրջանում հետապնդվել է որպես հրեա ու գաղթել Միացյալ Նահանգներ։ Եթե հարց հնչի, թե առաջին հերթին որ երկրի հետ է պետք ասոցացնել կոմպոզիտորին՝ պատասխանել իսկապես բարդ կլինի։ Ամեն դեպքում, գուցե ճիշտ է արվեստագետներին ոչ միայն և ոչ այնքան ազգային բնորոշումներով ներկայացնել, որքան ստեղծագործական։

Կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան Առնոլդ Շյոնբերգը ստեղծագործական մի քանի փուլ է անցել։ Նախ՝ ռոմանտիզմ, որտեղ հստակ արտահայտված էր Բրամսի ազդեցությունը։ Այս շրջանի հատկապես տպավորիչ ստեղծագործություններից է «Լուսավորված գիշերը»՝ լարային նվագախմբի համար։ Սա պատմություն է մի զույգի մասին, որը զբոսնում է լուսնի լույսով ողողված անտառում, ծանր խոսակցություն և մեղքերի խոստովանություն ունենում և ում հոգիները ձուլվում են գիշերային բնության մեջ։

20-րդ դարասկիզբը Շյոնբերգի ստեղծագործական կյանքում կարելի է կապել էքսպրեսիոնիզմի հետ։ Այս շրջանի դիպուկ օրինակներից է «Գարե ամրոցի երգը» օրատորիան։ Ողբերգական պատմություն արքայի, դավաճանված թագուհու, և հասարակ գեղջկուհի սիրուհու մասին։ Թագուհին նախ կարգադրում է սպանել արքայի սիրուհուն, հետո արքան վշտից մահանում է և նրա ուրվականն ամրոցի մոտակայքում մշտապես փնտրում է սպանված սիրուհուն։

Շյոնբերգի անունը կապվում է ատոնալ երաժշտության զարգացման, ինչպես նաև դոդեկաֆոնիայի սկզբնավորման հետ։ Դոդեկաֆոնիան երաժշտություն հորինելու մեթոդ է, որ սկզբնավորվել է 1910-ական թվականներին և ուղիղ կապ ունի ատոնալ երաժշտության զարգացման հետ։

Շյոնբերգը և նրա աշակերտներն առաջիններից էին, որ մշակել և կիրառել են այս մեթոդը։ Եթե ավելի նեղ մասնագիտական ձևակերպումների հետևից գնանք, ապա դոդեկաֆոնիա մեթոդով գրված ստեղծագործությունը հենվում է խրոմատիկ հնչյունաշարի բոլոր տասներկու հնչյունից կազմված որոշակի շարքի վրա, որը դառնում է ստեղծագործության ինտոնացիոն հիմքը և, շարունակ ձևափոխվելով՝ կրկնվում է։

Կարելի է ասել, որ ժամանակակիցներն ինչ-որ մի շրջան Շյոնբերգին մեղադրում էին քաղաքական իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի մեջ։ Այնպես չէ, որ այստեղ ճշմարտություն չկա, բայց ամեն բան փոխվեց, երբ ինքը՝ կոմպոզիտորն այդ իրադարձությունների «զոհը» դարձավ։

Իր կյանքը թողած ու Միացյալ Նահանգներ մեկնած կոմպոզիտորը «հակապատերազմական» երկու գործ է ստեղծում՝ «Ձոներգ Նապոլեոնին» և «Փրկվածը Վարշավայից»։ Առաջինը գրված է Բայրոնի խոսքերով։ Զգուշացնում է, թե ինչ վտանգ է սպառնում, երբ մեկ անհատի ձեռքում կենտրոնանում է մեծ իշխանություն։ Անշուշտ, բոլորի համար էլ հստակ էր, որ խոսքը ոչ թե Նապոլեոնի, այլ Հիտլերի մասին է։ Դե իսկ «Փրկվածը Վարշավայից» գործը պատմում է համակենտրոնացման ճամբարի զոհերի մասին՝ հրաշքով փրկված ականատեսի անունից։

Գուցե Շյոնբերգի անունն այնքան հաճախ չեք լսել, որքան իր ժամանակակից մի շարք կոմպոզիտորների, բայց փաստերն ապացուցում են, որ նա իսկապես քսաներորդ դարի ամենաքննարկվող երաժշտական դեմքերից էր։ Կոմպոզիտորի ժամանակակիցները նրա ազդեցության աստիճանն ու մասշտաբն անգամ համեմատել են այնպիսի նշանավոր անունների հետ, ինչպիսիք են Զիգմունդ Ֆրոյդը, Այնշտայնը, Կանդինսկին։

