Կարդալիքներ PAN-ից
Yesterday

«Փոխված» ԴՆԹ-ն, զույգ եղբայրն ու անսահմանությունը. Ինչ է լինում, երբ մարդը 1 տարի Տիեզերքում է ապրում

Երբ խոսքը Տիեզերքի մասին է, երբեմն ռոմանտիզացնում ենք անսահմանության ու անհասանելիության մասին մտքերը։ Բայց իրականությունն ավելի շատ նման է երկարատև փորձության։ Սքոթ Քելլին այդ փորձությունը բառի բուն իմաստով սեփական մաշկի վրա է զգացել։ Մի ամբողջ տարի նա կարծես լաբորատոր նմուշ էր, փորձադաշտ ու հետազոտական նյութ։ Իսկ մեկ տարի անց Երկիր վերադառնալուց հետո նա բառացիորեն կրկին սովորում էր ապրել ձգողականության պայմաններում։ Այս պատմությունն արդեն հեռավոր 2010-ականների մասին է, բայց դրա մասին գրված նոր գրքի հրատարակումը լավ առիթ էր՝ վերհիշելու ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած թեման։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

2015 թվականի մարտի 27-ին Բայկոնուրից արձակված «Սոյուզ ՏՄԱ-16Մ» տիեզերանավը Սքոթ Քելլիին տարավ ուղեծիր՝ ռուս գործընկեր Միխայիլ Կորնիենկոյի հետ միասին։ Նրանք այնտեղ անցկացրին շուրջ մեկ տարի ու դարձան պատմական ռեկորդակիրներ։ Սա պատվաբեր, բայց նաև ծանր առաքելություն էր. Տիեզերքում մեկ տարի մնալը ոչ մի այլ փորձության նման չէ ու ամեն մարդու բան չէ։ Սա ոչ թե «երկար գործուղում» էր, այլ «մարաթոն», որի հետևանքների մասին Սքոթը հետո պիտի իմանար. Մկանային կորուստ, հոգնածություն, ռադիացիոն խնդիրներ, արյան ծավալի փոփոխություն, նյարդաբանական շեղումներ և այլն։

Քելլին և Կորնիենկոն դարձան ISS-ի մշտական բնակիչներ, իսկ երբ կայանի հրամանատարի վերադարձի ժամանակն էր, Քելլին ստանձնեց հրամանատարությունը։ Հրամանատար դառնալը գուցե «հնչեղ վերնագիր» թվա, բայց իրականում սա նշանակում էր, որ տիեզերակայանը նրա պատասխանատվության ու տիրապետության տակ էր՝ բոլոր իմաստներով։

Քելլին ղեկավարում էր ամենօրյա աշխատանքները, զբաղվում էր գիտափորձերով, փորձում էր փրկել օրինակ բորբոսնած բույսերը, ու, ամենակարևորը, նա իսկապես սեփական մարմնի վրա զգում էր այն ամենը, ինչ գիտնականները միայն մոնիտորների վրա էին տեսնում։

Քելլիի և Կորնիենկոյի արշավախմբի նպատակն էր տվյալներ հավաքել խորը տարածության մեջ երկար մնալու մարդու օրգանիզմի արձագանքի մասին։ Այս առաքելության հիմնական տարբերությունը ավելի վաղներից ՄՏԿ-ում նոր գործիքակազմի առկայությունն էր, որն արձանագրում էր տիեզերագնացների ֆիզիոլոգիական վիճակը։

Twins Study-ի ամբողջ իմաստը հենց սա էր՝ հասկանալ, թե ինչ է փոխվում մարդու մոտ, երբ օրինակ մեկ տարի գտնվում է տիեզերքում։ Ու խոսքն ակնհայտ փոփոխությունների մասին չէր, այլ գիտահետազոտական մակարդակով ուսումնասիրվող ու անզեն աչքով չերևացող փոփոխությունների։ Ու այս ամենի ամենահետաքրքիր դրվագը՝ Սքոթը զույգ եղբայր ունի, որը թեև Երկիր մոլորակում էր մնացել, բայց այս գիտափորձի կարևոր մասնիկ էր համարվում։ Երկու եղբայրների մարմնի ամեն բջիջը գիտնականների ուսումնասիրման նյութ պետք է դառնար։ Այս կերպ  NASA-ն փորձում էր պարզել կարևորագույն հարցի պատասխանը՝  մարդը կարո՞ղ է ապրել տիեզերքում այնքան, որքան Մարս հասնելու համար է պետք։

