Կարդալիքներ PAN-ից
Today

Փոփ աստղը, որը գիրք է կարդում ու խորհուրդներ տալիս. Ինչպես Դուա Լիպան գրական ակումբ ստեղծեց ու արգելված գրքերի գրադարան բացեց

Եթե Դուա Լիպայի մասին պետք է իմանալ միայն մեկ բան, ապա դա վստահաբար այն է, որ վերջին տարիներին նրա գործունեությունը չի սահմանափակվում միայն մեծ բեմերով ու կարմիր գորգերով։ Երգչուհին ակտիվ նկարահանվում է գովազդներում, համերգային շրջագայություններ է ունենում, վերջերս էլ քննարկումների կենտրոնում էր նրա և դերասան Քալում Թըրների իտալական շքեղ հարսանիքը։

Բայց այս ամբողջ շքեղ, աղմկոտ ու գերարագ գրաֆիկի մեջ Դուա Լիպան հասցնում է ակտիվ ընթերցող մնալ ու պարբերաբար կիսվում է իր սիրելի գրքերով։ Ու անգամ սրանով չի սահմանափակվել և իր գրական ակումբն է ստեղծել։ Մինչև ակումբին ծանոթանալը այս կարճ ակնարկը հիշեցում է, որ կարդալու ժամանակ մի՜շտ էլ հնարավոր է գտնել։ Պարզապես ցանկություն է պետք։

SERVICE95 ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Առաջին հայացքից այս ակումբը կարելի էր ընկալել որպես հերթական սելեբրիթի ակումբ, որի շրջանակում հայտնի արտիստն իր հետևորդների հետ կիսվում է գրական խորհուրդներով։ Բայց Դուան մի քանի քայլ առաջ է անցել։ Service95 գրական ակումբը չի սահմանափակում գրքերի ընտրությամբ ու առաջարկներով, այն մի ամբողջ մշակութային մեխանիզմ է դարձել՝ հեղինակային հարցազրույցներով, փոդքասթով, հոդվածներով, ընթերցանության ուղեցույցներով, փլեյլիստներով, թեմատիկ նյութերով, գրական առաջարկներով և, ամենակարևորը, ընթերցողին պարզապես գիրք առաջարկելու փոխարեն այդ գրքի շուրջ մի ամբողջ տեղեկատվական ու բովանդակային փաթեթով։

Գրական ակումբն իր գործունեությունը սկսել է 2023 թվականին՝ Service95 մշակութային հարթակի շրջանակում։ Ինքը՝ Դուան, այս նախաձեռնության մասին խոսելիս ասում է, որ ցանկացել է կիսվել այն գրքերով, որոնք ձևավորել, մարտահրավեր են նետել կամ փոխել են իր աշխարհայացքը։ Նրա համար ընթերցանությունը միայն հաճելի զբաղմունք չէ։ Այն երևակայական աշխարհներում ճանապարհորդելու, մարդկանց հասկանալու, երևույթները հարցականի տակ դնելու, նոր իրականություն բացահայտելու և համայնք ստեղծելու միջոց է։

2026 թվականի հունիսին Service95 գրական ակումբը նշեց իր երրորդ տարեդարձը։ Այս ընթացքում Դուա Լիպայի գրական ակումբը կարողացավ դուրս գալ «փոփ աստղը գիրք է խորհուրդ տալիս» սահմանափակող ձևակերպումից ու վերածվել ավելի լուրջ հարթակի, որտեղ գրականությունը ներկայացվում է որպես հանրային քննարկումների առանցքային գործիք։ Service95 գրական ակումբի հիմնական կառուցվածքը հետևյալն է՝ ամեն ամիս Դուա Լիպան ընտրում է մեկ գիրք, որի շուրջ Service95-ը կառուցում է տվյալ ամսվա բովանդակությունը։ Հեղինակի հետ հարցազրույց, փոդքասթի թողարկում, թեմատիկ էսսեներ, քննարկման համար անհրաժեշտ հարցեր, թեմատիկ առումով նման գրքերի լրացուցիչ ցանկեր, հեղինակի վրա ազդեցություն թողած գրքեր, ստեղծագործության մշակութային կամ սոցիալական կոնտեքստը բացատրող նյութեր, նույնիսկ գրքի համար հատուկ փլեյլիստ։

