#մշակութաPAN
March 5

Լիր արքայի հետ լեզու չգտած Վերդին, Խաչատրյանի կորած պարտիտուրն ու մի քանի Համլետ. Կոմպոզիտորներին ոգեշնչող Շեքսպիրը

Շեքսպիրի ժառանգությունը ժամանակ ու տարածություն չի ճանաչում։ Ամենքի համար է ու բոլոր դարերում գտնում է իր մեկնաբանությունը և տարածման շղթան ապահովելու կայծը։ Շեքսպիրն իրական դասական է, իսկ նրա պիեսները ոգեշնչման աղբյուր են դարձել լեգենդար կոմպոզիտորների և դասական երաժշտության առանցքային նմուշների համար։

ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ

Սիրո ամենադժբախտ պատմությունը դարձավ բոլոր ժամանակների ամենահայտնի սիրո պատմությունը, իսկ Ռոմեոն ու Ջուլիետը, կարծես՝ սիրահարների նախատիպային կերպարներ։ Շեքսպիրը հանճարեղ դրամատուրգ էր, ու «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը նրա գրչին պատկանող ամենահաճախ բեմադրվող պիեսներից է։

Դրամատիկ կառուցվածք, պոետիկ նուրբ շեշտադրումներ, ենթասյուժեի զարգացում, ողբերգության տարբեր ընկալումների միջև անցումներ։ Շեքսպիրի այս պիեսը ծավալվում էր հանճարեղ դրամատիկական լուծումների շուրջ։ Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ արդեն մի քանի դար Ռոմեոն ու Ջուլիետը բազմաթիվ արվեստագետների ոգեշնչման աղբյուր են դարձել։ Թատերական ներկայացումներ, ֆիլմեր, մյուզիքլեր, օպերա և բալետ. Սիրո այս ողբերգական պատմությունը սեփական մեկնաբանությամբ հազարավոր մարդիկ են ներկայացրել՝ Լոնդոնից մինչև Երևան։

Երաժշտական առումով ևս «Ռոմեո և Ջուլիետը» մեծ ճանապարհ է անցել։ Այս ողբերգական սիրո պատմությունը ոգեշնչել է մի քանի մեծամասշտաբ ու բազմաթիվ պակաս հայտնի երաժշտական ստեղծագործությունների ստեղծմանը։ Այս շարքում ամենավաղ հնչած անուններից մեկը չեխ կոմպոզիտոր Ջորջ Բենդան է, որը 1776 թվականին ներկայացրեց ողբերգության իր տարբերակը, որը, ի դեպ, երջանիկ ավարտ ուներ։

Եվ Բենդան միակ կոմպոզիտորը չէ, որ որոշել է էքսպերիմենտներ անել շեքսպիրյան ողբերգության հետ։ Բազմաթիվ կոմպոզիտորներ ու բեմադրիչներ կան, որոնք որոշել են, որ «իրենց» «Ռոմեո և Ջուլիետը» ողբերգությամբ չի ավարտվելու։

Բայց, իհարկե, «Ռոմեո և Ջուլիետի» երաժշտական ճանապարհի մասին խոսելիս առաջինն ու ամենաշատը հիշատակում ենք Պրոկոֆևի բալետը։ Ռուս կոմպոզիտորի երեք արարով և ինը գործողությամբ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի կրճատված տարբերակի պրեմիերան 1938-ին էր՝ Չեխիայում։ Ամբողջությամբ բալետը բեմադրվել է 1940 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։

Բալետմաստերը Լեոնիդ Լավրովսկին էր։ Այս առաջարկը նա մեծ հուզմունքով էր ընդունել ու մեջբերել Շեքսպիրի մասին Հյուգոյի խոսքերը՝

«Շեքսպիրը միաժամանակ կյանքն է և մահը, սառնամանիքը և տապը, հրեշտակը և սատանան, երկիրը և երկինքը, մեղեդին և հարմոնիան, հոգին և մարմինը, մեծությունը և փոքրությունը... բայց միշտ` ճշմարտությունը»։

Լավրովսկին մեծ պատասխանատվությամբ էր մոտենում գործին, պատրաստվում էր, ուսումնասիրում իտալական վաղ վերածննդի վարպետների աշխատանքները, կարդում միջնադարյան վեպեր, պարարվեստի մասին նյութեր։ Ավելի ուշ Լավրովսկին վերհիշում էր Շեքսպիրի պրոկոֆևյան մեկնաբանությունն այսպես՝

