Բոլոր ժամանակների հերոսները. Գիտնականների մասին հինգ լավագույն կենսագրական ֆիլմերը
Օրերս Հայաստանում տեղի ունեցավ առաջին համազգային Գիտության շաբաթը։ Վեց օր շարունակ հասարակությունը մոտեցավ գիտությանն ու գիտական մտքին, իմացավ, թե ինչ է գիտությունն ու ինչպես է աշխատում գիտական միտքը։ Ու, ամենակարևորը, ծանոթացավ գիտության հերոսների` գիտնականների հետ։ Գիտության հանրահռչակումը բարդ ու ամենօրյա ջանքեր պահանջող աշխատանք է։ Մարդիկ պետք է կարողանան տարբերել ճշմարտությունը կեղծիքից, լույսը` խավարից։ Կինոն նույնպես մասնակցում է այս նվիրական աշխատանքին։
PAN-ը պատմում է գիտնականների մասին հինգ լավագույն կենսագրական ֆիլմերի մասին։
«ՕՊԵՆՀԵՅՄԵՐ»
Քրիստոֆեր Նոլանը խելագարի նման սիրում է գիտությունը` չնայած երբեմն իրեն թույլ է տալիս որոշ հակագիտական մտքեր։ Ամեն դեպքում, նախորդ տարի էկրաններ բարձրացած «Օպենհեյմեր» (Oppenheimer) կենսագրական ֆիլմը բոլոր ժամանակների մեծագույն ֆիզիկոսներից մեկի` Ռոբերտ Օպենհեյմերի մասին, լիովին քավում է ռեժիսորի բոլոր մեղքերը։ Քայ Բերդի ու Մարտին Շերվինի American Prometheus: The Triumph and Tragedy of J. Robert Oppenheimer ծավալուն աշխատության վրա հիմնված ֆիլմը, ինչպես իր ծավալուն սկզբնաղբյուրը, հիմնականում կենտրոնացած է Մանհեթենյան նախագծի շրջանակներում առաջին ատոմայի ռումբի ստեղծման ու դրանից հետո գիտնականի շուրջ քաղաքական վայրիվերումների վրա։ Ու այստեղ Նոլանը կրկին Նոլան է, բայց լավ իմաստով` իր կարիերայի գլխավոր ֆիլմը հագեցնելով բոլոր այն կինեմատոգրաֆիկ հնարքներով, որոնցով Նոլանը դարձել է Նոլան։
Նոլանը բացառիկ է նրանով, որ իր գրեթե բոլոր ֆիլմերը իր իսկ անձնական հետաքրքրությունների ու մտորումների ծնունդ են, ինչը բազմամիլիոնանոց բլոկբաստերները դարձնում է նաև հեղինակային կինո։ Լինելով սայենտիստ, ով կրքոտ հետաքրքրություն է ցուցաբերում գիտության ու դրա արդյունքների նկատմամբ, Նոլանը ինտելեկտուալ քարտբլանշ ստացավ «Օպենհեյմերի» շնորհիվ` պատմել մեկ ֆիլմում 20-րդ դարի մեծագույն գիտնականների մասին։ Այս առումով սա կենսագրական ֆիլմ է ոչ թե մեկ մարդու, այլ ահռելի ինտելեկտուալ խտություն ունեցող մարդկանց մասին։
Նոլանին ծայրահեղ հետաքրքրում է նաև մարդկային հոգեբանությունը, իսկ ֆիլմը թույլ տվեց մարդկային գիտակցության հերթական կինոզոնդավորում իրականացնել միջուկային զենքի հոր հոգեբանական ապրումների միջոցով։ Երկու մոտեցումներն էլ` կենսագրական ֆիլմ գիտական մտքի արարման ու աղետալի հոգեբանական խնդիրների մասին, Նոլանի ֆիլմում իրացվել են փայլուն կերպով։
Նոլանը մանկական ոգևորությամբ պատկերում է իր կուռքերին` մեծագույն գիտնականների, ում ուղեղը փոխել է աշխարհի մասին մեր պատկերացումները։ Տրամադրության տակ ունենալով բրիտանացի ու ամերիկացի աստղերի մի ամբողջ գալակտիկա` Նոլանը անթաքույց հրճվանքով ու ակնածանքով, զգուշությամբ ու հնարավորինս չկենտրոնանալով ցույց է տալիս մտքի հսկաներին, պատմում գիտական պրոցեսի, գիտական մեթոդի, քննարկումների մասին, երբեմն աշխատում ներկայացնել նրանց, որպես սովորական մարդկանց` սովորական մարդկային խնդիրներով ու թուլություններով, ապա` կրկին ընկրկում է, կրկին բարձրացնում պատվանդանին։
