Հոլիվուդի ոսկեդարն ու ամենատպավորիչ զգեստները. Օսկարակիր հայուհու՝ Այրին Շարաֆի մեծ ճանապարհը
Այրին Շարաֆի անունը Հոլիվուդի ոսկեդարի պատմության մեջ հնչում է այնպիսի ֆիլմերի կողքին, որոնք վաղուց դասական են դարձել։ Սակայն նրա մասին խոսելիս պետք է սկսել ոչ թե կինոյից, այլ այն ճանապարհից, որ սկսվում է Բոստոնից, հետո անցնում Նյու Յորքի արվեստանոցներով ու Փարիզի ակադեմիաներով, և ի վերջո հասնում Բրոդվեյի ու Հոլիվուդի մեծ բեմեր։ Շարաֆն այն արվեստագետներից էր, ում աշխատանքն անգամ կադրի հետևում տպավորիչ էր, իսկ կադրն առանց այդ աշխատանքի երբեք նույնը չէր լինի։
Շարաֆը ծնվել է 1910 թվականին Բոստոնում՝ հայկական արմատներ ունեցող ընտանիքում։ Հայրը ծնունդով Արևմտյան Հայաստանից էր, ընտանիքը 19-րդ դարի վերջում, Համիդյան ջարդերից փրկվելով, գաղթել էր Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ում հայրը զբաղվում էր շապիկների արտադրությամբ։ Հայ տղամարդն ամուսնանում է ամերիկուհու հետ և ծնվում է Այրինը։ Այս ընտանիքում մեծացած աղջիկը հետագայում դառնում է ամերիկյան կինոյի պատմության ամենահայտնի զգեստների դիզայներներից մեկը, բայց նախ՝ ճանապարհի մասին։
Շարաֆը սկզբում երազել է նկարիչ դառնալ։ Կրթություն է ստացել Նյու Յորքի գեղարվեստի և կիրառական արվեստի դպրոցում, սովորել է նաև Նյու Յորքի գեղարվեստի ուսանողների լիգայում, ապա՝ Փարիզի Գրանդ Շոմիեր ակադեմիայում։ Նրա մասնագիտական մոտեցումն ամբողջ կյանքում նկարչական մնաց։ Նա զգեստը չէր դիտարկում պարզապես որպես հագուստ։ Այն գույնի, ձևի և հյուսվածքի ամբողջական կոմպոզիցիա էր, որը պիտի բացահայտեր կերպարի էությունը։ Շարաֆի խոսքերով՝ նախ ինքը սցենարի հիման վրա պատկերացնում էր կերպարը, անում էր նախնական էսքիզը, իսկ դերասանի հետ հանդիպումից հետո վերանայում էր գաղափարը՝ այն հարմարեցնելով տվյալ անհատի բնավորությանը և մարմնավորմանը։ Այս մոտեցումը դարձավ նրա ստեղծագործական ձեռագրի հիմքը։
Աշխատանքային ուղին Շարաֆը սկսել է որպես նորաձևության իլյուստրատոր, նկարազարդում էր հեղինակավոր ամսագրեր, այդ թվում՝ Vogue և Harper’s Bazaar։ Բայց կարճ ժամանակ անց նրա հետաքրքրությունը տեղափոխվում է թատրոն։ Սկզբում նա հայտնի դիզայներ Ալին Բերնսթայնի օգնականն էր, հետո սկսեց ինքնուրույն աշխատանքներ կատարել։ 1931 թվականին նրա անունը հայտնվեց Բրոդվեյ ընկերության «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմի ստեղծագործական կազմում, ինչը փաստացի նշանավորեց նրա մուտքն այդ աշխարհ։ Այս աշխատանքով Շարաֆը կոստյումների մոդելավորման մեջ նոր չափանիշներ սահմանեց, նա հեռացավ պարզունակ ու «բառացի» մոտեցումներից և ընտրեց ավելի գաղափարական, կերպարային մոտեցում։