«Ռոմեոյի և Ջուլիետի վերջին հանդիպման ժամանակ ծագում է արևը, երգում է արտույտը՝ հիշեցնելով նոր սկսվող օրվա և միաժամանակ՝ սիրահարների անջատման մասին։ Բայց Պրոկոֆևի երաժշտության մեջ չկա ոչ մի ակնարկ՝ բացվող առավոտվա, մեղմորեն սկսվող օրվա մասին։ Նվագախմբում հնչում են կոնտրաբասը, կլարնետը և ֆագոտը, որոնք ամենևին չեն արտահայտում արտույտի երգը։ Այդ տեսարանում փորձը հաջողվեց միայն այն ժամանակ, երբ բեմ բարձրացած արտիստներն իրավիճակը տեսան Պրոկոֆևի աչքերով։ Նրանք հասկացան, որ կարևորը ոչ թե առավոտն է կամ երգող արտույտը, այլ տագնապը, դառնությունը, սերը և անջատման ցավը»։

Բայց մինչև այս՝ դեռ 1936 թվականին Պրոկոֆևը բալետի երաժշտության հիման վրա երկու սուիտ էր գրել նվագախմբի համար։ Տասը տարի անց ավելացրեց ևս մեկը։ Նվագախմբային այս սուիտները կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունների շարքում են։

Նախորդ տարում ևս այս ողբերգության բազում ստեղծագործական անդրադարձներ են եղել։ Դրանցից ամենատպավորիչներից մեկը Լեոնարդ Բերնսթայնի Վեսթսայդյան պատմություն մյուզիքլն է։ «Ռոմեո և Ջուլիետը» սցենարի ոգեշնչման ու ստեղծման աղբյուր է դարձել։ Մյուզիքլը ներկայացնում է երկու փողոցային գանգստերային խմբերի՝ Ջեթերի և Շարքերի միջև առկա մրցակցությունն ու դրան զուգահեռ ծավալվող արգելված սիրո պատմությունը։

ՀԱՄԼԵՏ

Մեկ այլ ողբերգական պատմություն ու կրկին աշխարհահռչակ պիես, որ մինչ օրս բեմադրվում է, իսկ Համլետի դերը համարվում է ամենացանկալի ու բարդ դերերից մեկը։ Դանիական արքայազնի մասին պատմող այս պիեսը Շեքսպիրի գուցե ամենանշանավոր ստեղծագործությունն է։ Այն նաև ամենաերկար պիեսն է. պարունակում է 4 042 տող և 29 551 բառ։

«Ռոմեո և Ջուլիետի» հետ համեմատությամբ կարելի է մի հետաքրքիր փաստ արձանագրել։ «Համլետի» հիման վրա բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել ու ներկայացումներ բեմադրվել, բայց երաժշտական ոգեշնչման առումով այս պիեսը չուներ «Ռոմեո և Ջուլիետի» ազդեցության մասշտաբները։

Բայց մի շատ հետաքրքիր պատմություն կա, որ կապում է «Ռոմեո և Ջուլիետ» ու «Համլետ» պիեսները իրական կյանքի հետ։ «Համլետ»-ը անուղղակի կերպով ոգեշնչել է ֆրանսիացի երգահան Էկտոր Բեռլիոզին գրել իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Ֆանտաստիկ Սիմֆոնիան»։ Իսկ եթե ավելի ուղիղ ասենք, կոմպոզիտորին ոգեշնչել է ոչ թե բուն պիեսը, այլ այդ պիեսում Օֆելիայի դերակատարուհին՝ Հարիեթ Սմինթսոնը։ 1827-ին Բեռլիոզը հենց դահլիճում դիտել է ներկայացումն ու միանգամից սիրահարվել դերասանուհուն։ Սերն անպատասխան էր և հենց այդ ցավի և զգացմունքների արդյունքն է «Ֆանտաստիկ Սիմֆոնիան»։

Այս սիմֆոնիան մեծ հաջողություն բերեց Բեռլիոզին, ու կարճ ժամանակ անց նա վերջապես գրավեց Սմինթսոնի սիրտը։ Նրանք ամուսնացան ու երբ թվում էր, թե սա երջանիկ վերջաբանն է՝ ընդամենը 10 տարի անց զույգը բաժանվեց։ Դերասանուհին երկար տարիներ նյարդային լուրջ հիվանդություն  ուներ։ Մի խոսքով՝ ահա այսպիսի «Ռոմեո և Ջուլիետ» իրական կյանքում, որ ամուսնացան ու բաժանվեցին «Համլետի շնորհիվ»։

«Համլետի» հետ կապված պատմությունները մեկը մյուսից ունիկալ են ու չեք հավատա, բայց Հայաստանը այստեղ ևս մի շատ փոքր դեր ունի։ 1964 թվականին ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ «Համլետ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է։ Տարբեր աղբյուրներ փաստում են, որ 1963-65 թվականներին կոմպոզիտորը հանգստացել և ստեղծագործել է Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը ու հենց այստեղ էլ գրել է «Համլետ» ֆիլմի երաժշտությունը։