Նոլանը պաշտում է գիտությունը, դա երևում է ֆիլմի յուրաքանչյուր կադրում, երևում է նրանից, թե ինչպես է նա խուսափում սրբության սրբոցի մեջ կոպիտ միջամտությունից, ինչպես է միայն թեթև ակնարկներով պատկերում խորհրդավոր պրոցեսը, որ կոչվում է գիտական գործունեություն։ Ի տարբերություն գիտնականների, քաղաքական գործիչները ֆիլմում պատկերված են կոպիտ վրձնահարվածներով, այստեղ ռեժիսորն այդքան երկչոտ չէ, այստեղ նա չի խուսափում միանշանակ գնահատականներից, չի վախենում չհասկացված լինելուց։ Գիտությունն ու գիտնականները ֆիլմի նուրբ ու թանկարժեք մասն են, կոպտությունն անթույլատրելի է; քաղաքական գործիչները` կոպիտ գործիք են, որը կարելի է անդադար մաշեցնել ու չափսոսալ։
Արդյունքում, «Օպենհեյմերը» ֆիլմ է ոչ այնքան Ռոբերտ Օպենհեյմերի, որքան գիտության մասին ընդհանրապես։ Գիտությունն անում է այն, ինչին կոչված է` իմանալ ավելին մեզ շրջապատող աշխարհի մասին, ու գիտական մտքի արգասիքների համար պատասխանատու է ոչ թե գիտությունն ու գիտնականն, այլ դրանք կիրառող քաղաքական գործիչները. սա է Նոլանի գլխավոր նարրատիվը։ Նոլանը մարդ արարածին միաժամանակ բարձրացնում է գրեթե աստվածության մակարդակի, ու իջեցնում Տարտարոսի ամենամութ խորքերը։ Պրոմեթևսը տիտան էր, բայց իր կրակի սպառողները պետք է դառնային սովորական մարդիկ` իրենց թուլություններով, ցանկություններով, շահերով. ճիշտ ընտրություն կատարելը, թե ում է պետք վստահել կրակը, տիտանի որոշելիքը չէր։ Մարդիկ իրենք պետք է նման որոշում կայացնեն։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
«ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ»
Ռոն Հովարդի ֆիլմի օրիգինալ անվանումն է A Beautiful Mind (2001), որի հայերեն ուղիղ թարգմանությունը այնքան էլ բարեհունչ չէ։ Բացի այդ, «Բանականության խաղերը» բավականին դիպուկ արտահայտում է ֆիլմի էությունը։ Հանճարեղ մաթեմատիկոս Ջոն Նեշի մոտ հալյուցինացիաներով ուղեկցվող պարանոիդալ շիզոֆրենիա էր, որը խիստ համոզիչ կերպով ցույց է տրված Հովարդի ֆիլմում։
Նեշի (Ռասել Քրոու) գիտակցությունը ստեղծում էր մարդկանց, կառուցում նրանց մտքերը, այն, ինչ նրանք խոսում էին ու անում, ու այդ հորինված մարդիկ ապրում էին Նեշի հետ նրա ամբողջ կյանքի ընթացքում։ Նման գիտակցություն ունենալն ատրակցիոն չէ, ոչ էլ զվարճանք, դա տանջանք է, սոցիալիզացվելու հետ կապված բազմաթիվ բարդություններով, ու Նեշի դեպքում նրա լավագույն աջակիցն իր կինն էր` Ալիսիա Նեշը (Ջենիֆեր Քոնելի)։ Ցավոք, 2015-ին ամուսինները զոհվեցին ավտովթարի հետևանքով, սակայն ֆիլմի շնորհիվ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու մեծ գիտնականի գիտակցության ամբողջ գեղեցկությունը։
Հովարդը Նեշի պատմությունը սկսում է անշտապ, մոտալուտ աղետն ու գիտակցության կոլապսը խնամքով թաքցնելով։ Փրինսթոնյան ինտելեկտուալ միջավայրում քիչ շփվող ու տարօրինակ երիտասարդի սոցիալիզացման միակ եղանակը մաթեմատիկական հետազոտություններն են ու, ինչպես կպարզվի հետագայում, իր գիտակցության կառուցած կերպարները։ Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ինքնամփոփ հանճարը հանդիպում է Ալիսիային. ինչ-որ պահի ռեժիսորը կարողանում է այնպես ձևակերպել պատմությունը, որ իրականության ու հալյուցինացիաների միջև սահմանը սկսում է ջնջվել։ Ու անսպասելի հարվածը հասնում է հանդիսատեսին այն ժամանակ, երբ վերջինս պատրաստ է ծանոթանալ դավադրությունների տեսության շուրջ հերթական պատմությանը. ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է։
