#cinéPAN
December 2, 2024

Օլորվել-մոլորվել են. Սերիալներ, որոնք խճճվում են սեփական միֆոլոգիայում  

Բոլորն են սիրում կայուն, հստակ սյուժետային ընթացքով ու կոնսիստենտ պատմություններ, հատկապես, երբ խոսքը սերիալների մասին է, որոնց` տարիներով միմյանցից բաժանված սեզոններում ցանկացած անկանոն քայլ կարող է վնասել հանդիսատեսի ուշադրությանը։ Սակայն երբեմն սերիալ ստեղծողները որոշում են այնքան ոչ գծային լինել ու ընթացքում այնքան սյուժետային շրջադարձներ ու սցենարային wow-էֆեկտներ են լցնում (մեծամասամբ` էպիզոդների միջև տպավորիչ cliffhanger-ների համար), որ իրենք են խճճվում իրենց իսկ ստեղծած թնջուկում։

PAN-ը պատմում է մի քանի նման սերիալի մասին։

90-ականների սկզբի երեխաների համար ամենատպավորիչ ընթերցանության փորձերից մեկը Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզին» էր։ Սայրուս Սմիթի ու իր ուղեկիցների արկածները անմարդաբնակ կղզում, այդ տարօրինակ վայրի թաքցրած գաղտնիքների աստիճանաբար բացահայտումն ու մարտահրավերներին դիմակայելը ոգևորում ու հիացնում էին, ու շատերը նորից ու նորից վերընթերցում էին գիրքը։ Հռչակավոր «Կորուսյալները» (Lost) սերիալի առաջին սեզոնի դիտումն առաջացնում է հենց վաղուց մոռացված այդ զգացումները։ Ռոբինզոնիադաների նկատմամբ թուլություն ունեցողների համար այստեղ ոչ թե սովորական գոյատևման պատմություն է, այլ խիստ տաղանդավոր Դեյմոն Լինդելոֆի գրչի տակից դուրս եկած զարմանալի, անդադար անակնկալներ մատուցող, հանդիսատեսի համար ծուղակներ պատրաստող, սիմվոլիզմով ու հղումներով հագեցած սյուռեալիստիկ թրիփ, որից անհնար է կտրվել։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Սա ունիկալ պատմություն է ոչ միայն իր անորոշություններով ու գաղտնիքներով, այլև կերպարների աստիճանաբար կառուցման վարպետությամբ, դրամատուրգիական հնարքներով, որոնք անընդհատ պահում են հանդիսատեսի ուշադրությունն ու ստիպում վարկածներ առաջարկել։ Բայց, ամենակարևորը, «Կորուսյալները» Պանդորայի արկղ է. մի անգամ բացեցիր, վերջ, արդեն ունես քո «Կորուսյալները»։ Արդեն ունես քո սեփական վարկածները, իրադարձությունների սեփական բացատրությունը, պատմության սեփական ինտերպրետացիան, արա դրա հետ ինչ ուզում ես։

Սերիալի մուտքային սյուժեն հայտնի է անգամ նրանց, ովքեր երբեք այն չեն նայել։ Ուղևորատար ինքնաթիռի վթարից հետո ողջ մնացած ուղևորները հայտնվում են անմարդաբնակ կղզում։ Իսկ կղզին այդ սովորական չէ։ Այն այնքան տարօրինակ է, որ ստիպելու է հեղինակներին սեզոնից սեզոն նոր գաղտնիքներ ավելացնել` աստիճանաբար խճճվելով իրենց իսկ հյուսած սարդոստայնում։ Բայց դա տեղի կունենա ավելի ուշ սեզոններում։ Օրինակ, երկրորդը արդեն զգալիորեն տարբերվում է առաջինից։ Եթե առաջին սեզոնն ուղղակի օրիջին էր, որն ընդհանուր գույներով պատմում է, որ խոսքը խիստ տարօրինակ վայրի ու իրադարձությունների մասին է, ու ներկայացնում է գլխավոր հերոսներին, ապա երկրորդն էլ ավելի է խորանում:

Նախ, հերոսները բացահայտվում են լրիվ նոր կողմերից. խոսքը ոչ միայն իրենց բեքգրաունդի ու պահարանում պահվող նոր կմախքների մասին է, այլև հենց կղզում իրենց վարքագծի: Այստեղ կտեսնեք մարդկային հարաբերությունների ու էմոցիաների ամբողջ սպեկտրը՝ սեր, վրեժ, դավաճանություն, ընկերություն և այլն: Մի ամբողջ էպիզոդ նվիրված է անգամ սոլիպսիստական աշխարհայացքին, ու, թվում է, որ դա հենց այն է, ինչ լավագույնս կբացատրի տեղի ունեցողը:  Հաջորդը, բնականաբար, հենց կղզին է: Եթե առաջին սեզոնում դա ուղղակի տարօրինակ վայր է, ապա երկրորդում դա շատ տարօրինակ վայր է, ու հեղինակները ամեն անգամ այն ավելի ու ավելի տարօրինակ են դարձնելու: Մարդկանց հետ փոխազդեցությամբ կրկին բացահայտվում են զուտ մարդկային գիտակցական արտեֆակտներ. կույր հավատք, նույնքան կույր ռացիոնալիզմ, աշխարհայացքների բախում:

Սակայն երրորդ սեզոնից սերիալի թափը կտրուկ կոտրվում է։ Խորհրդավոր իրադարձությունների փոխարեն, այստեղ մեծամասամբ կղզիաբնակ երկու խմբերի միջև կոնֆլիկտն է, դրան գումարած` տվայտանքները սիրային եռանկյունու-քառակուսու շրջանակներում։ Իհարկե, լուսավոր պահեր նույնպես կան. Դեսմոնդի էպիզոդն անցյալ գնալու մասին, ադամանդների թեմայով դետեկտիվ պատմությունն ու, իհարկե, հիանալի ֆինալը, երբ ֆլեշբեքերը փոխարինվում են ֆլեշֆորվարդներով։ Չորրորդ սեզոնը փորձում է կրկին վերականգնել «Կորուսյալների» նախկին շքեղությունը, ու հենց այստեղ նկատելի է դառնում, որ հեղինակները վերջնական խճճվել են իրենց հյուսած սարդոստայնում։ Ներմուծվում է լրիվ նոր իրավիճակ` նոր մարտահրավերներով, ու գիտաֆանտաստիկ մասն էլ ավելի ակնառու է դառնում. ժամանակային ճամփորդություններ ու պարադոքսները գործի միայն մի մասն են։ Սակայն Լինդելոֆի տաղանդն ու վարպետությունը երևում են հենց այնտեղ, որտեղ նա հայտնվում է առավել բարդ իրադրության մեջ ու փորձում ելքի ուղիներ գտնել. խոսքը հինգերորդ սեզոնի մասին է, երբ հեղինակները ամեն ինչ անում են իրենց ստեղծած թնջուկը քանդելու համար։ Նրանք ինչպես կարող են, փորձում են հսկա, գրեթե պատահական դրամատուգիական կոնստրուկտի կտորները միմյանց կարել, որպեսզի ընդհանուր մի բան ստացվի, ու ավելի շատ ստացվում է, քան ոչ։ Ու հասկանալի է դառնում, թե ինչու է սերիալի ֆանբազան այդքան մեծ ու այդքան հավատարիմ. որովհետև ցանկացած սցենարային լուծում կարող ես մեկնաբանել բազում տարբեր ձևերով։ «Կորուսյալները» ուղղակի սերիալ չի։ «Կորուսյալները» մինչև հիմա իր կյանքով ապրող առանձին աշխարհ է։

Ու եզրափակիչ վեցերորդ սեզոնից արդեն կարող է տպավորություն չլինել, որ հեղինակները ինչ-որ պահի չեն իմացել, ինչպես շարունակել սերիալն ու զբաղվել են ինքնագործունեությամբ։ Ու հենց վեցերորդ սեզոնն է ամենաշատ մեկնությունների ու բանավեճերի առարկա։ Սակայն սերիալը դրա մասին չէ։ Սերիալը մարդկանց միջև ամուր կապի մասին է, կապի, որը անհնար է որևիցե ձևով կտրել։ Ու այս հարցում «Կորուսյալները» իրեն լրիվությամբ արդարացնում է` սկզբից մինչև վերջ` վերջում կադր առ կադր կրկնելով առաջին կադրերը։