ԿՈՒՅՐ ԴԱՇՏՈՒՄ

Իրականում այն ամենը, ինչ պիտի կատարվեր, կարելի է ասել, որ կույր դաշտում էր կատարվում։ Տեղի ունեցող երևույթների մի մասն անծանոթ էին ու պետք էր հասկանալ, դա վտանգավո՞ր է, թե՞ նորմա։

Արդյունքները սկսեցին ֆիքսել դեռ այն ժամանակ, երբ Սքոթն ուղեծրում էր։ Բայց նրան սպասվում էր վերադարձ, որն առանձնապես տուն վերադարձի նման չէր լինելու. Ավելի շատ սա սեփական մարմինը նորից ճանաչելու ու դրան «հարմարվելու» ընթացք էր լինելու։

Հետագայում Քելլին խոստովանում էր, որ շատ հազվադեպ տիեզերքը ռոմանտիզացնելու գայթակղությանն իսկապես տրվում էր։

«Կային վայրկյաններ, երբ ամբողջ տիեզերակայանը մի պահ դադարում է աղմկել ու դու պարզապես լողում ես տարածության մեջ։ Այդ պահին իսկապես զգում ես, թե որքան փոքր ես, բայց միաժամանակ որքան մեծ բան ես անում»:

Քելլին իր հուշերում գրում է, որ մեկ տարվա ընթացքում այնպիսի պահեր են եղել, երբ ինքն իրեն բռնացրել է հոգնածությունից հուզվելիս։ Ոչ թե տպավորություններից, այլ հենց հոգնածությունից։

«Ամեն ինչի հետ հարմարվում ես, բացի նրանից, որ մարմինդ չի հասկանում, թե ինչո՞ւ արդեն ամիսներ շարունակ հատակ չկա»։

Ամեն դեպքում, ISS-ում օրերը նման էին իրար՝ նույն փորձերը, նույն ֆիզիկական վարժությունները, նույն սնունդը, նույն աշխատանքը։ Բայց այդ ամենի հետևում հստակ նպատակ կար ու Սքոթ Քելլին այդ շղթայի առանցքային օղակն էր։

ՎԵՐԱԴԱՐՁԻՑ ՀԵՏՈ

Առաքելության տևողությունը կազմեց 340 օր 8 ժամ 42 րոպե 30 վայրկյան։ Սքոթ Քելլին դարձավ առաջին ամերիկացին, ով 12 ամիս անընդմեջ ապրում էր ուղեծրում։ Նա սահմանել է միանգամից երկու ԱՄՆ ազգային ռեկորդ՝ 340 օր մեկ թռիչքի համար և ընդհանուր թռիչք (4 թռիչքի համար) 520 օր 10 ժամ 31 րոպե 55 վայրկյան։

Իրականում Twins Study-ն իսկապես պատմական նախագիծ էր։ Գիտնականների բազմաթիվ խմբերով հետևում էին Սքոթի ֆիզիկական տվյալներին։ Զույգ եղբոր հետ համեմատության արդյունքում հետազոտությունների նախնական փուլում հստակ էր, որ ֆիքսվում էին գենետիկ ակտիվության փոփոխություններ։ Գենը կամ ԴՆԹ-ն ինքն իրենով չէր «փոխվում»՝ այսինքն՝ չէր վերածվում մեկ այլ բանի, բայց դրա գործարկման մեխանիզմները փոխվում էին։

Իհարկե, սենսացիոն վերնագրեր սիրող մամուլը միանգամից գրեց, թե Քելլիի ԴՆԹ-ն «փոփոխվել է», կամ, ասենք, «ֆուտուրիստական մուտացիաներ են սկսվել»։ NASA-ն ստիպված էր բացատրել, որ ոչ, ոչ մեկը տիեզերքի շնորհիվ X-Men չի դարձել։

Բայց եթե անկեղծ խոսենք, ապա իրականությունն ավելի հետաքրքիր էր, քան այդ հորինված սենսացիաները։ Մարմինն իսկապես բարդ ու խորքային փոփոխությունների էր ենթարկվել ու դրանք իսկապես կապված էին տիեզերական միջավայրի հետ՝ ճառագայթում, միկրոգրավիտացիա, մեկուսացում, քնի ռեժիմի խախտում։ Իսկ ամենազարմանալին այն էր, որ Քելլիի օրգանիզմում քրոմոսոմների ծայրերում գտնվող թելոմերները, որոնք սովորաբար տարիքի կամ սթրեսի պատճառով կարճանում են, երկարացել էին։