Նրանք, ովքեր լսել են նեյրոֆիզիոլոգ Ռոբերտ Սապոլսկու դասախոսությունները կամ կարդացել են գրքերը, գիտեն, թե որքան բարդ ու ծանր հիվանդություն է պարանոիդալ շիզոֆրենիան։ Հովարդը փորձում է մտնել նման վիճակում գտնվող մարդու գիտակցության մեջ, պատկերել ամբողջ այն սուբյեկտիվ սարսափն ու ողբերգությունը, որ ապրում է այդ մարդը։ Միաժամանակ, Ջոն Նեշը հիանալի օրինակ է նրա, թե որքան ուժեղ կարող է լինել մարդը. ինչպես էր նա սովորել ապրել իր ուրվականների հետ, շարունակել հետազոտական աշխատանքները, ստացել Նոբելյան մրցանակ ու աշխարհին տվել խաղերի տեսության փառահեղ բացահայտումներ, որոնք լայնորեն կիրառվում են նաև այսօր։
«ԻՄԻՏԱՑԻԱՅԻ ԽԱՂԸ»
Բազմաթիվ հանճարեղ գիտնականներ, ում մտքի ուժը առաջ է տարել համաշխարհային գիտությունը, ունեցել են խիստ ողբերգական կենսագրություն։ Նրանցից մեկն էր մաթեմատիկոս, կրիպտոգրաֆ, ինֆորմատիկայի հայր Ալան Թյուրինգը։ Նրա գիտական աշխատանքները կառուցեցին այն հիմքը, որի վրա գոյություն ունեն ժամանակակից հաշվողական համակարգերը, այդ թվում` արհեստական բանականությունը։ 1936թ-ին գիտնականի առաջարկած Թյուրինգի մեքենա աբստրակտ հաշվողական համակարգը ընդհանուր կիրառության համակարգչի առաջին մոդելն էր, որը թույլ տվեց ֆորմանացնել ալգորիթմի հասկացությունը ու կիրառվում է մինչ օրս։ Սակայն աշխարհը չգնահատեց իր հանճարեղ զավակին, իսկ նրա ահռելի ներդրումը ժամանակակից քաղաքակրթության կայացման գործում գնահատվեց միայն գիտնականի անժամանակ մահվանից հետո։
Մորտեն Թիլդումի «Իմիտացիայի խաղը» (The Imitation Game, 2014) ֆիլմը հիմնականում կենտրոնացած է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին գերմանական «Էնիգմա» մեքենայի հաղորդագրությունների գաղտնազերծման փորձերի վրա, որում առանցքային դեր է խաղացել Ալան Թյուրինգը (Բենեդիկտ Կամբերբեչ)։ Այստեղ էլ ֆիլմն ի ցույց է դնում գիտնականի ոչ ստանդարտ մտածելակերպը ու կարծրատիպերը կոտրելու ձգտումը. «Էնիգմայի» հաղորդագրությունները կոտրելը մարդու համար անհնար է, սակայն մեքենայի դեմ կարելի է պայքարել մեկ այլ մեքենայով։ Թյուրինգի կառուցած «Քրիստոֆերի» միջոցով ստացված գաղտնի տեղեկությունները թույլ տվեցին երկու տարի շուտ ավարտել պատերազմն ու խնայել միլիոնավոր կյանքեր։
Բայց Բրիտանիան բառի բուն իմաստով տրորեց իր զավակին։ Պատերազմից հետո Թյուրինգին մեղադրեցին միասեռական լինելու մեջ ու դրեցին ընտրության առաջ. կամ բանտ նստել, կամ ենթարկվել քիմիական ամորձատման։ Դեղամիջոցները ընդունելուց հետո մեծ գիտնականի հոգեկան վիճակը խախտվում է, ու 1954թ-ին` 41 տարեկան հասակում, նա ինքնասպանություն է գործում։
Թիլդումի ֆիլմը, ինչպես «Օպենհեյմերը», հակադրում է հզոր ինտելեկտը, որի առաջ ոչ մի սահմաններ չկան, ճղճիմ ու ցածր մարդկային ստերեոտիպներին կամ քաղաքական խարդավանքներին, հերթական անգամ ցույց տալով. դեռ Ջորդանո Բրունոյի օրինակից գիտենք, որ մտքի լույսը կարող է կուրացրել խավարում խարխափելուն սովորած մարդկանց։ Բայց դա ոչ մի դեպքում չպետք է ստիպի մարել այդ լույսը։ Ճիշտ հակառակը, այն պետք է մշտապես ու հարատև ավելի վառ լինի։
«ԱՄԵՆ ԻՆՉԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