Դուա Լիպայի մոտեցումն այս առումով շատ գնահատելի է։ Նա չի սահմանափակվում կամայական 239 էջ գրքով ու հետո փակում այն։ Գրքերի թեմատիկան երկխոսության, նոր բացահայտումների, նոր գիտելիքների անկյունաքար է դարձնում ու իր՝ հիմնականում երիտասարդ երկրպագուներին դրդում է նախ կարդալ գրքեր, հետո քննարկել դրանք շատ տարբեր ձևաչափերով։ Անձամբ Դուան նախընտրում է գրքեր որտեղ արտացոլված են մարդկային բարդ հոգեբանությունը, սոցիալական շերտերը, անձնական պայքարն ու այլ խորքային հարցեր։

Բացի ամսվա հիմնական ընտրությունից, Service95-ում կա նաև Service95 Recommends բաժինը, որտեղ առաջարկները դասավորված են տարբեր կատեգորիաներով՝ Դուա Լիպայի խորհուրդներ, գեղարվեստական գրականություն, ոչ գեղարվեստական գրականություն, պոեզիա և պիեսներ։

Ավելորդ է ասել, որ սոցցանցերն ու հատկապես Instagram-ը գրական ակումբի հաջողության հարցում առյուծի բաժինն ունեն։ Կարելի է անգամ պնդել, որ ամեն բան հենց սոցցանցերից էլ սկսվեց։ Հիմա արդեն Դուա Լիպան գրական ակումբի ինստագրամյան էջում կիսվում է իր մտքերով և դիտարկումներով, քննարկում է ժամանակակից գրականությունը և զրուցում հեղինակների հետ։

Եթե փորձենք նկարագրել Դուա Լիպայի «գրական ինքնությունը» կամ ընթերցողական ճաշակը, ապա դրա կենտրոնում մի քանի պարզ, բայց առանցքային գիծ է։ Առաջինը՝ գիրքը որպես հուզական և մտավոր ճանապարհորդություն։ Դուան հաճախ ընտրում է այնպիսի գրքեր, որոնք բացում են նոր աշխարհներ՝ երկրներ, պատմություններ, քաղաքական համակարգեր, ինքնություններ։ Նրա համար գրականությունը աշխարհը այլ կերպ «կարդալու» միջոց է։ Երկրորդը՝ գիրքը որպես երկխոսություն։ Երգչուհին ընթերցանությունը որպես անհատական փորձառություն բնութագրող մոդելը փորձում է փոխել համատեղ փորձառության՝ կիսվել, քննարկել, հետևություններ անել այլ ընթերցողների հետ զրույցներից։

MANIFESTO ԳՐԱԴԱՐԱՆԸ

Եվ վերջապես՝ գիրքը որպես ազատություն և դիմադրություն։ Սրա ամենաանսպասելի և տպավորիչ օրինակին աշխարհն ականատես եղավ ընդամենը օրեր առաջ։ Դուա Լիպայի վերջին գրական նախագիծը Manifesto Library-ն է։ Եթե Service95 գրական ակումբը թվային ու մուլտիմեդիա հարթակ է, ապա Manifesto գրադարանն այդ գաղափարի ֆիզիկական շարունակությունն է դարձել։ Երգչուհին Պորտուում բացել է առաջին գրադարանը։ Այն տեղակայված է Պորտուգալիայի ամենահայտնի գրախանութներից մեկում՝ Livraria Lello-ում, որը համարվում է Եվրոպայի ամենախորհրդանշական գրքային տարածքներից մեկը։

Բայց Manifesto-ն սովորական գրադարան չէ։ Այն նվիրված է արգելված ու գրաքննության ենթարկված գրքերին։ Գրադարանում ներկայացված է մոտ 100 գիրք, որոնք կապված են չորս հիմնական թեմաների հետ՝ իշխանություն, վերահսկողություն, ձայն և հիշողություն։ Այս թեմաներն ինքնին արդեն հուշում են, որ գրադարանը ստեղծվել է այն տեքստերի համար, որոնք ժամանակի ընթացքում անհարմար հարցեր են բարձրացրել, վտանգավոր են համարվել, հեռացվել են դարակներից կամ դարձել են մեծ վեճերի ու քննադատության առարկա։

Manifesto Library-ի մասին խոսելիս Դուա Լիպան այն անվանել է իր երազանքի համագործակցությունը և տարիներ շարունակ առաջ մղած առաքելության արդյունքը։ Այս գրադարանում ներկայացված գրքերը, նրա ձևակերպմամբ, գրքեր են, որոնք բարդ հարցեր են տալիս կամ իրենք են դարձել կոշտ հարցադրումների առարկա։ Որոշներն արգելվել են դպրոցներում, մյուսները՝ հեռացվել հանրային գրադարաններից։ Որոշ դեպքերում հեղինակը իր մտքերի համար վճարել է սեփական կյանքով։ Երգչուհու ձևակերպմամբ կարդալը նաև իրավունք է, իսկ որոշ գրքեր այս կերպ «պաշտպանելը»՝ մշակութային դիմադրության ձև։