Եթե «Կորուսյալների» հեղինակները կարողացան ինչ-որ ձևով իրենց կուտակած սյուժետային քայլերի բեռի տակից դուրս գալ, ապա նրա հոգեզավակի` «Այստեղից» (From) սերիալի ճակատագիրն առայժմ անհայտ է։ Երրորդ սեզոնը ավարտվեց էլ ավելի շատ գաղտնիքների ու տարօրինակությունների կուտակմամբ, իսկ չորրորդ սեզոնը կցուցադրվի միայն 2026-ին։ Այս պահին սերիալում տեղի ունեցողը երկրպագուները արդեն բաժանել են առանձին մասնիկների ու առաջարկել տասնյակ տեսություններ, սակայն վերջին խոսքը, բնականաբար, հեղինակներինն է լինելու։ Եթե հեղինակները գիտեն, ինչ են անում։ Որովհետև երեք սեզոնների տպավորությունն այն է, որ շատ շրջադարձներ ուղղակի հորինվում են տեղում ու անհայտ է, թե ուր են տանելու։ Դա այնքան էլ վատ չի, ու ավելի շատ նման է երազի, ինչը հրաշալի համապատասխանում է սերիալի մթնոլորտին` երազային, իռացիոնալ, տարօրինակ։

Սյուժեի համաձայն, գոյություն ունի անտառներում կորած փոքր բնակավայր, որի սակավաթիվ բնակիչները յուրաքանչյուր գիշեր կենաց ու մահվան կռիվ են տալիս անտառից եկող հրեշների դեմ։ Այդ տարածքից դուրս գալ հնարավոր չի, բնակավայրում հայտնված յուրաքանչյուր ոք դատապարտված է ընդմիշտ այդտեղ մնալու։ Իսկ բնակչության անընդհատ կորուստները համալրվում են պատահաբար այդտեղ հայտնված դժբախտներով։ «Այստեղիցը» դիտման ընթացքում կարողանում է աստիճանաբար թափանցել նաև հանդիսատեսի մաշկի տակ, ու շատ արագ ինքը` հանդիսատեսը հայտնվում է անանուն բնակավայրի մղձավանջային ծուղակում։ Բնակիչները, չնայած ձեռնարկած միջոցներին (հրեշները չեն կարող թափանցել տուն, եթե այն պաշտպանված է հատուկ քարով ու եթե դուռը հրեշների առաջ չբացել), զոհվում են զարմանալի պարբերականությամբ, իսկ հեղինակները անընդհատ նոր գաղտնիքներ են կուտակում։

Սկզբում դրանք տարօրինակ տեսիլքներ են, ապա` խաղեր տարածության ու ժամանակի հետ, ապա` երազներում մարդկանց սպանող չարքեր, ապա... թվարկելն անիմաստ է, որովհետեւ արդեն երրորդ սեզոնի սկզբին հասկանում ես, որ, միգուցե, խորքում թաքնված գաղտնիքը այնքան էլ կարևոր չէ, ինչպես սքանչելի «Մնացորդների» (The Leftovers) դեպքում էր, այլ կարևորը մարդիկ են ու մարդկային հարաբերությունները։ Այս առումով սերիալի հեղինակներն իսկապես հպարտանալու առիթներ ունեն։ Ստեղծելով տարօրինակ միջավայր ու այնտեղ նետելով մարդկանց` հեղինակները ուսումնասիրում են նրանց վարքագիծն ու հարաբերությունները ամենայն մանրամասնությամբ։ Ու այն հատվածները, որոնք շատերը համարում են «ձանձրալի», իրականում այս սերիալի գլխավոր ուժն են. անգամ սովորական երկխոսությունը նման իրավիճակում հայտնված մարդկանց միջև լարված նյարդ է, որը կարող է ցանկացած պահի պոկվել ու բերել հերթական աղետի։ Հենց մարդկային հոգեբանության այն վիճակները, որոնք հնարավոր չէ ուսումնասիրել սովորական պայմաններում, սերիալի հեղինակների համար այն պարարտ հողն են, որի վրա աճում է մարդկային մղձավանջի առատ բերքը։ Ինչ-որ պահից հետո հանդիսատեսը լրիվությամբ ներգրավված է, սպանությունների հետևանքների` խիստ տպավորիչ, անատոմիկ մանրամասնությամբ ցուցադրությունն ինչ-որ պահի այլևս շոկի չի ենթարկում ու դու հասկանում ես, որ ինքդ տարրալուծվել ես այդ տարօրինակ վայրում, իսկ դիտելուց կտրվելն այլևս անհնար է։ Այնպես որ, անգամ անլուծելի ու անպատասխան թնջուկը չի խանգարում լավ սերիալից հաճույք ստանալ, եթե այն մարդկանց ու էմոցիաների մասին է։