Ի դեպ, ռուս կոմպոզիտորներից Չայկովսկին ևս անդրադարձել է շեքսպիրյան այս ողբերգությանն ու գրել է «Համլետ» սիմֆոնիկ նախերգանքը։

Ինչ վերաբերում է օպերային ստեղծագործություններին, ապա «Համլետի» հիման վրա ստեղծված միակ նշանավոր օպերան գրվել է 1868 թվականին՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Ամբրուազ Թոմայի կողմից։ Հինգ գործողությամբ օպերայի հիմքում Ալեքսանդր Դյումա-հոր կողմից Շեքսպիրի «Համլետ» ողբերգության ֆրասերեն փոխադրման տեքստն է

ՄԱԿԲԵԹ

«Մակբեթը» Շեքսպիրի ամենակարճ ողբերգությունն է, բայց դրա շուրջ մեծ արձագանքն ու երաժշտական ոգեշնչումն ամենևին էլ չեն զիջում նախորդներին։ Իշխանության հանդեպ մոլեգին տենչանքի ու այդ ճանապարհին ոչինչ ու ոչ ոքի չխնայելու, մեղքի զգացման ու դրա ծանրագույն հետևանքների մասին է այս պիեսը:

Շոտլանդիայի գահին հաստատված Մակբեթի` բռնապետ արքայից մինչև խելագարության հասած մարդու կերպարը շատերին է ոգեշնչել։ Ողբերգության հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, բեմադրվել են օպերաներ և ներկայացումներ։

Բայց «Մակբեթի» թերևս ամենահայտնի անդրադարձը Ջուզեպե Վերդիի օպերան է։ «Մակբեթ» չորս գործողությամբ օպերայի առաջնախաղը կայացել է 1847-ին։ Սա Վերդիի տասներորդ օպերան է, բայց առաջինն է, որ գրել է Շեքսպիրի ստեղծագործության հիման վրա։

Շեքսպիրի հանդեպ Վերդիի վերաբերմունքի մասին երկար կարելի է խոսել։ Նա հարգում էր դրամատուրգի աշխատանքն ու հենց այդ հարգանքից ելնելով որոշել էր հնարավորինս հավատարիմ մնալ ողբերգության տեքստին։ Լիբրետտոյի հեղինակ Պիավեին Վերդին գրել էր՝

«Այս ողբերգությունը մարդկային մեծագույն նվաճումներից մեկն է։ Եթե մեն չենք կարող դրան համարժեք մեծ բան ստեղծել, ապա գոնե փորձենք միջինից բարձր ինչ-որ բանի հասնել»։

Ժամանակը ցույց տվեց, որ Վերդիի օպերան ևս երաժշտական մեծագույն նվաճումների շարքին դասվեց։ Առաջարկում ենք վայելել օպերայի գլխավոր դերերգերից մեկը՝ Լեդի Մակբեթի դերերգը՝ հռչակավոր Մարիա Կալլասի կատարմամբ։

Շեքսպիրյան «Մակբեթի» հիման վրա գրված մեկ այլ օպերա էլ կա։ Այն հեղինակել է շվեյցարացի-ամերիկացի կոմպոզիտոր Էռնեստ Բլոխը՝ 1904-ին։ Չզարմանաք, եթե առաջին անգամ եք լսում այս օպերայի մասին։ Այսօր այն չափազանց հազվադեպ է բեմադրվում, բայց արխիվային ելույթները պահպանվել են:

«Մակբեթի» շուրջ մեզ հետաքրքրող մի պատմություն ևս։  1930-ականներին  Երևանում բեմադրվում էր Շեքսպիրի «Մակբեթը»։ Պիեսի համար 1933 թվականին երաժշտություն է գրել  Արամ Խաչատրյանը։ Ներկայացման պարտիտուրը երկար ժամանակ կորած էր համարվում, բայց տարիներ առաջ այն հայտնաբերվել է։

ՕԹԵԼԼՈ

«Ողբերգություն Օթելլոյի, վենետիկյան մավրի մասին». Շեքսպիրի մեկ այլ հանրահայտ պիես։ Գրվել է 1604 թվականին, սյուժեի հիմքում Չինտիոյի «Վենետիկյան մավր» ստեղծագործությունն է։

«Մակբեթ» օպերայի պրեմիերայից շուրջ 35 տարի անց Վերդին որոշեց վերադառնալ շեքսպիրյան պիեսներին։ Եվ կրկին նույն սկզբունքով՝ հեռու չգնալ պիեսի շեքսպիրյան լուծումներից։ Արդյունքում ստեղծվեց 4 գործողությամբ «Օթելլո» օպերան ու դարձավ կոմպոզիտորի նախավերջին օպերան։ «Օթելլոյի» առաջնախաղը տեղի է ունեցել 1887 թվականին՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում։

