Սևդալիզայի գլխի սև ամպերը, բայքեր Հուդան ու էկզորսիզմը Գրեմմիում. Երբ բախվում են կրոնն ու փոփ մշակույթը
Եթե սոցցանցերում քիչ թե շատ «ներկա» եք, ապա հավանականությունը, որ բաց եք թողել վերջին «կրոնական-մշակութային» սկանդալը, շատ փոքր է։ Ի դեպ, պարտադիր չէ որևէ կողմ բռնել, ակտիվ մեկնաբանություններ գրել, մարդկանց մեծամասնությունը պարզապես լուռ հետևել է իրավիճակի զարգացմանը։ Ամփոփենք, թե ի վերջո ինչ է եղել և զուգահեռ վերհիշենք համաշխարհային արտիստներին կրոնական թեմաներով չեղարկելու մի քանի նախադեպեր։
ՍԵՎ ԱՄՊԵՐ՝ ՍԵՎԴԱԼԻԶԱՅԻ ԳԼԽԻՆ
Եթե կարճ ու կոնկրետ, ապա հերթական անգամ հայ օգտատերերի մի հատված որոշել է, որ իրենց հայրենակիցների մյուս հատվածը չի կարող ու չպետք է տեսնի իրենց սիրելի արտիստին Հայաստանում։ Իրանական (ասում են՝ նաև ադրբեջանական) արմատներով հոլանդացի երգչուհի Սևդալիզան Coca-Cola Music Fest-ի հեդլայներն էր։ Այս մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց Սևդալիզան թողարկում է իր նոր՝ Messiah երգի հոլովակը։ Եվ այստեղ սկսվում է 18+ կինոն։
Հոլովակի մեկնաբանություններում հայատառ մեկնաբանությունները ճնշող մեծամասնություն են կազմում։ Երգչուհուն մեղադրում են քրիստոնյաների սրբություններն ու կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ, արգելում են ելույթ ունենալ Հայաստանում, սպառնում են ու այդպես շարունակ։ Նույնը՝ Coca-Cola ֆեսթի էջերում։
Իրականում այս հոլովակն իսկապես չափազանց պրովոկատիվ է ու նաև պետք է պնդել, որ երգչուհին այն հրապարակեց «ամենաանհարմար» պահին։ Խաչի ձև ունեցող անկողնում կիսամերկ Սևդալիզայի սինվոլը դժվար մարսելի է անգամ ամենաառաջադեմ ու ազատամիտների համար, ուր մնաց՝ ագրեսիվ, պահպանողական, արվեստի ազատությունը երկրորդական համարող ու երկրորդ կարծիք չլսող մարդկանց համար։
Այսպիսով՝ ճիշտ ու սխալը, թաց ու չորն ընթերցողին թողնելով միայն փաստենք, որ հայկական սոցցանցերն այս օրերին երկու ագրեսիվ մասի են բաժանվել։ Մի մասն անիծում, սպառնում, պախարակում է երգչուհուն, Coca-Cola-ին ու երկրպագուներին, մյուս մասն էլ հիշեցնում է սիմվոլիզմի, արվեստի ազատության, սուբյեկտիվ ընկալումների և այլնի մասին։ Այս զրույցները դեռ շարունակվում են, բայց որոշումը կայացված է՝ Coca-Cola-ն չեղարկել է երգչուհու ելույթը։
Նրա տեսահոլովակից վիրավորված մարդիկ խորը շունչ են քաշում, մյուսներն էլ առաջ են բերում հարցը, թե ինչու մի խումբ մարդիկ պետք է որոշեն, թե մյուսներն ինչ են լսելու կամ Հայաստանում ով կարող է ելույթ ունենալ։ Մինչ հայերն առանց իրար խնայելու հարց են պարզում, մենք վերհիշենք կրոնական թեմատիկայով աշխարհահռչակ երեք արտիստի սկանդալային երգեր ու ելույթներ։
ՄԱԴՈՆՆԱ, 1989
Եթե 2025-ին ենք նման թեմաներ քննարկում, ապա պատկերացրեք, թե ինչ էր կատարվում արդեն հեռավոր 1989 թվականին։ Որպեսզի ավելի լավ պատկերացնեք՝ 1989-ն այնքան «հեռավոր» է, որ Բեռլինի պատը հենց այդ տարի են պաշտոնապես որոշել քանդել։ Ու այդ նույն թվականին Մադոննան թողարկել է իր Like a Prayer տեսահոլովակը։ Ի՞նչ տարօրինակ բան կար, որ հոլովակն այդքան մեծ աղմուկ բարձրացրեց։ «Ընդամենը» այրվող խաչեր, սևամորթ սուրբ, որը կենդանանում է ու համբուրվում Մադոննայի հետ, ինչ-որ էրոտիկ երազներ եկեղեցում և այլն։ Մի խոսքով՝ հավատացյալների դժոխք։
Կաթոլիկ եկեղեցին այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ Pepsi-ն վախից չեղարկեց Մադոննայի հետ իր 50 միլիոն դոլարանոց գովազդային արշավը։ Ավստրալիայում իրավիճակը հասավ աբսուրդի։ Հեռուստատեսային ժամանակացույցից կախված՝ ցույց էին տալիս կամ ամբողջական տեսահոլովակը, կամ «մոդիֆիկացված» տարբերակը։ Բազմաթիվ ռադիոկայաններ պարզապես հրաժարվեցին հեռարձակել երգը։
Հոգևորականները ևս միացել էին հավատացյալ ժողովրդին ու արտահայտում էին իրենց զայրույթը.