Սքոթի վերադարձից հետո սկսվեց պատմության երկրորդ մասը ու սա պակաս բարդ ու ծանր չէր այն ամենից, ինչ տիեզերագնացը մեկ տարի ստիպված էր զգալ ու ապրել տիեզերակայանում։ Նրա մարմինը վայրէջքի առաջին րոպեից ազդանշաններ էր ուղարկում՝ այտուցներ, ցավ, թուլություն, գլխապտույտ, մաշկի գերզգայունություն։ Երբ փորձում էր կանգնել՝ ոտքերն ընդհանրապես «չէին հասկանում», թե ինչ պետք է անեին։ Անգամ ամենապարզ շապիկ հագնելը բարդ մարտահրավեր էր։

«Տիեզերքում ամբողջ տարի ոչինչ չէր դիպչել իմ մաշկին ու Երկրում անգամ ամենաթեթև շապիկն այրում էր մաշկս»։

Վերականգնումն ամիսներ տևեց։ Այդ ամիսների ընթացքում Սքոթը ջանում էր նորից «մտնել» այն մարմնի մեջ, որը ժամանակավորապես իրեն օտար էր դարձել։

Ի՞ՆՉ ՍՏԱՑՎԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Գիտնականները՝ Նյու Յորքի լաբորատորիաներից մինչև Հյուսիսային Կարոլինայի համալսարաններ, Քելլիի օրգանիզմից ստացած յուրաքանչյուր տվյալ ու ազդանշան ուսումնասիրում էին մեծ հետաքրքրությամբ։ Երբ արյան հերթական նմուշն էին ստանում, թիմը բառացիորեն շրջապատում էր վերլուծական էկրանները ու սպասում հերթական շոկային ափդեյթին։

2027-ի դեկտեմբերին օրինակ, երբ լաբորատորիայում արդեն պատրաստվում էին ամանորյա հանգստին, հավաքված գիտնականները պարզապես քարացան մոնիտորների դիմաց։ Ցուցիչներն այնքան բարձր էին, որ անգամ  ավանդական բժշկական գրականության մեջ նման դեպքեր հազվադեպ էին հանդիպում։ Ստացվում էր, որ տիեզերքից վերադարձած մարդու մարմինը կարող էր արձանագրել այնպիսի բորբոքային գործընթացներ, որոնք հիմնականում հանդիպում էին օրինակ արյան վարակում ունեցող մարդկանց մոտ։

Նախնական շրջանի այս ծանր ու շոկային ամիսներից անցան ամիսներ և NASA-ի հետազոտական թիմերը հայտնում էին, որ Սքոթի մարմնի փոփոխությունների մեծ մասը կարգավորվել ու «վերադարձել է նորմային» շուրջ վեց ամսվա ընթացքում։ Բայց ոչ բոլորը։ Երկարաժամկետ փոփոխությունները կապված էին տեսողության շեղումների, որոշ ռադիացիոն վնասվածքների, հյուսվածքային թուլացումների հետ։ Փոփոխությունների մի մասը կայուն և դանդաղ էին ընթանում։

Ամեն դեպքում Twins Study-ն պետք է պատասխաներ մի կարևոր հարցի ևս՝ կարո՞ղ ենք երբևէ մարդուն ուղարկել Մարս։ Հստակ էր, որ մարդը կարող է երկար ապրել տիեզերքում, պարզապես տիեզերքը միշտ բարձր «գին» է պահանջում։

Իր հուշերում Քելլին հաճախ է ասում, որ տիեզերքում ապրելը միանշանակ արտասովոր փորձառություն է, բայց երբ ամիսներ ես անցկացնում այնտեղ, անգամ ամենաարտասովորը միապաղաղ ու առօրյա է դառնում։ Դե, գաղտնիք չէ, որ մարդը կարող է հարմարվել գրեթե ամեն ինչի, ու փորձը ցույց տվեց, որ անգամ՝ մեկ ամբողջ տարի տիեզերքում ապրելուն։


✍️ Նանե Մանուկյան / PAN