Բայց Վերդիից առաջ «Օթելլո» օպերայի իր տարբերակն էր ստեղծել կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին։ Ու ի տարբերություն Վերդիի՝ նա որոշել էր, որ շեքսպիրյան պիեսին ամբողջությամբ մոտ մնալը պարտադիր չէ։ Էքսպերիմենտը հաջողված էր։ Երեք գործողությամբ օպերան կոմպոզիտորին մեծ հաջողություն բերեց, իսկ Դեզդեմոնայի դերերգը կատարած Իզաբելա Կոլբրանը հետագայում դարձավ Ռոսսինիի կինը։

Եվ կրկին Սովետական միություն, և կրկին Արամ Խաչատրյան։ 1955 թվականին ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը նկարեց «Օթելլո» ֆիլմ-ողբերգությունը, իսկ ֆիլմի կոմպոզիտորն Արամ Խաչատրյանն էր։ Ֆիլմի համար գրված նրա «Քնարական վալսը» կարող եք ունկնդրել ստորև։

ԼԻՐ ԱՐՔԱ

«Լիր Արքա» ողբերգության առաջնախաղը կայացել է 1605 թվականին։ Այս պիեսի ստեղծման համար Շեքսպիրը միանգամից մի քանի աղբյուրների վրա է հիմնվել։ Դրանց թվում՝ Հոլինշեդի «Տարեգրությունները» և Սիդնիի «Արկադիա» վեպը։ Դավաճանության, փառքի, մարդկային հարաբերությունների մասին բազմաշերտ այս ողբերգությունը իր մասշտաբներով չափազանց մեծ է ու գուցե նաև սա է պատճառը, որ «Լիր Արքա» ողբերգության հիման վրա կան բազմաթիվ հաջողված բեմադրություններ, բայց երաժշտական առումով նույն հաջողությունը գրանցել չի ստացվել։

Վերցնենք հենց Վերդիի օրինակը։ Անգամ Շեքսպիրի պիեսների հետ «լեզու գտնող» Վերդին վախենում էր այս պիեսը օպերային ձևաչափով ներկայացնելու հեռանկարից։

«Լիր Արքան այնքան ահռելի է, այնքան խճճված, որ դրանից օպերա ստեղծելն անհնար է թվում»:

Ամեն դեպքում, Վերդին որոշեց փորձել ու ձեռնարկեց «Լիր արքա» ողբերգության մոտիվներով օպերա ստեղծելու գաղափարը։ 1850 թվականին նա առաջին անգամ լիբրետոյի համար դիմեց Կամարանոյին, տարիներ անց էլ՝ Անտոնիո Սոմային։ Նա լիբրետոյի վրա տանջվեց շուրջ 40 տարի ու այդպես էլ հաջողության չհասավ։

Ամեն դեպքում՝ օպերային ձևաչափով «Լիր Արքայի» երեք տարբերակ է ստեղծվել։ Դրանցից մեկի հեղինակը գերմանացի կոմպոզիտոր Արիբերտ Ռեյմանն է, որն օպերան ստեղծեց բարիետոն Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի առաջարկով։ Ռեյմանի «Լիր Արքան» ինտենսիվ է, տեղ-տեղ անգամ «անհարմար»։ Ի տարբերություն Ռեյմանի, ֆինն կոմպոզիտոր Աուլիս Սալլինենի տարբերակը համեմատաբար ավելի «հեշտ մարսելի» է, իսկ որոշ գնահատականներով՝ պակաս տպավորիչ։

Այս եռյակում «Լիր Արքայի» ամենատպավորիչ օպերային մեկնաբանությունը Ալեքսանդր Գյորինն է։ Այս օպերայի մասին խոսելիս անգլիացի կոմպոզիտորն ասել է, որ այդ փուլում իր կյանքում նմանատիպ իրավիճակ էր։ Թե ինչ ընդհանրություններ կային կոմպոզիտորի և Լիր արքայի պատմություններում՝ դժվար է ասել, բայց այս օպերան նրա ամենաստացված ստեղծագործությունների շարքում է։

Նոր դարը նոր Համլետներ, Մակբեթներ ու Լիր արքաներ մեզ կնվիրի, կփոխվեն պիեսներ բեմադրելու մոտեցումները, օպերային նրբություններն ու սիմֆոնիկ լուծումները, բայց շեքսպիրյան ողբերգությունները միշտ ու բոլոր դարերում հիմք կդառնան արվեստի նոր ու մնայուն, սեփական կյանքն ու ձեռագիրն ունեցող գործերի ստեղծման համար։


✍️ Նանե Մանուկյան / PAN