Ինչպես Կարավաջոն դարձավ իր ամենաէժան մոդելը կամ ինչի հանգեցրեց Ֆրիդայի բաժանումը․ Հայտնի ինքնանկարների մյուս երեսը
Ինչպես հիվանդանոցում գտնվող ու բնորդի փող չունեցող Կարավաջոն ինքն իրեն նկարեց, ու ինչու են սա մարքեթինգային քայլ համարում, ինչպես Ֆրիդա Կալոյի բաժանումը սիմվոլիզմով «խեղդված» ինքնանկարի պատճառ դարձավ և ինչու է այսպես ազդեցիկ Գյուստավ Կուրբեի զարմանքը։
PAN-ն այս անգամ ինքնանկարներին մասին է պատմում՝ չներառելով ծխող Վան Գոգին, Դյուրերին, առանց ամենահայտնի ցանկի։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒ ՀԻՎԱՆԴ ԲԱՔՈՍԸ՝ ԿԱՐԱՎԱՋՈՅԻ ԴԵՄՔՈՎ ՈՒ ՎՐՁՆՈՎ
1593-94 թվականներին իտալական բարոկկոյի նշանավոր դեմքերից մեկը՝ Կարավաջոն, ասում են, փող չունենալու և բնորդին վճարել չկարողանալու պատճառով, սեփական ինքնանկարն արեց՝ որպես աստված (ըստ տվյալի՝ կտավը Բաքոսի անունով է վերնագրվել ավելի ուշ)։
Երիտասարդ, մկանոտ բայց, այնուամենայնիվ, հիվանդ․ այս ինքնանկարում Կարավաջոյի առողջական վիճակի մասին տարբեր վարկածներ կան, կտավն արվել է, երբ նա ապաքինվում էր հիվանությունից (նա մոտ 6 ամիս հիվանդանոցում է անցկացրել), իսկ թե ինչ հիվանդությունից՝ տվյալները տատանվում են՝ մալարիայից մինչև ձիու հարված։
2009-ին այս ինքնանկարի հիվանդության նոր դիագնոզ տրվեց ամերիկյան բժշկական ամսագրերից մեկում․ հնարավոր է նաև Կարավաջոն լյարդի խնդիր ուներ։
Նկարը Կարավաջոն հայելու միջոցով է արել։ Կարծիք կա նաև, թե այս ինքնանկարը «վաղ մարքեթինգային» քայլ էր․ Կարավաջոն ցանկացել է այդպիսով ցույց տալ, որ կարող է նատյուրմորտ ու դիմանկար անել։
1607-ին Հռոմի պապն առգրավում է այս ինքնակնարը Ջուզեպե Սեզարի (Giuseppe Cesari) արվեստանոցից վերջինիս պարտքերի պատճառով ու փոխանցում իր զարմիկի հավաքածուին։
Նկարը չունի անգամ Կարավաջոյի ստորագրությունը, հենց դա է պատճառը, որ այն տարբեր ժամանակներում նաև ուրիշներին է վերագրվել։ 1927-ին այս հարցը, կարծես, վերջնականապես փակվեց․ արվեստի պատմաբանների մեծ մասը կրկին նկարն իսկական Կարավաջո է համարում։
«Բաքոս» (իտ.՝ Bacco) անունով, ու արդեն դիցաբանական հերոսին նկատի ունենալով ևս մեկ նկար ունի Կարավաջոն։ Այն ևս թվագրվում է 1593-ից 1597-ին։ Խաղողագործության ու գինեգործության աստվածն այս կտավում խաղողի թփերից պսակով է, գինու ու գինովնալու ամբողջ պատրաստության մեջ և աստվածային դրությամբ՝ ի հակադրություն հիվանդ Բաքոսի։
ԻՆՔՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԱՍՏՎԱԾՈՒՀԻՆ. ՖՐԻԴԱ ԿԱԼՈՅԻ «ՓՇՈՏ ՎԻԶԱ» ԵՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
«Ես ինքնանկարներ եմ անում, որովհետև հաճախ եմ միայնակ լինում ու ինձ ամենալավն եմ ճանաչում»,- ասում էր 20-րդ դարի ու համաշխարհային կերպարվեստի ամենահայտնի կանանցից մեկը՝ Ֆրիդա Կալոն։
