Կարդալիքներ PAN-ից
June 18

Գրքի գողությունը, մոր վախերն ու չարաբաստիկ վթարը. Սևակի մահից ուղիղ 54 տարի է անցել

Պարույր Ղազարյանի ծննդյան պատմությունն ինքնին հետաքրքիր է. երբ նորածինը լույս աշխարհ եկավ, համագյուղացի Մադոյենց Խաչատուրը դարձավ նրա կնքահայրը։ Խաչատուրը որոշեց երեխային Պարույր անվանել՝ ի պատիվ այն սպայի, որի զինվորն էր ինքը։ Ընտանեկան պատմության մեջ ևս մեկ յուրահատուկ դրվագ կա. Փոքր Պարույրին իր հորեղբոր ընտանիքն է վերցնում խնամքի տակ, քանի որ զավակ չունեին։ 4-5 տարի անց ամուսինները բաժանվում են, Պարույրը վերադառնում է ծնողների մոտ, բայց շարունակում է հորն ու մորը «ամի» և «ազի» կոչել՝ հորեղբայր և հորեղբոր կին։

Սևակի ընտանիքը հետաքրքիր պատմություն ունի։ Նախնիները 1828-ին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից։ Ըստ բանաստեղծի վկայության՝ նրանց ազգանվանը սերնդեսերունդ կպած էր եղել «Տեր»-ը, որը հոգևոր դասի տիտղոս էր։ Նրանք ուսանել էին Գևորգյան ճեմարանում և համարվում էին գրագետ մարդիկ։ Հակառակ դրան՝ Պարույրի հայրը՝ Ռաֆայել Սողոմոնյանը, հազիվ գրաճանաչ էր, իսկ մայրը՝ Անահիտ Սողոմոնյանը, ում բոլորը Ազի էին կոչում, տառաճանաչ չէր։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։

Մոր մասին Սևակը հետագայում կգրեր.

«Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

Պարույրը փոքր տարիքից գրքերի հանդեպ անհագ ծարավ ուներ։ Հինգ տարեկանում, առանց դպրոց գնալու, արդեն սովորել էր կարդալ և գրել։ Ավելի ստույգ՝ գնացել էր դպրոց, բայց ոչ պաշտոնապես։ Միայն 1930-ին, վեց տարեկանում, ուսուցիչը թույլ տվեց նրան օրինական կերպով հաճախել դպրոց։

Սևակն իր հուշերում պատմում է այդ տարիների մասին.

«Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր»։

Հետաքրքիր է նաև ֆիզկուլտուրայի ուսուցչի մասին պատմությունը, որը 10-րդ դասարանում ստիպված էր գրականություն դասավանդել.

«Գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը, և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես»։

Ընթերցանության ծարավը հագեցնելու համար Պարույրը մի քանի ընկերների հետ նույնիսկ գյուղական գրադարանի գողություն կազմակերպեց։ Ինքն է խոստովանում.

«Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով «կտրեցինք» շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները՝ կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն։ Գողություն՝ կարդալու ծարավից»։

Որդու անսահման ընթերցասիրության նկատմամբ մոր արձագանքն ամենահետաքրքիրն էր։ Անգրագետ կինը, տեսնելով որդու կիրքը, անհանգստանում էր. Գյուղացիների մեջ նախապաշարմունք կար, թե շատ կարդացողները խելքները կարող են գցել։ Մի օր հարցնում է որդուն.

- Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ։
- Բա ի՞նչ,- պատասխանում է Պարույրը։
- Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը։
_ Բա ո՜նց։
- Էհ, կուրանամ ես, չելա՜վ...

Եվ երբ Պարույրը հարցնում է, թե մայրն ինչ մասնագիտություն կուզեր որդու համար, կինը պատասխանում է.

- Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ։

Սևակը հետագայում կգրեր.

«Արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքորը» գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ... Աստված։ Եվ կյանքիս մեծ զարմանքն էր, թե որտեղից մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն։ Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես»։

11 տարեկանում Պարույրը գրեց իր առաջին բանաստեղծությունը՝ նվիրված Իվան Տուրգենևի «Առաջին սեր» ստեղծագործության հերոսուհուն՝ Զինաիդային։ Սկզբնական շրջանում գաղտնի էր պահում բանաստեղծություն գրելու իր ձիրքն ու ցանկությունը՝ համարելով «անհատի ամենաթաքուն, ամենասրբազան, ամենաքրմական արարողությունը»։

Ավելի ուշ դպրոցական պատի թերթում սկսում է հրապարակել իր ոտանավորները՝ «Պարույր Արեգունի» ստորագրությամբ։ Մի անգամ նույնիսկ հրապարակել է սեփական ոտանավորը՝ դպրոցական ընկերուհու անունով։

1940-ին, 16 տարեկանում, Պարույր Ղազարյանը դառնում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող։ Ուսանողական տարիները համընկնում են Հայրենական մեծ պատերազմի հետ՝ դժվար, սակայն անձին ու բանաստեղծին ձևավորող տարիներ։

1942-ին, 18 տարեկանում, Պարույր Ղազարյանի ստեղծագործությունների մասին իմանում է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը։ Վերջինս պատմում է.

«Գիշերվա ուշ ժամ կլիներ, բաց արի տետրը ոչ այնքան կարդալու, որքան թերթելու։ Աչքի անցկացրի առաջին էջն ու այլևս չպոկվեցի, մինչև չհասա վերջին էջին։ Հայտնվել էր մի բանաստեղծ, որի հնարավորությունների սահմանը չէր երևում»։

Հենց Ռուբեն Զարյանն էլ առաջարկեց երիտասարդ բանաստեղծին հանդես գալ «Պարույր Սևակ» գրական անունով։ Նախ՝ որովհետև Պարույրը մեծ, սև աչքեր ուներ, երկրորդ՝ ուզում էր բանաստեղծ Ռուբեն Սևակի ընդհատված կյանքը նրա անվան մեջ շարունակվեր։

1942-ի յոթերորդ համարում լույս տեսան «Անխորագիր», ութերորդում՝ «Փնտրումներ», «Զղջում», «Պատերազմի դաշտում զոհվածներին» բանաստեղծությունները։ Գրողների միությունում տեղի ունեցած քննարկումը բուռն վեճերի վերածվեց։ Ոմանք մերժում էին պատանի բանաստեղծին, մյուսները՝ ընդունում։ Արդյունքում Ռուբեն Զարյանը հեռացվեց աշխատանքից, իսկ Սևակի ստեղծագործությունները չտպագրվեցին մինչև 1948 թվականը։

1945-ին գերազանցությամբ ավարտելով համալսարանը՝ Սևակն ընդունվեց ասպիրանտուրա։ Զուգահեռ աշխատում էր տարբեր թերթերի խմբագրություններում։ 1948-ին լույս տեսավ նրա առաջին գիրքը՝ «Անմահները հրամայում են»։

1951-ին Սևակը որոշեց մեկնել Մոսկվա՝ սովորելու Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Մտերիմները զարմացած էին. 27-ամյա Պարույրը, որն ամեն տեղ փայլում էր, ինչու՞ էր որոշել կրկին առաջին կուրսի ուսանող դառնալ։

Մոսկվայում Սևակն ապրեց 8 տարի։ Այդ տարիները դժվար էին՝ նյութական ծանր պայմաններ, ստեղծագործական ճգնաժամ։ 1954-ի սեպտեմբերին նյարդային լարվածությունից նույնիսկ հիվանդանոց ընկավ, որտեղ մնաց ավելի քան երկու ամիս։

Սակայն հենց Մոսկվայում էլ ստեղծվեց նրա գլուխգործոցը՝ «Անլռելի զանգակատունը»։ 1957-ին նա սկսեց գրել այս պոեմը՝ «իբրև ինքնազատագրություն, իբրև թոթափումն այն ապրումների և խոհերի, որոնք տարիներ շարունակ կրծում էին հոգեպատերը»։ Պոեմն ավարտեց 1958-ի նոյեմբերի 21-ին։ 1959-ին «Անլռելի զանգակատունը» լույս տեսավ 5000 օրինակ տպաքանակով և սպառվեց մի քանի օրում։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով՝ մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»-ների միահյուսումով։ 1967-ին այն արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի։

Սևակ անհատի մասին ընկերներն ու գործընկերները հաճախ էին պատմում։ Բանաստեղծ Վահագն Դավթյանը պատմում էր 1942-ին իրենց առաջին հանդիպման մասին.

