Զանգից` զանգ. Դպրոցի մասին 12 լավագույն ֆիլմը
Սեպտեմբերի 1-ը ոչ միայն ծաղկեփնջեր են ու նոր տետրեր։ Շատերի համար դպրոցը պատանեկության գլխավոր խորհրդանիշն է. այստեղ են ծնվում ընկերական հարաբերությունները, առաջին զգացմունքները ու դրամաները, որոնք կարող են փոխել ամբողջ կյանքը։ Կինոն վաղուց է դպրոցը վերածել սիրելի թատերաբեմի, չէ՞ որ հենց դասարանում ու դասամիջոցին են առաջանում ամենավառ էմոցիաները։
PAN-ը հավաքել է 12 ֆիլմ (մեկական` յուրաքանչյուր դասարանի համար), որոնք տարբեր կերպ պատկերում են դպրոցական կյանքը. հուզիչ դրամաներից ու ոգեշնչող պատմություններից մինչև կատակերգություններ ու հորրոր։ Այս ֆիլմերը հիշեցնում են, որ դպրոցը ոչ միայն դասեր են, այն փոքրիկ տիեզերք է, որտեղ լուծվում են դեռահաս տարիքի ամենակարևոր հարցերը։
1. «Նախաճաշի ակումբը» (The Breakfast Club, 1985)
Լեգենդար ռեժիսոր Ջոն Հյուզի ֆիլմը դարձել է կուլտային, որովհետև կարողացել է դեռահասների աչքերով ցույց տալ այն, ինչ մեծահասակները հաճախ չեն էլ նկատում։ Տարբեր վարքի ու հոգեբանության հինգ դպրոցական` «գիտունիկը», «մարզիկը», «խուլիգանուհին», «արքայադուստրը» ու «մեկուսին» պատժված են ու շաբաթ օրը պետք է անցկացնեն դպրոցի գրադարանում։ Սկզբում նրանք միմյանց համար օտար են, սակայն աստիճանաբար սահմանները վերանում են, ու յուրաքանչյուրն իր մեջ ինչ-որ նոր բան է հայտնաբերում։
Սա գրեթե ամբողջությամբ մեկ շինության տարածքում նկարված կամերային պատմություն է, որը մինչ օրս ակտուալ ու հետաքրքիր է նայվում։ Ֆիլմն այն մասին է, որ դեռահասի անհատականությունը պիտակներով չի պայմանավորվում, իսկ դիմացինի հետ հասկանալի ու ազնիվ զրույցը կարող է քանդել ցանկացած պատնեշ։
2. «Մեռած պոետների հանրույթ», (Dead Poets Society, 1989)
Պատմություն էլիտար դպրոցի, խիստ կարգուկանոնի ու գրականության խարիզմատիկ ուսուցիչ Ջոն Քիթինգի (Ռոբին Ուիլյամս) մասին, ով սովորեցնում է աշակերտներին ազատ մտածել։ Նրա Carpe diem` «Որսա պահը» կոչը աշակերտների համար վերածվում է գլխավոր կենսական դասի։
Ֆիլմը հստակ հայտարարում է` իսկական մանկավարժը կարող է ոչ միայն գիտելիքներ փոխանցել, այլև ոգեշնչել։ «Մեռած պոետների հանրույթը» ֆիլմ է ընտրության, պատասխանատվության ու այն մասին, որ դեռահասի ազատությունը հաճախ ձեռք է բերվում ցավի միջոցով։
3. «Վտանգավոր մտքեր» (Dangerous Minds, 1995)
Միշել Փֆայֆերը մարմնավորում է նախկին ծովային հետևակայինի, ով նոր աշխատանք է գտել անբարեհաջող դպրոցում։ Նա բախվում է բռնությանն ու անտարբերությանը սովոր դեռահասների հետ, սակայն կարողանում է նրանց հետ կապ հաստատել գրականության ու հարգանքի միջոցով։