Անձնական ողբերգությունը չի կարող կոտրել գիտնականի ձգտումը` ավելի խորը ճանաչելու Բնությունը։ Միայն մաքուր մտքի, երևակայության առկայությունը բավարար է Տիեզերքի ցանկացած կետ թռչելու, ահռելի տիեզերական մասշտաբներն ու երևույթները տեսնելու համար։ Սթիվեն Հոքինգը այն բացառիկ գիտնականներից էր, ում ծանր հիվանդությունը ու սայլակին գամված լինելը ոչ մի կերպ չխոչընդոտեցին իր բնական հետաքրքրությունը բավարարելու ձգտումը։ Հոքինգը եղել է սև խոռոչների իրադարձությունների հորիզոնին շատ մոտ, տեսել է, թե ինչպես են դրանք աստիճանաբար ճառագայթում ու փոքրանում, նա վկան է մեր Տիեզերքի առաջացման առաջին վայրկյանների ու պատմել է, թե ինչպես այդ էքստրեմալ պայմաններում ժամանակը հանկարծ դադարեց ժամանակ լինել ու վերածվեց տարածական նոր չափումի։ Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, հիվանդություն, երբ մարդու մոտ բացակայում է կամային շարժումներ անելու հնարավորությունը, չզրկեց մեծ գիտնականին երևակայական փառահեղ թռիչքներ անելու հնարավորությունից։
Ջեյմս Մարշի «Ամեն ինչի տեսությունը» (The Theory of Everything, 2014) Հոքինգի նախկին կնոջ` Ջեյնի հայացքն է այդ յուրահատուկ մարդու անցած ուղուն։ Հարաբերականության ընդհանուր տեսության ու քվանտային մեխանիկայի միավորման` այսպես կոչված ամեն ինչի տեսության անհաջող փնտրտուքների հետ միասին, որոնց ընթացքում Հոքինգը (Էդդի Ռեդմեյն), կարծում, կտրվում էր իր մարմնից ու ձուլվում տիեզերական ու մաթեմատիկական անհունին, իրական կյանքում գիտնականին ահռելի մի հրեշի նման հետապնդում էր իր անշեղորեն զարգացող հիվանդությունը։ Դա կարող է կոտրել ցանկացած մարդու, բայց Հոքինգը ցանկացած մարդ չէր. եթե չի ստացվում իրար լիարժեք միացնել երկու ֆունդամենտալ տեսություն, ապա կարելի է դրանք միավորել մոտարկմամբ ու ստանալ խիստ արժեքավոր արդյունքներ։ Եթե չի ստացվում ապրել սովորական մարդու լիարժեք կյանքով, ապա կարելի է ապրել Տիեզերքի գաղտնիքները հեռազոտողի լիարժեք կյանքով, որը շատ առումներով անգամներ ավելի տպավորիչ ու բազմազան է։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
«ԳՈՐԻԼԱՆԵՐԸ ՄՇՈՒՇՈՒՄ. ԴԱՅԱՆ ՖՈՍԻԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Գիտական գործունեությունը, Բնությունը ճանաչելը երբեմն շատ թանկ է արժենում գիտնականի համար։ Իսկական գիտնականը իր արժեքների ու համոզմունքների զոհասեղանին պատրաստ է դնել անգամ սեփական կյանքը։ Վերոնշյալ ֆիլմերը հենց նման նվիրյալների մասին էին, ահա թե ինչու են դրանք արժեքավոր առաջին հերթին։ Դրանք ցույց են տալիս, որ գիտնականը խիզախ ու ուժեղ մարդ է, ով երբեք չի ընկրկում։ Առավել ցայտուն է այս առումով պրիմատոլոգ Դայան Ֆոսիի պատմությունը, ով գրեթե քսան տարի ուսումնասիրում էր լեռնային գորիլաներին Կենտրոնական Աֆրիկայում` միաժամանակ պայքար մղելով որսագողերի դեմ։ 1985թ-ին Ֆոսին անհայտ հանգամանքներում սպանվեց իր հետազոտական ճամբարում, ու սպանության գլխավոր վարկածն այն է, որ դա որսագողերի վրեժն էր։
Մայքլ Էփթեդի «Գորիլաները մշուշում. Դայան Ֆոսիի պատմությունը» (Gorillas in the Mist: The Story of Dian Fossey, 1988) ֆիլմը կենտրոնացած է որսագողության դեմ Ֆոսիի (Սիգուրնի Ուիվեր) աննկուն պայքարի, միաժամանակ` կյանքի ցանկացած դրսևորման նկատմամբ բնագետի անսահման սիրո ու հետաքրքրասիրության վրա։ Սա պատմություն է իսկական գիտնականի ու նվիրյալի, խիզախ կնոջ ու բնագետի մասին։