Կան սերիալներ, որոնք խճճվում են աստիճանաբար ու աննկատ, բայց ինչ-որ պահի սկսում ես քեզ հարց տալ. ի՞նչ են ծխում հեղինակները։ Օրինակ, Ջեյ Ջեյ Աբրամսի, Ալեքս Կուրցմանի ու Ռոբերտո Օրսիի «Եզր» (Fringe) գիտաֆանտաստիկ սերիալը հենց այդպիսին է։ Համբուրգից Բոստոն ուղևորվող 627 չվերթի օդանավի վայրէջքից հետո պարզվում է, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմը մահացել են անբացատրելի մահով։ Գիտաֆանտաստիկ ոստիկանական պրոցեդուրալը, որի ընթացքում գլխավոր հերոսները հետաքննում են խորհրդավոր ու տարօրինակ իրադարձություններ, այս պահից սկսած թափ է հավաքելու՝ սկզբում անցնելով բիոտեռորիզմի թեմայով, ապա՝ կտրուկ վերածվելով տելեպորտացիայի, զուգահեռ տիեզերքների, ժամանակային ճամփորդությունների մասին էպիկական պատման, որում անվերջ տիեզերքներից բաղկացած քվանտային մուլտիվերսի տիեզերքներից երկուսը մի խելառ գիտնականի քմահաճույքով խճճվել ու կապվել են միմյանց հետ՝ դրա բոլոր աղետալի հետևանքներով։

Չնայած բազում խնդիրներին ու ակնհայտ հիմարություններին, ավելի շատ պսևդո-գիտականությանը, քան գիտականությանը, չնայած նրան, որ ինչ-որ պահի ակնհայտ է դառնում, որ հեղինակներն իրենք չգիտեն, որ ուղղությամբ շարժվել, սերիալից կտրվել անհնար է։ Այո, սա նման է լեգենդար «Գաղտնի նյութերին» (The X-Files), բայց տարբերություններն ավելի շատ են։ «Եզրը» սկսվում է, որպես կիսահորիզոնական պրոցեդուրալ, սակայն սեզոնների ընթացքում կենտրոնական միֆոլոգիան ավելի ու ավելի կարևոր է դառնում, իսկ էպիզոդների սյուժեներն, այս կամ այն կերպ, կապված են լինում հենց կենտրոնական միֆոլոգիայի հետ. իսկ վերջին սեզոնում ուղղահայացությունից հետք անգամ չի մնում։

«Եզրը» քաղաքային լեգենդներն ու միֆերը փորձում է գիտականացնել կամ գիտական լինելու տպավորություն ստեղծել, ու դրա համար անհրաժեշտ է արժանին մատուցել հեղինակներին։ Երբեմն անում է դա անփույթ, ծայրահեղ միամիտ ձևով, սակայն ընդհանուր տպավորությունն այդ փաստը չի փչացնում։ Ինչը սերիալում առանձնահատուկ է, բացի բազում գիքային հղումները, էպիզոդներում թաքնված գաղտնիքներն ու ունիկալ 19-րդ էպիզոդներն ամեն սեզոնում, դա կերպարներն են։ Ծավալուն, հասկանալի, ընկալելի, սեփական հարուստ բեքգրաունդով, հարազատ դարձող։

Իհարկե, կերպարներից պետք է առանձնացնել Ուոլթեր Բիշոփին։ Էքսցենտրիկ, բայց հանճարեղ գիտնականին, ով սիրում է ընդունել տարատեսակ թմրանյութեր ու հալյուցինոգեններ, մարմնավորում է վաստակավոր «Դենետոր» Ջոն Նոբլը։ Ու ինչպես իր հռչակավոր կերպարը «Մատանիների տիրակալից» (The Lord of the Rings: The Return of the King, 2003), ավստրալացին այս անգամ նույնպես կառուցում է ոչ տրիվիալ հարաբերություններ հոր և որդու միջև։ Ըստ էության, «Եզրը» սկզբից մինչև վերջ պատմություն է ծնողական ու որդիական զգացմունքների, ծնող-երեխա բարդ հարաբերությունների մասին, ու այս առումով սերիալի ֆինալն անկրկնելի է։ Այո, վերջին սեզոնը, երբ խճճվածությունը հասնում է գագաթնակետին, մինչև կեսը սարսափելի ձանձրալի է, անտրամաբանական, լի տարատեսակ հիմարություններով։ Մյուս կողմից, սա ամենաէմոցիոնալ սեզոնն է, այստեղ կան լավ կամ թույլ ռեալիզացված հրաշալի լուծումներ, իսկ եզրափակիչ էպիզոդը նման ծանրակշիռ սերիալի համար իդեալական լուծում է։ Վատ հետհամի զգացում չկա։ Ավելին, ափսոսում ես այդ աշխարհը լքել։ Իսկ դա հորինված աշխարհի համար լավագույն կոմպլիմենտն է։


🎬 Արման Գասպարյան / PAN