Այո, սյուժեն ծանոթ է թվում, սակայն «Վտանգավոր մտքերը» միաժամանակ ազնիվ ու կոշտ ֆիլմ է։ Սա «լավ ուսուցչի» մասին իդեալականացված պատմություն չի, այլ բարդ համակարգի ու փոխվելու ընդունակ մարդկանց իրական դիմանկար։
4. «Ատելությանս տասը պատճառ» (10 Things I Hate About You, 1999)
Դեռահասների մասին թեթև ռոմանտիկ ֆիլմ` հիմնված Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսի վրա։ Նորեկը փորձում է գրավել աղջկա սիրտը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ սիրահարվածության սուբյեկտի խիստ քույրը նույնպես սիրահարվի։ Արդյունքում ստացվում է ազնվության, բողոքի ու առաջին զգացմունքների մասին ֆիլմ։
Այն լի է թեթևությամբ ու հումորով, սակայն դրա հետ մեկտեղ չի վերածվում դատարկ հումորային սքետչի։ Ֆիլմը ցույց է տալիս դպրոցական հարաբերությունների ամբողջ գունապնակը. երեկույթներից ու մրցակցությունից մինչև իսկական ընկերություն ու անմոռանալի սիրահարվածություն։
5. «Քերրի» (Carrie, 1976)
Սթիվեն Քինգը գրել է պատմություն վտարակ աղջկա մասին, ում համադասարանցիները ծաղրում են, իսկ խիստ մայրը հասցնում է հուսահատության։ Սակայն Քերրին տիրապետում է տելեկինեզի, որը վերջին զանգի պարահանդեսի ընթացքում հանգեցնում է սոսկալի աղետի։
Բրայան դե Պալմայի էկրանավորումը ոչ միայն հորրոր է, այլև դեռահասի միայնության մետաֆոր։ Դպրոցը այստեղ վայր է, որտեղ հալածանքը դարձել է նորմա, իսկ լռակյաց մեծամասնությունն ուղղակի աչք է փակում։ Այդ իսկ պատճառով, պատմությունը մինչև հիմա ակտուալ է։
6. «Ռոքի դպրոց» (School of Rock, 2003)
Ջեք Բլեքի լավագույն կատակերգական դերը։ Նա մարմնավորում է գործազուրկ երաժիշտի, ով, ձևանալով ուսուցիչ, սկսում է դասերը վերածել ռոք խմբի փորձերի։ Արդյունքում նա օգնում է երեխաներին հավատալ իրենց ուժերին, իսկ ինքն անսպասելի գտնում է կյանքում իր տեղը։
Այս թեթև ու առույգ ֆիլմը ցույց է տալիս, որ դպրոցը ոչ միայն դասեր են ու կանոններ, այլև տաղանդներ բացահայտելու հնարավորություն։ «Ռոքի դպրոցը» վարակում է դրայվով ու տալիս դեռահասի ազատության զգացում։
7. «Ստոր աղջիկներ» (Mean Girls, 2004)
Լինդսի Լոհանը մարմնավորում է ամերիկյան դպրոցի դաժան հիերարխիայի հետ առաջին անգամ բախված նորեկի։ Թագուհիներ, լքյալներ, ինտրիգներ ու ընկերություն` այս ամենը վերածվում է իսկական սոցիալական երգիծանքի։
Ֆիլմը կուլտային է դարձել դպրոցի ներքին խոհանոցի ճշգրիտ ցուցադրության համար։ Այն բացահայտում է, թե ինչպես դեռահասները երբեմն կարող են դաժան լինել` չգիտակցելով դա։ Սակայն վերջում երևում է նաև այս ամենի հակառակ կողմը. ինչպես դուրս գալ պայմանական դերերի սահմաններից` չդավաճանելով ինքդ քեզ։
8. «Երգչախումբը» (Les Choristes, 2004)