Սիմվոլիկ է նաև տեղի ընտրությունը։ Livraria Lello-ն ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող գրական տարածք է, որի պատմությունն ու ինքնությունը կառուցվել են մի պարզ համոզմունքի վրա՝ գիրքը ազատության տեխնոլոգիա է։ Հետևաբար այս համագործակցությունն իսկապես օրգանիկ ու կանխատեսելի էր։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ

Այսօր ստացվել է այնպես, որ ընդամենը երեք տարվա ընթացքում երգչուհու ստեղծած գրական ակումբի մոդելը կարողացավ ձևավորել համայնք, որտեղ ընթերցողները գրականության միջոցով հասարակական կարևոր թեմաներ են բացում և այդ թեմաները դուրս են բերում գրքի սահմաններից։  Դուա Լիպայի ընտրած հեղինակների ցանկը ևս հաստատում է այս նպատակը՝ Դուգլաս Ստյուարտ, Մին Ջին Լի, Չիմամանդա Նգոզի Ադիչի, Փաթի Սմիթ, Գաբրիել Գարսիա Մարկես, Մարգարեթ Աթվուդ, Օլգա Տոկարչուկ, Ռոքսան Գեյ, և ուրիշներ։

Ի դեպ, կարևոր է նաև ընդգծել, որ ընտրված գրքերը միայն բեսթսելերների ցուցակներից վերցված անուններ չեն։ Երբեմն հենց այս ցանկում հայտնվելու շնորհիվ են այդ գրքերը դառնում բեսթսելլերներ։ Մի խոսքով՝ այս ամենից տպավորություն է, որ սոցցանցերում «գրական հեղափոխության» շատ իրական հնարավորություն կա։ Ու սա, ի դեպ, հստակ ամրագրված է նաև գրական ակումբի պաշտոնական կայքում։ Դուա Լիպայի ընտրած ցանկը չի հետևում որևէ հստակ կանոնների։ Դուան կիսվում է այն գրքերով, որոնք իսկապես սիրում է և ունի իր սեփական գրապահարանում։ Գլխավոր պայմանը ոչ թե ժանրն է, այլ թողած ազդեցությունը։

Եվ ազդեցության մասին խոսելիս ֆիքսենք նաև Service95-ի իրական ու գլոբալ ազդեցությունը։ Gen Z-ն ու ոչ միայն՝ իսկապե՜ս հետաքրքրվում են ընթերցանությամբ, երբ իրենց մենթորը, սիրելի արտիստը, ոգեշնչման աղբյուրը խորհուրդ է տալիս գրքեր կամ պատմում, թե ինչու է կարդալը կարևոր։ Առհասարակ, փոփ մշակույթի ազդեցությունը վերջին տարիներին շատ ավելի լայն շրջանակներ է ընդգրկում, քան սոսկ երաժշտությունը, մրցանակաբաշխություններն ու կարմիր գորգերը։ Բազմաթիվ արտիստներ դառնում են ձեռնարկատերեր ու խոսքը սովորաբար կոսմետիկայի, հագուստի, խմիչքնի կամ այլ ապրանքանիշների մասին է։

Դուա Լիպան այս իմաստով նոր շունչ է հաղորդել ոլորտին։ Իր հսկայական լսարանն օգտագործում է նաև ընթերցանությունը արժևորելու, գրքերի շուրջ համայնք ձևավորելու ու սոցիալական կարևոր թեմաներ շրջանառության մեջ դնելու նպատակով։ Իսկ այս ամենը աշխատում է, որովհետև երգչուհին «ակադեմիական հեղինակություն» ու գրաքննադատ չէ։ Պարզապես հետաքրքրասեր ընթերցող է, ճիշտ ինչպես իր հետևորդները, որը կարդում է, հուզվում, հարցեր տալիս ու հետո այդ փորձառությունը կիսում ուրիշների հետ։ Ի դեպ, ապագա ամուսնու հետ ևս Դուայի ծանոթությունը գրքի շուրջ է եղել։ Պարզվել է, որ նրանք նույն գրքի նույն գլուխն են կարդում։ Քալումն էլ կես կատակ, կես լուրջ ասել է՝ «կարծես թե մենք նույն էջի վրա ենք»։ Ու սա ամենևին էլ գրքի մասին չէր։)


✍️ Նանե Մանուկյան / PAN