«Խոսեց պատանին, և նրանից սկսեց ճառագել մի այնպիսի ջերմություն ու լույս, մի այնպիսի ուշադրություն դիմացինի նկատմամբ, այնպիսի խելք ու իմացություն, որ ես զգացի՝ իմ դեմ կանգնած է մի արտասովոր, արտակարգ անձնավորություն»։

Սևակը հոգատար ու համբերատար որդի էր։ Հովիկ Չարխչյանը պատմում է, թե ինչպես մի անգամ Չեխոսլովակիայից հյուրեր էին եկել։ Զրույցի ընթացքում ներս է մտնում Սևակի հայրը և սկսում գոռգոռալ, որ որդին հորթը վատ է կապել։ Բոլորը շփոթված իրար են նայում, բայց Սևակը բարի ժպիտով վեր է կենում, ներողություն խնդրում և գնում հորթին կապելու։

Լևոն Հախվերդյանը պատմում էր, որ Սևակը սիրում էր բառարան կարդալ։

«Գիտե՞ս ինչ հրապուրիչ բան է բառարան կարդալը։ Ամեն մի վեպից հրապուրիչ։ Լեզվաբանությունից հետաքրքիր բան կա՞»։

1966-ին Սևակն ընտրվում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ 1968-ին դառնում է ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ։ Բայց նա հրաժարվում էր շատ պաշտոններից ու արտոնություններից։ Սևակը ըմբոստ էր։ Նրան անգամ տեսել էին ՀԽՍՀ կենտկոմի շենքից զայրացած դուրս գալիս, նույնիսկ պատառոտված վերնաշապիկով։ Առիթը նրա «Եղիցի լույս» ժողովածուն էր, որի ամբողջ տպաքանակը կալանվել էր։ Գիրքն արգելվել էր 1969-ին և ընթերցողին հասել միայն 1971-ին։

Կյանքի վերջին տարիներին Սևակը զբաղվում էր «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգուները» ուսումնասիրությամբ։ Գրել էր մենագրության ավելի քան 200 էջ, սակայն 1971-ի ապրիլի 3-ին թողել անավարտ։ Դրանից հետո մտադիր էր զբաղվել Նարեկացու «Մատյան ողբերգության» թարգմանությամբ։ 1971-ի հունիսի 14-ին չեխ հայագետ Լյուդմիլա Մոտալովայի ամուսնու հետ ունեցած հարցազրույցում ասել է.

«Հենց որ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» վերջացնեմ, անմիջապես անցնելու եմ այդ գործին»։

1971 թվականի հունիսի 17-ին Սևակն ընտանիքի հետ Երևան էր գնում՝ հաջորդ օրը կնոջ հետ Թբիլիսի մեկնելու։ Սևակը մեքենա լավ չէր վարում, իսկ վարորդը զբաղված էր։ Բանաստեղծը որոշում է ինքը վարել։

Կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին, նստել էր կողքին, երկու որդիները՝ հետևի նստարանին։ Հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա մեքենան բախվում է բեռնատարի։ 47-ամյա բանաստեղծն ու կինը զոհվում են, որդիները փրկվում։  Սևակի մահվան լուրը ցնցում է հայ հանրությանը։ Մինչև օրս տարբեր վարկածներ կան նրա մահվան մասին՝ դժբախտ պատահարից մինչև հատուկ կազմակերպված սպանություն։


✍️ Նանե Մանուկյան / PAN