Շուտով նրան հրավիրեցին գործակցության Մոնտե Կառլոյի ռուսական բալետի հետ, Շարաֆը համագործակցել է նաև Ամերիկյան բալետի թատրոնի և Նյու Յորքի բալետի հետ։ Նա աշխատել է նաև օպերային բեմադրություններում, ստեղծել է զգեստներ ու դեկորացիաներ։ Բալետի ու օպերայի փորձը կարևոր դեր խաղաց նրա գեղագիտական մտածողության ձևավորման մեջ։ Շարժումը, բեմական տարածքը, կերպարի ֆիզիկական դինամիկան նրա համար նույնքան կարևոր էին, որքան գունային լուծումները։
Դե, իսկ Հոլիվուդում նրա հաջողությունը չափվում էր ոչ միայն աշխատանքների քանակով, այլև ազդեցությամբ։ Շարաֆի ստեղծած զգեստները հայտնվել են մոտ 40 ֆիլմերում և շուրջ 60 թատերական բեմադրություններում։ Նրա ձեռագրով են ձևավորվել «Արևմտյան կողմի պատմություն», «Կլեոպատրա», «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից», «Թագավորը և ես», «Ամերիկացին Փարիզում» և այլ ֆիլմերի կերպարները։ Այս աշխատանքների համար նա հինգ անգամ արժանացել է Օսկարի և դարձել կինոակադեմիայի պատմության մեջ ամենաշատ մրցանակներ ստացած և ամենաշատ առաջադրված հայ արվեստագետը։ Ընդհանուր առմամբ նա 15 անգամ առաջադրվել է Օսկարի, ինչպես նաև վեց անգամ առաջադրվել է «Թոնի» մրցանակի՝ մեկ անգամ ստանալով այն «Թագավորը և ես» մյուզիքլի համար։
«Թագավորը և ես» ֆիլմում նա Թայլանդից բերված մետաքս էր կիրառել ու ստեղծել էր այնպիսի գեղագիտական լուծումներ, որոնք նոր ուղղություն ձևավորեցին նորաձևության աշխարհում։ «Արևմտյան կողմի պատմության» դեպքում նրա ընտրած պարզ շապիկներն ու բաճկոնները դարձան ամբողջ սերնդի վիզուալ հիշողության մասը։ Քննադատները նշում էին, որ Շարաֆը երևակայական էր և նորարար՝ առանց ցուցադրական շքեղության։ Նրա ոճը համադրում էր դասականն ու ժամանակակիցը և կամուրջ էր ստեղծում տարբեր գեղարվեստական ավանդույթների միջև։
Շարաֆի ստեղծագործական մեթոդի առանցքում այն համոզումն էր, որ զգեստը երբեք ինքնանպատակ չէ, այն պետք է դառնա պատմության օրգանական մասը։ Նրա համար կոստյումը սոսկ գեղեցիկ հագուստ չէր, այլ կերպարի կառուցման գործիք, որը պետք է հավասարապես ծառայի սյուժեին, դերասանի մարմնին և բեմական շարժմանը։ Նախ նա կարդում էր սցենարը՝ փորձելով հասկանալ ոչ միայն գործողությունները, այլ նաև կերպարի ներքին զգացումները, խոցելիությունը, ուժը կամ հակասությունները։ Բեմի կամ տեսախցիկի համար նա հաշվի էր առնում նաև տարածքը, լույսը, միջավայրի գունային համադրությունները, որպեսզի զգեստը «չմրցեր» գործողության հետ, այլ լրացներ այն։ Արդյունքում նրա ստեղծած կերպարները երբեք պարզապես «հագնված» չէին, նրանք ամբողջական էին՝ իրենց գույնով, ձևով և նյութով պատմում էին այն պատմությունը, որը սցենարը միայն բառերով էր ներկայացնում։
