Կարմիր Բարոնը, Ֆերրարին ու սև օրն Ալպերում. Լեգենդար Շումախերի պայքարը մրցուղու վրա ու դրանից դուրս
Վերջին օրերին Միխայել Շումախերի անունը կրկին հայտնվեց լրահոսում։ Բրիտանական մամուլը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդեց, որ «Ֆորմուլա 1»-ի յոթակի աշխարհի չեմպիոնը այլևս անկողնային հիվանդ չէ և կարող է տեղաշարժվել անվասայլակով՝ բուժքրոջ և թերապևտի օգնությամբ։ Երկրպագուների մի մասի համար սա հույսի նշույլ էր, մյուսները սա ընկալեցին որպես հերթական չափազանցված մեկնաբանություն, հատկապես, որ Շումախերի ընտանիքը տարիներ շարունակ չափազանց փակ է ու գրեթե չի անդրադառնում այս թեմային։
Իրականում այս տեղեկությունը սենսացիոն բացահայտում չէ։ Շումախերի վիճակի շուրջ արդեն ավելի քան տասը տարի պատկերը գրեթե նույնն է՝ նա չի քայլում, չի խոսում, առանց խնամակալների գրեթե ոչինչ չի կարող անել։ Այդուհանդերձ, յուրաքանչյուր նման լուր թարմացնում է լեգենդար Շումախերի ու նրա կյանքի շուրջ զրույցները։ Բայց որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ է Շումախերի առողջական վիճակի ցանկացած փոփոխություն շարունակում հուզել ու հետաքրքրել միլիոններին, պետք է վերադառնանք սկզբին։
ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Միխայել Շումախերը ծնվել է գերմանական փոքրիկ քաղաքում՝ սովորական աշխատավոր ընտանիքում։ Նրա հայրը՝ Ռոլֆ Շումախերը, շինարար էր, բայց ավտոմրցարշավների նկատմամբ սերը իսկական կիրք էր նրա համար։ Այդ սիրո շնորհիվ էր, որ չորս տարեկան Միխայելն առաջին անգամ նստեց ղեկին։
Կարճ ժամանակ անց Միխայելն արդեն փորձառու վարորդ էր ու առանձնանում էր ոչ միայն արագությամբ, այլև համառությամբ։ Նա ժամերով մարզվում էր, հատկապես սիրում էր դուրս գալ ուղեգիծ այն ժամանակ, երբ անձրև էր գալիս։ Թաց ասֆալտը վանում էր մյուսներին, բայց նրա համար դա ազատություն էր։ Տարիներ անց հենց այս փորձն էր նրան դարձնելու անձրևի տակ անգերազանցելի մրցարշավորդ։
Տասը տարեկանից Շումախերը մասնակցում էր մրցումների և հաղթանակներ գրանցում։ Ու այսպես՝ կարճ ժամանակ անց քարտինգը հոբբիից արագ վերածվեց մասնագիտության։ Չորս տարի անց նա մրցարշավորդի լիցենզիա ստացավ ու սկսեց հանդես գալ միջազգային մրցաշարերում։ Ի դեպ, Շումախերների ընտանիքում Միխայելը միակը չէր, որ ընտրել էր այս ճանապարհը։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ռալֆը, ևս սկսեց զբաղվել ավտոարշավով։
1980-ականների կեսերին Միխայել Շումախերի անունը արդեն հայտնի էր գերմանական և եվրոպական մրցարշավային շրջանակներում։ 1984-ից մինչև 1987 թվականները նա հաղթում էր տարբեր առաջնություններում, իսկ խոշոր հովանավորներն ու թիմերը սկսում էին ուշադրությամբ հետևել երիտասարդ գերմանացուն։ Ու ահա՝ այս ամենը ճանապարհ է բացում դեպի «Ֆորմուլա 1»։ Սա մի աշխարհ էր, որտեղ միլիվայրկյանի ճշգրտությունը որոշիչ էր, իսկ սխալները չափվում էին տիտղոսներով կամ էլ դրանց բացակայությամբ։
ՄԵԿ ՇԱՆՍ՝ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