Ֆրանսիական դրամա դժվար դեռահասների գիշերօթիկ դպրոցի ու երաժշտության մասին։ Երաժշտության նոր ուսուցիչը ձևավորում է երգչախումբ, ինչի արդյունքում պատժի ու նվաստացման սովորած երեխաներն աստիճանաբար իրենց մեջ բացահայտում են մարդկայնությունը։
Սա խիստ զգացմունքային ու մարդկային ֆիլմ է։ Այն ցույց է տալիս, որ ցանկացած, անգամ ամենախիստ համակարգում երեխաները լսված լինելու հնարավորություն ունեն, անհրաժեշտ է միայն գտնել վստահության լեզուն։
9. «Ազատության գրողները» (Freedom Writers, 2007)
Հիլարի Սուոնքը խաղում է երիտասարդ ուսուցչուհու, ով տեղափոխվել է ցածր մակարդակի դպրոց ու բախվել մշտական բռնության մթնոլորտում ապրող դեռահասների հետ։ Գրականության ու օրագրերի միջոցով նա սկսում է կիսվել սեփական ճշմարտությամբ։
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա ու ցույց է տալիս, թե ինչպես կարող է օգնելու անկեղծ ցանկությունը փոխել մարդկանց ճակատագիրը։ Առաջին անգամ երեխաները հնարավորություն են ստանում զգալու, որ իրենց ձայնը նշանակություն ունի։
10. «Օտարացում» (Detachment, 2011)
Էդրիեն Բրոուդին խաղում է ժամանակավոր ուսուցչի, ով անընդհատ դպրոցից դպրոց է անցնում։ Նա փորձում է չկապվել, բայց, միևնույն է, ներքաշվում է ուրիշների ճակատագրի մեջ։ Ֆիլմը ներկայացնում է դպրոցը որպես հասարակության հայելի. օտարացում, անտարբերություն ու ջերմության հազվագյուտ դրսևորումներ։
«Օտարացումը» մռայլ, բայց ազնիվ ֆիլմ է։ Այն չի տրամադրում հեշտ լուծումներ, բայց շերտում է, որ յուրաքանչյուր դպրոցական ունի իր պատմությունը, ու որ բավական է միայն մի մեծահասակ` երեխային լսելու համար։
11. «Հրաշք» (Wonder, 2017)
Ֆիլմը պատմում է Օգոստոս անունով տղայի մասին, ով ի ծնե ունի դեմքի հազվագյուտ առանձնահատկություն։ Նա առաջին անգամ է գնում դպրոց` հանդիպելով հասակակիցների ուշադրությանը, հետաքրքրասիրությանը, ընկերությանն ու դաժանությանը։
Ֆիլմը ցույց է տալիս դպրոցը երեխայի աչքերով, ում համար այնտեղ գտնվելը շատ ավելի դժվար է, քան մյուսների համար, սակայն նա, ինչպես մյուսները, փորձում է ընդունված լինել։ «Հրաշքը» հուզում է իր անմիջականությամբ ու սովորեցնում, որ բարին նույնպես կարող է փոխել աշխարհը։
12. «Դասարան» (Klass, 2007)
Դպրոցի մասին ամենաուժեղ ու ցավոտ ֆիլմերից մեկը նկարվել է Էստոնիայում։ Այն պատմում է երկու դեռահասի մասին, ովքեր հալածանքի ու նվաստացման զոհ են դառնում։ Նրանց հուսահատությունը աստիճանաբար բերում է ողբերգական հանգուցալուծման։
«Դասարանն» անթաքույց դաժան կինո է, որը պատմում է, թե ինչի կարող է հանգեցնել մեծահասակների անտարբերությունն ու երեխաների դաժանությունը։ Սա ծանր, բայց անհրաժեշտ ֆիլմ է` հասկանալու համար. դպրոցական կոնֆլիկտները երբեք հենց այնպես չեն լինում։