Շարաֆը աշխատել է իր ժամանակի ամենահայտնի դերասանների հետ։ Նա մտերիմ էր Բարբարա Սթրեյզանդի և Էլիզաբեթ Թեյլորի հետ։ Վերջինիս հետ համագործակցել է չորս ֆիլմում և նույնիսկ ստեղծել է Թեյլորի հարսանեկան զգեստը՝ Ռիչարդ Բերթոնի հետ նրա ամուսնության ժամանակ։ Սա կրկին փաստում է, որ Շարաֆի աշխատանքը զուտ պրոֆեսիոնալ գործակցություն չէր։ Նա խորապես ներգրավված էր կերպարների և դերասանների ստեղծագործական աշխարհում։
Այս վերաբերմունքը փոխադարձ էր։ Այրին Շարաֆի հանդեպ վերաբերմունքը երբեք չէր սահմանափակվում «կոստյում կարողի» դերով։ Շարաֆը ստեղծագործական գործընթացի լիարժեք անդամ էր, նրա կարծիքը և պատկերացումները հաշվի էին առնում կերպարի ձևավորման ամենակարևոր փուլերում։ Իր ժամանակի ամենահայտնի դերասանների ու ռեժիսորներից շատերի հետ նա վստահության վրա հիմնված գործնական ու ընկերական հարաբերություններ է ձևավորել։
Չնայած իր հանրային հաջողություններին՝ Այրին Շարաֆը չափազանց փակ էր անձնական կյանքի հարցում։ Երբեք չի ամուսնացել, բայց երկար տարիներ ապրել է չինացի նկարչուհի և գրող Մայ-Մայ Սզեի հետ։ Երկուսն էլ իրենց գործունեությանը զուգահեռ երկար տարիներ զբաղվել են բարեգործությամբ, աջակցել են կրթական հաստատություններին։ Սզեն մահացել է 1992 թվականին, իսկ Շարաֆը՝ մեկ տարի անց՝ 1993-ին, Նյու Յորքում։
Ավելի վաղ՝ նույն տարում «Թատրոնի զարգացման հիմնադրամը» նրա պատվին սահմանել էր Irene Sharaff Lifetime Achievement մրցանակը։ Առաջին դափնեկիրը դարձավ հենց ինքը՝ Շարաֆը։ Սա խորհրդանշական ժեստ էր, որով ոլորտը փաստացի հաստատեց, որ առանց Շարաֆի անհնար է պատկերացնել ժամանակակից կոստյումի մոդելավորման զարգացումը։
Նրա թողած ժառանգությունը ներառում են ֆիլմեր ու բեմադրություններ, բայց նաև պակաս հայտնի հարյուրավոր էսքիզներ և աշխատանքներ թղթի վրա։ Այդ նկարները հաճախ ինքնուրույն արվեստի գործեր են, իրենց ներքին դրամատիզմով և գունային հարուստ լեզվով օպերային բեմադրություններ են հիշեցնում։ Ու սա հերթական ապացույցն է, որ Շարաֆի համար կոստյումը նախ և առաջ մտածողության ձև էր՝ կերպարի խորքային ընթերցում։
Այրին Շարաֆի կյանքն ամերիկյան հաջողության պատմություն է։ Իր հայկական արմատների մասին Շարաֆը շատ չի խոսել, հատկապես հրապարակային հարթակներում։ Ասում են՝ այդ տարիներին սա ինչ-որ առումով զգուշավորության նշան էր։ Ամեն դեպքում, նա դարձավ այն արվեստագետներից, որի անունը հավասարազոր է մի ամբողջ ոլորտի զարգացման։ Հոլիվուդի ոսկեդարի շքեղությունն ու Բրոդվեյի բեմերի փայլն այսօր ևս հիշվում են նրա գույներով, պատկերներով ու ձևերով։ Դասականի և ժամանակակիցի միջև նրա ստեղծած կամուրջն էլ շարունակում է ազդեցություն ունենալ նոր սերնդի դիզայներների վրա ու հիշեցնում, որ բեմական զգեստը պարզապես հագուստ չէ, այլ առաջին հերթին կերպարի պատմությունը ներկայացնող լեզու է։