1991 թվականը դարձավ շրջադարձային Միխայել Շումախերի համար: Նրա մեկնարկը տպավորիչ էր։ Շուտով Շումախերը տեղափոխվեց Բենեթոն ակումբ։ Նոր թիմում նա արագ հարմարվեց և արդեն առաջին մրցաշրջաններում սկսեց հաղթանակներ գրանցել։ Դե, իսկ վառ դեղին համազգեստը և լայն ժպիտը պատճառ դարձան, որ ավտոմրցումներում սառնասիրտ մարզիկին անվանեն «արևային տղա»։ Հաջորդող տարիների ընթացքում Շումախերը գրեթե միշտ առաջատարների թվում էր։ Վատ արդյունքները հիմնականում պայմանավորված էին տեխնիկական խնդիրներով, ոչ թե սխալներով։ 1994 թվականին նա նվաճեց իր առաջին աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ մեկ տարի անց՝ երկրորդը։ Արդեն հստակ էր՝ «Ֆորմուլա 1»-ում հայտնվել էր մեկը, որը չէր պատրաստվում բավարարվել երկրորդական դերերով։
1996 թվականին Շումախերի կարիերայում սկսվեց մեկ այլ, գուցե գլխավոր փուլը։ Նա պայմանագիր կնքեց Ֆերրարիի հետ, որն այդ փուլում ճգնաժամային իրավիճակում էր։ Շատերը կասկածում էին ու կարծում էին, որ անգամ երկակի չեմպիոնը չի կարողանա փոխել իտալական լեգենդար ակումբի ճակատագիրը։
Բայց, իհարկե, Շումախերը փոխեց բոլորի խաղաքարտերը։ Առաջին տարում միանգամից մի քանի հաղթանակ և ահա՝ Ֆերրարիի վերածնունդը նշմարվում էր։ Հենց այս շրջանում էր, որ Շումախերին սկսեցին անվանել «Կարմիր բարոն»։ հաջորդող տարիները, կարելի է ասել, որ դարձան նրա «գերիշխանության» տարիները։ Մեկը մյուսի հետևից տպավորիչ հաղթանակներ ու անդադար աշխատանք։ Շումախերի դեպքում մրցարշավը միայն արագության մասին չէր, այն ռազմավարության, ճիշտ հաշվարկի և հոգեբանական պայքարի համադրություն էր։
ՎԵՐՋԱԿԵՏԸ ՄՐՑՈՒՂՈՒՄ ՈՒ «ՍԵՎ ՕՐ ԱԼՊԵՐՈՒՄ»
Շումախերը կարծես սովոր էր միայն հաղթանակների ու երբ հասկացավ, որ հասունացել է պահը, առանց ձգձգելու 2012 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ պահին նրա անունը արդեն մարզական չափանիշ էր՝ չեմպիոնական յոթ տիտղոս, տասնյակ ռեկորդներ և անջնջելի հետք ավտոսպորտի պատմության մեջ։ Ու թվում էր, որ այս պատմությունն ավարտվում է բնական, արժանապատիվ ավարտով։ Ու իրականում այդպես էլ կար, բայց կյանքն այլ սցենար էր պատրաստել։
2013 թվականի դեկտեմբերի 29-ը բաժանարար գիծ դարձավ Միխայել Շումախերի, նրա ընտանիքի և միլիոնավոր երկրպագուների համար։ Այդ օրը նա որդու և նրա ընկերների հետ ֆրանսիական Ալպերում էր՝ Մերիբելի լեռնադահուկային հանգստավայրում։ Ասում են՝ Շումախերը սկզբում անգամ չէր ցանկանում լեռներ գնալ, կարծում էր, որ ձյունը դեռ քիչ է և այլընտրանքային հանգիստ էր առաջարկում։ Բայց ընտանիքն ընտրում է դահուկները և Շումախերն, ի վերջո, չի ընդվզում։
Չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել երկու երթուղիների միջև ընկած հատվածում, որտեղ ձյան շերտը բարակ էր, իսկ քարերը՝ մասամբ բաց էին։ Շումախերը մեծ արագությամբ չէր սահում, բայց ստացվում է այնպես, որ դուրս է գալիս իր երթուղուց, բախվում է ձյան տակ թաքնված քարին, կորցնում է հավասարակշռությունը և ուժգին հարվածով ընկնում է, ինչի հետևանքով գլխի աջ հատվածով դիպչում է ժայռին։ Այս հարվածն այնքան ուժեղ էր, որ սաղավարտը ճաքում է։ Հետագայում մասնագետները միաբերան պնդում են, որ առանց պաշտպանիչ սաղավարտի նա տեղում կմահանար։