Կալոյի տասնյակ ինքնադիմանկարների կողքին՝ «Ինքնադիմանկար փշե վզնոցով և կալիբրիով» կտավն առանձնահատուկ ու ցավոտ է՝ սիմվոլիզմի և մոդեռնի համադրությամբ, անձնական բոլոր ողբերգությունների ֆոնին։
Կալոյի վիզը ծակող փուշն ու այդ փշից կախված սև կալիբրին, մազերի մեջ «ապրող» թիթեռները, կապիկն ու սև կատուն, նկարչուհու անտարբեր հայացքը մի մեծ պատմություն են նրա ամուսնալուծության մասին։
Կալոն համարում էր, որ իր կյաքում երկու տրավմա է ունեցել՝ մեկն ավտովթարից, մյուսը՝ ամուսինը՝ Դիեգոն էր։ Ֆրիդայի կյանքի ամենամեծ սերը, որը, ի դեպ, կնոջից 22 տարի մեծ էր, այս ինքնադիմանկարում կապիկով է արտահայտվում։ Պատմություն կա այն մասին, որ Դիեգոն Ֆրիդային կապիկ է նվիրել․ այս կտավում կապիկը հղում է ամուսնուն։
Ընդհանրապես, այստեղ արժե հիշել, որ Ֆրիդան ու Դիեգո Ռիվերան բուռն արտամուսնական կապերով էին աչքի ընկնում։
Ասում են՝ մեքսիակական մշակույթում կապիկը սատանայական սիմվոլ է, նախկին ամուսնուն նա հենց այդպես է պատկերել, իսկ իր գլխավերևում թիթեռներ են՝ խորհրդանշելով երջանկությունը, որ միշտ ցանկացել է։
Ֆրդայի այս ինքնանկարի սիմվոլիզմը հաճախ քրիստոնեական երանգ էլ է ստանում․ թռչնի կեցվածքը համեմատվում է խաչված Քրիստոսի հետ։
Այս ինքնանկարի մասին գրում են՝ «աշխարհի ամենափոքր նկարներից է, որն այսքան մեծ ուշադրության է արժանացել», 40x60-ի վրա այս կտավը նկարվել է 1940-ին․ Ֆրիդան այդ ժամանակ արդեն 35 առանձին վիրահատություն էր տարել 18 տարեկանում վթարի ենթարկվելուց հետո, բաժանվել էր ամուսնուց ու ցավի և դժգունության այս «սիմֆոնիան» հաճախ հենց նրա անձնական դժբախտությունների հետ է ասոցացվում ու կապվում։
ԳՅՈՒՍՏԱՎ ԿՈՒՐԲԵ․ «19-ՐԴ ԴԱՐԻ ՄԻՔ ՋԱԳԵՐԸ»
Ֆրանսիական ռեալիզմի «ոսկե ձեռքերից» մեկը՝ Գյուստավ Կուրբեն, որ 19-րդ դարի ամենասկանդալային, մարդակենտրոն և նյութական վրձիններից մեկն ուներ և պատկերում էր կյանքն իր ամենաիսկական, բնական, սովորական վիճակով, նաև ինքնանկարների վարպետ էր։
Հակադրվելով ընդունված կարգին, շրջապատին ու միջավայրը նկարելուց զատ արտիստը նաև իրեն է ինքնանկարել․ ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում 24 անգամ։
Բայց մինչ ինքնանկարները, նախ, Կուրբեն հիանում էր Կարավաջոյով, Ռուբենսով, Ռեմբրանդտով, Տիցիանով, նրանց աշխատանքները կրկնելով ձեռք բացում՝ բացելով նաև ռեալիզմի մի նոր դուռ՝ 19-րդ դարի ֆրանսիական կերպարվեստում։
Ակադեմիական կերպարվեստում Կուրբեի դարում պահանջում էին մասշտաբային կտավներում պատկերել դիցաբանական, պատմական, բիբլիական թեմաներ։ Նկարիչը, սակայն, անտեսում էր դա ու վրձնում իր աչքի տեսածը, ասենք՝ հարազատ գյուղից տեսարաններ․ Կուրբեն հավատում էր՝ իր ժամանակի Ֆրանսիան արժանի էր նման «մեծ ֆորմատի»։ Ակադեմիական միջավայրում այդպես չէին կարծում․ Կուրբեի նկարածը ցածր ու սովորական համարողներ կային։