Հիմա գուցե մտածեք, թե ինչու են կոմպոզիտորին համեմատում, օրինակ, գիտնականի կամ էլ նկարչի հետ, եթե փոխարենն ավելի տրամաբանական կլիներ մեկ այլ կոմպոզիտորի հետ համեմատությունը։ Իրականում Շյոնբերգին բնութագրող տողերում միշտ ասվում է շատ ավելին, քան պարզապես նրա երաժշտությանն անդրադարձը։ Այնշտայնի հետ էին համեմատում, որովհետև կարծում էին, որ կոմպոզիտորը վերաիմաստավորել է «երաժշտական լեզվի» ամենակարևոր օրենքները։ Կանդինսկու հետ՝ որովհետև արվեստում հոգևորը փնտրելիս նրա ստեղծագործությունները, կարծես, քայլում էին Շյոնբերգի երաժշտական որոնումների հետ կողք կողքի։

Անշուշտ, պետք է անկեղծ լինել ու փաստել, որ Շյոնբերգի ոչ բոլոր գործերն են նույն հաջողությունը գրանցել և նույնքան լավ ընկալվել մարդկանց կողմից։ Կոմպոզիտորի տասնյակ ստեղծագործությունների մեջ կան նաև նրանք, որոնց դեպքում «մեթոդը» հաղթում է երաժշտությանը։

Շյոնբերգը քաջ գիտակցում էր, որ իր և իր աշակերտների երաժշտությունը «զանգվածային ունկնդիր» չի գտնելու հաճախ, բայց նա չէր էլ ձգտում դրան։ Հակառակը, Առաջին համաշխարհային պատերազմի վերջում նա Վիեննայում հիմնեց մասնավոր երաժշտական ​​​​կատարումների հատուկ միություն, որի նպատակն էր ժամանակակից ստեղծագործությունները կատարել հատուկ «ընտրյալների» համար, այն մարդկանց, որոնք գիտակցաբար էին անում այդ ընտրությունը։

Շյոնբերգն ասում էր՝ արվեստը բոլորի համար չէ, և եթե ինչ-որ բան դուր է գալիս անխտիր բոլորին, ապա դա վստահաբար արվեստ չէ։ Հիմա պատկերացրեք, որ այս տեսակետով և պատկերացումներով մարդը հայտնվում է Միացյալ Նահանգներում, ավելի հստակ՝ Հոլիվուդում, որտեղ կինոարդյունաբերության մեջ գերակշռող միտքը ճիշտ հակառակն է պնդում. Եթե բոլորի (կամ հնարավորինս մեծ զանգվածների) համար չէ, ապա արժեքավոր բան չէ։

Ի դեպ, որքան Շյոնբերգի ստեղծագործություններն էին «ոչ միանշանակ», այնքան էլ հայտարարություններն ու մտքերը։ Բայց այստեղ մի կարևոր նրբություն կա։ Այդ «ոչ միանշանակ» հայտարարությունների գերակշիռ մասը կոնտեքստից դուրս բերված մեջբերումներ են՝ մասնավոր նամակներից, որոնք ակնհայտորեն նախատեսված չէին ոսկե տառերով փորագրելու համար։ Ընկերոջը գրած իր նամաներից մեկում անգամ խոստովանել էր, որ երազում է նմանվել Չայկովսկուն, միայն թե՝ ավելի լավը լինել։

Ամեն դեպքում, կոմպոզիտորը կարողանում է գտնել իր տեղն անգամ իր տեսակին ոչ այնքան բնորոշ երկրում՝ ԱՄՆ-ում։ Դասավանդում է լավագույն համալսարաններում, ընկերանում իր հետաքրքրությունները կիսող տաղանդավոր մարդկանց հետ, թենիս է խաղում Ջորջ Գերշվինի հետ, երբեմն բախվում է հանդիսատեսի անտարբերությանն ու անգամ թշնամանքին, բայց շարունակում է գոհանալ իր կերտած կյանքով ու կարիերայով։