Սկզբնական փուլում թվում էր, թե վիճակն այնքան էլ ծանր չէ, բայց կարճ ժամանակ անց մարզիկի առողջական վիճակը կտրում վատանում է։ Արդյունքում նրան արհեստական կոմայի մեջ են մտցնում, վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր, իսկ բժիշկները վախենում են որևէ կանխատեսում անել։
ԿՅԱՆՔԸ ՊԱՏԱՀԱՐԻՑ ՀԵՏՈ
Հաջորդող ամիսները սպասման տանջալից ամիսներ էին։ Կոմայի մեջ գտնվող Շումախերը մոտ 20 կգ քաշ է կորցնում, շնչառական համակարգի թուլացման վտանգ է առաջանում և բժիշկները սկսում են աստիճանաբար դուրս բերել նրան դեղորայքային քնից։ 2014 թվականի հունիսին պաշտոնապես հայտարարվեց, որ նա դուրս է եկել կոմայից, իսկ սեպտեմբերին՝ տեղափոխվել է տուն՝ խնամքը և վերականգնման բազմաթիվ փուլերը շարունակելու համար։
Շվեյցարիայում գտնվող Շումախերների տունը փոքր հիվանդանոցի էր վերածվել։ Տասնհինգ բժիշկներից բաղկացած թիմ, բուժքույրեր, ֆիզիոթերապևտներ՝ բոլորը աշխատում էին շուրջօրյա ռեժիմով։ Ըստ ամենահամեստ հաշվարկների՝ առաջին հինգ տարիների ընթացքում ընտանիքը բուժման վրա ծախսել է շուրջ 16 միլիոն եվրո։
Ժամանակի ընթացքում ֆինանսական բեռը ստիպեց ընտանիքին վաճառել մի շարք արժեքավոր իրեր՝ տուն Նորվեգիայում, անձնական ինքնաթիռ, ավտոմրցարշավային լեգենդար իրեր։ Շումախերի կնոջ համար առաջնայինն ամուսնու կյանքն էր ու դրա համար ընտանիքը ոչինչ չի խնայել։
Առաջին տարիներին արձանագրվեցին փոքր, բայց կարևոր առաջընթացներ։ Օրինակ՝ Շումախերը այլևս կապված չէր արհեստական շնչառության սարքին, կարող էր հանդիպել սահմանափակ թվով մարդկանց և երբեմն արտահայտել հույզեր՝ հիմնականում արցունքներով։ Բայց բժիշկները մշտապես հիշեցնում էին՝ լիարժեք վերականգնման սպասելիքներ չկան։ Նա չէր խոսում, չէր կարող ինքնուրույն շարժվել կամ սնվել։
Շումախերի առողջության մասին այս տարիների ընթացքում սակավաթիվ տեղեկություններ են հանրությանը հայտնի դարձել։ Ընտանիքը արդարացիորեն որոշել է հարգել նրա իրավունքները, պաշտպանել անձնական կյանքի սահմաններն ու որևէ կերպ չծանրացնել առանց այն էլ ծանր վիճակը։
Իհարկե, այս ընթացքում բազմաթիվ կեղծ հարցազրույցներ են շրջանառվել մամուլում, անգամ արհեստական բանականությամբ ստեղծված ձայնագրություններ են հայտնվել, բայց որևէ պաշտոնական ու ճշգրիտ ինֆորմացիա այդ ցանկում չի եղել։ Սա պարզ օրինակ է, թե հանրային հետաքրքրասիրության առաջ որքան խոցելի կարող է լինել լռությունը։ Այս ծանրագույն ճանապարհին մշտապես Շումախերի կողքին եղել են կինն ու զավակները և սա բացառիկ նվիրումի հուզիչ օրինակ է։
Այժմ Շումախերները հրաշքի չեն սպասում, բայց գոնե փորձում են պայքարել կայունության համար: Իսկ Միխայել Շումախերը վաղուց այլևս միայն աշխարհի յոթակի չեմպիոն չէ։ Նա դարձել է մարդկային տոկունության խորհրդանիշ։ Նրա կյանքն անվերջ պայքարի ու չհանձնվելու մասին է։ Ու ինչպես ինքն է մի առիթով ասել՝ «Միշտ հավատացել եմ, որ երբեք հանձնվել չի կարելի: Պետք է շարունակել պայքարել, անգամ եթե ամենափոքր շանսն ունես։»