«Ես տեսել եմ այդ տեսահոլովակը։ Վիրավորված եմ։ Դա սրբապղծություն է։ Այնտեղ ամեն բան արատավորող ու կեղտոտ է»։
Իտալիայում Famiglia Domani կաթոլիկ լոբբիստական խումբը սպառնաց դատի տալ սրբապղծության համար և անգամ կարողացավ պետական հեռուստատեսությամբ դադարեցնել տեսահոլովակի հեռարձակումը։ Երբ 1990-ին համերգային շրջագայության շրջանակում Մադոննան ժամանեց Հռոմ, նա ուղիղ դիմեց իր քննադատներին.
«Գիտեմ, որ Վատիկանը և որոշ կաթոլիկ համայնքներ մեղադրում են ինձ և իմ շոուն սրբապիղծ են անվանում։ Դիմում եմ ձեզ՝ կաթոլիկ եկեղեցու արդար տղամարդիկ և կանայք, եկեք տեսեք իմ շոուն, և միայն հետո դատեք»։
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ՈՒ ՀՈՒԴԱՆ
2011 թվականին Գագան թողարկում է Judas երգը։ Երգի բառերը շատերը «կարմրելով» են կարդում, բայց տեսահոլովակը լրիվ այլ թեմա է։ Հոլովակում Գագան նստած է պսակով բայքերի մոտոցիկլետի հետևում, բայց փափագում է մեկ ուրիշ բայքերի՝ մեջքին Judas գրությամբ։ Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներից մեկն այն ժամանակ չէր խնայել Գագային ու նրա երկրպագուներին ու ամենասուր կերպով էր արձագանքել.
«Այս ամենը սատանայական է։ Գագան հագնվում է միանձնուհու պես ու փորձում է շարունակել շոկի ենթարկել կաթոլիկներին և քրիստոնյաներին ընդհանրապես»:
Բայց իսկական շոուն սկսվեց Ասիայում։ Սեուլում, որը Գագայի շրջագայության առաջին կանգառն էր, քրիստոնեական խմբերը հավաքներ էին կազմակերպել ու ամեն կերպ փորձում էին արգելել համերգը։ Նրանք Գագայի երաժշտությունը անվանում էին «սատանայի գործ»։ Դեռ այն ժամանակ Հարավային Կորեայի եկեղեցական հաղորդակցության ասոցիացիան խոստացավ «համաձայնեցված գործողություններ ձեռնարկել, որպեսզի երիտասարդները չվարակվեն հոմոսեքսուալիզմով և պոռնոգրաֆիայով»։ Արդյունքում՝ 12 տարեկանից ցածր երեխաներին արգելեցին մասնակցել համերգին։
Ֆիլիպիններում իրադրությունն ավելի լուրջ էր։ Երիտասարդները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ վանկարկելով «դադարեցրեք Լեդի Գագայի համերգները»։
Մանիլայի քաղաքապետն անգամ զգուշացրել էր Գագային, որ եթե ցուցադրի որևէ կիսամերկ համար կամ անպարկեշտ վարքագիծ ցուցաբերի, կարող է մինչև 6 տարի ժամկետով բանտարկվել։ Ու նա ամենևին էլ կատակ չէր անում, լուրջ էին տրամադրված։
Բայց ամենամեծ դրաման Ինդոնեզիայում էր։ Մուսուլմաններն էլ իրենց հերթին խնդիրներ ունեին երգչուհու հետ։ 240 միլիոնանոց մուսուլմանական երկրում իսլամական ծայրահեղականները սպառնացին խմբի 30,000 անդամ ուղարկել օդանավակայան և թույլ չտալ Գագային իջնել ինքնաթիռից։ Իսլամական պաշտպանների ճակատը (FPI) նախազգուշացրեց.