Ստեղծագործական հաջողություններն ամփոփելով, երեք հետևություն կարելի է անել։ Այո՛, հանրության ճաշակն ու Շյոնբերգի ստեղծագործությունները միշտ չէ, որ համընկնում էին։ Այո՛, կոմպոզիտորն ուներ իր արվեստը գնահատող «ընտրյալներ», բայց առանձնապես չէր նեղվում այս հանգամանքից։ Այո՛, կարելի է պնդել, որ նրա ամենամեծ հարստությունը չէր սահմանափակվում ստեղծագործական ժառանգությամբ։ Իրականում այդ հարստության առանցքային մաս էին կազմում նրա սաները և նրանց գրանցած հաջողությունները։ Եվ, ի վերջո, միայն ժամանակն ապացուցեց, որ քսաներորդ դարի երաժշտության վրա Շյոնբերգի ազդեցությունն իսկապես նշանակալի էր և իր հետքը թողեց ամենատարբեր ուղղություններով՝ ատոնալությունից մինչև էլեկտրոնային երաժշտություն։

Բայց, պարզվում է՝ անգամ նման խորքային ազդեցություն թողած, լայն մտահորիզոնով, մեծ տաղանդով մարդիկ երբեմն սնահավատության զոհ են դառնում։ Այս դեպքում՝ զոհ, բառի նույնիսկ ուղիղ իմաստով։ Շյոնբերգին կյանքում ոչինչ այնքան չէր վախեցնում, որքան 13 թվի հետ առնչվող որևէ երևույթ։ Այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ կոմպոզիտորի մոտ այս թվի հանդեպ ֆոբիա էր առաջացել։

Ի դեպ, այնպես չէ, որ կոմպոզիտորը միակն էր նման ֆոբիայով։ Դա է գուցե պատճառը, որ 13 թվից վախն անգամ իր անունն ունի՝ տրիսկաիդեկաֆոբիա։ Պատմականորեն սա կապված է կրոնական նախապաշարմունքների հետ։ Առանձին անվանում ունի նաև ուրբաթ 13-ից վախը. պարասկևիդեկատրիաֆոբիա կամ ֆրիգգատրիսկայդեկաֆոբիա։

Կա վարկած, որ 13-ը դժբախտ թիվ է համարվում այն պատճառով, որ մեծ է 12-ից։ Իսկ 12-ը որոշ ազգերի մոտ սուրբ թիվ է համարվում, մյուսների համար՝ կատարելության։ Ի վերջո, տարին ունի 12 ամիս, ժամացույցը` 12 ժամ, կենդանակերպի 12 նշան, և այսպես շարունակ։

Վերադառնալով կոմպոզիտորին. Շյոնբերգը բառացիորեն ամեն ինչ անում էր՝ 13 թվից խուսափելու համար։ Կա վարկած, որ նա միտումնավոր տառ է բաց թողել իր ստեղծագործություններից մեկի վերնագրում, որպեսզի այդ տառերի հանրագումարը միասին 13 չկազմի։

Բայց, ինչպես ասում են, հաճախ մարդու հետ լինում է հենց այն, ինչից ամենաշատն էր վախենում։ Շյոնբերգը մահացել է 1951 թվականի հուլիսի 13-ին։ Ավելին, այդ օրն ուրբաթ 13 էր։ Այդ օրն ամբողջ օրը կոմպոզիտորն անցկացրել է անկողմնում՝ անհասկանալի տագնապի մեջ, վստահ լինելով, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու։ Եվ կեսգիշերից րոպեներ առաջ Շյոնբերգը մահացել է։

Արդյոք նրա ֆոբիան դարձավ մահվան պատճառը, թե սա չար, չափազանց չար կատակ էր՝ քննարկման թեմա է, բայց մահից հետո մարդիկ ուշադրություն դարձրին մեկ այլ հանգամանքի ևս։ Կոմպոզիտորը մահացել է 76 տարեկանում, իսկ 7+6=13…

Փորձենք խուսափել գայթակղությունից և ինքներս էլ չընկնել սնահավատության դաշտ, բայց կրկին փաստենք, որ Շյոնբերգն իր այս վախերով միակը չէր։ Այսօր շատ հյուրանոցներում բացակայում է 13 համարը, որոշ ռեստորաններ հրաժարվում են ունենալ «սեղան 13», անգամ որոշ ավիրաընկերությունների օդանավերում բացակայում է 13-րդ շարքը։ Կյանքը գուցե շատ ավելի հեշտ լիներ, եթե իրավիճակները կանխորոշվեին ինչ-որ թվերի հերթականությամբ, բայց գիտականորեն սա դեռևս ապացուցված չէ։


✍️ Նանե Մանուկյան / PAN