Կուրբեն սիրում էր պրովոկացիայի ենթարկել լսարանը՝ հատելով արվեստի «ընդունված չափավորության սահմանը»․ 1856-ին նա նկարել էր «Աղջիկները Սենայի ափին», ապա՝ «Թութակով կինը», Le Retour de la conférence-ը, որտեղ նա հարբած հոգևորականների է պատկերում, հետո անցել «Աշխարհի սկզբին», որը շոկային էր ոչ միայն նկարչի կենդանության օրոք, այլև դրանից հետո։ 1866-ին նկարված «Աշխարհի սկիզբը» լայն հանրության համար ցուցադրվել է միայն 20-րդ դարավերջում։ Կուրբեն իր ժամանակի անսանձ ու ազատ հոգիներից էր։
Եվ, բարեբախտաբար, այսքան նյութական, այսպես ռեալիստիկ ու քննադատված Կուրբեն մեզ չի զրկել իր դեմքը տեսնելուց և արել է դա մի քանի անգամ․ «Ինքնանկար սև շան հետ» (1842 թ․), ու ինչու ոչ՝ «Բարև, պարոն Կուրբե» (1854թ․), «Հուսահատ մարդը» նկարչի ամենահայտնի ինքնանկարներից են։
Նկարից դուրս պրծնող ու դեպի դիտողը վազող «Հուսահատ մարդը» (The Desperate Man), նկարչի ամենաճանաչված ինքնանկարներից է՝ արված 1843-45 թվականներին, այն ինչ-որ իմաստով նաև ստեղծագործական ինքնակենսագրական է համարվում։
Այս հանրահայտ կտավը մնաց նկարչի արվեստանոցում մինչև նրա մահը։
24-ամյա Կուրբեն այստեղ ակնհայտորեն ռոմանտիկ նկարիչ է՝ 20 տարի հետոյի Կուրբեին հակադրվող, իր ճանաչման համար պայքարող։
Հախուռն ու փոթորկուն այս կտավը հաճախ են Կուրբեի երիտասարդական ամբիցիաների ու նրա տեղը գտնելու մեծագույն ցանկության հետ ասոցացնում։ Կտավում Կուրբեի կերպարն ինչ-որ բան հասկացած, մի բան բացահայտած մարդու տեսք ունի։
Իրավաբանական կրթության համար Փարիզ տեղափոխված ու այդպես էլ իրավաբան չդարձած Կուրբեն այս նկարն առաջարկում էր դիտել որպես իր ապրած կյանքի բառացի արտահայում։
Քննադատներից շատերն առաջարկում են այս նկարը դիտել որպես ռոմանտիզմը բացահայտած ու հետոն տեսնել ուզող նկարչի կտավ՝ մարդու, ով բացահայտման զարմանքի ու արարելու մղման մեջ է գուցե։
Ասում են՝ կարիերայի սկզբում մի քանի ինքնանկար անելով, նա հավակնոտ կերպով, հավանաբար, փորձում է մնալ պատմության մեջ և համեստ կերպարով՝ «բայրոնյան սրտակեր» ներկայանում: Հենց այս կերպարներն ու ինքնանկարներն են նաև պատճառը նրան «20-րդ դարի Միք Ջագեր» կոչելու։
1877-ին Կուրբեն մահացավ լյարդի ցիռոզից,՝իր նկարներից բացի թողնելով նաև ապրած կյանքը նկարագրող երկտող․
«Երբ մեռնեմ, ասեք՝ նա երբեք չպատկանեց նկարչության որևէ դպրոցի,որևէ եկեղեցու, որևէ ակադեմիայի, ու կողմնակից չեղավ քաղաքական ոչ մի շարժման՝ բացառությամբ ազատության շարժումը»։