«Պատրաստ ենք բանտ նետվել և սպանվել՝ ամեն ինչ կանենք, որ դադարեցնենք շոուն։ Եթե նա փորձի ելույթ ունենալ, Ինդոնեզիան պետք է պատրաստ լինի քաոսի»։
Արդյունքում համերգը չեղարկվեց, չնայած 52.000 տոմս արդեն վաճառված էր։ Իրավապաշտպաններն այս ամենն անվանեցին «Ինդոնեզիայի թալիբանացում»։ Սոցիոլոգներն էլ պնդեցին, որ կառավարությունը պետք է «համակարգի տարբեր շահերը՝ առանց թույլ տալու, որ մի խումբը մշակութային հեգեմոնիա ունենա մյուսի նկատմամբ»։
ՆԻՔԻ ՄԻՆԱԺՆ ՈՒ ԷԿԶՈՐՍԻԶՄԸ ԳՐԵՄՄԻՈՒՄ
2012-ի Գրեմմի մրցանակաբաշխությունը շատերի համար կհիշվի հենց Մինաժի ելույթով։ Նիքի Մինաժը կարմիր գորգին հայտնվում է կարմիր թիկնոցով, իսկ նրան ուղեկցում էր Հռոմի պապի հագուկապով մի տղամարդ։ Հենց սկզբից պարզ էր՝ սկանդալ է հասունանում։
Roman Holiday երգի ժամանակ բեմի վրա ամբողջական թատերական ներկայացում էր՝ էկզորցիզմ, սուրբ ջուր, կաթոլիկ խորհրդանիշներ ու այս ամենը համադրած ոչ այքան միանշանակ այլակերպումներով։
Կաթոլիկ լիգան այս ելույթից հետո բառացիորեն պայթեց.
«Արդյո՞ք Մինաժը դիվահար է։ Սա, անշուշտ, բաց հարց է, բայց մի բան հաստատ կասկած չի հարուցում՝ միջոցառման կազմակերպիչները խիստ անպատասխանատու են։ Նրանք երբեք թույլ չէին տա արտիստին վիրավորել հուդայականությունը կամ իսլամը, բայց թույլ տվեցին քրիստոնեության հանդեպ»։
Մինաժը Twitter-ում սարկաստիկ պատասխան տվեց.
«Արդյո՞ք նրանք վիրավորվեցին The Devil Inside ֆիլմից։ Լռեք և դիտեք ֆիլմը»։
ԴԱՍԵՐ ՔԱՂՈ՞ՒՄ ԵՆ
Բոլոր այս պատմությունները մի բան են ցույց տալիս՝ երբ արվեստը, հատկապես փոփ երաժշտությունն ու հատկապես ոչ միանշանակ ուղերձները և սիմվոլները բախվում են կրոնական թեմաների հետ, արդյունքը հաճախ պայթյունավտանգ է։ Բայց հետաքրքիր է, որ այդ պայթյունները հաճախ ավելի շատ օգուտ են բերում արտիստներին, քան վնաս։
Մադոննայի Like a Prayer-ը դարձավ նրա ամենահաջողված սինգլներից մեկը։ Գագայի Judas-ը YouTube-ում հավաքեց հարյուր միլիոնավոր դիտումներ։ Նիքի Մինաժի Գրեմմիի ելույթը դարձավ ամենաքննարկվածներից մեկը շոուի պատմության մեջ։ Ու այսպես շարունակ։
Այսինքն՝ սկանդալը վաճառվում է։ Եվ արտիստները դա գիտեն։ Հարցն այն է՝ որտեղ է կարմիր գիծն ու «չի կարելիների» սահմանը։ Կամ կա՞ արդյոք արվեստում նման սահման։ Ե՞րբ է արվեստը դառնում պարզապես էժան սենսացիայի որս, իսկ երբ՝ ներքին մղումների արտահայտություն։ Ամեն դեպքում հստակ է, որ արվեստը կարող է միաժամանակ լինել պրովոկացիոն ու խորիմաստ, վիրավորական ու ազնիվ, ցինիկ ու անկեղծ։ Սա հասկանալու համար գուցե երբեմն էլ հույսը պետք է դնել ժամանակի փորձության վրա։